Հայաստան

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած թուղթին, որն իբր, ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին: Նշենք, որ ադրեբջանական լրատվամիջոցներում տարածված փաստաթղթում կային կետեր, որոնք վերաբերում էին պաշտպանության և անվտանգության ոլորտներում ԱՄՆ ու ԵՄ կողմից ՀՀ-ին աջակցությանը։
18:01 - 18 ապրիլի, 2024
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու

Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ եւ չինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն օրեցօր առավել ամրապնդվում է պետական մակարդակով սերտ փոխգործակցության արդյունքում: Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունները, կրթամշակութային կապերն ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը կարող են նպաստել մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: «Խաղաղության եւ անվտանգության դիրքերից մշտապես հանդես եկող Չինաստանի կողմից ծրագրի իրագործման աջակցությունն արժեքավոր կլինի»,- ընդգծել է ԱԺ նախագահի տեղակալն ու հավելել, որ Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրում տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն եւ բարեկեցություն հաստատելու ուղղությամբ: Չեն Ժուն, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, հայտնել է, որ Չինաստանն աջակցում է ծրագրի իրագործմանը եւ համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի եւ ճանապարհ» ծրագրի շրջանակներում: Հակոբ Արշակյանն ու Չեն Ժուն արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության վրա, կայուն զարգացել ու ամրապնդվել են: Նշվել է, որ Հայաստանն ու Չինաստանը հաջողությամբ համագործակցում են նաեւ միջազգային հարթակներում: Ընդգծվել է, որ համագործակցության բարձր մակարդակն արտահայտված է քաղաքական երկխոսության, առեւտրի եւ ֆինանսների, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներում: Նշվել է, որ, մասնավորապես, տնտեսական համագործակցության հարցում կա չօգտագործված մեծ ներուժ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջկուսակցական փոխգործակցության հնարավորությունների արդյունավետ իրացմանը, օրենսդրական մակարդակում շփումների եւ փոխայցերի ակտիվացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությունն ու կայունությունը պահպանելու եւ ամրապնդելու հարցում գործադրվող ջանքերի ու այս հարցում բարեկամ երկրների համագործակցության շուրջ:
15:12 - 18 ապրիլի, 2024
ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Զախարովա
 |aravot.am|

ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Զախարովա |aravot.am|

aravot.am: ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե ապրիլի 5-ին Բրյուսելում կայանացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Չենք զարմանա, եթե պարզվի, որ ՌԴ ռազմաբազայի և սահմանապահների փոխարինումը արևմտյան մասնագետներով, ինչպես նաև ՀՀ կարևորագույն ենթակառուցվածքի` ՀԱԷԿ-ի վերակողմնորոշումը պարտադրվել են Երևանին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ» ,- ասել է նա: Զախարովան նշել է, որ Արևմուտքը ձգտում է գժտեցել հարևաններին Հարավային Կովկասում, իսկ Հայաստանին հատկացնում է միայն գործիքի դեր, գործիք, որի օգնությամբ ցանկանում են նոր մեծ պայթյուն հրահրել տարածաշրջանում:
14:08 - 18 ապրիլի, 2024
GRECO-ն կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
 |news.am|

