Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի պատվիրակության հետ քննարկել է Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի հաղթահարման քայլերը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի պատվիրակության հետ քննարկել է Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի հաղթահարման քայլերը

Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 25-ին կատարվել է խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։ Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, արարողությանը ներկա է եղել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ միասին աղոթք է վերառաքել առ Աստված՝ Հայաստանի և Արցախի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։ «Հավարտ արարողության՝ Արցախի պատվիրակությանն ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հանդիպմանը պատվիրակության անդամները Հայոց Հայրապետին մանրամասներ ներկայացրեցին Արցախում, մասնավորաբար Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղված իրավիճակի առնչությամբ, ինչը հանգեցրել է արցախցիների կենսական իրավունքների ոտնահարմանը և արցախահայությանը կանգնեցրել հումանիտար աղետի առաջ։ Դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ զրուցկիցները քննարկեցին իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առնչությամբ կարևորելով համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի, Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովելու Արցախին և արցախահայությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Հայոց Հայրապետը տեղեկացրել է նաև, որ բոլոր եկեղեցիներում, հընթացս կիրակնօրյա Սուրբ Պատարագների, կկատարվի խաղաղության աղոթք հանուն Արցախի։
21:13 - 25 դեկտեմբերի, 2022
Անթիլիասի Մայրավանքում կայացել է Լաչինի միջանցքի խնդրին նվիրված միջկուսակցական հանդիպում

Անթիլիասի Մայրավանքում կայացել է Լաչինի միջանցքի խնդրին նվիրված միջկուսակցական հանդիպում

 Կաթողիկոսանիստ Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հրավերով, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) վերին մարմինների ներկայացուցիչները՝ Ալեքսան Քէօշկէրեան, Մկրտիչ Մկրտիչեանը եւ Աւետիս Տագէսեանը դեկտեմբերի 23-ի գիշերը խորհրդակցական հանդիպում են ունեցել: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչության համաատենապետները՝ Ստեփան Տեր-Պետրոսեանը եւ Գրիգոր Մահսերէճեանը: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: «Վեհափառ Հայրապետը ներկայացուց ազերիներուն կողմէ Արցախը Հայաստանին կապող միջանցքին փակման գծով միջազգային մամուլին իր կատարած յայտարարութիւնը եւ այդ ուղղութեամբ հաստատած կապերը՝ միջ-եկեղեցական ու միջ-կրօնական շրջանակներէն ներս, ինչպէս նաեւ յիշեալ շրջանակներուն կատարած թէ՛ դատապարտումի արտայայտութիւնները եւ թէ՛ դիւանագիտական աշխատանքները: Նորին Ս. Օծութիւնը նաեւ անդրադարձաւ Արցախի նախագահին եւ պետական նախարարին հետ ունեցած իր հեռաձայնային զրոյցին, Կաթողիկոսութեան թեմերու առաջնորդներուն կատարած թելադրութիւններուն եւ այլ աշխատանքներու՝ շեշտելով հաւաքական ճիգով Սփիւռքէն ներս մեր բողոքը արտայայտելու հրամայականը եւ միջազգային համայնքին պարզելու Բերձորի միջանցքին փակման ստեղծած յատկապէս մարդասիրական ծանր հետեւանքները եւ անոր շուտափոյթ վերաբացման անհրաժեշտութիւնը: Վեհափառ Հայրապետը ապա կոչ ուղղեց համասփիւռքեան մաշտապով եւ բոլոր համայնքներու, կուսակցութիւններու, մարմիններու եւ մեր ժողովուրդի զաւակներու մասնակցութեամբ, հաւաքական կեցուածք ճշդելու, դատապարտումի ձայն բարձրացնելու եւ միջանցքին շուտափոյթ վերաբացումը պահանջելու կարեւորութիւնը: Այս ծիրէն ներս Հայրապետը ընդգծեց երեք կուսակցութիւններուն կարեւոր դերը: Ներկաները խօսք առնելով՝ ողջունեցին Վեհափառ Հայրապետին տարած աշխատանքները ու բաժնեցին անոր մտահոգութիւններն ու տեսակէտները՝ շեշտելով համահայկական ճիգով ու միջ-կուսակցական գործակցութեամբ Սփիւռքի բոլոր գաղութներէն ներս կազմակերպուելու եւ ազդու միջոցներով ու գաղութներու շրջապատին համապատասխան մօտեցումով մեր հաւաքական բողոքը արտայայտելու անյետաձգելի անհրաժեշտութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:48 - 23 դեկտեմբերի, 2022
Հայ ժողովրդի մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է ուզում իրականացնել, անհերքելի է․ ԵՀԽ և ԵԵԿ նամակը՝ Բորելին

