azatutyun.am: Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած` 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին: Բաբայանն ասաց` պատճառները մի քանիսն են:
«Հլը չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ», - նշեց նա:
Բաբայանը պատերազմի օրերին եղել է Արցախի ԱԽ քարտուղարը: Նա չի ցանկանում առայժմ հրապարակել իր որոշման պատճառները, ասաց` անձնավորված չէ, ակնարկեց, թե խաղի կանոնները չեն պահպանում. «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»:
Թե ինչու է Բաբայանը հեռացել հանձնաժողովից, չհաջողվեց պարզել իշխանական անդամներից: Նրա դերը շատ կարևորած Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց «Ազատության» զանգերին:
Պատերազմի հանգամանքներն Ազգային ժողովում քննելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, երբ դեռ չէր ձևավորվել 8-րդ գումարման Ազգային ժողովը: Այդ հայտարարությունից 10 ամիս է անցել, բայց հանձնաժողովի բուն աշխատանքը դեռ չի սկսվել, երկու դռնբաց նիստ է եղել 2 ամիս առաջ տեխնիկական բնույթի:
Մինչև հանձնաժողովի ձևավորումը ամիսներ շարունակ իշխանականներն իրավական ուղիներ էին փնտրում, որ շրջանցեն ԱԺ կանոնակարգն ու հանձնաժողովն ավելի մեծ մասշտաբով ձևավորեն, ընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերը: Այդ լուծումներն օդում մնացին:
Վարչապետ Փաշինյանի հետ համագործակցող արտախորհրդարանական ուժերից ընտրեցին Սամվել Բաբայանին, Նորայր Նորիկյանին և Դավիթ Սանասարյանին: Անդրանիկ Քոչարյանը նրանց վերջին նիստում ներկայացրեց անկախ խորհրդատուի կարգավիճակում: Մյուս անկախ խորհրդատուներն ի՞նչ իրավական հիմքերով են հանձնաժողովում և արդյոք հետևելու են Սամվել Բաբայանի օրինակին, թե՞ կաշխատեն: Նորիկյանն ու Սանասարյանը չարձագանքեցին մեր զանգերին:
Փաշինյանի հետ համագործակցող 11 արտախորհրդարանական ուժերից մեկից պետք է Բաբայանին փոխարինող ընտրեն, քննիչ հանձնաժողովում միայն իշխանական պատգամավորներ են, ընդդիմադիրները հենց սկզբից են հրաժարվել այս հանձնաժողովում աշխատել:
comment.count (0)