Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախի ԱԳ նախարարը կարևորել է  Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման քայլերը

Արցախի ԱԳ նախարարը կարևորել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման քայլերը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանին, ինչպես նաև տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանին։ Մասիս Մայիլյանը ողջունել է պատգամավորների այցն Արցախ և կարևորել նմանատիպ հանդիպումների անցկացումը՝ արտաքին քաղաքական բնագավառում համագործակցության շուրջ մտքեր փոխանակելու տեսանկյունից։ ԱԳՆ ղեկավարը պատգամավորներին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման գործընթացում և ապակենտրոնացված համագործակցության բնագավառում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը՝ դե-յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։ Մասիս Մայիլյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային հանրությանն Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու, միջազգային տարբեր հարթակներում Արցախի շահերը խթանելու, ինչպես նաև միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածությունն ապահովելու գործում։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը` համագործակցել միջազգային կառույցների հետ՝ ուղղված երկրում ժողովրդավարական ավանդույթների ամրապնդմանը և տարբեր ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացմանը։
10:03 - 31 մարտի, 2019
Բակո Սահակյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամները քննարկել են Արցախի և ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության հարցեր

Բակո Սահակյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամները քննարկել են Արցախի և ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Իմ քայլը» կուսակցության անդամներին, որոնց թվում էին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Քննարկվել են Արցախի եւ Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱՀ Նախագահի խորհրդական-Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը:
09:40 - 31 մարտի, 2019
Արցախն Ադրբեջանի ագրեսիային հակադարձելու համար իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը

Արցախն Ադրբեջանի ագրեսիային հակադարձելու համար իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը պատասխանել է «Lragir.am» գործակալության հարցին՝ ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունների առնչությամբ, որում նշվել էր, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չիրականացվեն, ապա նա «ստիպված կլինի իրացնել ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ նշված բոլոր իրավունքները»։ Արցախի ԱՀ-ի տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Հարց-Վերջերս Բաքվից կրկին սկսել են հայտարարություններ հնչել, որ Ադրբեջանի համբերությունը սահման ունի, և եթե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չիրականացվեն, ապա նա «ստիպված կլինի իրացնել ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ նշված բոլոր իրավունքները»։ Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները գտնում են, որ «այն խաղաղությունը, որի մասին խոսում է Հայաստանը, և այն խաղաղությունը, որի մասին խոսում է միջազգային իրավունքը, տարբեր են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվի նմանատիպ հայտարարությունները։ Պատասխան. Ադրբեջանական կողմի պնդումները, որ իբր կա տարբերություն այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է Հայաստանը, և այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է միջազգային իրավունքը, Բաքվի կողմից միջազգային իրավունքի նորմերի աղավաղված ընկալման և կամայական մեկնաբանման ակնհայտ հետևանք են։ Ավելին, Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը ժխտում է միջազգային իրավունքը, համարելով, որ միջազգային հարաբերություններում գերիշխում է «ճշմարտությունն ուժեղի կողմն է» սկզբունքը։ Բաքվի կողմից միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանման մասին է վկայում նաև այն, որ նրանք փորձում են իբր թե ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն իրենց վերապահել ագրեսիվ պատերազմ սանձազերծելու իրավունք։ Մինչդեռ, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ընդհակառակը, իրավաբանորեն ամրագրել է միջազգային հարաբերություններում ուժի կիրառման արգելքը՝ բացառությամբ երկու թույլատրելի դեպքերի՝ ինքնապաշտպանության նպատակով և Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Սակայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում Բաքվի կողմից ինքնապաշտպանվելու իրավունքի վկայակոչումը զուրկ է իրավական հիմքերից ինչպես պայմանագրային, այնպես էլ՝ սովորական իրավունքի տեսանկյունից։ Ադրբեջանը չի կարող վկայակոչել ոչ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Հոդված 51-ը, ոչ ինքնապաշտպանության «հանկարծակի և անհաղթահարելի անհրաժեշտությունը», քանի որ 1994 թվականից գործում է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագիր, որը հայկական երկու կողմերը լիարժեք կերպով պահպանում են։ Հիշեցնեմ, որ 1994 թ. հուլիսի 26-27-ը (Արցախը) Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։Ավելորդ չի լինի նշել, որ հենց Արցախն է ենթարկվել Ադրբեջանի ագրեսիային, որին հակադարձելու համար ՄԱԿ-ի Կանոնադրության Հոդված 51-ի հետ լիակատար համապատասխանությամբ իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում ինքնապաշտպանության իրավունքի մասին Ադրբեջանի շահարկումները մերժվել են միջազգային հանրության կողմից, այդ թվում նաև՝ 2016 թ. ապրիլին, երբ Ադրբեջանը, խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Հարկ է նշել, որ նոր ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի փորձը խափանվել է գլխավորապես Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ։   Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը միակարծիք են եղել, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել 1994 թ. կրակի դադարեցման և 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրերը։ Մասնավորապես, 2016 թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին «խստորեն պահպանել 1994 և 1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերը, որոնք հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքն են հանդիսանում»։ Ավելին, միջազգային իրավունքը նաև արգելք է դնում ուժի կիրառման վրա, եթե դա արվում է՝ ճնշելու միջազգային իրավունքի հրամայական նորմ հանդիսացող ինքնորոշման իրավունքը։ Ինքնորոշման սկզբունքի դեմ ուժի կիրառման արգելքն ունի միջազգային իրավունքի նորմի սովորական կարգավիճակ և ամրագրված է մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, մասնավորապես, «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որոնք վերաբերում են պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության» և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 3314 «Ագրեսիայի բնորոշում» բանաձևի։ Տեղին է նաև հիշեցնել, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, բացի ուժի կիրառման վրա ընդհանուր արգելք դնելուց, ամրագրել է նաև միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, համաձայն որի, «ՄԱԿ-ի անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, որպեսզի վտանգի չենթարկեն միջազգային խաղաղությունը և անվտանգությունը և արդարությունը»։ Ակնհայտ է, որ տարածաշրջանում հաստատուն խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն վերացնելով հակամարտության սկզբնապատճառը, ինչը կայանում է նրանում, որ Ադրբեջանը ժխտում է Արցախում ապրող մարդկանց թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ իրավունքները։ Հենց ադրբեջանական իշխանությունների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի և ահաբեկչության միջոցով ճնշելու փորձն է հանգեցրել նրան, որ քաղաքական խնդիրը վերաճել է զինված առճակատման։ Եվ այսօր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտներից  մեկը այդ ապակառուցողական քաղաքականությունից հրաժարվելու Բաքվի չկամությունն է։ Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ինչն ըստ ՄԱԿ-ի ԱԽ վերոհիշյալ 3314 բանաձևի հոդված 1-ի կնշանակի ագրեսիվ պատերազմի սանձազերծում, ապա Արցախի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները և պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը՝ միջազգային իրավունքի նորմերին և, մասնավորապես, ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան։
10:35 - 28 մարտի, 2019
Արցախի Խորհրդարանն «Արցախ-Կանադա» բարեկամության խումբ ստեղծելու հայտարարություն է ընդունել