Հայ ժողովրդի մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է ուզում իրականացնել, անհերքելի է․ ԵՀԽ և ԵԵԿ նամակը՝ Բորելին

Ի հետևումն Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումների՝ ուղղված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իոան Սաուկային և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սկոֆ Սորենսենին, վերջիններս դեկտեմբերի 19-ին համատեղ նամակ են հղել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելին և դատապարտել Ադրբեջանի կողմից Բերձորի մարդասիրական միջանցքի փակումը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախը։ Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։   Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է․ «Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ կնքված համաձայնագրի խախտում է, որով ոտնահարվում են միջազգային մարդասիրական իրավունքները և բարոյական սկզբունքները»: Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի համատեղ նամակում նշվում է, որ Ադրբեջանը մարդասիրական միջանցքը փակելով, այն էլ ձմռանը և ժամանակավորապես դադարեցնելով գազի մատակարարումը, միտումնավոր հումանիտար արտակարգ իրավիճակ է ստեղծել 120.000 էթնիկ հայերի համար։ «Սա այնպիսի արարք է, որը հակասում է Ադրբեջանի կողմից բարի կամքի և մարդասիրական պատասխանատվության ցանկացած պնդումներին»,- ասված է նամակում։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու հանցագործությունների համար տվյալ երկիրը պատասխանատվության չի ենթարկվել։ «Այս պայմաններում հայ ժողովրդի մտավախությունները, որ ադրբեջանական ագրեսիան միտված է իրենց դեմ ցեղասպանություն իրականացնելու՝ անհերքելի է, ինչն էլ ավելի է ընդգծվում ներկայիս իրողությունների համատեքստում»,–ասվում է նամակում։ Կոչ է արվում ԵՄ-ին բոլոր դիվանագիտական նախաձեռնություններով հետամուտ լինել, որպեսզի Ադրբեջանը վերաբացի Բերձորի մարդասիրական միջանցքը և համապատասխան երաշխիքներ տրամադրի այն բաց պահելու համար: «Մենք կոչ ենք անում անել հնարավորն ապահովելու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը՝ ներառելով Լաչինի միջանցքը և ապահովել անկախ մոնիտորինգ»,- եզրափակում է նամակը։
18:53 - 20 դեկտեմբերի, 2022
Կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի

Կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի

Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հնթացս արարողության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք վերառաքեցին առ Աստված Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։   Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց արցախցիներին և համայն հայությանը՝ ի մասնավորի ընդգծելով․ «Այս օրերին վերստին վրդովված ու մտահոգ սրտերով ամենքիս հայացքները ուղղված են դեպի հայոց Արցախ աշխարհը։ Արդեն յոթ օր Ադրբեջանի իշխանությունները ակնհայտ սադրիչ գործողություններով և կեղծ պատճառաբանություններով փակ են պահում Արցախի՝ Հայաստանի և աշխարհի հետ կապի միակ ճանապարհը՝ մատնելով արցախցիներին հումանիտար աղետի: Արգելափակված 120․000 արցախցի մեր քույրեր ու եղբայրներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից, բազմաթիվ հիվանդներ՝ անհրաժեշտ բուժօգնությունից, Արցախի հանրապետությունը՝ կենսական մատակարարումներից»: Նորին Սրբությունը, անդրադառնալով ողբերգական այս իրողություններին, նշեց․ «Այսօր Ադրբեջանը վախի ներշնչման միջոցով փորձում է հայաթափել Արցախը: Անհնար է երևակայել, որ մարդուն և նրա արժանապատիվ ու ազատ կյանքը բարձրագույն արժեք հռչակած ներկա աշխարհում հնարավոր է, որ տեղ գտնեն և հանդուրժվեն հակամարդկային նմանօրինակ դրսևորումներ մի ողջ ժողովրդի նկատմամբ»։  Վեհափառ Հայարապետը, նկատելով, որ միայն դատապարտության խոսքերը  բավարար չեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կասեցնելու վերջինիս թշնամական ընթացքը, ընդգծեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային հանրությունը, բարեկամ պետությունները, քրիստոնեական քույր Եկեղեցիները, միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունները հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովեն Արցախին և Արցախի հայ ժողովրդի զավակներին: Դիմելով արցախցիներին՝ Հայոց Հայրապետն ասաց․ «Սիրելի արցախցիներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղոթքներն ու զորակցությունն ենք բերում ձեզ: Ազատ, անկախ և անվտանգ ապրելու ձեր արդար պահանջի մեջ ազգս հայոց միասնական է: Շարունակեք մնալ աննկուն, հավատով ամուր և ապրեք ամենօրյա մեծ և փոքր հաղթանակների լավատեսությամբ: Արիաբար պիտի դիմակայենք մեզ պատուհասած բոլոր արհավիրքները, որպեսզի Արցախը ապրի արցախցու ոգով, ծնունդ առնող մանուկների ճիչերով, հայկական հարուստ վկայություններով, պատմական շեներով ու բազմադարյա սրբավայրերով»:  Նորին Սրբությունը հորդորով դիմեց նաև Հայաստանում և սփյուռքում ապրող հայորդիներին․ «Արցախը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր ժողովրդի արժանապատվության հարցն է։ Այն արժանապատվության հարցն է յուրաքանչյուր հայի, ուր էլ որ նա ապրի՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Արցախի մեր ժողովուրդը կարիքն ունի ամեն մեկիս ուշադրության և աջակցության։ Արցախահայության հիմնախնդիրների կարգավորումը անսակարկ առաջնահերթություն է և չի կարող փոխարինվել որևէ այլ մտահոգությամբ։ Գիտակցենք, որ Արցախը մեր հայրենիքն է, Հայաստանի ու Արցախի շահերը՝ նույնական, իսկ Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը։ Հայրապետական Մեր պատգամն ենք բերում համայն մեր ժողովրդին՝  թոթափել անտարբերության ցանկացած դրսևորում, լինել առավել վճռական ու գործուն՝ միահամուռ ջանքերով ու պատասխանատվությամբ հետամուտ լինելու և աջակցելու արցախահայության իրավունքների, Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանությանը։ Սա ազգային մեր ինքնության պահպանության պայքար է»։ Նորին Սրբությունը մաղթեց, որ Տիրոջ բարեգութ կամքով Հայաստանում և Արցախում հաստատվի հարատև արժանապատիվ խաղաղություն՝ ի բարօրություն սրբազան մեր հայրենիքի և աստվածասեր ժողովրդի։
19:45 - 18 դեկտեմբերի, 2022
Կաթողիկոսը դիմումներ է հղել Քույր Եկեղեցիներին՝ արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար

Կաթողիկոսը դիմումներ է հղել Քույր Եկեղեցիներին՝ արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռը։ «Նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն անվիճարկելի է դարձնում այն իրողությունը, որ արցախահայության անվտանգ կյանքը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արդեն իսկ դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ Ադրբեջանի այս անմարդկային գործողություններին հակազդելու և արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասումն է, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատականներ կտա մարդու իրավունքների հիմնարար նորմերը ոտնահարող Ադրբեջանի սադրանքներին, որոնք մեծապես վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և կայունությունը: Հորդորում ենք նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, մարդասիրական իր կոչմանը հավատարիմ, շոշափելի և առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար: Աղոթում ենք, որ Աստված Իր աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ՝ մեր ժողովրդին»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։  Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով:
12:31 - 14 դեկտեմբերի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի պատվիրակությանը

Նոյեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման  և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։ Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-ռուսական բարեկամությունն ու փոխհարաբերություններն ունեն բազմադարյա հարուստ պատմություն։ Նորին Սրբությունն անհրաժեշտ նկատեց պետական այրերի, հասարակական և մշակութային գործիչների նման փոխադարձ այցերը ՝ ի նպաստ երկու երկրների գործակցության և ժողովուրդների եղբայրության ամրապնդման։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց ՌԴ Պետդումայի պատվիրակության ժամանումը Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում` անդրադառնալով մասնավորաբար 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և հետպատերազմյան մարտահրավերներին։ Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը երախտագիտությամբ արձանագրեց բարեկամ Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից ներդրվող ջանքերը ի խնդիր հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման։ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այդ ջանքերը կնպաստեն Արցախի մեր ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովվմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերմանը, Ադրբեջանում պահվող գերիների ու քաղաքացիական անձանց ազատ արձակմանը և զոհված հայորդիների մամինների վերադարձին։ Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց նաև երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ ու եղբայրական հարաբերություններին և գործակցությանը։ Պարոն Կազբեկ Տայսաևն իր հերթին անդրադարձավ այցի արդյունքներին` ընդգծելով, որ այցի ընթացքում կարևոր աշխատանքներ են տարվել երկու երկրների միջև առկա բարեկամական և դաշնակցային հարաբերությունները առավել զորացնելու ուղղությամբ։ Վերջինս հաստատեց, որ պատվիրակությունն իր կարելին պիտի անի` նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված երկու ժողովուրդների խաղաղ ու բարօր կյանքի համար։
09:59 - 14 նոյեմբերի, 2022
Այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, պիտի զինվենք քաջությամբ, որպեսզի պաշտպան լինենք սրբազան հողին․ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ջերմուկ

Այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, պիտի զինվենք քաջությամբ, որպեսզի պաշտպան լինենք սրբազան հողին․ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ջերմուկ

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք։ Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած շքախմբին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։ Այնուհետև Նորին Սրբությունը հոգևոր դասի և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միասին մեկնեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին քաղաքի բնակիչները և զինվորականները։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք գործեց տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվեց Խաղաղության մաղթանք Հայաստանի, Արցախի և հայրենյաց սահմանների անսասանության ու հայ ժողովրդի անվտանգ, խաղաղ և բարօր կյանքի համար։ Աղոթք բարձրացվեց նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկա ժողովրդին։ «Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ և աղոթքով հայցում Երկնավորից, որ այս դժվարին պահին օգնական լինի նեղություններին դիմագրավող հայորդիներիդ։ Առաջին անգամը չէ, որ այցելում ենք մեր երկրի այս գողտրիկ անկյունը: Ջերմուկում եղել ենք բազմաթիվ առիթներով, հմայվել այս բնաշխարհի շքեղությամբ և վայելել այստեղի ժողովրդի հոգու ջերմությունն ու հյուրընկալությունը: Ջերմուկն իր բուժիչ ջրերով և գեղատեսիլ բնաշխարհով մեր երկրի կարևորագույն այցեքարտերից է և մշտապես եղել է հիվանդությունների բուժման ու տագնապների փարատման օրրան մեր ժողովրդի և բյուրավոր այցելուների համար: Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման»,–ասաց Հայոց Հայրապետը։ Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակմանը՝ Նորին Սրբությունն իր սրտակցությունը բերեց մեր ժողովրդի սգավոր և վշտացյալ զավակներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների, ավերված քաղաքների ու շեների համար, հայցելով, որ Տերն Իր ողորմությամբ հանգստություն պարգևի հայրենիքի համար նահատակված քաջորդիներին, մխիթարություն ու սփոփանք շնորհի զոհվածների ընտանիքներին և կամք ու քաջություն հավատավոր զավակներին, որպեսզի կարողանան դիմակայել հառնած խնդիրներին։ «Տագնապներն ու անհանգստությունները չափազանց շատ են այսօր մեր կյանքում: Մենք մտահոգված ենք մեր հայրենիքի, հարազատ երկրում ապրող մեր ժողովրդի զավակների ներկայով և ապագայով, հատկապես երբ մեր հայացքները ամեն անգամ հանդիպում են անմեղ, բայց արդեն հոգսաշատ դարձած մեր մանուկների աչքերին։ Մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած մտահոգություններից ու անհանգստություններից դրդված՝ որոշ ընտանիքներ հեռանում են երկրից և դառնում գաղթական՝ օտարության մեջ փնտրելով իրենց և իրենց զավակների երջանկությունն ու ապահովությունը։ Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»,–նշեց Հայոց Հայրապետը։ Ապա հիշատակելով ժողովրդի մեջ տարածված ավանդազրույցը՝ Ջերմուկ աշխարհի վիրավոր եղնիկի մասին, որը որսորդից ստացած ծանր վերքերը ապաքինում է Ջերմուկի բուժիչ ջրերում, Նորին Սրբությունն ընդգծեց․ «Մենք հավատում ենք, որ Ջերմուկի խորհրդապատկերի նմանողությամբ այս գեղատեսիլ քաղաքը, այլև մեր ողջ երկիրը վերստին կապաքինվի իր վերքերից, կվերապրի ողբերգությունները և կհաղթահարի դժվարություններն ու նեղությունները: Եվ մեր ժողովուրդը իր իմաստնությամբ, իր աշխատասիրությամբ, տոկունությամբ ու քաջությամբ պիտի շարունակի կառուցել արժանապատիվ ու ստեղծագործ իր կյանքը, զորացնել երկիր հայրենին և կերտել լուսավոր գալիքը»: Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական գնահատանքը և օրհնությունը փոխանցեց Վայոց Ձորի թեմի հոգևոր սպասավորներին՝ թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատավոր մեր ժողովրդի հավատն ու ոգին ամուր պահելու, Աստծո խոսքով հավատավոր հոտին զորացնելու ու մխիթարելու, սահմանամերձ բնակավայրերում իրենց նվիրյալ ծառայությունը շարունակելու համար։ Հայոց Հովվապետը նաև իր հայրական օրհնությունը բերեց Վայոց Ձորի մարզային և Ջերմուկի քաղաքային իշխանություններին, ովքեր ինչպես պատերազմական դժվարին օրերին, այնպես էլ այսօր բնակիչների հետ ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Վերջում Նորին Սրբությունն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Ամենակալ Տերը խաղաղություն սփռի համայն աշխարհում, խաղաղության մեջ պահի Հայոց աշխարհն ու ժողովրդին և ամենախնամ Իր Աջի հովանու ներքո զորություն ու ամրություն պարգևի ամենքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև առանձին հանդիպում ունեցավ Ջերմուկ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երիտասարդաց միության անդամների հետ։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ծանոթացավ երիտասարդների եկեղեցանվեր ու հայրենասեր ձեռնարկումներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը փոխանցելով վերջիններիս՝ հորդորեց, որ հաստատուն մնան առ Աստված սիրո ու հավատքի մեջ, զորեղ պահեն միմյանց հանդեպ քրիստոսապատվեր սերը, շարունակեն ոգու քաջությամբ ու անսասան հավատքով կապված մնալ Մայր Եկեղեցուն և ծառայել Հայրենիքին։ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին՝ առնչված Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղված ջանքերին իրենց ներգրավվածությանը։ Այնուհետև հայրապետական պատվիրակությունը համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելեց Ջերմուկ քաղաքի հիվանդանոց, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց բուժանձնակազմի հետ, ծանոթացավ առկա դժվարություններին։ Փոխանցելով իր օրհնությունը՝ Հայոց Հովվապետը գնահատանք հայտնեց վերջիններիս անձնվեր ծառայության համար, ինչի շնորհիվ ռազմական գործողությունների ընթացքում փրկվեցին բազմաթիվ կյանքեր։ Բուժանձնակազմի հետ զրույցին անդրադարձ կատարվեց տիրող իրավիճակից բխող անհանգստություններին ու առկա խնդիրներին։
14:44 - 07 նոյեմբերի, 2022
Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը։ Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, նիստերը վարեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, Տաճարի օծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստման մասին ԳՀԽ-ին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:  Ժողովականները գոհունակությամբ արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգման և շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլին։ 2023 թվականին Մայր Տաճարի վերաբացման ու Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից հոգևոր-մշակութային միջոցառումների կազմակերպման համար ստեղծվեց հանձնախումբ։ Կարևոր անդրադարձ կատարվեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր կացությանը, քննարկվեցին Հայաստանի և Արցախի անվտագնային խնդիրներին, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, Արցախի ինքնորոշման իրավունքի արդար պահանջատիրությանը, առկա իրավիճակում Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։   Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։  Արցախյան 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների և սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների, վիրավոր զինվորականների սոցիալական կարիքների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերը ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։  Տեր Հայրը ժողովականներին տեղեկացրեց, որ Մայր Աթոռի կողմից դրամական աջակցություն է ցուցաբերվել ռազմական գործողությունների ժամանակ զոհված 195 զինվորականների ընտանիքներին։ Առաջիկայում դրամական աջակցություն կցուցաբերվի նաև անհետ կորած, գերեվարված զինվորականների ընտանիքներին և վիրավորում ստացած զինվորականներին։ Հիշյալ ծրագրի համար առաջին փուլով հատկացվել է 600.000 ԱՄՆ դոլար գումար։ Ծրագրի շրջանակներում ըստ թեմակալ առաջնորդների ներկայացրած ցուցակների ապահովվել է սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների կեցությունը, տրամադրվել սննդի փաթեթներ։ Հայաստանի և Արցախի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության զորացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր Սուրբը ժողովականներին ներկայացրեց քարոզչական–կրթական գործունեության ռազմավարական հայեցակարգի նոր նախագիծը։  ԳՀԽ անդամները, արժևորելով հոգևոր կրթադաստիարակչական ծրագրերի խթանումը և ազգային-հոգևոր արժեքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, իրենց թելադրությունները կատարեցին նախագծի վերաբերյալ՝ հանձնարարելով մասնագիտական քննարկումների միջոցով լրամշակել և ամբողջացնել հայեցակարգը։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև կարևորությամբ անդրադարձավ եկեղեցականների պատրաստության, հոգևոր կրթական հաստատությունների գործունեության առավել աշխուժացման խնդրին։ Այս առնչությամբ որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հաստատել առանձին հանձնախումբ՝ աշխատանքներ իրականացնելու երիտասարդների մեջ հոգևոր կոչման խթանման ու ժամանակի պահանջներին համահունչ հոգևոր կրթության ապահովման ուղղությամբ։  Գերագույն հոգևոր խորհրդում քննարկումներ ծավալվեցին նաև տաղավար տոների, սրբերի հիշատակության օրերի շրջանակներում հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության մասին՝ դրանց առավել   ժողովրդականություն հաղորդելու և համազգային համախմբման առիթ դարձնելու նպատակով։ Այս ուղղությամբ ևս կայացվեցին համապատասխան որոշումներ։ Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական, հովվական, թեմական և վարչական, կյանքին առնչվող հարցեր:
14:00 - 05 նոյեմբերի, 2022
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրավիճակին։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։  Ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ. «Խորը մտահոգություն ենք արտահայտում Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի՝ մասնավորաբար 2020թ․ 44-օրյա և 2022թ․ սեպտեմբերի 13-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող լրջագույն մարտահրավերների, հայկական երկու պետությունների շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անբարենպաստ զարգացումների առնչությամբ: Մեծապես անհանգստացած ենք մեր ժողովրդի կյանքում հոգևոր-բարոյական արժեքների աղճատման, ինքնության ճգնաժամի, ներհասարակական բևեռացվածության, ապագայի հանդեպ անորոշության ու տագնապի զգացումների ահագնացման, արտագաղթի տրամադրությունների աճի դրսևորումներով, որոնք իրենց քայքայիչ ներգործությամբ դժվարացնում են առկա գոյաբանական մարտահրավերների հաղթահարումը։ Մեր աղոթքն ենք մատուցում առ Աստված ու քաջալերանքը հղում Հայոց բանակի քաջարի զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի հերոսական ժողովրդին, որ բացառիկ նվիրումով ու անձնազոհությամբ դիմագրավում են թշնամական ոտնձգություններին ու հարձակումներին։ Ամբողջական զորակցություն ենք բերում Արցախի մեր ժողովրդին՝ իր ինքնորոշման իրավունքի պահանջատիրության մեջ, որն արտահայտված է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի օրեր առաջ կատարած հայտարարությունում, և վերահաստատում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է: Ողջունում ենք միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ Խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում առաջնահերթ պետք է նկատվի ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու զոհվածների մարմինների վերադարձը։ Երախտագիտությամբ կարևորում ենք խաղաղապահ ուժերի առաքելությունը Արցախում՝ մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Կոչ ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ամենայն ջանք ի գործ դնել ազգային մեր կյանքում բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ, որպեսզի կարելի լինի համազգային համախմբմամբ ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր ցավալի կորուստները և միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս մարտահրավերների հաղթահարումը կենսական է ու գոյաբանական և պահանջում է անմնացորդ զոհողություն իշխանություններից, Եկեղեցուց, ազգային կառույցներից և համայն մեր ժողովրդից։ Հայրենիքը ազգի հարատևության երաշխիքն է, ուստի երկիրը ծայրաստիճան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է բացառել ամեն հատվածական ձգտում և շահ։ Հորդորում ենք հայրենաբնակ և աշխարհասփյուռ ողջ հայությանը համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի: Պատմության ընթացքում բազմիցս բախվել ենք առավել դժվարին իրավիճակների, սակայն Աստծո կամոք մեր ժողովուրդը ի գին բազում զոհողությունների, իր ազգային բարձր գիտակցությամբ ու անսասան հավատով, միասնականությամբ և աշխատասիրությամբ կարողացել է հաղթահարել ամեն դժվարություն և կերտել իր նոր կյանքը։ Աստծո ողորմությամբ մեր ժողովուրդը այս փորձությունը ևս արժանապատվորեն պիտի հաղթահարի։ Աղոթում ենք պատերազմի հետևանքով զոհված, վիրավորված, գերեվարված, անհայտ կորած հայորդիների և բռնի տեղահանված ընտանիքների համար՝ Ամենախնամ Տիրոջ զորակցությունն ու մխիթարությունը հայցելով վշտացյալ ու տագնապահար բոլոր հոգիներին և մեր ողջ ժողովրդին: Թող Ամենողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին համայն և համերաշխության մեջ պահի ազգերին ու ժողովուրդներին՝ Իր սիրո ու հաշտության շնորհը հեղելով մարդկային սրտերում ու հոգիներում»:
16:01 - 04 նոյեմբերի, 2022
Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կքննարկի նաև իրավիճակն Արցախում և Հայաստանում

Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կքննարկի նաև իրավիճակն Արցախում և Հայաստանում

Նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 1-ին սկսվել են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովին, որպես ատենապետ, մասնակցել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։   Ինչպես հայտնում ենՄայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա ժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ռազմական ագերսիայի հետևանքով զոհված հայորդիների հիշատակը և աղոթել նրանց հոգիների խաղաղության ու հանգստության համար։   «Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքի և սփյուռքյան թեմերից ժամանած հոգևորականների մասնակցությունը ժողովին, իր օրհնությունը և բարեմաղթանքները բերեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական ու աշխարհական անդամներին և հրավիրեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին վարելու ժողովի նիստերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։   Ըստ աղբյուրի՝ ժողովին քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան շրջանում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մայր Տաճարի հիմնանորոգման, օծման և մյուռոնօրհնության միջացառումների կազմակերպման ընթացքը։ Օրակարգում ընդգրկված են նաև ազգային, եկեղեցա-վարչական, կազմակերպչական, սոցիալական, եկեղեցիների և սրբավայրերի բարեկարգմանն ու վերանորոգմանը, Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանն առնչված հարցեր:
20:50 - 01 նոյեմբերի, 2022
Արցախի կողքին լինել` նշանակում է լինել կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին. ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ |artsakhpress.am|

Արցախի կողքին լինել` նշանակում է լինել կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին. ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ |artsakhpress.am|

