Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Վրանները հավաքել են՝ լավ են արել, ինչի՞ են փախել ԱԺ-ից, ինչի չեն վերադառնում. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը
 |news.am|

Վրանները հավաքել են՝ լավ են արել, ինչի՞ են փախել ԱԺ-ից, ինչի չեն վերադառնում. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը |news.am|

news.am: Վրանները հավաքելը շատ կարևոր որոշում էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս նշեց, որ ընդդիմությունը ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակը և բացեց ճանապարհը։ Հարցին՝ ընդդիմությունը ասում է, որ իրենց պայքարը արդարացված է եղել, քանի որ իշխանությունը փաստաթուղթ պետք է ստորագրեր, և ընդդիմությանը հաջողվել է Արցախի ժողովրդին համախմբել և ոտքի հանել: Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Լու՞րջ եք ասում: Ինչի մինչև էդ Արցախի ժողովուրդը համախմված չէր, իրենք պետք է համախմբեին: Իրենց էին սպասում: Թե մի քանի հոգու, որ Արցախից բերել են գործուղման, շարժմանը մասնակից դարձնելու՝  ըստ էության որևէ արդյունք չարձանագրելով: Իրենք իրենց երեկվա որոշումը պետք է արձանագրեին որպես հաղթանակ: Հաղթանակի մեջ պետքա տեսնեն այն, որ իրենք չլինեին Հայաստանի Հանրապետությունը պետք է ոչնչացված լիներ:Բայց դա այդպես չի: Մենք ասում ենք՝ Հայաստանին համերաշխություն է պետք, իսկ համերաշխության հարթակը ԱԺ է: Ինչի՞ են փախել ԱԺ-ից, ինչի՞ չեն վերադառնում»,- ասաց նա: Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ եթե ընդդիմությունը ցանկանում է ապագայում իշխանություն դառնալ, ապա պետք է շարժվի սահմանադրության պահանջներով: Անդրադառնալով հարցին, որ իշխանության բախտը բերել է, որ մնացել է դեռևս իշխանության այն բանի համար, որ իրենց հրաժարականը պահանջողները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն է, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ ամենը թող «Դաշնակցությունն» ու «Պատիվ ունեմ»-ը հասկանան, իրենք հասկանալու խնդիր չունեն: «Մենք շարժվում ենք ժողովրդի տված մանդատների պահանջով»,- ասաց նա:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
13:41 - 15 հունիսի, 2022
Լաոյի փնտրտուքները շարունակելու դեպքում մեծացնելու են հետագայում պատերազմի վերսկսման հավանականությունը․ Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Լաոյի փնտրտուքները շարունակելու դեպքում մեծացնելու են հետագայում պատերազմի վերսկսման հավանականությունը․ Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ ընդդիմության ակցիաներին ու դրանց հետևանքներին: «Արդեն գրեթե 2 ամիս է՝ Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ընդդիմության սակավամարդ հանրահավաքները, որոնք չունեն որևէ բովանդակային օրակարգ և որոնք միայն նպատակ ունեն խաթարելու մեր պետության ներքին կայունությունը: Հանրահավաքներին շատ է հնչում «Զարթնի՛ր, լաո» ժողովրդական երգը, որը որևէ աղերս չունի ո՛չ ցույցերի, ո՛չ դրանց հետապնդած նպատակների հետ: «Զարթնի՛ր, լաոն» ի սկզբանե կոչ էր՝ ուղղված արտաքին թշնամու դեմ միասնական պայքար ու դիմադրություն կազմակերպելուն, իսկ այժմ ընդդիմադիրների ձեռքով այն դարձել է անհասկանալի փողոցային պայքարի, ներքին թշնամանք հրահրելու գործիք, որը, այդուհանդերձ, ընդդիմության համար ցանկալի արդյունք չի ապահովում: Պատճառը մեկն է՝ պայքարի արհեստածին նպատակներն ու կեղծ օրակարգը, խաղաղ ցույցերի փոխարեն մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում կազմակերպված զանգվածային անկարգությունների և քաղաքային անդորրը խարխլող գործողությունների: Իրական լաոն միշտ է արթուն: Դա տեսանելի էր դեռևս 2020 թվականին, երբ պատերազմի ընթացքում մեր փառքով ընկած հերոսներն ու նրանց ողջ մնացած ծառայակիցները պայքարում էին մեր պետության միակ՝ արտաքին թշնամու դեմ՝ երաշխավորելով մեր երկրի անվտանգ ապագայի հեռանկարները: Իսկ ընդդիմության լաոյի փնտրտուքները մեր պետության համար ոչ միայն որևէ դրական արդյունքի չեն հանգեցնելու, այլև շարունակվելու դեպքում մեծացնելու են հետագայում պատերազմի վերսկսման հավանականությունը»,- ասաց Քոչարյանը:  
17:21 - 14 հունիսի, 2022
Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությանը. Անդրանիկ Քոչարյան

Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությանը. Անդրանիկ Քոչարյան

Օրեր առաջ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լսումներին մասնակցելու նպատակով հրավեր էր ուղարկել Վարդան Օսկանյանին, որին որևէ պաշտոնական պատասխան չտալով՝ Օսկանյանը մամուլում հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ չի պատրաստվում ներկայանալ Հանձնաժողովի լսումներին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով. «Նախ՝ հանձնաժողովի մասին Օսկանյանի ունեցած կարծիքը չէ, որ պետք է ձևավորի մեր աշխատանքների տրամաբանությունն ու հաջորդականությունը, երկրորդ՝ Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա քննիչ հանձնաժողովի գործունեությանը, իսկ եթե նա իրապես վստահ չէ հանձնաժողովի նպատակների արդարության և օբյեկտիվության հարցում, ապա առաջարկում եմ նրան անձամբ ներկայանալ հանձնաժողով և «խորը» գիտելիքներով ու պրոֆեսիոնալիզմով «դասեր տալ» հանձնաժողովականներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։ Այդուհանդերձ, զգուշացնում եմ, որ թե՛ Օսկանյանի և թե՛ մյուս բոլոր հրավիրյալների կողմից Հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է բարոյական և քաղաքական հետևանքներ։ Ի դեպ, քաղաքական թաքստոցներից օգտվել ևս չի հաջողվի, քանի որ դրանք կվերացվեն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում, և այդ պարագայում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չներկայանալը կհանգեցնի նաև իրավական հետևանքների»:
13:28 - 01 հունիսի, 2022
Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ հանձնաժողովի նիստից Աննա Գրիգորյանի բացակայությանը

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ հանձնաժողովի նիստից Աննա Գրիգորյանի բացակայությանը

Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի բացակայությանը։  «Ես երեկ հետևում էի Երևանում կատարվող իրադարձություններին և նկատեցի, որ մեր նոր գործընկերը, այդպես էլ բախտ չի վիճակվել նրան հանդիպելու, խոսքը Աննա Գրիգորյանի մասին է, որը փոխարինել է պարոն Արթուր Ղազինյանին, ելույթով էր հանդես գալիս և դիմում էր Ներքին Հանդի Հասմիկին, որ Սյունիքը վտանգված է, Երևանից էր դիմում։ Եթե տիկին Գրիգորյանը այդպես էլ չներկայանա, որպեսզի մենք հաստատենք նրա ներկայությունը, կդիմեմ Ներքին Հանդի Հասմիկին, որպեսզի խնդրեմ, որ Աննա Գրիգորյանին դիմի, որպեսզի նա ավելի շատ մասնակցի մեր աշխատանքներին, որտեղ քննարկվում են մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Մեր երկրում անվտանգության հարցերի հարթակ է համարվում նաև մեր հանձնաժողովը և այստեղ քննարկվող խնդիրները, նաև Սյունիքին վերաբերող, ուղերձս մնում է ուժի մեջ»։ Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաները, որոնց մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
11:27 - 18 մայիսի, 2022
Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը

Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 17-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության և անվտանգության, սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։  Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Անդրանիկ Քոչարյանը, Գևորգ Պապոյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Շիրակ Թորոսյանը: Ողջունելով մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նիստի ընթացքում արդյունավետ աշխատանք կիրականացվի: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նախորդ օրը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին, որը նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակին: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում երկրների ղեկավարները հանգամանորեն քննարկել են կազմակերպության խնդիրները, անդրադարձել ձեռքբերումներին ու բացթողումներին, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը: «Կարծում եմ՝ խորհրդարանական հարթությունում մենք հավատարիմ կմնանք նույն նշաձողին, և առկա համաձայնագրերը կոնկրետ բովանդակությամբ լրացնելու մեր համատեղ ջանքերը կմեծացնեն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի իրական ներդրումը կազմակերպությունում մեր երկրների բազմակողմ փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման գործում»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը: Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերը, ԽՎ-ի 2021-2025 թթ. գործունեության հեռանկարներն ու օրակարգային այլ հարցեր: Խորհրդարանական վեհաժողովում Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի դիմումի և ՀԱՊԿ ԽՎ-ում նրան դիտորդի կարգավիճակ տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը վերահաստատել է այդ առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովն այդ հարցում առարկություններ չունի:
15:22 - 17 մայիսի, 2022
Լավ պատրաստված երիտասարդություն ունենք, պետք է այդ ռեսուրսը փոխանցել ԶՈՒ- ին. Քոչարյանը՝ հանրահավաքի մասնակիցների մասին |armenpress.am|

Լավ պատրաստված երիտասարդություն ունենք, պետք է այդ ռեսուրսը փոխանցել ԶՈՒ- ին. Քոչարյանը՝ հանրահավաքի մասնակիցների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ընդդիմադիրների հանրահավաքի մասնակից որոշ քաղաքացիների մասին տեղեկատվությունը, որոնց նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է փոխանցել Զինված ուժերին, ըստ նրա՝ այդ կարելի է ներգրավել պաշտպանական խնդիրների լուծման հարցում: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում են Ոստիկանապետի տեղակալը, Ռազմական ոստիկանության պետը, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը և այլք: Ավելի վաղ Քոչարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, մասնավորապես, նշելով. «Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարություն, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում նրանց ներգրավելու նպատակով»: Նա նաև խոստացել էր հանձնաժողովում այդ թեմայով աշխատանքային քննարկում անցկացնել: Մայիսի 5-ին արդեն կազմակերպված աշխատանքային քննարկմանը Քոչարյանն ասաց. «Արցախի պաշտպանության խնդիրը, համոզված եմ, Երևանի կենտրոնում չէ, որ պետք է կարգավորում ստանա: Մեր ԶՈՒ-ն ունեն մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման խնդիր, առավել ևս տարիներ շարունակ մեզանում այդ խնդիրը բարձիթողի վիճակում է եղել, և 44-օրյա պատերազմը բացթողումներն այնքան ակնառու դարձրեց, որ մենք ժամանակ չունենք այդ ռեսուրսը չկարգավորված թողնելու համար: Կարծում եմ, այստեղ անելիք ունենք, առավել ևս այս օրերի ընթացքում տեսնում ենք, որ լավ պատրաստված երիտասարդներ ունենք, որոնք իրոք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ Արցախի հարցի լուծմանը: Եթե նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է այդ ռեսուրսը փոխանցել մեր ԶՈՒ-ին»,-ասաց Քոչարյանը՝ հասարակական կարգի պահպանության առումով այս օրերին ոստիկանության աշխատանքը որակելով փայլուն: Ապա նա հավելեց. «Լավ կլինի, որ այդ ակցիաներն ավարտվեն մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացմամբ: Ես գիտեմ, որ եռամսյա հավաքները սկսվել են, դրանք շարունակական են լինելու, բոլորս պետք է դրան մասնակցենք այն ցանկով և տրամաբանությամբ, որը օրենքի պահանջն է»: Ըստ Քոչարյանի՝ այդ երիտասարդներին կարելի է ընդգրկել պաշտպանական խնդիրների լուծման հարցում, ԶՈՒ-ի անվտանգային խնդիրներին առնչվելիս՝ դրանով մասնակից լինելով երկրի սահմանների պաշտպանությանը, նպաստելով Արցախի պաշտպանական խնդիրների կատարմանը:  
14:09 - 05 մայիսի, 2022
Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած` 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին: Բաբայանն ասաց` պատճառները մի քանիսն են: «Հլը չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ», - նշեց նա: Բաբայանը պատերազմի օրերին եղել է Արցախի ԱԽ քարտուղարը: Նա չի ցանկանում առայժմ հրապարակել իր որոշման պատճառները, ասաց` անձնավորված չէ, ակնարկեց, թե խաղի կանոնները չեն պահպանում. «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»: Թե ինչու է Բաբայանը հեռացել հանձնաժողովից, չհաջողվեց պարզել իշխանական անդամներից: Նրա դերը շատ կարևորած Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց «Ազատության» զանգերին: Պատերազմի հանգամանքներն Ազգային ժողովում քննելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, երբ դեռ չէր ձևավորվել 8-րդ գումարման Ազգային ժողովը: Այդ հայտարարությունից 10 ամիս է անցել, բայց հանձնաժողովի բուն աշխատանքը դեռ չի սկսվել, երկու դռնբաց նիստ է եղել 2 ամիս առաջ տեխնիկական բնույթի: Մինչև հանձնաժողովի ձևավորումը ամիսներ շարունակ իշխանականներն իրավական ուղիներ էին փնտրում, որ շրջանցեն ԱԺ կանոնակարգն ու հանձնաժողովն ավելի մեծ մասշտաբով ձևավորեն, ընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերը: Այդ լուծումներն օդում մնացին: Վարչապետ Փաշինյանի հետ համագործակցող արտախորհրդարանական ուժերից ընտրեցին Սամվել Բաբայանին, Նորայր Նորիկյանին և Դավիթ Սանասարյանին: Անդրանիկ Քոչարյանը նրանց վերջին նիստում ներկայացրեց անկախ խորհրդատուի կարգավիճակում: Մյուս անկախ խորհրդատուներն ի՞նչ իրավական հիմքերով են հանձնաժողովում և արդյոք հետևելու են Սամվել Բաբայանի օրինակին, թե՞ կաշխատեն: Նորիկյանն ու Սանասարյանը չարձագանքեցին մեր զանգերին: Փաշինյանի հետ համագործակցող 11 արտախորհրդարանական ուժերից մեկից պետք է Բաբայանին փոխարինող ընտրեն, քննիչ հանձնաժողովում միայն իշխանական պատգամավորներ են, ընդդիմադիրները հենց սկզբից են հրաժարվել այս հանձնաժողովում աշխատել:  
16:29 - 27 ապրիլի, 2022
Ազատության հրապարակի փոխարեն Քոչարյանն ու Սարգսյանը թող Արցախ գնան. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Ազատության հրապարակի փոխարեն Քոչարյանն ու Սարգսյանը թող Արցախ գնան. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հրապարակում հանրահավաք անցկացնելու փոխարեն գնալ Արցախ և իրենց աջակցությունն ավելի շոշափելի դարձնել հենց Արցախից՝ շեշտելով՝ Արցախի հետ կապված խնդիրները պետք է լուծել բուն Արցախում։ «Առաջարկում եմ, որ ընդդիմադիր երկու ուժերի լիդերները՝ իրենց աշխատակազմերով և իրենց համակիրներով, փորձեն կազմակերպեն մեկ ամսյա բանակում Արցախում։ Փոքր խմբերով գնան և համալրեն Պաշտպանության բանակի կորցրած հնարավորությունները՝ իրենց նաև մասնակցությամբ, իրենց նաև ֆինանսներով։ Բայց էս պահի դրությամբ առայժմ բացի պետական իշխանության աջակցությունից, ընդդիմադիր ուժերի ծրագրային աջակցություն, գոնե սրտացավ աջակցություն, տեսանելի չէ մեր հասարակության համար, էդքանով էլ ես համոզված եմ, որ վաղվա իրենց միջոցառումը ոնց կսկսվի, այնպես էլ կավարտվի», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ ընդդիմադիրներն այնուամենայնիվ ազնիվ չեն․ - «Իմանալով, որ ամսի 6-ին Բրյուսելում տեղի է ունենալու հանդիպում, իրենք այդ հանդիպումից առաջ, չգիտես ինչու, Արցախի անվտանգության խնդիրները բերում են Ազատության հրապարակ և Երևանի փողոցներ՝ մոռանալով, որ Արցախի խնդիրները պետք է լուծել հենց բուն Արցախում»։ Հարցին, թե ինչ-որ փաստաթուղթ, հայտարարություն ընդունվելո՞ւ է Բրյուսելում, Քոչարյանը պատասխանեց․ - «Նախ կլինի հանդիպումը, դրանից հետո, բնականաբար, թաքցնելու ոչինչ չունի իշխանությունը, և արձանագրությունները գոնե հասնելի կլինեն բոլորին»։ Անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատությանը, թե իշխանությունները չեն զսպում Ադրբեջանի ախորժակը՝ Քոչարյանը պնդեց՝ Ադրբեջանի ախորժակը չափավոր զսպվածության միջավայրում է՝ ընդգծելով՝ այս պահին գործում է հրադադարի ռեժիմը և հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ «Հիմա էստեղ զսպել-չզսպելու պատկերացումները մի քիչ տարբեր են․ իշխանությունները շարժվում են խաղաղության օրակարգով, մեր ընդդիմադիր գործընկերները երազում են պատերազմ և, ամենայն հավանականությամբ, նաև պատերազմի ընթացքում իշխանությունների կողմից արձանագրված պարտություն, որը կլինի հայ ժողովրդի պարտությունը և պետականության կորուստ։ Իրենք երևի թքած ունեն, թե պատերազմն ինչ հերթական զոհեր կբերի, որովհետև զոհերի մեջ իրենք ո՛չ իրենց, ո՛չ իրենց հարազատներին չեն տեսնում», - ասաց իշխանական պատգամավորը։ Քոչարյանը պնդեց՝ իշխանությունը փորձում է կառավարել արտաքին քաղաքական ռիսկերը՝ դա համարելով հնարավոր պատերազմի դրսևորումները զսպելը առաջին պայմանը։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
13:20 - 05 ապրիլի, 2022
Պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել, որ այն բացել-փակելը չդառնա ՀՀ-ի վրա ճնշումների գործիք Ադրբեջանի ձեռքին․ Անդրանիկ Քոչարյան

Պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել, որ այն բացել-փակելը չդառնա ՀՀ-ի վրա ճնշումների գործիք Ադրբեջանի ձեռքին․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակին։ Պատասխանելով հարցին, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունը ինչ լծակներ ունի հումանիտար ճգնաժամը լուծելու հարցում՝ նա ասաց, որ դրա գործիքակազմերից մեկը միջազգային ճնշումներն են, բայց միայն ճնշումները բավարար չեն։ «Վերջին հաշվով պետք է նաև կարողանալ հակառակորդին համոզել, որ գազատարը պայթեցնելով՝ չի մոտեցնում այն հիմնարարա խնդիրների լուծմանը, որը կոչվում է խաղաղության բանաձև։ Դրա համար պետք է խոսել բոլոր հնարավոր մակարդակներում, նաև միջնորդների միջամտությամբ, նաև հրադադարի ռեժիմը պահող մեր ռազմավարական գործընկերոջ հնարավորությունների սահմաններում։ Դրանք համալիր ծրագրեր են։ Մի՛ մոռացեք որ 90-ականներին գազատարը պայթեցվում էր Վրաստանի տարածքում շաբաթը համարյա երեք անգամ։ Վերանորոգում էինք, էլի էին պայթեցնում։ Հետո գործողություններ իրականացվեցին հայկական կողմից, հասկացան, որ գազատարը պայթեցնելը որևէ հեռանակար չի ապահովում, առավելություն չի տալիս իրենց մարտական գործողությունների ընթացքում մեր նկատմամբ։ Ճանապարհը իր էվոլյուցիուն գծագիրն ունի»,- նշեց Քոչարյանը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը պայթեցրել էր գազատարը, հետո վերանորոգել, հետո հայտարարել, որ գազը կմատակարարվի, հետո նորից մատակարարումը դադարեցվեց։ Ըստ Քոչարյանի՝ դրա պատճառները պետք է հասկանալ երկխոսության միջոցով։ Անդրադառնալով Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ «ունեն բավարար հիմքեր՝ պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը», պատգամավորն ասաց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է փականը․ «Այդ փականի վրա ազդեցության գործիքներ պետք է ձևավորենք, որի միջոցով այն կլինի ավելի բաց, ստատիկ վիճակում»։ Նրա խոսքով պետք է վերականգնենք ՀՀ ինքնիշխանությանը վերաբերող ողջ կորցրածը, որի միջոցով հակառակորդին կզրկենք իր լրացուցիչ հնարավորությունները մեզ վրա կիրառելուց։ Խոսելով հումանիտար խնդիրների մասին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ամբողջ աշխարհում կան հումանիտար խնդիրներ․ «Մեր հումանիտար խնդիրների լուծումները պետք է գտնենք մեր միջոցների էֆեկտիվ կառավարման և տնօրինման մեջ։ Էսպիսի իրավիճակներ՝ շատ ավելի ծանր, մենք ապրել ենք, անցել ենք մի օրվա հացով, առանց հոսանքի, առանց գազի։ Բայց մեր ժողովուրդն արժանապատվորեն իր խաչը տարել է և կերտել 94-ի հաղթանակը։ Ես չեմ ուզում վերադառնալ անցյալ, պետք է գնանք առաջ․ դրա համար պետք է հակառակորդին զրկել նման մտադրութուններից, և հումանիտար վիճակը լուծենք ներքին միջոցներով»։ Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի այս գործողությունները ուղղված են Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության դեմ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ամեն ինչի մեջ կա իր տրամաբանությունը, սակայն պետք չէ վերլուծել, թե հակառակորդը ինչ է տեսնում իր գործողությունների մեջ։ «Հաստատ դա տեսնում է մեզ թուլացնելու ծրագրի մեջ։ Այսինքն՝ գազ, գազի հետ կապված հումանիտար խնդիր, դժգոհություններ, պրոյեկցիա իշխանությունների վրա և իշխանության թուլացման միջոցով նոր առաջարկներ ներկայացնել՝ ի նպաստ իրենց, որ մենք հայտնվենք անելանելի վիճակում և համաձայնենք առաջարկներին, որ ինքը կուզեր տեսնել վերջնակետում։ Եվ դրա համար մենք պետք է միակամ լինենք էս հարցերի մեջ»։  Այս համատեքստում Քոչարյանը որպես օրինակ հիշեցրեց այն շրջանը, երբ գերիների հարցը, իր խոսքով շահարկվում էր ընդդիմության կողմից, բայց երբ դրանք սառեցվեցին, սկսվեցին գերիների հանձնման պրոցեսները՝ օգտագործելով խաղաղարար երկխոսության գործիքները։  «Որ գազատարը բացել-փակելը Ադրբեջանի կողմից չդառնա ՀՀ վրա ճնշումների գործիք, մենք պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել»,- ընդգծեց ՔՊ խմբակցության պատգամավորը։
13:27 - 23 մարտի, 2022
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 15-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսի, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի ու Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում պաշտպանության եւ անվտանգության տիրույթում իրականացվող բարեփոխումներին, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին: Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքներին՝ նշելով, որ այդ երկիրը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները` չվերադարձնելով հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց, շարունակելով ռազմատենչ հռետորաբանությունը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է տարածաշրջանում միջազգային հանրության օժանդակությամբ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Ներկայացնելով անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտներում, ոստիկանությունում, զինված ուժերում, ԱԱԾ-ում իրականացվող քայլերը՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ բարեփոխումների կյանքի կոչման հարցում մեր երկիրը պարբերաբար քննարկումներ է իրականացնում միջազգային գործընկերների հետ: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է մասնավորապես զինված ուժերում բարեփոխումների օրակարգը, բանակաշինության գործընթացում իր տեսլականը՝ կարեւորելով Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցությունը նաեւ պաշտպանության բնագավառում: Հյուրերի խնդրանքով Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:
17:00 - 15 մարտի, 2022
Որոշ դեպքերում անձինք կարող են հրաժարվել քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ Անդրանիկ Քոչարյանը սխալվում է

Որոշ դեպքերում անձինք կարող են հրաժարվել քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ Անդրանիկ Քոչարյանը սխալվում է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել։ Մասնավորապես, նիստի սկզբի հրապարակային հատվածում, խոսելով հանձնաժողովի գործունեության մասին, նա ասել է, որ որեւէ մեկը չի կարող հրաժարվել այստեղ (նկատի ունի քննիչ հանձնաժողով,- հեղ․) գալուց։ Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ ամրագրում է, թե հանձնաժողով ներկայանալը ում համար է պարտականություն, ում համար՝ իրավունք։ Մասնավորապես, օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու եւ բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաեւ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Այսինքն՝ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվել չեն կարող միայն պաշտոնատար անձինք, իսկ այլ անձինք կարող են։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ նախկին պաշտոնատար անձանց համար օրենքը որոշակի բացառություն է նախատեսում։ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1․1 կետի համաձայն՝ պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու եւ բացատրություններ տալու, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաեւ նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու եւ բացատրություններ տալու հրավերը ստացվել է մինչեւ պաշտոնից ազատվելը: Այսինքն՝ պատերազմի ընթացքում որեւէ պաշտոն զբաղեցրած, բայց այժմ պաշտոնաթող անձինք կարող են նաեւ չներկայանալ, եթե հրավերը ստացել են պաշտոնը թողնելուց եւ/կամ ազատվելուց հետո։ Իր ելույթի ընթացքում Անդրանիկ Քոչարյանն նաեւ ասել է․ «Մեր ամբողջ աշխատանքի ընթացքում, ինչպես Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի, ինչպես Մարտի 1-ի փաստահավաք խմբի ժամանակ է եղել, որեւէ դրվագ չի կորելու, այդ բոլոր դրվագները լինելու են մեր երկրի արխիվային կարողությունների մեջ, եւ նաեւ դա է հիմք տալիս, որ որեւէ թաքցնելու բան չի կարող լինել։ Երբ ասում են՝ քվեարկությամբ են կանչելու, չէ, էդպիսի բան չկա, անհրաժեշտությամբ ենք կանչելու, քվեարկությամբ որեւէ մեկին․․․ Եթե եղավ առաջարկ, էդ առաջարկը, ոնց որ եղել է Քառօրյայի ժամանակ․․․ Չի եղել դրվագ, երբ մենք քվեարկենք՝ սրան կանչենք թե չէ։ Եթե եղել է անհրաժեշտություն, պետք է գա»։ Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը այլ կարգավորում է նախատեսում։ Ըստ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հանձնաժողովը կարող է որոշմամբ հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ստացվում է, որ օրենքի համաձայն՝ անկախ անհրաժեշտությունից՝ Հանձնաժողով ներկայանալու հրավեր ուղարկելու համար անհրաժեշտ է որոշում, որը ընդունվում է քվեարկությամբ։  Օրենքը սահմանում է նաեւ, թե որ դեպքում Հանձնաժողովը իրավունք ունի գործել առանց որոշումներ ընդունելու։ Մասնավորապես, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հանձնաժողովը կարող է անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ առանց որոշման, գրավոր դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ։ Հավելենք, որ թեեւ հանձնաժողովի գործունեությունը ամրագրող նորմերում կիրառվում է «կարող է», ոչ թե «պարտավոր է» ձեւակերպումը, այնուհանդերձ, Սահմանադրության  6-րդ հոդվածի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետեւաբար, պատգամավորները չեն կարող առանց որոշման հրավեր ուղարկել, քանի որ օրենքով նման լիազորություն չունեն։ Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանի վերոնշյալ պնդումները սխալ են եւ չեն համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի կարգավորումներին։   Միլենա Խաչիկյան
12:11 - 22 փետրվարի, 2022
Որևէ մեկը չի կարող հրաժարվել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալուց. Քոչարյան |armenpress.am|

Որևէ մեկը չի կարող հրաժարվել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալուց. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ նիստերին հրավիրվող որևէ անձ չի կարող չներկայանալ: Քոչարյանն այս մասին ասաց քննիչ հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման բաց հատվածում: Քոչարյանը հայտնեց, որ մասնակցում են անհետ կորած համարվողների, զոհված զինծառայողների ծնողների կողմից պատվիրակված անդամներ, անկախ խորհրդատուների կարգավիճակով մասնակցում են Արտակ Գասպարյանը, Գարիկ Մխիթարյանը: Ներկա էր նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ որպես անկախ խորհրդատու: Փակ նիստերը տեսանկարահանվում են, որոնք արխիվացվում են, Քոչարյանը վստահեցրեց, որ որևէ դրվագ չի կորելու: Ըստ նրա՝ հանձնաժողովի աշխատանքներին անձանց հրավիրում են ըստ անհրաժեշտության: Քոչարյանի խոսքով՝ եթե կա անհրաժեշտություն, որ որևէ մեկը գա հանձնաժողով, ապա պետք է գա: «Որևէ մեկը չի կարող հրաժարվել այստեղ գալուց: Շատերը փորձում են քաղաքականացնել այս թեման, ասել, թե չեն ուզում գալ, հանձնաժողովը լեգիտիմ չէ: Ոչ, լեգիտիմ է ի սկզբանե, քանի որ սա սահմանադրական պահանջ է: Ավելին՝ շատ ավելի լեգիտիմ է, որովհետև առաջին անգամ մեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների պատվիրակած անդամներ»,-ասաց Քոչարյանը: Ինչ-որ պարբերականությամբ հանձնաժողովի նախագահը անդամների թույլտվությամբ լրագրողներին կներկայացնի որոշ տեղեկություններ: Նա միևնույն ժամանակ շեշտեց, որ Պետական գաղտնիքի մասին օրենքն աշխատելու է ամբողջ ծավալով: «Դժվար է ասել, թե եզրակացությանը երբ կհասնենք, բայց այդ եզրակացությունը պետք է լինի հնարավորինս անթերի: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ունեցանք եզրակացություն, բայց հիմնական դժգոհությունը, որ եղավ այն էր, որ եզրակացությունը հասարակությանը անհասանելի եղավ, բայց պետական կառույցներին դա եղավ հասանելի: Եվ կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո հասանելի կլինի նաև հասարակությանը»,-ասաց Քոչարյանը: Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում գնալ հանձնաժողովի նիստերին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու: «Այդ աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է: Պարոն Հակոբյանը, համոզված եմ, անպայման կգա հանձնաժողով: Հակառակ դեպքում նա պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որը պետք է իրեն տրվեր»,-ասաց Քոչարյանը՝ Հակոբյանին և առհասարակ բոլոր պաշտոնյաներին հորդորելով նման հայտարարություն չանել: Աշխատանքային քննարկումը շարունակվեց փակ ֆորմատով:
13:37 - 21 փետրվարի, 2022
Փաշինյանը հարցաքննվելու է քննիչ հանձնաժողովում, Արծրուն Հովհաննիսյանն էլ փորձագետ կլինի |hetq.am|

Փաշինյանը հարցաքննվելու է քննիչ հանձնաժողովում, Արծրուն Հովհաննիսյանն էլ փորձագետ կլինի |hetq.am|

hetq.am: Արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է հանձնաժողովում․ դա վերջինիս ցանկությունն է: ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այժմ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ է, հետաքրքրվեցինք`վերջինս քննիչ հանձնաժողովում որպես փորձագետ ներգավվելո՞ւ է, և արդյոք օբյեկտիվ աշխատանք կարող է տանել` հաշվի առնելով պատերազմի ընթացքում զբաղեցրած պաշտոնը: «Արծրուն Հովհաննիսյանը մեր հանձնաժողովի փորձագետ է, աշխատում է շատ ոգևորված և էֆեկտիվ, տնօրինում է շատ մեծ տեղեկատվության: Դուք հիմա այն պատկերի շուրջ եք, որ Արծրուն Հովհաննիսյանի շուրջ փորձեցին ստեղծել… Արծրուն Հովհաննիսյանը որպես ՊՆ՝ էդ ժամանակ ինֆորմացիայի կրող, շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի նիստերի ընթացքում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց` Արծրուն Հովհաննիսյանն այն փորձագետն է, որ տարիներ շարունակ պնդել է` պետք է զարգացնել օդուժը, ու նրան լսողներ չեն եղել, շատ դեպքերում գրոտեսկային պատասխաններ են եղել պատկան մարմինների կողմից: «Էնպես որ, նրա ընդհանուր փորձագիտական աշխատանքները զետեղված են իր գրքերում, որոնք խորհուրդ կտամ ուսումնասիրեք ու հասկանաք, որ մարդը շատ լավ տիրապետում է ռազմական արվեստին ու կարող է լինել շատ լավ փորձագետ»,- ասաց Ալեքսանյանը: Նշենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է: Նիստերը լինելու են դռնփակ:
14:28 - 14 փետրվարի, 2022
Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին. Քոչարյան |armenpress.am|

Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանը անհասկանալի է համարում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պատճառը: «Թող գան մեր գործընկերները (ընդդիմությունը- խմբ.) գամեն անարգանքի սյանը, եթե մեզ սխալ պահենք: Տեսախցիկները միացրած օնլայն ռեժիմով աշխատելու են: Ում ուզեին և ում ասեին, հրավիրելու էինք, նույնիսկ ում չասեին, նույնպես հրավիրելու էինք: Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի փաստաթղթերը հասանելի են լինելու այս հանձնաժողովին: Բա լավ, դրանից հրաժարվե՞լ: Լավ մեզ չեք սիրում, դուք ձեզ էլ չե՞ք սիրում: Երբեք մեր գործընկերներին ամոթխած չէի տեսել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Պատգամավորը նշեց, որ իշխանությունը ընդդիմության հետ աշխատել է տարբեր հանձնաժողովներում, բայց այս կարևոր հանձնաժողովի աշխատանքին չմասնակցելը անհասկանալի է համարում: Նա վստահեցրեց, որ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվելու, փորձագետներ են հրավիրվելու, գերատեսչությունների հետ են աշխատելու, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված են լինելու զոհված զինծառայողների ծնողներ «Նրանք իրենց զրկում են հատուկ կարծիք ունենալու հնարավորությունից: Լավ մեզ չեք սիրում, ձեզ սիրեք: Այդ հատուկ կարծիքը, որպեսզի ձևավորվեր, դուք պետք է ծայրից ծայր մասնակցեիք: Հիմա ասում են փորձագետներ պետք է հրավիրել, բա պետք է հրավիրենք: Լա՞վ եք պատկերացնում` հազարավոր փաստաթղթեր ենք ուսումնասիրելու, գերատեսչությունների հետ աշխատելու ենք: Ինչպե՞ս եք պատկերացնում, պետք է 7 հոգով նստենք և այդքանից գլուխ հանե՞նք»,- ընդգծեց Քոչարյանը:
13:14 - 14 փետրվարի, 2022
Անդրանիկ Քոչարյան. «Տևական խաղաղության համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը» |hetq.am|

Անդրանիկ Քոչարյան. «Տևական խաղաղության համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը» |hetq.am|

hetq.am: Տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը: Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նման տեսակետ հայտնեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ներկայիս աշխարհաքաղաքական դինամիկ վտանգավոր զարգացումների պայմաններում մեր պետությունը չի կարող դիմակայել առանց ռազմավարական գործընկերների և հարևան պետությունների հետ հստակ կանոնակարգված հարաբերություններ ձեռք բերելու: Ակնհայտ է, որ դարեր շարունակ կայսերական նկրտումներ ունեցած պետության գենետիկ հիշողությունը ժամանակ առ ժամանակ հարմար միջավայր ստեղծվելուն պես գլուխ է բարձրացնում, սակայն մեզ համար կարևոր է նման դեպքերում արժանի դիմադրություն կազմակերպելը»,- ասաց նա: Ըստ բանախոսի` Հայաստանի խնդիրն է Կովկասի տարածաշրջանի հիմնական խաղացողների քայլերը հասկանալ, դրանք վերլուծել, և ամենակարևորը` լինել իրատես: «Տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը, որքան էլ պարտված լինելու հանգամանքը մեզ համար խոչընդոտներ է ստեղծելու»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով` անցյալում կատարվածից դասեր քաղելով՝ Հայաստանը կկենտրոնացնի իր ազգային, գիտական ներուժը, կփորձի սկիզբ դնել տեղական մրցունակ սպառազինության արտադրությանը: Նա նաև կարևորեց երկիրը ներքին ցնցումներից և բզկտումներից զերծ պահելը՝ շեշտը դնելով արտաքին հավասարակշռված քաղաքականության ձևավորման և կայունության ամրապնդման վրա: «Երկարատև խաղաղության հաստատման և պետության անվտանգության լիակատար ապահովման համար մեզ պետք է միասնականություն, սառը բանականություն և խոհեմություն ցուցաբերել՝ չմոռանալով անցյալը: Սա է առաջ շարժվելու և նշանակալի հաջողություններ գրանցելու ամենաարդյունավետ ճանապարհը»,- եզրափակեց իշխանական պատգամավորը:
18:02 - 08 փետրվարի, 2022