#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Գագիկ Ծառուկյանն Արագածոտնի մարզում ներկայացրեց տնտեսական, սոցիալական ծրագրերը

Գագիկ Ծառուկյանն Արագածոտնի մարզում ներկայացրեց տնտեսական, սոցիալական ծրագրերը

Արագածոտնի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակիչների հետ հանդիպմանը կարևորեց աշխատատեղերի ստեղծումը:  Նրա խոսքով, երկրի տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ներդրումներ բերել, գործարաններ բացել, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան: «Այսօր ի՞նչ իրավիճակ ունենք: Մեր ժողովուրդը շատ ծանր վիճակում է, շատերը պարտքերի, վարկերի, տույժ, տուգանքի տակ են: Մենք շատ լավ պատկերացնում ենք մեր հասարակության առջև ծառացած խնդիրները ու մեր ծրագրում կետ առ կետ նշված են անելիքները, նախատեսվող բարեփոխումները»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Նրա կարծիքով, դրսից գումար պետք է բերել ցածր տոկոսով ու նպաստել, որ դրանք ներդրվեն տարբեր ոլորտներում: Նա լուծումներ առաջարկեց մթերումների, արտահանումների հետ կապված՝ նախանշելով համագործակցություն արաբական երկրների հետ:     Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ այս ընթացքում ինչ ասել է, դա գործի է վերածել: Նա կարևորեց երիտասարդ ընտանիքներին աջակցելու հարցը: Այն է՝ պայմաններ ստեղծել, որ նրանք կարողանան բնակարանային խնդիրները հեշտությամբ լուծել: Գագիկ Ծառուկյանը խոսեց անվտանգային հարցերից՝ նշելով, որ թիվ մեկ խնդիրը բանակի հզորացումն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն այդ գործընթացի հիմքում կարևորում է պայմանագրային ծառայողների թվի ավելացումը:
20:28 - 14 հունիսի, 2021
Քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, իսկ պրոֆեսիոնալները գնան կառավարություն. Էդմոն Մարուքյան |hetq.am|

Քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, իսկ պրոֆեսիոնալները գնան կառավարություն. Էդմոն Մարուքյան |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավն անցկացնում էր Գեղարքունիքի մարզում: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ կուսակցականները եղել են Մարտունի, Գավառ, Վարդենիս և այլ համայնքներում: Գավառում քաղաքացիներից մեկը եկել էր «Լուսավոր Հայաստանի» հավաքին և հայտարարում էր, թե հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին այլ թեկնածուի օգտին է քվեարկելու: Էդմոն Մարուքյանը նշեց, թե սա նույնպես ատելության քարոզի, չարության հետևանք է:  «Այ քեզ բան, սա ի՞նչ ձև ա: Սա որերորդ անգամ է տեղի ունենում, մի անգամ չի: Մեկ էլ մեկը հայտնվում է ու ասում՝ պետք է սաղ ընտրեն այսինչին: Եղբայր, դու ընտրում ես, գնա ընտրի, էս ի՞նչ ձևեր ա, չեմ հասկանում»,-ասաց Էդմոն Մարուքյանը: Կուսակցության նախագահի խոսքով՝ սա գալիս է ղեկավարության վարքագծից: Ըստ նրա, եթե ղեկավարն անդուրություն է քարոզում, հետևորդներն էլ իրենց անդուրի պես են պահում: «Հունիսի 21-ին սրանք ժողովրդին տանելու են բախումների:  Ես պետք է այլ ձևով սկսեի իմ խոսքը, բայց սա էլ առիթ դարձավ, որ բևեռացումը, ծայրահեղությունը մեզ ոչ մի լավ բան չի տալու: Այս ծայրահեղ պայմաններում բանա՞կն ենք վերականգնելու, տնտեսությո՞ւնը, թե՞ ինչն ենք շտկելու»,-հարցրեց Է. Մարուքյանը՝ հավելելով, որ շատ լավ ծրագիր են ներկայացրել, բայց անհնար է այդ ծրագիրն իրականացնել այս պայմաններում: Մարուքյանի խոսքով՝ իրենք այցելել են Գավառ համերաշխության օրակարգով:  Նա ևս մեկ անգամ նշեց, որ հունիսի 21-ից հետո Հայաստանում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ մարտահրավերների, որոնք ավելի մեծ են, քան մեր հնարավորությունները: ԼՀԿ-ն մի կողմ է դրել բոլոր տարաձայնություններն այլ քաղաքական ուժերի հետ և կոչ է անում համախմբվել, իրականացնել բոլոր լավ ծրագրերը: Էդմոն Մարուքյանն ասաց, որ ըստ իրենց պատկերացումների՝ քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, իսկ պրոֆեսիոնալները գնան կառավարություն: Հենց այդ պրոֆեսիոնալ մարդկանց կառավարությունն էլ երկիրը դուրս կբերի վատ վիճակից:  