GRECO-ն կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում |news.am|

news.am: Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր ջանքերը` կանխելու կոռուպցիան բարձրագույն գործադիր գործառույթներ ունեցող անձանց և ոստիկանության առնչությամբ: GRECO-ն նշում է 2018 թվականի Թավշյա Հեղափոխությունից հետո ձեռնարկված դրական քայլերը՝ կոռուպցիայի դեմ պայքարը խթանելու ուղղությամբ, այդ թվում՝ մասնագիտացված ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման միջոցով։ GRECO-ն նաև ընդունում է ֆինանսական բացահայտման համապարփակ համակարգի ներդրումը: Վերջերս հրապարակվել է 2023-2026 թթ․ ժամանակահատվածի համար Հակակոռուպցիոն ռազմավարություն և Գործողությունների ծրագիր։ Դրանք նախատեսում են որոշակի խոստումնալից զարգացումներ, սակայն այդ ծրագրերի իրականացումը պետք է արդյունավետ կերպով գործարկվի։ GRECO-ն նշում է՝ անհարկի ազդեցության ռիսկերը կանխելու համար Հայաստանին կառավարության մեջ անհրաժեշտ է հաշվետվողականության ավելի ուժեղ համակարգ։ Բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի և նախորդ ռեժիմների հետ կապ ունեցող կլեպտոկրատական ցանցերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար մի շարք լայնածավալ հետաքննություններ են ընթանում, սակայն մինչ օրս դատավճիռ չի կայացվել։ Հետաշխատանքային դրույթները թույլ են իրենց ծավալի, ինչպես նաև դրանց մշտադիտարկման և կիրարկման առումով։ GRECO-ն նաև նշում է, որ անհրաժեշտ է ավելին անել՝ տեղեկատվության հասանելիությունը բարելավելու և հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործում ապահովելու հարցում: Ավելին, դեռ պետք է ընդունվեն արդյունավետ կանոններ լոբբիստական գործունեության համար: Ինչ վերաբերում է ոստիկանությանը, GRECO-ն նշում է, որ այն չունի լավ զարգացած էթիկայի ենթակառուցվածք. այն չունի ոչ հատուկ հակակոռուպցիոն քաղաքականություն/ռազմավարություն, ոչ էլ սեփական վարքագծի կանոնագիրք, և առ այսօր չի իրականացվել ռիսկերի գնահատում: Պետք է ուժեղացվեն վերստուգման ընթացակարգերը հավաքագրման ժամանակ և կանոնավոր պարբերականությամբ: Ներքին վերահսկողությունը կշահի լրացուցիչ կադրային համալրման և նախաձեռնողական, այլ ոչ թե արձագանքողական մոտեցումից․ Պետք է ուժեղացնել ոստիկանության բոլոր աստիճաններում կանանց ներկայացվածությունը՝ ինչպես հավաքագրման փուլում, այնպես էլ ներքին առաջխաղացման համատեքստում։ ԵԽ հրապարակած հաղորդագրության համաձայն, կարելի է նաև ավելին անել ոստիկանության գործողությունների թափանցիկությունը բարելավելու և հանրությանը փոխանցվող տեղեկության համապատասխանությունն ու ժամանակին տրամադրումը ապահովելու համար։ Եվ վերջապես, լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ ազդարարների հաղորդման և խորհրդատվական ուղիների, ինչպես նաև ազդարարների համար հասանելի պաշտպանական միջոցների նկատմամբ վստահություն կառուցելու համար: Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը իշխանությունները GRECO-ին կներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը: Հաջորդիվ, GRECO-ն կգնահատի երկրի համապատասխանության մակարդակը ներկայացված  առաջարկությունների հիման վրա:  
14:07 - 18 ապրիլի, 2024
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ապրիլի 17-ին Ռիյադում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՍԱ այցի շրջանակներում։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին: Արձանագրելով, որ երկու երկրներն այս ոլորտում «խոսում են նույն լեզվով»՝ կիսում են նույն առաջնահերթությունները՝ զրուցակիցները նախանշել են փոխգործակցության հիմնական ուղղություններն ու պայմանավորվել նպաստել համապատասխան կառույցների միջև կապերի զարգացմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ՏՏ ոլորտի զարգացման տեսլականը և մինչ օրս գրանցված հաջողությունները՝ ընդգծելով ընդհանուր տնտեսության մեջ ոլորտի զբաղեցրած էական մասնաբաժինը: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ոլորտի զարգացման գործում կանանց ներգրավվածության բարձր ցուցանիշները, ինչպես նաև կրթության մեջ նորարար լուծումներին հատկացվող ուշադրությունը՝ այս համատեքստում անդրադառնալով «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռվող հնարավորություններին: Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման ուղղությամբ սաուդյան կողմի հաջողությունները՝ զրուցակիցները պայմանավորվել են իրականացնել ձևավորված փորձի փոխանակում և խթանել կապերը ոլորտի առաջատար ընկերությունների միջև։
13:31 - 18 ապրիլի, 2024
Հայաստանը, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
 |azatutyun.am|