Արցախի Խորհրդարանն «Արցախ-Կանադա» բարեկամության խումբ ստեղծելու հայտարարություն է ընդունել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, մարտի 27-ին գումարել է իններորդ նստաշրջանի հերթական նիստը: Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել է ներկաներին Կանադայի Համայնքների պալատում մարտի 19-ին Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման մասին, այնուհետև հրապարակել Արցախի Հանրապետության Ազգային ժողովում «Արցախ-Կանադա» բարեկամության խումբ ստեղծելու՝ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված խմբի հայտարարությունը: Նստաշրջանի օրակարգը հաստատվեց, իսկ նիստի օրակարգը հաստատելուց առաջ պատգամավոր Գագիկ Բաղունցի առաջարկով հանվեց իր հեղինակած՝ «Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը, նպատակահարմար համարելով դրանց քննարկումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ընդունելուց հետո: Շարունակելով նիստի աշխատանքները՝ խորհրդարանը Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրինագծերի փաթեթը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: Գլխադասային՝ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո խորհրդարանը ընդունել է օրենքների փաթեթը: Արդարադատության նախարարը հաջորդիվ ներկայացրել է ««Տեղական ինք­նա­­­կա­­ռա­­­վարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը, համաձայն կառավարության լիազոր մարմնի, նախատեսում է սահմանվող՝ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնավարման ժամկետները, տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցող քաղաքացիների տարիքային ցենզը, ինչպես նաև ընտրելու և ընտրվելու իրավահարաբերությունները սահմանափակող դրույթների համապատասխանեցում ԱՀ Սահմանադրությանը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը պատգամավորներին ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նախագծի վերաբերյալ տեղի ունեցած մտքերի փոխանակությունից և նախարարի եզրափակիչ ելույթից հետո 25 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքն արժանացել է խորհրդարանի հավանությանը: ««Պետական վիճակագրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկման է ներկայացրել ԱՀ վիճակագրության ծառայության խորհրդի անդամ Իրինա Ավանեսյանը: Նրա հաղորդմամբ՝ նախագծի ընդունումը բխում է Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներից: Նախագծի վերաբերյալ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական դիրքորոշումը լսելուց հետո խորհրդարանը ընդունել է օրենքը: ««Ներման մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանին է ներկայացրել Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը: Վերջինիս հիմնավորմամբ՝ նախագծի ընդունմամբ ԱՀ Սահմանադրության 70-րդ և 93-րդ հոդվածներին համահունչ՝ կկանոնակարգվեն ներման իրավունքի մանրամասները, ներման խնդրագրերի ներկայացման, քննարկման, ներում շնորհելու ընթացակարգերը: Այս օրինագծի վերաբերյալ ևս գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկել այն ընդունել առաջին ընթերցմամբ: Խորհրդարանը 25 կողմ ձայնով ընդունել է օրենքը: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը օրենսդիրների քննարկմանն է առաջարկել. ««Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծը, որի ընդունմամբ կհստակեցվեն ԱՀ ԱԱԾ մարմինների կառավարման և ղեկավարման հիմնադրույթները, այդ մարմինների նկատմամբ վերահսկողության իրականացումը, ԱԱԾ ղեկավարի ու նրա տեղակալների նշանակման և ազատման կարգը, ԱԱԾ մարմինների լիազորությունները, ինչպես նաև ծառայության աշխատակիցների սոցիալական պաշտպանվածությունը: ԱԱԾ տնօրենի խոսքով՝ օրենքի՝ վերը նշված դրույթները նաև կհամապատասխանեցվեն ԱՀ Սահմանադրությանը:««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծը, որի ընդունումամբ օրենքի մի շարք դրույթներ նույնպես կհամապատասխանեցվեն ԱՀ Սահմանադրությանը, կհստակեցվի պետական լիազոր մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու, պետական մարմինների և ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանության դրույթները, ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսման կարգը և այլն:«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծը, որով սահմանվում է հատուկ պետական պաշտպանության ենթական անձանց անվտանգության կազմակերպման և իրկանացման իրավական հիմքերը, սկզբունքները, պետական պահպանություն իրականացնող մարմնի լիազորությունները, գործունեության կարգն ու առանձնահատկությունները, կարգավորում է այդ ոլորտում ծագող հարաբերությունները: ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ժաննա Գալստյանն առաջարկվող նախագծերի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո խորհրդարանը քվեարկությամբ հավանություն է տվել օրենքներին: «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ակնկալել է խորհրդարանի հավանությունը՝ հիմնավորելով այն զբոսաշրջության խթանման անհրաժեշտությամբ: Նրա փոխանցմամբ՝ օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետության մեկանգամյա (մինչև 21 օր) մուտքի զբոսաշրջային արտոնագիր տրամադրվելու է առանց պետական տուրքի գանձման: Նախագծով առաջարկվում է նաև ԱՀ մուտքի արտոնագրերի տրամադրումը բացի Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական բաժնից, իրականացնել նաև Արցախի սահմանային անցակետերում: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանն ընդունել է օրենքը: Ներկայացնելով ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ կվերանայվի ռոյալթիի (հանքարդյունահանման դիմաց լիցենզառուի կողմից պետական բյուջե վճարվող գումար) բազայի անուղղակի եղանակով հաշվարկման համար նախատեսված սահմանաչափը և կկանոնակարգվեն Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն հավաստագիր ստացած հարկատուների կողմից հավաստագրի գործողության ժամկետի ավարտին հաջորդող առաջին տարվա ընթացքում կատարվելիք ռոյալթիի կանխավճարների հաշվարկման հարաբերությունները: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովային քննարկումների արդյունքները, որից հետո խորհրդարանը քվեարկել է նախագծի ընդունման օգտին: Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել՝ Արթուր Թովմասյանը, Գագիկ Բաղունցը, Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը և Գեղամ Ստեփանյանը: Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն «Արցախ – Կանադա» բարեկամական խումբ ստեղծելու մասին Երախտագիտությամբ ընդունելով Կանադայի Համայնքների պալատի պատգամավորների 2019թ. մարտի 19-ի հայտարարությունը՝ «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբ ստեղծելու մասին, Վերահաստատելով Արցախի Հանրապետության հանձնառությունը՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու բոլոր ազգերի հետ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգման վրա, Գնահատելով Կանադայի օրենսդիրների պատրաստակամությունը՝ զարգացնելու երկխոսություն և փոխադարձ շփումներ, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածելու հանդուրժողականություն և հարգանք մարդու իրավունքների հանդեպ, Նպատակ ունենալով հետևողականորեն ընդլայնելու Կանադայի հետ կապերը, մասնավորապես` մարդասիրական համագործակցության բնագավառում, Մենք` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոստորագրյալ պատգամավորներս, ներկայացնելով խորհրդարանի բոլոր խմբակցությունները, հայտարարում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովում «Արցախ – Կանադա» բարեկամական խումբ ստեղծելու մասին: Ռամելա Դադայան - «Հայրենիք»Արարատ Օհանջանյան - «Հայրենիք»Դավիթ Մելքումյան - «Ժողովրդավարություն»Ռիտա Մնացականյան - «Դաշնակցություն»Էդուարդ Աղաբեկյան - «Շարժում - 88»Հայկ Խանումյան - «Վերածնունդ»
14:35 - 27 մարտի, 2019
Արցախում քննարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման թեման

Արցախում քննարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման թեման

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության լրատվական ծառայությունը։ Պետնախարար Գ․ Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է այն պայմանները, միտումներն ու նախադրյալները, որոնց արդյունքում սերունդների համերաշխության ներկայիս կենսաթոշակային համակարգը երկարաժամկետ տեսանելի հեռանկարում այլևս չի կարող ապահովել բնակչության սոցիալական ապահովության պահանջմունքը և արժանապատիվ ծերությունը։ Պետնախարարը վկայակոչել է ներկայումս պետական բյուջեի այն մասը, որ հատկացվում է բնակչության կենսաթոշակային ապահովմանը՝ 12%` նշելով, որ ժողովրդագրական ներկայիս միտումների պայմաններում այդ թիվը չի կարող շարունակապես մեծանալ, և կենսաթոշակային համակարգի ներդրումն այլընտրանք չունի։ Գ․ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի անցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ ստեղծված է աշխատանքային խումբ։ Ա․ Հարությունյանը զեկուցել է, որ աշխատանքները բաշխված են երեք հիմնական ենթախմբերի՝ օրենսդրական փոփոխություններ, տեխնիկական-ծրագրային ապահովում և հանրային իրազեկվածության բարձրացում։ Ըստ Ա․ Հարությունյանի՝ նոր համակարգին անցնելուն ուղղված օրենսդրական փոփոխություններն ընթացքի մեջ են, շարունակում են համապատասխան աշխատանքներ տարվել իրավական դաշտը Հայաստանի Հանրապետության հետ ներդաշնակեցնելու և հնարավոր իրավական կոլիզիաներից խուսափելու համար։ Խոսելով տեխնիկական-ծրագրային կողմի մասին՝ աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ աշխատանքները մեծ մասամբ ավարտուն տեսքի են, մնացել են հաշված շտկումներ։ Հանրային իրազեկման աշխատանքների առնչությամբ Ա․ Հարությունյանը հայտնել է մտահոգություն, որ երեք ամսում անհրաժեշտ է կատարել մեծ ծավալի աշխատանք՝ բնակչության համար այս փոփոխության էությունն ու անհրաժեշտությունը պարզաբանելու համար, և որ ըստ կարիքի անհրաժեշտություն կառաջանա ներգրավելու նաև աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակիցներին, ինչպես նաև խորհրդակցելու ՀՀ համապատասխան մասնագետների հետ։ Գ․ Մարտիրոսյանը հանձնարարել է կազմել աշխատանքների պլան-ժամանակացույց, որում սահմանված են լինելու օրենսդրական, տեխնիկական-ծրագրային, կազմակերպչական և հանրային իրազեկման քառաբլոկ անելիքների բուն աշխատանքները, սպասվող արդյունքները, ժամկետները և պատասխանատու պետական մարմինները։ Պետական նախարարը առանձին ուշադրություն է հրավիրել հանրային իրազեկման բարձրացման աշխատանքների վրա՝ կարևորելով հարցի ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական համընդգրկունությունը։ Բովանդակային մասով Գ․ Մարտիրոսյանը հորդորել է, որ բնակչության համար պարզաբանվի ինչպես կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու անհրաժեշտությունը, այնպես էլ դրա գործառնման մեխանիզմը, ընթացակարգը, դրույքաչափերի բաշխվածությունը և պետության երաշխավորիչ դերակատարումը։ Տեխնիկական մասով պետնախարարը կարևորել է հանրության հետ արդյունավետ կապի օգտագործման բոլոր մեխանիզմները՝ սկսած համացանցից, մինչև հեռուստատեսություն, հեռախոսային թեժ գիծ և մասնավոր շփումներ։ Խորհրդակցությանը մասնակցել են պետական նախարարի աշխատակազմի, ֆինանսների նախարարության, ինչպես նաև աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները։ Խորհրդակցության ավարտին ծավալվել է մտքերի փոխանակություն, Գ․ Մարտիրոսյանի կողմից հանձնարարականներ են տրվել աշխատանքային խմբի արագ և որակյալ աշխատանքային գործունեության մասին։
10:29 - 23 մարտի, 2019
Ղարաբաղյան կարգավորում. պատասխանատվության չափը |acnis.am|

Ղարաբաղյան կարգավորում. պատասխանատվության չափը |acnis.am|

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման թեմայի շուրջ երկշաբաթյա բուռն քննարկումներն ավարտվեցին մարտի 19-ին Երեւանում Փաշինյանի հրավիրած մամլո ասուլիսով: Վարչապետը բանակցային գործընթացի նկատմամբ իր մոտեցման օգտին բերեց փաստարկներ` վկայակոչելով 1992-94 թթ. բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերից մի շարք դրույթներ: Որոշակիացվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման թեման: Եվ այսպես՝ ի՞նչ ունենք այսօրվա դրությամբ: Ա. Վարչապետի հայտարարությունը, որ ինքը չի կարող Արցախի ժողովրդին ներկայացնել բանակցային գործընթացում եւ Արցախի ղեկավարությանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին նրա մոտեցումը: Բ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ առանց բոլոր կողմերի նախնական համաձայնության, բանակցությունների ձեւաչափի փոփոխման անթույլատրելիության մասին: Գ. Մինսկի խմբի կողմից առաջարկված՝ կարգավորման երեք սկզբունքների եւ վեց տարրերի կամայական մեկնաբանությունների մասով պարզություն մտցնելու՝ վարչապետի տրամադրվածությունը: Դ. ԵԱՀԿ Մինսկի խմբի 1992թ. մարտի 24-ի՝ իր մանդատի դրույթներից եւ 1994 թվականի դեկտեմբերին կայացած Բուդապեշտի գագաթաժողովի որոշումներից հրաժարվելու խնդրի արդիականացումը: Ինչպե՞ս կարելի է բնութագրել ներկայում առկա դիվանագիտական իրավիճակը: Մի քանի բառով՝ որպես 1992-ին անուշադրության մատնված Մինսկի գործընթացի ճգնաժամ: Ավելի ստույգ՝ որպես բանակցային գործընթացի կազմալուծում, որի սկիզբը դրվեց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհուրդը (ԵԱՀԽ) Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) վերակազմավորելու մասին Բուդապեշտի 1994թ. գագաթաժողովի որոշմամբ: Այս որոշմանը հետեւեց մեկ այլ որոշում` ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահության վերակազմավորումը Ռուսաստան-ԵԱՀԿ համանախագահության: Ավելի ուշ համանախագահությունն ընդունեց եռակի տեսք՝ ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի: Քանի որ Բուդապեշտի գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացման հիմքում դրել էր զորքերի շփման գծում կրակը դադարեցնելու մասին 1994թ. մայիսի 12-ի եռակողմ պայմանագիրը, ապա Մինսկի խմբի 1992թ. մանդատը, նոր որոշումներին չհամապատասխանելու պատճառով, կորցեց իր արդիականությունը: Բայցեւայնպես, պաշտոնապես 11 պետություններից բաղկացած Մինսկի խումբը չլուծարվեց: Սակայն բանակցությունների իրավական բազան ամբողջովին լղոզվեց: Արդյունքում երկար ժամանակ անպատասխան էր մնում այն հարցը, թե հակամարտող կողմերից ով ում է ներկայացնում բանակցային գործընթացում: Առավել եւս անպատասխան էր մնում հարցը, թե ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն բանակցող կողմերը: Բնավ պատահական չէ, որ ժամանակի ընթացքում կամայական փոփոխություններ տեղի ունեցան բանակցությունների ձեւաչափում, որից դուրս բերվեց ԵԱՀԿ 1994թ. գագաթաժողովում պաշտոնապես հակամարտության առանձին կողմ ճանաչված ղարաբաղյան կողմը: Հակամարտող կողմերի հարաբերությունները սկսեցին հիմնվել ոչ թե ԵԱՀԿ պաշտոնական որոշումների, այլ բանակցային գործընթացում ներգրավվածների «ազնիվ խոսքի» վրա: Իսկ բանակցությունների թեման գնալով ավելի ու ավելի քիչ տեղ էր թողնում ինչպես առճակատող կողմերի, այնպես էլ միջնորդների որեւէ պատասխանատվության համար: Միանգամայն տրամաբանական է, որ նման սնամեջ բանակցությունները պետք է հանգեցնեին ռազմական էսկալացիայի, որը մենք տեսանք 2016թ. ապրիլին: 1994-ի պայմանագիրը խախտվեց Ադրբեջանի կողմից, որը միակողմանի կարգով որոշել էր արհամարհել այն: Նման իրավիճակը պետք է «պայթեր», երբ բանակցող կողմերից մեկը հայտարարեց, թե բանակցությունները վարելու է հակամարտության մեջ ներգրավված կողմերի իրավունքների եւ պարտականությունների հիման վրա: Գործածության մեջ մտցվեց պատասխանատվության չափը կարգավորելու առաջարկություն: Եվ, ինչպես պարզվեց, այստեղ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ մյուս շահագրգիռ կողմերի երեւակայությունը սպառվեց... Թե ինչպես իրենց կպահեն հակամարտության կարգավորման համար պատասխանատու բոլոր սուբյեկտները՝ ցույց կտա ժամանակը: acnis.am
10:02 - 23 մարտի, 2019
Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կնպաստի խաղաղության

Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կնպաստի խաղաղության

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանել են Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը:«Ողջունում ենք ս. թ. մարտի 19-ին Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը։ Խորհրդարանական դիվանագիտությունը Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման կարևոր ձևաչափերից մեկն է։Կանադացի խորհրդարանականների այս քայլը ևս մեկ անգամ վկայում է Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ մեկուսացման քաղաքականության անթույլատրելիության ու անընդունելիության մասին։ Համոզված ենք, որ Բարեկամության խմբի ձևավորումը կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի համընդհանուր արժեքների խթանման միջոցով։Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՅԴ Հայ Դատի Կանադայի  hանձնախմբին` բարեկամության խմբի ձևավորման գործում աջակցություն ցուցաբերելու համար»,-ասված է մեկնաբանության մեջ։
08:05 - 23 մարտի, 2019
Արցախի անկախության Ճանաչման հարցը բանակցային սեղանին դրված է. Ավետ Ադոնց

Արցախի անկախության Ճանաչման հարցը բանակցային սեղանին դրված է. Ավետ Ադոնց

Արցախի անկախության Ճանաչման հարցն, իհարկե, օրակարգում է և բանակցային սեղանին դրված է այն: Առանց դրա՝ գոնե մենք որևէ գործընթաց չենք անում: ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախորդ տարվա Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանը հարց էր ուղղել նախարարի տեղակալին այն մասին, թե, արդյոք, բանակցային գործընթացում դրվում է Արցախի անկախության ճանաչման հարցը, քանի որ երբ Արցախի անկախությունը ճանաչվի, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից, խաղաղությունն ապահովված է: «Այլ բան, որ ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ բոլոր կողմերը երկակի մոտեցում են ցուցաբերում: Դա պետք է ընկալվի միանշանակ, ինչը, ավելի քան վստահ եմ, բանակցությունները կհեշտացնի»,– ասաց փոխարտգործնախարարը: tert.am
13:59 - 22 մարտի, 2019
Արցախը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին. Արցախի նախկին վարչապետ |azatutyun.am|

Արցախը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին. Արցախի նախկին վարչապետ |azatutyun.am|

Արցախը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին։ Ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Դիտարկմանը, թե Հայաստանի նախորդ երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք Ղարաբաղը չէր մասնակցում բանակցություններին և այդ հարցը չէր բարձրացվում, Հարությունյանն այսպես արձագանքեց. - «Դրա համար որևէ հաջողություն չենք արձանագրել։ Տասնյակ անգամ Ղարաբաղի իշխանությունները բարձրաձայնել են, որ հարցի լուծումը հնարավոր է միայն Արցախի իշխանությունների բանակցության գործընթացին մասնակցելու, բայց լուծումն Արցախի և ինչու չէ նաև Հայաստանի Հանրապետության և մեր հայրենակիցների որոշման արդյունքում»։ Հարցին, թե ի՞նչ էին պատասխանում Հայաստանի իշխանությունները, Հարությունյանն ասաց. - «Չէին պատասխանում»։ Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիսց հայտարարել է, որ այսուհետև պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ներկայացնելու է միայն Հայաստանի տեսակետը, խոսելու է միայն Հայաստանի անունից, և որ այսուհետ պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը: Հակառակ դեպքում, ըստ նրա, այդ բանակցությունները կիսատ են։ azatutyun.am
12:01 - 22 մարտի, 2019
Գոլանի բարձունքների մասին Թրամփի հայտարարությունը կարող է նախադեպ լինել Արցախի ու Հայաստանի համար․ փորձագետ

Գոլանի բարձունքների մասին Թրամփի հայտարարությունը կարող է նախադեպ լինել Արցախի ու Հայաստանի համար․ փորձագետ

ԱՄՆ կողմից Գոլանի Բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ է դառնալու միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության համար։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:Նա հիշեցրել է, որ Իսրայելը զբաղեցրել էր Սիրիային պատկանող այս բարձունքները (1800ք/կմ) և անեքսացիայի ենթարկել 1981թ․։ «Այս նախադեպը, վստահ եմ, օգտագործվելու է նաև Թուրքիայի (Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում) և այլ պետությունների կողմից։ Թե որքանով այս միջազգային իրավական/քաղաքական նախադեպը կկարողանանք օգտագործել մեր շահերի սպասարկման համար, բացառապես մեր ունակություններից, կարողություններից և պրոֆեսիոլիզմից է կախված»,- վստահ է Սարգսյանը։ Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է ճանաչել Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը.«52 տարի անց եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը, ինչը ծայրահեղ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- գրել է նա Twitter-ում: Այնուհետեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփից Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը ճանաչելու պատրաստակամության համար։ armtimes.com
07:37 - 22 մարտի, 2019
Մենք ունենք երկու պետություն և մեկ ընդհանուր հայրենիք․ սա է առավելություն տալիս մեր անվտանգությունը․ Դավիթ Բաբայան

Մենք ունենք երկու պետություն և մեկ ընդհանուր հայրենիք․ սա է առավելություն տալիս մեր անվտանգությունը․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը lragir.am-ին տված հարցազրույցում, անդրադրադառնալով Սասնա ծռեր» կուսակցության ստորագրահավաքին, որի նպատակը Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակի շնորհումն է, հայտնեց իրա կարծիքը․ «Այստեղ մենք պետք է խնդիրը դիտարկենք երկու տեսանկյունից։ Մի կողմից տարբեր մարդիկ, տարբեր քաղաքական ուժեր ունեն իրենց կարծիքը այս կամ այն խնդրի շուրջ։ Եթե այդ մարդիկ գործում են ըստ Սահմանադրության, չեն խախտում օրենքները, բնական է, որ իրավունք ունեն իրենց գործունեությունը վարելու։ Իսկ եթե օրենքը խախտում են, ապա պետք է ցանկացած մարդ պատասխանատվություն կրի օրենքը խախտելու համար։ Այլ խնդիր է, որ դա էլ իրենց գաղափարն է, այդպես են մտածում։ Թող մտածեն, բայց ի վերջո, այդ հարցերը պետք է ժողովուրդը որոշի։ Նախ արձանագրենք, որ բոլորի համար էլ միացյալ հայոց պետության ստեղծումը, իհարկե, գերնպատակ է։ Այսինքն՝ չի կարող լինել մի նորմալ հայրենասեր հայ, որ չուզենա, որ լինի մեկ միասնական հայոց պետություն։ Իսկ ո՞վ է ասել, որ չպետք է լինի այդպիսի պետություն։ Բայց այս ամենը որպես գերնպատակ ունենալով՝ պետք է նաև լավ պատկերացնենք, թե առհասարակ ինչ է քաղաքականությունը, ինչ է աշխարհքաղաքականությունը։ Ի՞նչ է, որ մենք այսքան տարի պայքարում ենք Ադրբեջանի դեմ և հանուն անկախ Արցախի, հայրենասե՞ր չենք։ Կամ որևէ մեկը կարող է ասել, որ ինքն ավելի հայրենասեր է, քան մյո՞ւսը։ Դա աննորմալ մոտեցում է, այդ ձևով մարդկանց չափելը։ Այսինքն՝ ամեն ինչ պետք է արվի այնպես, որպեսզի մաքսիմալ օգուտ բերի երկրին, ժողովրդին։ Եթե հիմա այս պահի դրությամբ երկու անկախ պետություն ենք, ինչ է, մենք մի ընդհանուր հայրենի՞ք չենք։ Կամ, երբ խոսվում է Արցախը ՀՀ մարզի վերածելու մասին, դա ի՞նչ հետևանքների կարող էր բերել։ Չէ՞ որ ժամանակին եղել է միացումը, բայց հետո աշխարհքաղաքական պահանջներն այնպիսին էին, որ այս դեպքում Հայաստանը կարող էր դիտարկվել որպես ագրեսոր, այսինքն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերածվի պարզապես տարածքային վեճի։ Սա՞ է ավելի նպաստավոր մեզ համար, թե՞ ազգերի ինքնորոշումը։ Այդ ամենը պետք է հաշվի առնենք։ Կրկնում եմ՝ մենք ունենք երկու պետություն և մեկ ընդհանուր հայրենիք, որովհետև սա է ներկա դրությամբ մաքսիմալ առավելություն տալիս մեր անվտանգությունը, մեր երազանքներն ու շահերը պաշտպանելու համար։ Եթե ինչ-որ բան ես նախատեսում, մի կողմ դնենք նրանց բուն նպատակները, նախընտրական գործընթացներում պետք է ծրագրով ներկայանալ, իսկ ծրագրերը պետք է տարբերվեն, դրա համար իրենց գլխավոր խնդրից մեկը կարող էր միացումը լինել, ու դա հասկանալի է։ Բայց այս ձևով, իմ խորին համոզմամբ, որպես անհատի, սա շատ վատ հետևանքների կարող է բերել։ Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ այս սցենարը հնարավոր է իրականացնել, որովհետև մեր ժողովուրդն ունի բարձր քաղաքական գիտակցություն»։ Ավելին՝lragir.am-ում  
06:51 - 22 մարտի, 2019
ՀՀ-ն, Ադրբեջանն ու Արցախը կնքում են փակ համաձայնագիր․ Սամվել Բաբայանի

ՀՀ-ն, Ադրբեջանն ու Արցախը կնքում են փակ համաձայնագիր․ Սամվել Բաբայանի

Այս օրերին բավականին լայն քննարկման արժանացավ Սամվել Բաբայանի հայտարարությունը մանդատային սկզբունքի մասին։ Որոշ քաղաքագետներ փորձեցին դա անմիջականորեն կապել Ռուսաստանի հետ՝ հղում տալով Սամվել Բաբայանի այն խոսքերին՝ թե օրինակ, եթե համարենք, որ տարածաշրջանում Ռուսաստանն է գերակայող, ասենք, օրինակ, վերցնի Ռուսաստանը։ Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Բաբայանի հայեցակարգային պատկերացումները, որը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց կրճատումների․ «Սամվել Բաբայանը հակված էր բացատրելու, թե ինչ է ներկայացնում իրենից մանդատային սկզբունքը։ Սա ոչ մի կապ չունի Արցախում ընթացող քաղաքական պրոցեսների հետ, և հատկապես որևէ մեկին, այս դեպքում Ռուսաստանին հաճոյանալուն։ Նա, ով ճանաչում է Սամվել Բաբայանին շատ լավ գիտի, որ նա հաճոյանալով հարցեր չի լուծում, դա է ապացուցում նրա անցած ուղին։ Սամվել Բաբայանը առաջին անգամը չէր, որ խոսում էր այս թեմայով, նա բազմիցս էլ անդրադարձել է մանդատային սկզբունքներին և չի թաքցրել, քանզի երբեք էլ չի վախեցել արտահայտելու իր գաղափարները ՝ չխուսափելով ցանկացած քննադատությունից։ Մենք դեմ ենք այն առաջարկին, որը հիմա դրված է բանակցային սեղանին, մենք դեմ ենք Մադրիդյան սկզբունքներին։ Ստորև ձեզ ներկայացնում ենք «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգը», որը մշակվել է Սամվել Բաբայանի կողմից դեռևս 2006-2008 թթ, երբ Ռուսաստանը տարածաշրջանում միակ գերակայողը չէր։ Ուշադիր ընթերցելու դեպքում, ցանկացած ոք կհասկանա, որ այս հայեցակարգը չունի խոցելի տեղ, հատկապես տարածքային զիջման առումով, որտեղ Լաչինը և Քելբաջարը բանակցային քննարկումների թեմա չեն կարող լինել։ Սա ուղղակի առաջարկ է, և հույս ունենք, որ այն կարժանանա առողջ քննադատության։ Մենք տալիս ենք մեր առաջարկը՝ ակնկալելով նա այլ քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների առաջարկին։ Եթե կլինեն այլ ավելի հետաքրքիր և լուրջ առաջարկներ մենք ուղղակի կողջունենք։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ Հարավկովկասյան պետությունների ինտեգրացիան ընդհանուր քաղաքական տարածության մեջ նպաստավոր նախադրյալներ է ստեղծում, տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման առումով: Խնդրի կարգավորման հիմքում, ըստ մեզ, պետք է ընկած լինեն որևէ միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո միջանկայլ իշխանության կամ որևէ առաջատար երկրի, որի հեղինակությունը ընդունվում է հակամարտող երկրների կողմից, հայ փախստականների և ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց կամավոր վերաբնակման, Արցախում տնտեսության զարգացման նախադրյալներ ստեղծելու և Արցախի կարգավիճակը նոր հանրաքվեի միջոցով որոշելու սկզբունքները: Ներկայացնում ենք նաև մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի կառավարման նոր կարգի ստեղծման սկզբունքների մասին համաձայնագրի նախագիծը: Մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի կառավարման նոր կարգի ստեղծման սկզբունքների մասին Կարևորելով պետությունների միջև համակողմանի ու փոխշահավետ համագործակցություն հաստատելու տվյալ միջազգային կազմակերպության դերը, ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերին և հիմնարար սկզբունքներին համապատասխան խաղաղա կարգավորելու իրենց վճռականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը կնքում են բազմակողմ, փակ համաձայնագիր՝ մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղում կառավարման նոր կարգի՝ մանդատային տարածքի ստեղծման մասին, որը ներառում է հետևյալ սկզբուքները. Մինչև կողմերի միջև բացարձակ վստահության համակարգի և ընդհանուր համաձայնության հաստատումը, Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում Միջազգային կազմակերպության հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի հանրաքվեի միջոցով, որը կանցկացվի մանդատային տարածքում ՝ սույն պայմանագրի կնքումից հետո:Ինքնորոշման ժամկետները որոշում է մանդատի կրողը՝ այսինքն տվյալ միջազգային կազմակերպությունը: Հակամարտության կարգավորման գործընթացում փոխադարձ մշակութային և տնտեսական կապեր հաստատելու, համատեղ գործողությունները, փոխհարաբերությունները համակարգելու նպատակով ստեղծվում են համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի և տվյալ Միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչություններ:Ընդհանուր գործառույթների առնչությամբ յուրաքանչյուր կողմի իրավունքներն ու պարտականությունները Միջազգային կազմակերպությունը և Լեռնային Ղարաբաղը իրականացնում են հետևյալ կարգով.ա. Արտաքին քաղաքականությանը վերաբերող ընդհանուր հարցերի կարգավորման իր իրավունքը Լեռնային Ղարաբաղը պատվիրակում է միջազգային տվյալ կազմակերպությանը, բ. Լեռնային Ղարաբաղն ունի վճռական ձայնի իրավունք տարածաշրջանի պետությունների հետ փոխհարաբերություններին առնչվող այն հարցերում, որոնք շոշափում են իր շահերը: Լեռնային Ղարաբաղին վերապահվում է տնտեսական, առևտրային, կրթական, գիտական, մշակութային, մարզական, մարդասիրական ոլորտներում այլ պետությունների, ինչպես նաև այլ խնդիրներով զբաղվող տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ արտաքին ուղիղ կապերի իրագործման իրավունք լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունների միջոցով: Ղարաբաղի կուսակցությունները և հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն կապեր հաստատելու այլ պետությունների, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների հետ:Լեռնային Ղարաբաղի սահմանները հաստատված են համաձայնագրով և չեն կարող փոխվել առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության:Մանդատային տարածքում բնակչության իրավական պաշտպանվածությունն ապահովելու համար կողմերն աջակցում են փախստականների և տեղահանված անձանց կամավոր վերաբնակմանը, որի դեպքում անձը և ծննդավայրը հաստատող փաստաթղթերի՝ ծննդյան վկայական և այլն, առկայությունը պարտադիր է:Ստեղծվում է Փախստականների և տեղահանված անձանց հարցերն ուսումնասիրող դիտարկման խառը խումբ, որի շրջանակներում կողմերը պարտավորվում են պայմաններ ստեղծել նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից և հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակման համար ՝ առանձին դեպքերում հնարավորություն տալով նրանց՝ կամավորության սկզբունքով փոխանակելու իրենց նախկին բնակարանները: Վերաբնակված քաղաքացիներն օգտվում են նույն իրավունքներից, ինչ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները:Հայաստանի հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի, որպես միջազգային կազմակերպության մանդատային տարածքի, սահմանները փոխադարձաբար բաց են անզեն քաղաքացիների ազատ տեղաշարժի համար: Գործնական կապեր վարելիս նրանք ազատվում են մաքսային կամ այլ տուրքերից: Մշտական բնակության իրավունքի տրամադրումը վերապահվում է Լեռնային Ղարաբաղի կառավարության իրավասությանը:Լեռնային Ղարաբաղի , որպես մանդատային տարածքի, կարգավիճակը ներառում է նաև ներքոշարադրյալ իրավունքներն ու արտոնությունները՝ ըստ համաձայնագրի դրույթների.ա. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեով ընդունվում է Սահմանադրություն, որը չի հակասում միջազգային կազմակերպության հիմնական օրենսդրական ակտին՝ հենքային պայմանագրին և միջազգային իրավունքին: Սահմանադրությունը պարունակում է նաև սույն համաձայնագրի դրույթները և ունի հոդված. >: բ. Լեռնային Ղարաբաղն ունի պետական խորհրդանիշներ՝ դրոշ, զինանշան և օրհներգ գ. Լեռնային Ղարաբաղը իր Սահմանադրությանը համապատասխան, կազմավորում է օրենսդիր, գործադիր և դատական մարմիններ. դ. Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն ունեն միջազգային կազմակերպության անձնագիր՝ ինքնության քարտ, որպես անձը հաստատող փաստաթուղթ՝ > հատուկ նշումով: Այդ փաստաթուղթը տրամադրելու իրավունքը վերապահվում է Լեռնային Ղարաբաղի կառավարությանը: Նշված փաստաթուղթն ունեցող քաղաքացիների՝ արտերկրի հետ կապված իրավունքներն ու պարտականությունները կսահմանվեն Միջազգային կազմակերպության և Լեռնային Ղարաբաղի միջև կնքվելիք առանձին համաձայնագրով. ե. Լեռնային Ղարաբաղն ազատ տնտեսական գոտի է և իրավունք ունի թողարկելու սեփական դրամանիշներ ու դրոշմանիշներ զ. Լեռնային Ղարաբաղն ունի Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և այլ երկրների հետ ազատ ու անարգել տրանսպորտային հաղորդակցության ու կապի իրավունք է. Լեռնային Ղարաբաղն ունի Ազգային Գվարդիա՝ անվտանգության ուժեր, և ոստիկանություն, որոնք կազմավորվում են կամավորության սկզբունքով և ունեն 30 000 թվաքանակից ոչ պակաս անձնակազմ՝ համապատասխան սպառազինությամբ: Այդ ուժերը չեն կարող գործել Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս՝ առանց միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչության համաձայնության. ը. Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզուն հայերենն է : Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները կարող են օգտագործել նաև այլ լեզուներ տարբեր գործառույթներում թ. Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սահմանված կարգով խրախուսվում ու երաշխավորում են օտարերկյա ընկերությունների և առանձին անձանց կապիտալ ներդրումները: Երաշխիքների մասին Համաձայնագիրը ստորագրում են երեք կողմերի լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև Միջազգային կազմակերպության լիազոր ներկայացուցիչը՝ որպես սույն համաձայնագրի իրագործման երաշխավորներ: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Հիմնավորումներ > Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար գերակա և կողմնորոշիչ են համամարդկային արժեքները, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք հարգումը, քաղաքացիական հասարակության կայացումը:Շահագրգիռ մյուս կողմերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Հայաստանը և Ադրբեջանը, չունեն իրավաքաղաքական կայուն դաշտ, քաղաքացիական հասարակություն, գործնականորեն ժողովրդավարական արժեքներ դավանող և կիրառող քաղաքացիական հասարակություն՝ տարանջատ և փոխհակակշռող իշխանական ճյուղերով, նրանք տնտեսապես թույլ են՝ ցածր իրավագիտակցությամբ և աղքատ բնակչության դեռ մեծ տեսակարար կշռով: Այսպիսով, այսպիսի պայմաններում նշված պետությունների իշխանությունները ի զորու չեն դրսևորելու քաղաքական կամք և կրել պատասխանատվություն, սեփական ժողովուրդներին առաջնորդելու համար փոխզիջումների և տևական խաղաղության: Նման իրավիճակում հանդես գալով որպես Միջազգային կազմակերպության մանդատ, Ղարաբաղը կարող է դառնալ տարածաշրջանի առաջընթացի յուրօրինակ խթան: Եվ եթե ԼՂ-ի ժողովուրդն ազատ ինքնորոշմամբ , ժողովրդավարության բոլոր նորմերի պահպանմամբ հավաքական ցանկություն է հայտնում հայցելու տվյալ մանդատը, իսկ Միջազգային կազմակերպությունն էլ ստանձնում է այն, ապա ԼՂ-ի մեջ ներքաշված մյուս կողմերը չեն կարող դրան չհամաձայնել, և առհասարակ կիմաստազրկվի նրանց կամքը հարցնելու խնդիրը: Ինքնըստինքյան կլուծվի նաև նրանց իշխանությունների՝ սեփական ազգային-քաղաքական շահերին չդավաճանելու պատրվակով փոխզիջումների անպատրաստակամության բարդույթը: Այսպիսի մանդատը բավարար կլինի , որ նրանք հանգիստ թոթափեն այդ պատասխանատվության բեռը: Հատկապես, որ բոլոր կողմերի հենց այդ շահերից է բխում այս մանդատի ներքո առաջարկվող կարգավորման տարբերակը. Էապես կաճեն ԼՂ-ի անվտանգության երաշխիքները: Փոխշահավետ տնտեսական և քաղաքական համագործակցության վերականգնումը կդառնա շատ կարևոր հանգամանք, որը կնպաստի նոր պատերազմենրի բացառմանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանի և նրա յուրաքանչյուր սուբյեկտի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Մինչև խնդրի վերջնալուծման փուլը կտրուկ մեծացնելով իր դերը՝ տվյալ միջազգային կազմակերպությունը իրեն հնարավորություն կընձեռի անմիջականորեն թափանցելու ԼՂ-ի խոհանոցը, խորապես ըմբռնելու կողմերի մոտեցումների յուրահատկությունները և այս ամենի հաշվառմամբ բազմակողմանի երաշխիքներ տրամադրելու ԼՂ-ի գոտում անվտանգության ու փոխվստահության ամրապնդման, տնտեսական զարգացման ու ինտեգրման համար: Իսկ ԼՂ-ն, դառնալով հարաբերականորեն ինքնուրույն վարչաքաղաքական միավոր, տվյալ կառույցի օգնությամբ աստիճանաբար կվերացնի պատերազմի հետևանքները, կակտիվացնի քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումը առավել լրիվ կիրացնի ու կզարգացնի սեփական տնտեսական ներուժը՝ սերտ շփումներ հաստատելով տարբեր երկրների հետ, կսկսի ընթանալ ժողովրդավարացման, տնտեսական, սոցիալ և իրավական համակարգային բարեփոխումների ճանապարհով: Այս ուղեգծի անշրջելիությունն ու արագությունը դարձյալ կախված կլինեն բացառապես տվյալ կառույցի աջակցության ընդգրկումներից, ինտենսիվությունից: Հակառակ դեպքում, եթե տվյալ կառույցի կողմից գործուն միջոցներ չձեռնարկվեն ԼՂ-ի վրա մանդատ տարածելու ուղղությամբ, ապա ԼՂ-Ադրբեջան հակամարտությունը կխորանա միայն բերելով նորանոր, առավել մեծաքանակ մարդկային ու նյութական կորուստներ. Տնտեսությունների քայքայումը կհանգեցնի այնպիսի սոցիալ-տնտեսական աղետի, որ այդուհետ այլևս, միջազգային ամենամեծ ցանկության ու ջանքերի դեպքում իսկ, անհնար կլինի ՂՀ-ի գոտում ներքաշված բնակչության մեջ գոնե այժմյան, առանց այն էլ բոլոր առումներով անբավարար կացության վերականգնումը: ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման նպատակով նախատեսված հանրաքվեի անցկացումը պայմանավորված է ՂՀ-ի հետևանքների վերացման անհրաժեշտությամբ.Հիմնավորումները բխում են առաջին կետում շարադրված դրույթներից, ինչպես նաև փոխշփումների հաստատման և դիվանագիտական հարաբերությունների վարման միջազգային իրավունքի պրակտիկայից:Տվյալ փուլում ԼՂ-ն հավակնում է սահմանափակ ինքնիշխանության , որի հետ կապված.ա. ԼՂ-ն կամովին հրաժարվում է արտաքին քաղաքական գործառույթներ լրիվ ծավալով իրականացնելու բնականոն ձգտումից՝ դրանք ընդհանուր առմամբ վերապահելով տվյալ կառույցին: բ. ԼՂ-ի ժողովուրդը 1988 թ. ընտրեց , ազգերի ազատ ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված սկզբունքի հիման վրա , իր ապագան ժողովրդավարական ու օրինական կառուցակարգերով կերտելու և տնօրինելու միակ հնարավոր ուղեգիծը: 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝ Ադրբեջանից 5 օր շուտ, տարբեր երկրների դիտորդների ներկայությամբ , ԼՂ-ում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքում ԼՂՀ-ն դե ֆակտո գոյություն ունի 18 տարի: Միևնույն ժամանակ ,տարածաշրջանում, ցավոք, դեռևս փաստացի ձևավորված չէ փոխվստահության ցանկալի մթնոլորտ, շուրջ 20 տարի շարունակվող բազմաթիվ հակամարտությունները կարգավորված չեն, և բուն տարածաշրջանը տնտեսական ու քաղաքական բոլոր չափանիշներով մնում է մեծ ռիսկային գոտի: Ուստի խիստ անհրաժեշտ է, որ ԼՂ-ն ունենա լիարժեք ձայնի իրավունք՝ տարածաշրջանային քաղաքականության այն հիմնահարցերում, որոնք շոշափում են իր շահերը: Ելնելով մարդու հանրաճանաչ իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման ու հարգման անհրաժեշտությունից՝ ԼՂ-ն պետք է լիիրավ հնարավորություններ ստանա շահագրգիռ պետությունների հետ համագործակցելու նաև հումանիտար ոլորտի բոլոր ճյուղերում: Նպատակը նույնն է ՝ տնտեսական ու իրավաքաղաքական ճգնաժամից առավելագույնս արագ դուրս գալ խաղաղ ու ներդաշնակ զարգացման մայրուղի: Արտաքին ուղիղ կապերի իրագործման մեխանիզմը կարելի է ապահովել համապատասխան երկրներում ԼՂ-ի մշտական ներկայացուցչությունների միջոցով, հատկապես որ արդեն կան նաև դրանց արդյունավետ գործող փաստացի նախադեպերը:ԼՂ սահմանների որոշման սկզբունքները թելադրված են հետևյալ օբյեկտիվ պահանջներով.ա. Անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ, ինչին համապատասխան՝ ԼՂ ռազմավարանշանակ արևմտյան թիկունքն ապահովող առնվազն 2 շրջանների՝ Քաշաթաղի և Նոր Շահումյանի ՝ Լաչինի և Քելբաջարի, տարածքներն ամբողջովին պետք է ներառվեն ԼՂ վարչատարածքային կազմում բ. ԼՂ բնակչության բազմաէթնիկության՝ խառնաբնակության, վերականգնում՝ կազմակերպելով ՂՀ-ի հետևանքով հայ փախստականների և ադրբեջանցի ու այլազգի ներքին տեղահանվածների կամավոր վերադարձը նախկին բնակության վայրեր: Հիշյալ իրավունքներից ամբողջությամբ պիտի օգտվեն ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ից , այլև Ադրբեջանի բազմաթիվ այլ տարածքներից բռնագաղթած և նախկին բնակության երկիրը փոխած հայ փախստականները, ովքեր այժմ գործնականում չեն կարող վերադառնալ Ադրբեջանում իրենց նախկին բնակության վայրերը՝ անվտանգության տարրական երաշխիքների բացառված լինելու պատճառով: Երկու կողմերի փախստականների ու բռնի տեղահանվածների կամավոր վերաբնակությունը թիվ մեկ պայմանն է ՂՀ-ի վերջնական և մնայուն կարգավորման համար: Չլուծելով բնակչության առավել անպաշտպան խավի սոցիալական, քաղաքական իրավունքների խնդիրները և դրանով իսկ գործնականում չապահովելով հակամարտության մեջ ներքաշված ժողովուրդների փոխադարձ հանդուժողականությունն ու համակեցությունը՝ անհնար է ՂՀ-ն հանել փակուղուց: Անձը հաստատող փաստաթուղթը և ծննդավայրի հստակ նշումը շեշտադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ անձանց վերադարձի գործընթացում հնարավոր վարչաիրավական թյուրիմացություններից և ազգամիջյան նոր բախումներից խուսափելու ցանկությամբ: Խառը հանձնախմբի ստեղծումը հարկավոր է վերոնշյալ խմբերի ներկայացուցիչների վերաբնակման բոլոր գործընթացները միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան կազմակերպելու և վերահսկելու համար: Գործընթացները նշված անձանց համար կկազմակերպվեն և կիրականացվեն հնարավորության սահմաններում առավելագույն լայն ընտրությամբ և կամավորության սկզբունքով. ա. Բնակարանների փոխանակում բ. ԼՂ-ի տարածքում ՝ որևէ այլ բնակավայրում բնակարանի հատկացում Զուգահեռ գործնական լուծում կստանան հակամարտության գոտում անվտանգության կայուն և հուսալի համակարգի ստեղծման ու գործառման, փոխվստահության վերականգնման և ամրապնդման, ապաշրջափակման , վերաինտեգրման ու սոցիալ-քաղաքական համերաշխության ապահովման հիմնախնդիրները: Ազատ տեղաշարժի իրավունքը մեր պարագայում առավել ևս է կարևորվում, քանզի բացելով սահմանները, վերանայելով առևտրային, մաքսային արգելքները, տվյալ կառույցի մանդատի ներքո հնարավորություններ կտրվեն ԼՂ քաղաքացիներին ՝ փոխվստահության և ապագայի հանդեպ զորացող հավատի հենքի վրա ազատորեն զարգացնելու երկրի տնտեսությունը, դրանով իսկ բարձրացնելու բնակչության կենսամակարդակը, աստիճանաբար հավասարվելու տվյալ կազմակերպության երկրների մակարդակին, վերջնարդյունքում, տնտեսական և քաղաքական փոխառնչությունների խորացման միջոցով ապահովելու բազմակողմանի ինտեգրումը կովկասյան տարածաշրջանում:Բոլոր ենթակետերի դրույթները ձևակերպված են միջազգային իրավունքի ընդունված նորմերին և սկզբունքներին համապատասխան.ա. Վերոհիշյալ խնդիրների իրականացման համար նախ պարտադիր է, որ ԼՂ օրենսդրությունը , հատկապես մարդու իրավունքների ու ազատությունների մասով, համապատասխանեցվի տվյալ կառույցի օրենքների պահանջներին, բ.-գ. Քանի որ ԼՂ-ն ընտրելու է ապառազմականացման ուղին, բացելու է սահմանները, անհրաժեշտ է և բավարար, որ ԼՂ-ն այդ սահմաններում , որոնց բնույթը չի հակասելու ՂՀ-ի վերջնական կարգավորման շահերին, ունենա ինքնիշխանություն և իրավունք՝ ազատ, արդար և ուղղակի ընտրություններով կազմավորելու պետական իշխանական կառույցները, դ. Եթե ԼՂ քաղաքացիներին, այդ թվում՝ վերադարձած նախկին բնակիչներին, անձը հաստատող փաստաթուղթ տրամադրի որևէ այլ երկիր, այլ խոսքով՝ եթե այդ փաստաթղթում՝ ԼՂ սահմանափակ ինքնիշխանության բերումով՝ թեկուզ ինքնության քարտում, չամրագրվի տվյալ կառույցի մանդատը, և վերջապես, եթե դա շնորհելու իրավունքը չվերապահվի ԼՂ կառավարությանը , ապա ի դերև կհանվի ԼՂ-ն ինքնուրույն միավորի իրավունքով տվյալ կառույցի մանդատի ներքո առնելու ողջ քաղաքական տրամաբանությունը՝ իսպառ վերացնելով ԼՂ-ի առանց այն էլ սահմանափակ ինքնուրույնության տարրերը, և ՂՀ-ն նորից կմտնի փակուղի, կամ նույնիսկ կբորբոքվի նոր բախում: Քանի որ նաև ընթացիկ փուլում հակամարտ կողմերը դեռ պատրաստ չեն ինքնուրույն, փոխհամաձայնեցմամբ կարգավորելու այս բարդ ու զգայուն հիմնախնդիրը, մնում է միայն, որ տվյալ կառույցի հսկողությամբ, խառը հանձնախումբը վերջնական լուծում տա հետևյալ սկզբունքային հարցերին՝ համաձայնեցնելով ԼՂ իշխանությունների հետ. - տվյալ դիմողն ընդհանրապես իրավունք ունի մշտական բնակություն հաստատելու ԼՂ տարածքում - որ բնակավայրում է ապրելու - երաշխավորել անձը հաստատող փաստաթղթի ձևակերպումը հենց տվյալ՝ և ոչ ուրիշ, հաշվառման հասցեով. ե. ԼՂ իշխանությունները կարող են ապահովել ազատ տնտեսական գոտում օֆշորային պայմանների ստեղծումը՝ նման ԵՄ-ի որոշ փոքր երկրների՝ մալթայի, Լիխթենշթեյնի, Հարավային Կիպրոսի օրինակին, տնտեսական մենաշնորհների բացառումը, առողջ տնտեսական մրցակցության ծավալումը. զ. Խուսափելու համար 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ծրագրված և իրագործված՝ հայերի ցեղասպանության նորանոր դրսևորումների իրական սպառնալիքից, առաջնորդվելով Խորհրդային և անկախ Ադրբեջանների խտրական, մշտապես ազգային զտումներով ուղեկցվող և հատկապես հայահալած քաղաքականության հերթական զոհը չդառնալու բնական ինքնապահպան մղումով՝ չկրկնելու համար, օրինակ, ի սկզբանե հայաբնակ, զուտ հայկական տեղանվամբ և իբրև հայության համար որպես Ինքնավար Հանրապետություն ստեղծված, բայց 1918-1989թ.թ. իսպառ հայաթափված Նախիջևանի ճակատագիրը, օգտվելով զինված ինտերվենցիայի պայմաններում անհատական ինքնապաշտպանություն կազմակերպելու միջազգայնորեն ճանաչված իրավունքից, ԼՂ-ն արդեն դե ֆակտո ունի Պաշտպանության կանոնավոր բանակ, ըստ որում ՝ Ադրբեջանի սանձազերծած զինյալ հակամարտության փուլավարտից հետո՝ 1996 թ., ԼՂ տարածքում ԼՂ բնակիչների համար վերացված է պարտադիր զինծառայության մասին օրենքը, ԼՂ-ն պնդում է կանոնավոր բանակային կառույցը պահպանելու անհրաժեշտությունը, քանի որ բացակայում են հակամարտ կողմերի միջև ցանկալի վստահությունը և ԼՂ բնակչության անվտանգության իրական երաշխիքները: Ինքնապաշտպանության նվազագույն մակարդակի և կայուն խաղաղության ապահովման համար ԼՂ-ն, տվյալ կառույցի թույլտվությամբ և նրա ռազմական փորձագետների վերահսկողությամբ, ստեղծում է Ազգային գվարդիա՝ անվտանգության ուժեր, և ոստիկանություն՝ ունենալով Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության առնվազն ¼-ը: Մյուս կողմից՝ քանի որ Ադրբեջանը , իր իսկ պաշտոնական տվյալներով, ունի ավելի քան 150,000 զինծառայող, ԼՂ-ն իրավունք ունի հավակնելու այդ թվի 1/5 մասին. է. Մինչև հակամարտության բռնկումը ԼՂ-ի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ ¾ ավելին, կազմել են հայալեզու տեղաբնիկ հայերը: Արդեն ինքնորոշված ԼՂ-ի ժողովուրդն էլ իր նաև լեզվամշակութային ու հոգևոր վավերացրած՝ 1991 թ.-ի հանրաքվեի արգասիք հանդիսացող Սահմանադրական օրենքում և 2006 թ. ընդունած Սահմանադրության մեջ ամրագրեց ԼՂ-ի տարածքում հայերենի, որպես միակ պետական ու պաշտոնական լեզվի, կարգավիճակը: Մյուս կողմից՝ ըստ նախագծի հիմնադրույթների, ադրբեջաներենն իբրև պաշտոնական լեզու ունեցող Ադրբեջանի Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղը հարաբերվելու է ընդհանուր հիմունքներով՝ որպես այլ պետության: Եզրակացություն ՀՀ-ի, ԼՂ-ի և Ադրբեջանի թե իշխանությունների, թե ժողովուրդների միջև չեն հաստատվել անհրաժեշտ վստահությունն ու միմյանց ընդառաջ գնալու քաղաքական կամքը: Թե ՀՀ-ում ու ԼՂ-ում, թե Ադրբեջանում դեռևս գոյություն չունի ժողովրդի ազատ ընտրությամբ օրինական իշխանություններ ձևավորելու համակարգ, որոնք կկարողանան, նույն Ժողովրդի առաջ պատասխանատվություն ստանձնած, դիմել անհրաժեշտ փոխզիջումների: Գործող իշխանություններն էլ, ՂՀ-ի կարգավորման ջանքեր գործադրելու փոխարեն , միայն ժամանակ են ձգձգում՝ իշխանական լծակները պահպանելու և ինքնավերարտադրման շահամիտումով: Երեք երկրներում էլ արմատացած չեն ժողովրդավարական արժեքներն ու հաստատությունները: ԼՂ-ում պահպանվում և տարեցտարի երկարաձգվում է հարկադրյալ ռազմական դրության ռեժիմը, ինչը չի կարող նպաստել ոչ ժողովրդավարության, ոչ էլ տնտեսության զարգացմանը: Ուստի ներկայիս այլընտրանքը միակն է մնում, այն է ՝ ԼՂ տարածքը, միջազգային հանրության և առաջին հերթին միջազգային որևէ կազմակերպության օգնությամբ, դուրս բերել հակամարտ կողմերի գործող իշխանությունների պարտադրած ռազմաքաղաքական դաշտից և հանձնել միջազգային որևէ կառույցի իրավասությանը՝ վերը շարադրված պայմաններով»։
14:29 - 21 մարտի, 2019
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջապես կարող է խաղաղությունը հնարավոր լինել. The Washington Post |panorama.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջապես կարող է խաղաղությունը հնարավոր լինել. The Washington Post |panorama.am|

Տասնամյակներ շարունակ էթնիկ հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պատրաստվում են հանդիպել՝ փորձելու լուծել իրենց երկարատև հակամարտությունը՝ Լեռնային Ղարաբաղի վիճահարույց ան bկլավի շուրջ: Այս մասին գրել է The Washington Post-ը։ Նշվում է, որ պատճառներ կան թերահավատ լինելու, սակայն այնուամենայնիվ, զգալի փոփոխություն է տեղի ունեցել՝ մեջբերելով նախորդ տարվա արտահերթ ընտրություններն ու նոր վարչապետին։ «Որոշ ապացույցներ ցույց են տալիս, որ ժողովրդավարական հասարակությունները ավելի հակված են խաղաղություն փնտրելու իրենց հարևանների հետ և ավելի հավանական է դրան հասնել, եթե քաղաքացիական հասարակության խմբերին թույլատրեն ձևավորել շփումներ սահմանին՝ մինչև պաշտոնական բանակցությունները»,-ասվում է հոդվածում: Հոդվածագիրը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համառոտ պատմությունը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվում է վիճելի տարածք, որը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության կողմից, որին աջակցում է Հայաստանի կառավարությունը, սակայն չի ճանաչում, իսկ Ադրբեջանն էլ հավակնություններ ունի դրա նկատմամբ: Նշվում է, որ 1921 թ.-ին Խորհրդային Միությունը մեծամասնությամբ հայերով բնակեցված անկլավը միացրեց խորհրդային վերահսկողությամբ Ադրբեջանին։ 1980-ականների վերջին, երբ Մոսկվան մեղմացրեց Խորհրդային Միության նկատմամբ վերահսկողությունը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերն արշավ սկսեցին, որպեսզի վերամիավորվեն Հայաստանին՝ քարոզելով ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և ինքնիշխանություն։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պաշտոնապես քվեարկեց Ադրբեջանից դուրս գալու համար՝ հանգեցնելով հակամարտության մի կողմից Հայաստանի և մեծամասամբ հայերով բնակեցված Ղարաբաղի, մյուս կողմից Ադրբեջանի միջև: 1994 թ.-ին, երբ արդեն երկու կողմից սպանվել էր 30.000 մարդ և ավելի քան 1 մլն-ը փախստական էր դարձել, երկու երկրները ստորագրել են անկայուն հրադադարի համաձայնագիր: Դիտորդներն իրավիճակը համարում են ոչ  պատերազմը, ոչ խաղաղություն։ Այնուհետ անդրադարձ է կատարվում  Հայաստանում ապրիլի ժողովրդավարական ալիքին, որի արդյունքում տեղի ունեցան ազատ ընտրություններ ու իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակցությունը։ Նշվում է, որ սա որոշակի հույս է տվել դիտորդներին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել:Անդրադարձ է կատարվում վերջին ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական դիվանագիտական ջանքերին։ Նշվում է, որ նախորդ տարի Հայաստանում ժողովրդավարական անցումից հետո դադարել են սահմանային միջադեպերը, սակայն Ռուսաստանը, միջնորդ կողմերից մեկը, շարունակում է զենք վաճառել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով ու տնտեսական մեկուսացմամբ` փորձելով ստիպել բանակցային զիջումների գնալ, իսկ Հայաստանն էլ շարունակում է պնդել, որ դուրս չի գա Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող 7 վիճահարույց տարածքներից: Հոդվածագիրը նշում է, որ տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանն ընդունում են ժողովրդավարություն, իսկ վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ տարածաշրջանն ավելի շատ ժողովրդավարություններ ունի, հակամարտությունների և ագրեսիայի հավանականությունը նվազում է: «Ժողովրդավարական հասարակությունները հակված են իրենց հարևանների հետ խաղաղ փոխհարաբերությունների: Նրանք հակված են զարգացնել համագործակցությունը և փոխզիջումը իրենց տարածաշրջաններում: Եվ դեմոկրատական հասարակություններն ավելի հավանական է, որ մեծ շուկաներում միմյանց աջակցեն մարդու իրավունքների և տնտեսական շահերի ընդհանուր նպատակներում: Դա թուլացնում է հակամարտությունների ռազմական «լուծումները»»,-գրել է հոդվածագիրն ու ընդգծել, որ, սակայն, դա ինքնին բավարար չէ: Հետազոտությունները նաև ենթադրում են, որ խաղաղ համաձայնագրերն ավելի հավանական է, որ կիրականացվեն, եթե հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը ներառվել են խաղաղ գործընթացում:«Հիմա հրատապը հակամարտությունից տուժած բոլոր խմբերի՝ շփման գծի մոտ ապրող գյուղական համայնքների, կանանց, փախստականների ու հենց Լեռնային Ղարաբաղի ներգրավումն է կարգավորման գործընթացում, որոնք տարիներ շարունակ դուրս են մնացել բանակցություններից», - գրում է The Washington Post-ի հոդվածը։ «Իհարկե, մարդկանց միջև շփումների կոչը, երբ զինվորականները շարունակում են հսկել սահմանները և տարածաշրջանում անվտանգության երաշխիքներ չկան, անիրատեսական կարող է թվալ։ Տարածաշրջանում բոլոր կողմերը՝ ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Լեռնային Ղարաբաղը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական խմբերը պետք է ներգրավվեն տարածաշրջանում առավել ընդարձակ անվտանգություն ապահովող համաձայնագրերի ու ինստիտուտների կայացման գործում: Հակառակ դեպքում հակամարտությունների գծով կապերը կմնան սահմանափակ, և կառավարությունների միջև ֆորմալ համաձայնագրերը՝ կարճատև»,-ասվում է հոդվածում։ Դրանք կարող են լինել տարածաշրջանով մեկ գործող կանոններ, պայմանագրեր ու դաշնագրեր, որոնք թույլ կտան համայնքների առաջնորդներին համագործակցել միմյանց հետ՝ ընդհանուր խնդիրների, օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, գյուղական աղքատության դեմ պայքարի, առևտրային ուղիների վերականգնման, ջրի փոխանակման կամ մշակութային ժառանգության պահպանման շուրջ: Նշվում է, որ տարածաշրջանում նման կապերի ստեղծումը կարող է օգնել դիվանագիտությանը կարճատև փոխզիջումների փոխարեն կենտրոնանալ առավել երկարատև, ամբողջ տարածաշրջանին վերաբերող խնդիրների վրա: Նման բազմակողմ երկխոսությունը կարող է նաև նվազեցնել թշնամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հնարավորություն տա, որ միջագային միջնորդներն ու երկու կողմերի առաջնորդներն առավել նպաստավոր պայմաններում դիմեն իրենց հանրություններին՝ փոխզիջման հարցով։ Ասվում է, որ տարածաշրջանային անվտանգության երաշխիքները կարող են հստակեցնել ու ամրագրել ոչ բռնի միջոցները որպես տարածաշրջանի հիմնարար սկզբունբ և ստեղծել քաղաքական կայունություն՝ հնարավորություն տալով առավել խորքային դիվանագիտություն հակամարտության շուրջ։ panorama.am
12:26 - 21 մարտի, 2019