19:45 - 14 հունիսի, 2021
Նոր կանոններ արտահերթից առաջ. Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Նոր կանոններ արտահերթից առաջ. Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Ինչպե՞ս է ձևավորվելու առաջիկա Ազգային ժողովը, ի՞նչ փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում, ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն ընտրողները և կուսակցություններն, ովքե՞ր են դերակատարները․ այս հարցերի պատասխանները տեղ են գտել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Արտահերթ բացատրություն» նախագծում։ Դրա նպատակն է հանրությանը պարզ և հասկանալի ներկայացնել ընտրությունների գործընթացը՝ տարբեր մեդիա գործիքների միջոցով։ 2021թ-ի գարնանն Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում մեծ փոփոխություններ եղան։ Բայց հունիսի 20-ի Աժ արտահերթ ընտություններից առաջ դրանց միայն փոքր մասը օրենքի ուժ ստացավ։ Արտահերթ բացատրություն շարքի առաջին նյութը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և նոր կանոնների մասին է, որին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով։
19:43 - 14 հունիսի, 2021
Փաշինյանը կատարյալ անհեթեթություն անվանեց ականապատ դաշտերի քարտեզները ՌԴ-ից թաքցնելու մասին լուրերը |armenpress.am|

Փաշինյանը կատարյալ անհեթեթություն անվանեց ականապատ դաշտերի քարտեզները ՌԴ-ից թաքցնելու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսի 14-ին Արարատի մարզում քարոզարշավը եզրափակեց Արտաշատում:  Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցելու համար: Նա վստահություն հայտնեց, որ քաղաքացիները հունիսի 20-ին հաստատելու են սեփական իշխանությունը: Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով  օրեր առաջ հայ ռազմագերիների վերադարձին Հայաստան, նշեց, որ նրանցից մի քանիսը Արարատի մարզից են: «Կան ուժեր, որոնք ոչ միայն չեն ուրախացել, այլև տխրել են այդ կապակցությամբ ու այս քանի օրն ինչ բամբասանք ասես տարածում են: Վերջին ամենաթարմ բամբասանքն այն է, որ իբր մենք Ռուսաստանի մեր գործընկերներից թաքցրել ենք ականապատ դաշտերի քարտեզները: Դա կատարյալ անհեթեթություն է: Մինչ այս մենք ադրբեջանական կողմին ականապատ քարտեզներ փոխանցել ենք, դա արել ենք մեր ռուս գործընկերների միջոցով: Ես ինքս էլ ասել եմ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ուղարկել ենք այդ քարտեզներից օրինակներ: Նաև ուզում եմ ընդգծեմ, որ այս հարցի հետ կապված ոմանք ցանկանում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերություններում սեպ խրել, ասեմ, որ դա չի ստացվի: Մենք շնորհակալ ենք ոչ միայն ԱՄՆ-ի, Վրաստանի, ԵՄ-ի մեր գործընկերներին, որոնք 15 ռազմագերիների վերադարձի հարցում մեծ գործ են ունեցել, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դրանից առաջ Ռուսաստանի ներկայացուցիչներն են շատ մեծ արդյունավետությամբ աշխատել: Նախկինում ավելի քան 50 գերիների վերադարձը ՌԴ իշխանությունների ջանքերի շնորհիվ է: Համոզված եմ, չեմ կասկածում, որ մեր ռուս գործընկերները ոչ մի րոպե չեն մոռանում գերիների հարցը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո տասնյակից ավելի հեռախոսային խոսակցություններ է ունեցել ՌԴ նախագահի հետ: Նա նշեց, որ այս տարի երկու անգամ դեմ առ դեմ հանդիպում է եղել ՌԴ նախագահի հետ, և քննարկումների առանցքային հարցը  գերիների վերադարձն էր: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Վլադիմիր Պուտինն անձամբ է այս