Հայաստանը, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից |azatutyun.am|

azatutyun.am: Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։ «Ազատության» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։ Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ «Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները, և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում։ Եվրամիության այս հիմնադրամը ստեղծվել է 2021-ին։ Նպատակն է միջոցներ տրամադրել, որոնցով կգնվեն ոչ մահաբեր զինատեսակներ կամ կարողություններ՝ աշխարհի տարբեր ծայրերում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և միջազգային անվտանգությունն ամրապնդելու համար։ Անցած տարիներին այս հիմնադրամից օգնություն են ստացել, օրինակ, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, որոնք միությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։ Սա սակայն, պարտադիր պայման չէ. ետխորհրդային երեք երկրներից բացի Խաղաղության եվրոպական գործիքակազմից օգտվել են նաև աֆրիկյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Կոնգոն, Բենինը, Գանան։ Վերջին հատկացումն արվել է անցած տարվա նոյեմբերին, երբ միությունը Գվինեային 21 միլիոն եվրո է հատկացրել, Սոմալիին՝ մեկ միլիոն։ Հայաստանն այս հիմնադրամից օգտվելու հայտ էր ներկայացրել անցած տարվանից։ Ֆրանսիայի արտգործնախարարն իր հերթին, անցած հոկտեմբերին, ժամանելով Երևան, հայտարարել էր, թե անձամբ է այս հարցով դիմել Եվրամիության արտգործնախարարին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:35 - 17 ապրիլի, 2024
Սիրիայի դեսպանը ՀՀ նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրեր

Սիրիայի դեսպանը ՀՀ նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Ուրախ եմ ջերմ շնորհավորանքներս հղել Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ ։ Խնդրում եմ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Հայաստանը և Սիրիան կապված են միմյանց հետ քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով: Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամական հարաբերությունները և մեծապես կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը»: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ իր բոլոր կարողությունները ներդնում է Հայաստանի և Սիրիայի միջև բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացման գործում: Հանդիպման ընթացքում դեսպանը նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք ծրագրերն ու նախաձեռնությունները: Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Սիրիայի միջև բոլոր բնագավառներում առկա լիարժեք փոխըմբռնման և փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի կարևորությունը: Զրույցի ընթացքում դեսպան Արիսյանը Սիրայի իշխանությունների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը տարիներ շարունակ Սիրային ցուցաբերվող մարդասիրական և բազմաբնույթ աջակցության համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ընդհանուր տարածաշրջանայի իրադրության և զարգացումների վերաբերյալ և այս համատեքստում երկուստեք շեշտվել է համապարփակ ու կայուն խաղաղության հաստատման հրամայականը, ինչ տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման համար կարևոր նախապայման է:
16:39 - 17 ապրիլի, 2024
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս |factor.am|

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս |factor.am|

factor.am: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիվ պատերազմը, ինչպես նաև մի շարք մասնակից պետություններում վերջին տարիներին ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների բազմաթիվ խախտումները զգալիորեն վատթարացրել են հարաբերությունները ԵԱՀԿ անդամների միջև։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգը, հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։ «Մենք միասին չկարողացանք բարեխղճորեն իրագործել մեր ընդհանուր որոշումները: Արդյունքում, պետությունների միջև անվստահությունն աճում է, և վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ նվազում է»,- ասել է Բորգը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ «մնում է սպառնալիքի տակ»։ Ըստ Բորգի՝ կազմակերպությունը, Ուկրաինայից զատ, իր ուշադրությունը կենտրոնացրել է ձգձգվող հակամարտությունների վրա, այդ թվում՝ Մերձդնեստրում և Հարավային Կովկասում։ «Իմ վերջին այցերը Սերբիա, Կոսովո և Մոլդովա, ինչպես նաև առաջիկա այցը Հարավային Կովկաս հանդիսանում են  գործընկերների հետ երկխոսության մեր համատեղ ջանքերի մի մասը՝ վստահությունը վերականգնելու և ԵԱՀԿ-ի դերն ամրապնդելու համար»,- հայտարարել է Մալթայի ԱԳ նախարարը։ Բորգը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։  
13:28 - 17 ապրիլի, 2024
ՀՀ-ն արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության վրա խարսխված հարաբերությունները. Փաշինյան

ՀՀ-ն արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության վրա խարսխված հարաբերությունները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը խորապես արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունները, որոնք ամուր հիմք են հանդիսանում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցությունը զարգացնելու համար: Լիահույս եմ, որ այս դժվարին օրերին, երբ պետությունների ու ազգերի խաղաղ գոյակցությունն ու ներդաշնակ փոխգործակցությունը լրջորեն վտանգված են, հայ-սիրիական դարերով փորձված բարեկամական հարաբերությունները կշարունակեն փոխադարձ վստահության ու կառուցողականության օրինակ ծառայել միջազգային հարաբերությունների ոլորտում: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ և բարեկեցիկ կյանք»:
11:02 - 17 ապրիլի, 2024
Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը կառույցում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |factor.am|

Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը կառույցում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |factor.am|

factor.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հրաժարվել է օգտագործել «սառեցում» հասկացությունը՝ կապված կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հետ։ Նա նշել է, որ Երևանն իսկապես կրճատել է դաշինքում իր գործունեության ծավալը՝ ասելով, որ այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի կազմակերպության բոլոր անդամներին։ ««Սառեցում» հասկացությունն արտացոլված չէ կազմակերպության փաստաթղթերում, ուստի մենք այն չենք օգտագործի ստեղծված իրավիճակի հետ կապված: Հայաստանն իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունության ծավալը որպես կազմակերպության անդամ, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են սովորական ռեժիմով։ Այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար»,- ասել է Տասմագամբետովը։ Նա նշել է, որ  ՀԱՊԿ-ի նման դաշինքին մասնակցելն իրավասություն է, որի շնորհիվ խելամիտ մոտեցմամբ կազմակերպության անդամը հնարավորություն ունի լիարժեք ապահովել ազգային անվտանգությունը, հատկապես, եթե «երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մարտահրավերներ և սպառնալիքներ կան, որոնք հաճախ տեղական վերլուծաբանների կողմից գնահատվում են որպես էքզիստենցիալ»։ Կառույցի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նույն մակարդակով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարությունից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:01 - 16 ապրիլի, 2024
Օվկիանոսի այն կողմից գալիս են և փորձում այստեղի ժողովրդի համար բան որոշել․ Իրանի դեսպան
 |arm.sputniknews.ru|

Օվկիանոսի այն կողմից գալիս են և փորձում այստեղի ժողովրդի համար բան որոշել․ Իրանի դեսպան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Արտատարածաշրջանային ուժ ասելով՝ Իրանը նկատի ունի օվկիանոսից այն կողմ գտնվող ուժերին, որոնք անվտանգային, դեմոգրաֆիկ որևէ վտանգների հետ չեն առնչվում։ Այսօր Երևանում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյոք Իրանը, հայտարարելով, թե դեմ է այստեղ արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, նաև Ռուսաստանին նկատի ունի։ «Օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել»,- ասաց դեսպանը։ Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ, որովհետև Անդրկովկասի հետ սահման ունի։ «Արտատարածաշրջանային ուժեր» ձևակերպումը պարզաբանելու հարցին ի պատասխան դեսպանը նշեց, որ նկատի ունի ԱՄՆ–ին ու որոշ եվրոպական երկրների։ Սոբհանին նաև ասաց, որ Իրանը ՀՀ իշխանությունների հետ խոսել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին։ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ այն ամբողջովին տնտեսական բնույթ ունի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար աջակցություն ստանալու նպատակով է։ «Հայաստանի ջանքերը՝ ուղղված տնտեսության զարգացմանն ու ԼՂ-ից տեղահանված հայերի խնդիրների լուծմանը, այն հարցերը չեն, որ դեմ լինենք դրան։ Եվ սա Հայաստանի իրավունքն է՝ տնտեսության զարգացման ուղիներ փնտրել և լուծել խնդիրները։Մեր մտահոգությունն է, որ Հայաստանն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի։ Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը չպետք է լինի ի հաշիվ այլ երկրների»,- շեշտել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները տեղյակ են պահել, որ հանդիպումն ուղղված չի եղել որևէ 3-րդ երկրի դեմ։
17:05 - 16 ապրիլի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում ազգությամբ հայերի նկատմամբ։ «Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է»,- ընդգծեց Կիրակոսյանը։ Նա ընդգծեց, որ ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունն իր գագաթնակետին է հասել, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ, որի  հայտարարված նպատակն էր վերացնել և վտարել հայերին իրենց հայրենիքից։ Եղիշե Կիրակոսյանը մեջբերում կատարեց նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ հետագայում ասված խոսքերից, որտեղ վերջինս նշել էր, որ թշնամու (հայերի) նկատմամբ ատելությունն է ադրբեջանցիներին առաջ շարժում։ «44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում էին էթնիկ հայերին և հպարտորեն նկարահանվում էին իրենց զոհերի առաջ․․․»,- դատարանին հիշեցրեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս բռնությունը և ահաբեկումն Ադրբեջանի կողմից օգտագործվեց ԼՂ-ի հայերին էթնիկ զտման ենթարկելու և  առնվազն 30 հազար հայերի իրենց հայրենիքից վտարելու համար։ ՀՀ ներկայացուցիչը պարզաբանեց, որ այս ամենից հետո Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո և դիմեց դատարանին, որպեսզի վերջինս հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, որոնք դեռևս չէին սպանվել և չէին վտարվել իրենց հայրենիքից։ Միևնույն ժամանակ, նա հավելեց․ «Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց»։ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակում նախաձեռնեց՝ հարյուր հազարավոր հայերի ստիպելով հեռանալ իրենց հայրենիքից։ Նա հիշեցրեց, որ մինչ այդ Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքը, շրջափակել էր Լեռնային Ղարաբաղը՝ զրկելով ԼՂ-ի բնակչությանը կենսական անհրաժեշտության մատակարարումներից։ Կիրակոսյանը հիշեցրեց նաև, որ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջել էր բացել Լաչինի միջանցքը, բայց Ադրբեջանն այդպես էլ չկատարեց դատարանի որոշումը։ «Ադրբեջանը ոչինչ չի արել, որ այս իրադարձություններից հետո ցանկացողները կարողանան ապահով իրենց հայրեինք վերադառնալ»,- նշեց Կիրակոսյանը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերադարձի հնարավորության մասին։ Նա դատարանին հիշեցրեց, որ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը՝ ընդգծելով, որ այս բոլոր հանգամանքներն են պատճառ հանդիսացել, որպեսզի Հայաստանը դիմի դատարան։ Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի կողմից նախօրեին արված հայտարարություններին՝ որոնցով վերջինս փորձել էր հավասարության նշան դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Կիրակոսյանը դա անընդունելի համարեց՝ հայտարարելով, որ այդ փորձերը անլուրջ են և ցինիկ։ Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի համար դժվար է ապացույցներ ներկայացնել դատարանին, քանի որ դրանք ուղղակի գոյություն չունեն՝ անվանելով դրանք հավասարություն դնելու հուսահատ փորձ Ադրբեջանի կողմից։
16:51 - 16 ապրիլի, 2024
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
 |news.am|

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը |news.am|

news.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Նա այս մասին գրել է X-ում: «Անցյալ տարվա իմ այցից (Հայաստան) հետո (Կանադա) վերադառնալով՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը։ Մենք ողջունում ենք Ալեքսանդր Գրուշևսկու, որպես Կանադայի առաջին փորձագետ, միացումը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը», - գրել է Ժոլին:\ Ավելի վաղ Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն էր տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։ «Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին EUMA-ում։ Կանադան առաջին երրորդ երկիրն է, որն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը»,- ասվում է առաքելության X-ի էջում արված գրառման մեջ։ Նշենք, որ Կանադան ԵՄ-ից կազմից դուրս առաջին երկիրն է, որ միացել է դիտորդական առաքելությանը։
11:54 - 16 ապրիլի, 2024
ԲՏԱ նախարարն անդրադարձել է ռուսական հեռուստաալիքները ՀՀ տարածքում արգելափակելու հնարավորությանը |1lurer.am|

ԲՏԱ նախարարն անդրադարձել է ռուսական հեռուստաալիքները ՀՀ տարածքում արգելափակելու հնարավորությանը |1lurer.am|

1lurer.am: Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է ռուսական հեռուստաընկերությունները Հայաստանի տարածքում արգելափակելու հնարավորությանը: «Մեր նպատակը ոչ փաստաթղթի խզումն է, ոչ էլ հեռուստաալիքներ փակելը»,- ասել է նախարարը: Ըստ նրա՝ Հայաստանը ռուսական կողմին տեղեկացրել է, որ հայ-ռուսական միջպետական համաձայնագրի կոնկրետ ծավալով ու բովանդակությամբ խախտումներ են արձանագրել՝ ակնկալելով լուծում: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագրում տեղ գտած դրույթները չեն աշխատում, և հարց է առաջանում՝ արդյոք համաձայնագրի խմբագրման անհրաժեշտություն չկա: «Սա մի փաստաթուղթ է, որտեղ շարադրված են խաղի կանոններ, սակայն որպես այդպիսին խաղի կանոնները չպահպանելու համար սանկցիայի որևէ հստակ մեխանիզմ գոյություն չունի: Մենք ստորագրել ենք այդ փաստաթուղթը, ակնկալելով, որ այնտեղ զետեղված կետը, որ առկա խնդիրները կկարգավորվեն կոնսուլտացիաների միջոցով, ամբողջությամբ կփակեն բոլոր անհանգստությունները, ժամանակի ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ, ցավոք սրտի, կոնսուլտացիաների միջոցով ի հայտ են գալիս տարակարծություններ կամ սանկցիաների տարընկալումներ, կամ արդյոք այս կամ այն հայտարարությունը խոսքի ազատության դրսևորո՞ւմ է, թե՞ խախտում»,- ասել է Հայրապետյանը:
19:01 - 15 ապրիլի, 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Մենք ունենք ընդհանուր պատմություն, և նաև այսօրվա ժամանակակից պատմությունը, որն առանձնանում է նրանով, որ այս բարդ ժամանակներում մենք խորացնում ենք մեր հարաբերությունները բոլոր բնագավառներում: Ուզում եմ նշել, որ այս ժամանակաշրջանում, հատկապես՝ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում, Ղազախստանն արձանագրել է զգալի հաջողություններ տարբեր ոլորտներում: Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում:Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ և, իհարկե, մաղթում Ձեզ և ղազախ ժողովրդին հաջողություններ, նոր ձեռքբերումներ»: Ղազախստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեմաղթանքների համար, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի Վահագն Գառնիկի, որպես Ղազախստանի նախագահ առաջին անգամ եմ այցելում Հայաստան պաշտոնական այցով: Այդ պատճառով է, որ այս այցն ինձ համար շատ կարևոր է և ունի հատուկ նշանակություն: Մենք բանակցություններ ենք ունեցել մեծարգո պարոն վարչապետի հետ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում: Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է հիմնական և կարևոր գործընկերներից մեկը: Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան, երկիր՝ հարուստ պատմությամբ, մշակույթով, որտեղ սկիզբ է առել հին քաղաքակրթությունը: Այսօրվա հանդիպումը համընկել է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակի հետ: Սա խորհրդանշական է: Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական: Այս պաշտոնական այցն անցավ ինչպես ծրագրված էր, և ես հույս ունեմ, որ այն կմնա երկու երկրների պատմության մեջ»: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է համատեղ տնտեսական, մշակութային, սպորտային և այլ նախաձեռնությունների անցկացումը՝ օրերս կայացած հայ-ղազախական գործարար համաժողովի և ընթացիկ տարում Ղազախստանում նախատեսված «Հայկական մշակութային օրերի» օրինակներով: Երկու երկրների համագործակցության ամրապնդման տեսանկյունից, կարևորվել են բարձր մակարդակի քաղաքական փոխայցելություններն ու մշակութային, տնտեսական, գործարար օղակների միջև շարունակական շփումները: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք շեշտել են տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը, ինչը բխում է բոլոր գործընկեր պետությունների շահերից: Հանդիպման ավարտին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան:
15:57 - 15 ապրիլի, 2024