artsakhpress.am: Այսօրվա խորհրդանշական հավաքը վառ ապացույցն է այն իրողության, որ արցախյան շարժումն ավարտված չէ և  շարունակվում է նոր շեշտադրմամբ: Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արցախի թեմակալ առաջնորդի խոսքով՝ այսօր Արցախի կողքին լինել` նշանակում է լինել արդարության և քաղաքակրթության կողքին. սա է բանալին Արցախի հարցի լուծման, կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին:  «Սիրելի՛ Հայրենակիցներ, իրապես Դուք հերոս ժողովրդի հերոս զավակներն եք: Այսօր Դուք մի կողմ եք թողել Ձեր բոլոր տեսակի անձնական նեղություններն ու դժվարությունները և եկել եք այստեղ՝ Վերածննդի հրապարակ, Ձեր հերոս նախնիների սրբազան կանչով, ովքեր սկսեցին Արցախյան շարժումը, որն հետո դարձավ պայքար ու գոյապայքար, որպեսզի ցույց տաք համայն հայությանը, որ Արցախը ապրում է և պիտի ապրի, քանզի ավետարանական խոսքի համաձայն մեր «Այո»-ն այո է, «ոչ»-ը՝ ոչ: Ես, որպես թեմակալ առաջնորդ, ոչ միայն օրհնում, այլ նաև խոնարհվում եմ Ձեր նվիրական կեցվածքի առջև: Մենք շատ մեծ գին ենք վճարել, որպեսզի կարողանանք ապրել ազատ, անկախ, ինքնորոշված Արցախում, և մեր այսօրվա խորհրդանշական հավաքը վառ ապացույցն է այն իրողության, որ արցախյան շարժումն ավարտված չէ և այն շարունակվում է նոր շեշտադրմամբ, որովհետև մենք ապրող ազգ ենք, և հակառակ տեսանելի և անտեսանելի թշնամիների, Արցախը պիտի ապրի և զորանա: 1988-ի անկախության «Այո»-ն մնում է այժմեական և ավելի զորեղ, որպեսզի այն դառնա համախմբող ողջ հայության համար, պիտի դառնա հոգու ճիչ` անտարբերությունից հանելու շատերին և ճշմարիտ ճանապարհից շեղվածներին հետ դարձնելու, դառնա առ Աստված աղերս` փրկության և հավերժության համար: Վստահեցնում ենք Ձեզ, որ այսօր ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում սպասում է արցախահայության որոշմանը, և ժողովուրդն իր օրենսդիր ղեկավարության հետ միասին կայացրել է այդ որոշում-հայտարարությունը: Ուստի մեզ մնում է, որ մեզնից դեն նետենք մեր միասնականությանն ու պայքարին խանգարող բոլոր տեսակի խոտելի ու խոցելի երևույթները: Հագնենք Աստծո սպառազինությունը. հագնենք հավատքի պատմուճանը, վերցնենք առաքինությունների վահանն ու արդարության սուրը և դառնանք մեկ միասնություն, որն իրոք հարիր է արցախցիներին, միասնաբար բռնենք արցախյան շարժման ռահվիրաների ձեռքը՝ շարունակելու մեր արդար պայքարը: Սիրելիներ, այսօր մեր ազգը կանգնած է այնպիսի դժվարին փորձության առաջ, երբ դրված է մեր լինել-չլինելու, մեր ազգային արժանապատվության ու կորստի հարցը։ Մենք կյանքի և մահվան պայքարի մեջ ենք և մեր ապրելու իրավունքը փորձում են որոշել առանց մեզ. չար ուժերը փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ և այս ամենին տալ «քաղաքակիրթ» ձևակերպումներ: Բայց մենք գիտենք, որ Արցախի հարցը սովորական հարց չէ, այն չարի և բարու, խավարի և լույսի պատերազմ է, քոչվորի և տեղաբնիկի հարց է, որն ուզում են լուծել գաղտնի և առանց մեզ: Այսօր Արցախի հարցի լուծման միայն ու միայն մեկ տարբերակ կա՝ ազատ ու ինքնորոշված Արցախ: Ահա այդ համոզումով է, որ մենք արդեն իսկ 30 և ավելի տարիներ ասում ենք՝ «Այո» ինքնորոշմանը: Այսօր Արցախի կողքին լինել` նշանակում է լինել արդարության և քաղաքակրթության կողքին, սա է բանալին Արցախի հարցի լուծման, կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգնած է արցախահայության կողքին իր ազգընտիր Հայրապետով: Աղոթում եմ, որ Աստված օրհնի մեր միասնությունը, օրհնի մեր Արցախ աշխարհը և նրա ազատատենչ ոգին: Մեր շնորհակալությունն ու օրհնությունն ենք բերում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբին և հրամանատարությանը, որ ապահովում են մեր ամենօրյա կյանքն ու խաղաղությունը մեր հողում: Մեր երախտագիրությունն ենք հայտնում Ռուս Ուղղափառ եկեղեցուն, որ այսօր իր հոգևոր «դեսպանությունն» ունի Արցախում, որտեղ ամեն օր աղոթք է բարձրացվում Ռուսաստանի և Արցախի համար: Լիահույս եմ, որ այս հոգևոր դեսպանության հենքի վրա վեր կխոյանան բարեկամանական ևս երկու կարևոր կառույցներ՝ տնտեսական և քաղաքական ոլորտներում: Սիրելի Հայրենակիցներ, եթե մենք լինենք միասնական և ապրենք Աստվածահաճո կյանքով, ապա Աստված չի ուշացնի Արցախի փրկության օրը։ Մտածենք այս ոգով և գործենք այդ հավատով: Աստված օրհնի Արցախն ու նրա հերոսական ժողովրդին։ Ամեն»,- իր խոսքում ասել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
18:14 - 30 հոկտեմբերի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Հոկտեմբերի 15-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ գլխավորությամբ խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատի։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածննի տեղեկատվական համակարգը։  Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Շվեյցարիայի դաշնային պատգամավոր Միշել Մատերը և Հայաստան–Շվեյցարիա խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-շվեյցարական բարեկամական կապերն ունեն դարերի պատմություն։ Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունից վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու, նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար։  Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Շվեյցարիայի հայ համայնքը ևս իր ներդրումն է ունեցել երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հաստատման գործում։  Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ Շվեյցարիան ևս իր ջանքերը կներդնի միջազգային հանրության հետ միասին կանխելու Ադրբեջանի ոտնձգությունները, ինչպես նաև՝ հետևողական քայլեր կձեռնարկի գերության մեջ հայտնված հայորդիների վերադարձման ուղղությամբ։ Իր հերթին Շտեֆան Մյուլեր Ալտերմատը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում ջանքեր են գործադրվում դատապարտելու Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ։
22:07 - 15 հոկտեմբերի, 2022
Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ

Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Եսայի քահանա Արթենյանը: «Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»,- նշել է նա: Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել էր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մասին նյութին, որտեղ նշել էր. «Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»:
11:31 - 04 հոկտեմբերի, 2022