հարցով զբաղվել: Անդրադառնալով ականապատ քարտեզների հարցի շահարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնպես չէ, որ ունեցած բոլոր քարտեզները վերադարձրել են: Տրվել է մի փոքր մասը՝ գերիների վերադարձին ի պատասխան: Նա ընդգծեց, որ խոսքը չի գնում այն հատվածի քարտեզների մասին, որոնք բաժանում են Հայաստանին ու Ադրբեջանին: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք ցավալի իրադարձություններով պայմանավորված գտնվում են ադրբեջանցիների թիկունքում: «Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ գերիների վերադարձի գործընթացը վերսկսվել է:  Այսօր Ադրբեջանում դատական գործընթացներ են տեղի ունենում, չեմ բացառում, որ մեր գերիները դատապարտվեն, բայց ես ուզում եմ ձեզ բերել Կարեն Ղազարյանի օրինակը, ով դատապարտվեց, սակայն այսօր նա Բերդավանի իրենց տանն է: Այնպես, որ մենք մեր ճանապարհից որևէ կերպ չպետք է շեղվենք»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատում անցկացրած հանդիպումը եզրափակվեց երթով: 
18:43 - 14 հունիսի, 2021
Չկա Ռուսաստան և արևմուտք, կա Ռուսաստան և Թուրքիա․ արևմուտքը տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով․ Հրանտ Բագրատյան

Չկա Ռուսաստան և արևմուտք, կա Ռուսաստան և Թուրքիա․ արևմուտքը տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով․ Հրանտ Բագրատյան

News.am լրատվականի «Եթե մենք գանք իշխանության» հաղորդման հարցերին պատասխանել է «Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը։ -Ինչպե՞ս եք ապահովելու երկրի անվտանգությունը։ -Գժի նման սուր չեմ թափահարելու, զբաղվելու եմ կոնկրետ բանակաշինությամբ։ Նախ և առաջ մեր տարածք անցնող ցանկացած հակառակորդ, և հատկապես ադրբեջանցի, պարզապես կսպանվի, եթե անցնի մեր տարածք։ Ո՞րն է մեր տարածքը, Նիկոլ Փաշինյանը պարզապես խաբում է մարդկանց, երբ ասում է, որ դեմարկացիա, դելիմիտացիա չկա։ Ո՛չ, սահման կա, դա հայակական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև սահմանն Է։ Այլ հարց է, որ այս սահմանին դելիմիտացի և դեմարկացիա չկա, բայց դա չի նշանակում, որ սահման չկա։ Երկրորդը կզբաղվենք  Զինված ուժերով, ստրատեգիական զենքերով, Սու-30-ն չենք առնի, որը չի կարող օգուտ տալ, դեռ օդ չբարձրացած հակառակորդը խփում Է։  Կպատվիրեմ 2000 հատ ԱԹՍ, որը մերոնք են սարքում և մեկ հատը արժենալու է 5-10 հազար դոլար։ Մեր կամիկաձե ԱԹՍ-ները ավելի լավն են քան իսրայելականները, որը ի դեպ ունեինք, բայց պատվիրվել էր ընդամենը մեկ հատ։ Այդ պատվերը իջեցրել էր Նիկոլ Փաշինյանը, որը Ռազմաարդյունաբերական հանձնոժողովի նիատ երեք տարում ոչ մի անգամ չի արել։ -Արցախի հարցով Ձեր առաջնահերթությունները՝ հիմա և 4․5 տարի անց, երբ  լրանա ՌԴ խաղաղապահների մանդատի ժամկետը։  - Մինչև ՌԴ խաղաղապահների ժամկետը լրանալը Արցախի կարգավիճակը կորոշվի միջազգայնորեն։ Եվ Արցախին կշնորհվի անկախություն, ավելին ես խնդիր եմ տեսնում, ինչպես Արցախին միացնել Հադրութը և Շուշին, եթե մինչև այդ չլուծվի այդ հարցը և չապահովվի հայ էթնոսի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ապա իմացեք, որ խաղաղապահների մանդատը կշարունակվի։ -Նախատեսում ե՞ք Արցախյան երկրորդ պատերազմի հետաքննություն։  - Անպայման, առաջին կետը դա է, առնվազն երկու մարդ պետք է կանգնի դատարանի առաջ՝ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը։ - Ինչպե՞ս Հայաստանը դարձնել 7 միլիոն բնակչությամբ երկիր։ - Նախ տնտեսությունը պետք է լավանա, և կամաց- կամաց ժողովուրդը կգա։ - Նախատեսո՞ւմ եք փոխել Սահմանադրությունը։ - Անպայման, մենք կվերադառնանք նախագահական համակարգի։  - Կառավարության ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ  եք նախատեսում։ - 18 նախարարություն կլինի, ու հաստատ կլինի գյուղատնտեսության նախարարություն, սպորտի և մշակույթի նախարարությունները կլինեն առանձին։ Կրթությունը և գիտությունը կլինեն միասին։ - Տնտեսական հրաշքի Ձեր բանաձևը։ - Ներդրումները, կլինի ներդրումային հիմնադրամ։ Ես Սփյուռքին կասեմ ներդրում արա, ես երաշխավորում եմ, որ ոչ ոք քեզ չի ասի աչքիդ վերևը ունք կա։ Երկրորդը կլինի մասնագիտացված բանկային համակարգի ստեղծումը։ Կհանվի ԱԱՀ-ն, կսահմանվի շրջանառության հարկ, մարդիկ շատ հեշտությամբ հարկերը կտան։ Պետությունը ակտիվորեն կզբաղվի ենթակառուցվածքների շինարարությամբ։ - Ռուսաստան, թե Արևմուտք․ կամ, կ՞ամ, թե և՛, և՛։ - Չկա Ռուսաստան և Արևմուտք, կա Ռուսաստան և Թուրքիա։ Արևմուտքը տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով, դա կատարյալ ապուշություն է, երբ հայակական քաղաքական էսթաբլիշմենթը թույլ է տալիս իրեն այդպես մտածել։ Այն ինչ անում է Թուրքիան , դա արևմուտքն է։ Իհարկե, Ֆրանսիան կարող է մեկ- մեկ ռևերանսներ անել, բայց դա ոչինչ չի նշանակում։ - Ինչպե՞ս հաղթահարել սևն ու սպիտակը։  - Շատ հանգիստ, Նիկոլ Փաշինյանին հեռացնելով, ինքն է դրա պրոպագանդան տանում, ինքը չարացնում է ժողովրդին։ - Վենդետա՞, թե՞․․․- Ղարաբաղի հարցում, վենդետայից ավելին կլինի, Ղարաբաղը դավաճանաբար է հանձնված։    
18:10 - 14 հունիսի, 2021
Մեր օբյեկտիվ նպատակն է լինել խորհրդարանում և սպասարկել քաղաքացու շահը՝ բոլոր առումներով․ Դավիթ Սանասարյան

Մեր օբյեկտիվ նպատակն է լինել խորհրդարանում և սպասարկել քաղաքացու շահը՝ բոլոր առումներով․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը երեկ՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է այլ քաղաքական ուժերի հետ դաշինքներ չկազմելու թեմային։ «Տարբեր ուժերի հետ քննարկումներ են եղել, տարբեր պատճառներ կան, չեմ ուզում հիմա այդ մասին խոսել։ Տարբեր անձինք  կան, որոնց հետ ոչ մի ճանապարհ չէի գնացել, բայց քանի որ կար քաղաքացուն այլընտրանք ներկայացնելու, ավելի մեծ ներգրավվածություն ունենալու, մեծ պատասխանատվություն ստանձնելու պատկերացում, մենք փորձեցինք տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներ անել։ Ես կարող եմ մի բան արձանագրել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընտրողը  տաս անգամ ավելի ադեկվատ է, քան Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժերի, այպես ասած, էլիտաները կամ ընտրվողները»։ Սանասարյանն ասել է, որ իրենց օբյեկտիվ նպատակն է լինել խորհրդարանում և սպասարկել քաղաքացու շահը՝ բոլոր առումներով։ «Մենք պատկերացնում ենք, որ ամսվա կեսը անցկացնելու ենք գյուղերում, քաղաքներում, գնալու ենք պատգամ ստանալու, գնալու ենք խնդիրները վեր հանելու, և հաջորդ կեսը լինելու ենք խորհրդարանական մեր գործունեությամբ Երևանում, մեր աշխատասենյակներում։ Կարծում եմ, որ մեր ներկայությունը բան կփոխի խորհրդարանում, որովհետև մենք՝ ես և իմ ընկերները միշտ սկզբունքային ենք եղել մեր պայքարներում՝ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների, հանուն ինքնիշխանության և խրամատներում, երբ անհրաժեշտություն է եղել։ Իմ թիմակիցների մեծ մասը եղել են և՛ Ապրիլյան, և ՛ 44-օրյա պատերազմի մասնակիցներ, ու եղել են ամենաթեժ վայրերում, և մենք կարծում ենք, որ Հայաստանին պակասում են նվիրյալ քաղաքական գործիչներ, նվիրյալ ծառայողներ, և նաև դրա պակասն է, որ մեզ խանգարում է, որ կարողանանք զարգանալ»։ Նա նաև նշել է, որ Հայաստանում ստեղծված այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի հռչակած հեղափոխության հետևանքը չէ։ «Այդ թեզը, որ հեղափոխությունը բերեց Հայաստանի այս վիճակին, ո՛չ, Հայաստանին այս վիճակի բերել են տարիներ շարունակ Հայաստանի միջոցները գրպանող, Հայաստանի հեղինակությունը գցող, Հայաստանի պետական բոլոր ինստիտուտները թուլացնող իշխանությունները` իրար հաջորդող բոլորը, չեմ առանձնացնում։ Անկախությունից ի վեր մենք թուլացել ենք: Եթե կարողանայինք մեր կարողությունները ճիշտ օգտագործել, եթե  կարողանայինք ֆունկցիոնալ պետություն ունենալ, ֆունկցիոնալ բանակ ունենալ, այս իրավիճակին չէինք հասնի։ Սա հեղափոխության արդյունքը չէ, սա երկար տարիներ մեր սխալ ապրելու արդյունքն է»։
17:50 - 14 հունիսի, 2021
Ադրբեջանը պատերազմն սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին |armenpress.am|

Ադրբեջանը պատերազմն սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանը պատերազմը սկսել է հենց 2020-ի սեպտեմբերին՝ հասկանալով, որ, եթե սպասի, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց քարոզարշավի շրջանում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Անվտանգությունը երկրի ամենակարևոր օրակարգն է, սակայն մենք անվտանգություն ասելով հայացքները միշտ հառնում ենք դեպի սահման, սակայն անվտանգությունը սահմանին կանգնած զինվորով ոչ թե սկսվում է, այլ ավարտվում է: Անվտանգությունը սկսվում է ամենափոքր կրպակից. մեզնից ամեն մեկը առևտուր անելիք ՀԴՄ վերցնո՞ւմ է, թե ոչ, աշխատողը կտրոն տալիս է, թե ոչ»,-ասաց Փաշինյանը: Թե ինչ կապ ունի ՀԴՄ կտրոնը սահմանի զինվորի հետ՝ նա պարզաբանեց՝ կապն ուղղակի է: «Որովհետև անվտանգությունն առաջին հերթին բյուջետային ծախս է: Որքան մեծ են վճարվող հարկերը, այնքան մեծ է բյուջեն, որքան մեծ է բյուջեն, այնքան ավելի մեծ հնարավորություններ կան ԶՈՒ-ում փոփոխություններ մտցնելու»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ 2018-2019-ին հենց այդ տրամաբանությամբ ռազմական ծախսերն ավելացրել են 48 տոկոսով, իսկ պետբյուջեի եկամուտները՝ 1 մլրդ դոլարով: «Գործարարներին ասել ենք ՝հարկ վճարեք պետբյուջե, որ կառավարությունը գործելու, խնդիրներ լուծելու հնարավորություն ունենա: Եվ մենք չենք հասցրել այդ գործն ավարտին հասցնել, որովհետև Ադրբեջանն իր համար ֆիքսել է, որ եթե 7 կամ 10 տարի առաջ ինքը կարող էր սպասել՝ ակնհայտ տեսնելով, որ 5 տարի հետո իր համար պատերազմը շատ ավելի հեշտ է լինելու, ապա 2020-ի սեպտեմբերին հասկացել է՝ եթե սպասի, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին»,-ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց՝ 2019-ին ՀՀ-ն եվրասիական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճն է ապահովել, պետբյուջեի եկամուտներն ավելացել են:  2019-ին Հայաստանը ձեռք է բերել 2011- 2020 թվականներին ՀՀ-ի ձեռք բերած սպառազինության 62 տոկոսը: Փաշինյանը շեշտեց, որ 2018-2020 թվականներին 10 տարվա սպառազինության ձեռքբերումների 75 տոկոսն է տեղի ունեցել, դրանից հետո վրա է հասել կորոնավիրուսը: «Նրանք հասկացել են, որ դա է պատերազմի ամենաճշգրիտ ժամանակաշրջանը, որովհետև հասկացել են՝ եթե էլի սպասեն, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին: Սա է եղել պատերազմի պատճառը, նրանք տեսել են, որ 1998 թվականից մինչև 2018 թվականը մեր երկրի հանրային դիմակայության անկում է տեղի ունենում»,-ասաց Փաշինյանը: Նա ներկայացրեց ՀՀ նախորդ ղեկավարների օրոք ձեռք բերված զենք-զինամթերքների ծավալները՝ հավելելով, որ իր վարչապետության օրոք ձեռք բերված զենք-զինամթերքը կրկնակի ավելի է, քան Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեռքբերվածը և 1 մլն դոլարով ավելի,  քան Սերժ Սարգսյանի 10 տարվա կառավարման ընթացքում ձեռքբերվածը:
17:46 - 14 հունիսի, 2021
Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար |armenpress.am|

Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը խոստանում է ատոմակայանի կյանքը երկարաձգելու համար անել հնարավոր ամեն ինչ: Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Մեծամորում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Մենք ունեցել ենք մի խայտառակ վիճակ՝ կուտակված պարտքեր գազի դիմաց, հոսանքի դիմաց 1998 թվականին: Էներգետիկայի ամբողջ համակարգը մենք բերել ենք առողջ վիճակի մոտ 1-1.5 տարվա ընթացքում»,-ասաց Քոչարյանը: Խոսելով ատոմակայանի մասին՝ նա նշեց, որ Հայաստանը պարտավորվել է փակել ատոմակայանը դեռ 1995 թվականին: «Հրազդանի 5-րդ բլոկը սկսեց վարկավորվել՝ այն պայմանով, որ դա կառուցվում է, ատոմակայանը պետք է փակվի: Այդ ժամանակ ես ուղղակի պրոցեսը դադարեցրել եմ, 5-րդ էներգաբլոկը կոնսերվացիայի ենք ենթարկել, չինացիների հետ հասել ենք նրան, որ ատոմակայանը փակելն օրակարգից հանել ենք ԵՄ-ի հետ: Բավականին լուրջ ծախսեր են արվել ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց Քոչարյանը: Նա հավելեց՝ շատ հավանական է, որ ատոմակայանը փակված կլիներ շատ վաղուց: «Մենք անկասկած անելու ենք ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար: Հասկանում ենք, որ այս քաղաքը կառուցվել է ատոմակայանի շուրջ»,-ասաց նա՝ դիմելով մեծամորցիներին: Խոսելով էներգետիկ ոլորտում «Հայաստան» դաշինքի ծրագրերից՝ Քոչարյանն ասաց. «Մեր ծրագրերն էներգետիկայում հետևյալն են՝ մենք կարող ենք դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության հարթակ տարածաշրջանի համար, մենք ունենք ավելցուկ հզորություններ: Մեր էներգետիկ հզորությունները համենայնդեպս մինչև վերջերս մոտ 50 տոկոսով էին ծանրաբեռնված, ավելացել է լրացուցիչ հզորություն՝ Հրազդանի 5-րդ բլոկը, որը լիարժեք չի շահագործվում մեկ պատճառով ՝ Իրանի հետ կապող էլեկտրական գիծը չկառուցվեց, հիմա շինարարությունը նոր-նոր փորձում են առաջ տանել»: Քոչարյանը ենթակառուցվածքները համարեց տնտեսության ողնաշարը: Նա հավելեց, որ իր նախագահության տարիներին էներգետիկ ոլորտում բավականին հետաքրքիր բարեփոխումներ են եղել: Նրա կարծիքով՝ եթե այսօր կա աշխատող էներգետիկ համակարգ, ապա դա եղել է հենց այդ ռեֆորմների շնորհիվ:
16:55 - 14 հունիսի, 2021
Այսպես որ գնաց, 5 տարի հետո Հայաստանում մարդ չի ապրելու․ Արամ Մանուկյան

Այսպես որ գնաց, 5 տարի հետո Հայաստանում մարդ չի ապրելու․ Արամ Մանուկյան

Բոլոր քաղաքական ուժերը գալիս են սիրուն խոստումներ են տալիս, կենացներ առաջարկում, լավ մեծ հայրենիք առաջարկումը։ Մեկը Սևրի դաշնագիրն է, մյուսը՝ Կուրն է, մեկը Կիրովաբադում թեյ է խմում, մեկը Ստամբուլը արյան ծով է սարքում։ 27-ի մեջ մեկ քաղաքական ուժ կա, որ դառը ճշմարտութունն է ասում, դա մենք ենք, մենք հասկանում ենք, խելքներս էդքան հասնում է, գիտենալով հանդերձ, որ դառը խոսքը  , դառը ճշմարտությունը մեծ ակնկալիքներ,հույսեր չի բերում, ոգևորիչ չէ, ականջի համար հաճելի չէ, բայց մենք մեր նկատմամբ ազնիվ ենք։ Այս մասին այսօր քարոզարշավի ընթացքում  Կոտայքի մարզում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Արամ Մանուկյանը։ Վերջինս հավալեց․ «Ազնիվ ենք նաև ձեր և բոլորի նկատմամբ, և պարտավորված ենք ասել դառը  ճշմարտությունը։ Անալգինը դառը դեղ է, հաճելի չէ խմելը, բայց ստիպված ես խմել, երբ գլուխդ ցավում է։ Հիմա մեր երկրի գլուխը ցավում է, և եթե հանկարծ այս խաբեբաները, ովքեր խոստումներ են ցրում աջ ու ձախ, դրանք առնվազն շառլատան են, սուտասան են և ցավալիորեն եմ ասում՝ միակը ով ձեզ դառը ճշմարտությունը կասի, մենք ենք, մենք մենակ ենք մնացել։ Մենք 2017-ին էլ էինք մենակ, էլի մեզ չլսեցին, էլի տարածք էին գրավում, համաշխարհային բանակ էին սետղծում և այլն, բայց ոչ մի բան չարեցին»։ Մանուկյնաը նշեց, որ իրենց մտահոգությունը այն է, որ արդեն այս տարի ունենք 100․000 արտագաղթ, պատերազմը չի ավարտվել, պատերազմի հետևանքները առկա են, դրանք դեռ մեզ սպասում են։ Մանուկյանը հավելեց, թե աշխարհում չկա որևէ երկիր, որ ունենա 200 գերի, որոնց թվում նաև կանայք։ Աշխարհում չկա երկիր, որի տարածք է մտնում թշնամին և ձեն հանող չկա, դեմն առնող չկա։ Մանուկյանն իր ելույթում ասաց․ «Սեղանին դրված են փաստաթղթեր, հատկապես Նիկոլի ընտրության դեպքում Հայաաստանը կտոր-կտոր, կաթիլ- կաթիլ կորսվելու է։ Իհարկե, մենք բոլորս ուրախ են գերիների վերադարձի համար, բայց պատկարցրեք, ամեն 15 գերու համար Հայաստանից մի կտոր վերցնեն, ո՞ւր ենք գնալու։Եթե պետությունը  ուժեղ լիներ, աջակիցներ ունենար, միջազգային կառույցները  աջակցեին, այդ գերիները վաղուց արդեն պետք է վերադարձած լինեին։  Երբ ասում եմ պատերազմը չի ավարտվել, Ղարաբաղում պարտվել ենք, Հայաստանն է ձեռքից գնում, կորցնում է իր պետականությունը։ Սա է վտանգը»։ Խոսելով պատերազմի մասին, Մանուկյանը շեշտեց, որ Ղարաբաղում կարող էր պատերազմ չլինել, պատերազմը կանխարգելելի էր, վարչապետ էլ է այդ մասին ասում։ Առաջին պատերազմի ժամանակ, ոչ ոք Հայաստանին չի ասել, այդ տարածքները մի ազատագրեք, այս պատերազմի ժամանակ, ոչ ոք չի ասել առաջ գնա կամ պատերազմ սկսիր։ Մեր ռազմավարական ընկեր Ռուսաստանը բազմիցս ասել է՝ կանգնացրեք պատերազմը, մեղք է ձեր ժողովուրդը, ասել է նաև պատերազմի ժամանակ, չի լսել այդ տղան։ «Հայրենիք կարող ես ամեն օր կորցնել, եթե երկրիդ ղեկավարը պատուհաս է, այս պահին մեր երկրի ղեկավարը չարիք է մեր երկրի համար։ Ինչո՞ւ, որովհետև ինքը վիրավոր է, ադեկվատ չէ, հավասարակշիռ չէ, ոչ մեկի հետ  չի խարհրդակցում՝ թշնամու, հարևան երկրների, ստրատեգիական երկրների, ռազմավարական երկրների հետ։ Իր թիմի հետ անգամ չի խորհրդակցում։ Սրա դեմն առնել է պետք, այս երկիրը, ժողովուրդը մեղք են, այսպես որ գնաց, 5 տարի հետո Հայաստանում մարդ չի ապրելու։ Ընկել ենք երկու քարի արանք։ Մյուս չարիքն էլ այն է, որ Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալը, քրեական աշխարհի հայրը,  տեսե՞լ եք քրեական աշխարհը ինչպես է ոգևորվել, ինչ մեթոդների են դիմում, քանի տեղ են շտաբ բացում։ Ո՞ւր է գալիս Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի վրեժ լուծի Նիկոլ Փաշինյանից, որ իրեն ԱԱԾ-ի պատդվալում պահել է, այլ մոտիվացիա չունի։ Մեկը հանցագործ թիմով, մեկը անհավասարկշռությամբ այս երկիրը ծվատելու են»,- եղրզրափակեց Մանուկյանւ։  
16:48 - 14 հունիսի, 2021
Ե՛վ Փաշինյանը, և՛ Քոչարյանը նույն մարդկանց միտինգից միտինգի են տանում. Լ․ Զուրաբյան |hetq.am|

Ե՛վ Փաշինյանը, և՛ Քոչարյանը նույն մարդկանց միտինգից միտինգի են տանում. Լ․ Զուրաբյան |hetq.am|

hetq.am: «Նկատում ենք, որ արդեն Երևանում Հայ ազգային կոնգրեսի ընտրարշավը լուրջ արդյունքներ է տվել։ Գյումրիում և Վանաձորում տեսնում ենք, որ ժողովուրդը կարծես ուզում է դուրս գալ Նիկոլ-Ռոբերտ երկընտրանքից, որովհետև այդ երկընտրանքը Հայաստանը որևէ տեղ չի տանում։ Տեսնում ենք, որ աստիճանաբար ժողովուրդը թեքվում է դեպի Հայ ազգային կոնգրես և սրտին ավելի մոտ է ընդունում այն գաղափարը, որ երկրի կայունացման լավագույն կառավարիչը կարող է լինել պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- Կոտայքի մարզի Քաղսի համայնքում քարոզարշավի ժամանակ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ Վանաձորում իրենք պարզել են, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին վանաձորցիներից մասնակցել է 30-40 մարդ։ «Ե՛վ Փաշինյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը խաբեությամբ են զբաղվում։ Իրենք կազմակերպում են, նույն մարդկանց տանում են միտինգից միտինգ և տպավորություն են ստեղծում՝ իբր ժողովրդի հետաքրքրություն կա։ Իրականում նման բան չկա»,- հայտնեց Զուրաբյանը։ Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, որ 15 գերիները վերադարձել են ականների ռազմական քարտեզների հետ փոխանակման շնորհիվ՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց․ «Հիմնավորելով այդ գործարքը՝ նա բերեց Իսրայելի օրինակը։ Փաշինյանն ասում է՝ բա էդպես է, Իսրայելը մի հոգու բերելու համար կարող է 300 կամ 1000 պաղեստինյան տեռորիստ ազատի, որոնք Իսրայելի դեմ ահաբեկչություններ են կազմակերպել։ Շատ լավ ես արել, որ հիշել ես Իսրայելի օրինակը, բայց մի քիչ շուտ հիշեիր»։  Զուրաբյանը հիշեցրեց՝ Իսրայելն այն երկիրն է, որ 1978 թվականին գնացել է իր թշնամու՝ Եգիպտոսի հետ խաղաղ կարգավորման և որպես խաղաղ կարգավորման հիմք վերադարձրել է ընդամենը դրանից 5 տարի առաջ գրավված Սինայի թերակղզին, որը շատ կարևոր ստրատեգիական հող էր։ «Եթե Իսրայելում ղեկավարները լինեին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի նման մտածողներ, կասեին ոչ մի թիզ էլ չենք տա։ Իսրայելը ցույց տվեց՝ երբ քաղաքական իրավիճակը և սեփական ռեսուրսների հաշվարկը պարտադրում է, որ դու ինչ-որ բան վերադարձնես՝ ստանալով շատ ավելի կարևոր բան՝ խաղաղություն, զինվորների կյանք, բարեկեցություն, ուրեմն էդպես էլ պետք է վարվել։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի բանակցությունների սեղանին դրվել է նման մի փաստաթուղթ Ռուաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից, և ասվել է՝ եթե էս 5 շրջանը վերադարձնում ես, պահում ես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ամբողջ տարածքը, նաև Լաչինն ու Քարվաճառը, և էդ ամենը մնում է հայկական վերահսկողության տակ սերունդներ շարունակ։ Փաշինյանը սա մերժել է, հանցավոր որոշում է ընդունել՝ իր ժողովրդին տանելով դեպի կործանարար պատերազմ»,- ասաց նա։ Անդրադառնալով նաև երեկ հրապարակված՝ Էջմիածնի քաղաքապետի և Սուրեն Պապիկյանի ձայնագրությանը՝ Զուրաբյանը նշեց՝ թե՛ Դիանա Գասպարյանը, թե՛ Սուրեն Պապիկյանը Փաշինյանի մտերիմ ընկերներն են։ «Պարզվում է՝ էն, ինչ մենք կասկածում էինք, իր մտերիմ շրջապատն ուղղակի գիտի։ Նրանք հասկանում են, որ նման հոգեպես անհավասարակշիռ ղեկավարի գոյությունն այդ պաշտոնում ուղիղ վտանգ է Հայաստանի պետական շահերի համար։ Եթե հունիսի 20-ին ընտրությունների գլխավոր արդյունքը չլինի այդ մարդու հեռացումն իշխանությունից, ուրեմն մենք շատ վատ վիճակի մեջ ենք լինելու»։ ՀԱԿ փոխնախագահը կոչ արեց հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները չդիտարկել որպես սովորական ընտրություններ։ «Սա սովորական ընտրություն չի, մրցավազք չի, խոսքը մեր երկրի ճակատագրի մասին է, հունիսի 20-ը մեր պետականության փրկության հատուկ օպերացիա է, և դուք բոլորդ պարտավոր եք մեր պետության փրկության հատուկ օպերացիային մասնակցել»,- նշեց Լևոն Զուրաբյանը։
16:42 - 14 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում

Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների ուղեկցությամբ համատեղ հանդիպումներ են ունենում մարզի բնակավայրերում: Հանդիպումների շարքը մեկնարկել է Վանաձորից: Լոռեցիների հետ շփումների ժամանակ նրանք ներկայացնում են «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրը, ճգնաժամում գտնվող և բազում մարտահրավերների առջև կանգնած մեր պետության համար այս ծանր իրավիճակում պարտադրված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու՝ դաշինքի դրդապատճառներն ու նպատակը, ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու իրենց պատկերացումներն ու ծրագրային լուծումները, ինչպես նաև դաշինքի ներկայանալի թիմի մասնագիտական հնարավորությունները դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները մարզի բնակիչների հետ շփումների ընթացքում լսում են լոռեցիների մտահոգություններն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, առաջարկում դրանց լուծման ուղիները, պատասխանում բնակիչների հարցերին: Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ամենօրյա բակային հանդիպումներ է ունենում երևանցիների հետ:
16:32 - 14 հունիսի, 2021