Թեհրանն ու Վաշինգտոնը հայտարարում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին |hetq.am|
13:47 - 06 փետրվարի, 2022

Թեհրանն ու Վաշինգտոնը հայտարարում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին |hetq.am|

hetq.am: Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ իրականացվող բանակցություններում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են քաղաքական և տնտեսական երաշխիքներին։ Այդ մասին Թեհրանում լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։ 

«Իրանական բանակցային խումբը ներդրել է բոլոր ջանքերը, որպեսզի Արևմուտքը ներկայացնի կոնկրետ երաշխիքներ և հավատարիմ մնա ապագայում ձեռքբերվելիք պայմանավորվածություններին»,- նշել է իրանցի նախարարը։

Մեկնաբանելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների թեման՝ այդ երկրի ԱԳ նախարարը նշել է, որ Թեհրանը ամերիկյան կողմին, միջնորդների միջոցով, հստակ սահմանել է իր դիրքորոշումը։ «Նրանք գործով պետք է ցույց տան իրենց դրական տրամադրվածությունը, ձեռնարկեն կոնկրետ նախաձեռնություններ։ Այն, ինչ կա թղթի  վրա, լավ է, բայց բավարար չէ»,- ասել է Աբդոլահյանը։ 

Զուգահեռաբար, ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է չեղարկել մի շարք պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանել էր Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ։ Ըստ պաշտոնյայի՝ նման կերպ Վաշինգտոնը ցանկանում է «թեթևացնել» Վիեննայում իրանական միջուկային ծրագրի բանակցությունների վերջնական փուլում տեխնիկական ասպեկտների քննարկումը։ 

Այն հնարավորություն կտա արտասահմանյան ընկերություններին աշխատանքներ իրականացնել Իրանի որոշ օբյեկտներում՝ ատոմի խաղաղ յուրացման ուղղությամբ։ Սակայն, ըստ ամերիկյան կողմի, սա չպետք է հասկանալ որպես «զիջում Իրանին» կամ ազդակ, «որ մենք մոտ ենք համաձայնության»։ Այդուհանդերձ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, բանակցություններում կա որոշակի առաջընթաց։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ավստրիայի մայրաքաղաքում վերսկսվել էին Իրանի միջազգային միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները։ 

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Զուգահեռաբար ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ ի պատասխան Իրանի գործողությունների՝ ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել