Արցախն Ադրբեջանի ագրեսիային հակադարձելու համար իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը
10:35 - 28 մարտի, 2019

Արցախն Ադրբեջանի ագրեսիային հակադարձելու համար իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը պատասխանել է «Lragir.am» գործակալության հարցին՝ ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունների առնչությամբ, որում նշվել էր, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չիրականացվեն, ապա նա «ստիպված կլինի իրացնել ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ նշված բոլոր իրավունքները»։

Արցախի ԱՀ-ի տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հարց-Վերջերս Բաքվից կրկին սկսել են հայտարարություններ հնչել, որ Ադրբեջանի համբերությունը սահման ունի, և եթե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չիրականացվեն, ապա նա «ստիպված կլինի իրացնել ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ նշված բոլոր իրավունքները»։ Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները գտնում են, որ «այն խաղաղությունը, որի մասին խոսում է Հայաստանը, և այն խաղաղությունը, որի մասին խոսում է միջազգային իրավունքը, տարբեր են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվի նմանատիպ հայտարարությունները։
 
Պատասխան. Ադրբեջանական կողմի պնդումները, որ իբր կա տարբերություն այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է Հայաստանը, և այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է միջազգային իրավունքը, Բաքվի կողմից միջազգային իրավունքի նորմերի աղավաղված ընկալման և կամայական մեկնաբանման ակնհայտ հետևանք են։ Ավելին, Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը ժխտում է միջազգային իրավունքը, համարելով, որ միջազգային հարաբերություններում գերիշխում է «ճշմարտությունն ուժեղի կողմն է» սկզբունքը։
 
Բաքվի կողմից միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանման մասին է վկայում նաև այն, որ նրանք փորձում են իբր թե ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն իրենց վերապահել ագրեսիվ պատերազմ սանձազերծելու իրավունք։ Մինչդեռ, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ընդհակառակը, իրավաբանորեն ամրագրել է միջազգային հարաբերություններում ուժի կիրառման արգելքը՝ բացառությամբ երկու թույլատրելի դեպքերի՝ ինքնապաշտպանության նպատակով և Անվտանգության խորհրդի որոշմամբ։

Սակայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում Բաքվի կողմից ինքնապաշտպանվելու իրավունքի վկայակոչումը զուրկ է իրավական հիմքերից ինչպես պայմանագրային, այնպես էլ՝ սովորական իրավունքի տեսանկյունից։ Ադրբեջանը չի կարող վկայակոչել ոչ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Հոդված 51-ը, ոչ ինքնապաշտպանության «հանկարծակի և անհաղթահարելի անհրաժեշտությունը», քանի որ 1994 թվականից գործում է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագիր, որը հայկական երկու կողմերը լիարժեք կերպով պահպանում են։

Հիշեցնեմ, որ 1994 թ. հուլիսի 26-27-ը (Արցախը) Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։
Ավելորդ չի լինի նշել, որ հենց Արցախն է ենթարկվել Ադրբեջանի ագրեսիային, որին հակադարձելու համար ՄԱԿ-ի Կանոնադրության Հոդված 51-ի հետ լիակատար համապատասխանությամբ իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը։
 
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում ինքնապաշտպանության իրավունքի մասին Ադրբեջանի շահարկումները մերժվել են միջազգային հանրության կողմից, այդ թվում նաև՝ 2016 թ. ապրիլին, երբ Ադրբեջանը, խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Հարկ է նշել, որ նոր ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի փորձը խափանվել է գլխավորապես Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ։  

Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը միակարծիք են եղել, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել 1994 թ. կրակի դադարեցման և 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրերը։

Մասնավորապես, 2016 թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին «խստորեն պահպանել 1994 և 1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերը, որոնք հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքն են հանդիսանում»։
 
Ավելին, միջազգային իրավունքը նաև արգելք է դնում ուժի կիրառման վրա, եթե դա արվում է՝ ճնշելու միջազգային իրավունքի հրամայական նորմ հանդիսացող ինքնորոշման իրավունքը։ Ինքնորոշման սկզբունքի դեմ ուժի կիրառման արգելքն ունի միջազգային իրավունքի նորմի սովորական կարգավիճակ և ամրագրված է մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, մասնավորապես, «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որոնք վերաբերում են պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության» և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 3314 «Ագրեսիայի բնորոշում» բանաձևի։
 
Տեղին է նաև հիշեցնել, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, բացի ուժի կիրառման վրա ընդհանուր արգելք դնելուց, ամրագրել է նաև միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, համաձայն որի, «ՄԱԿ-ի անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, որպեսզի վտանգի չենթարկեն միջազգային խաղաղությունը և անվտանգությունը և արդարությունը»։
 
Ակնհայտ է, որ տարածաշրջանում հաստատուն խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն վերացնելով հակամարտության սկզբնապատճառը, ինչը կայանում է նրանում, որ Ադրբեջանը ժխտում է Արցախում ապրող մարդկանց թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ իրավունքները։ Հենց ադրբեջանական իշխանությունների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի և ահաբեկչության միջոցով ճնշելու փորձն է հանգեցրել նրան, որ քաղաքական խնդիրը վերաճել է զինված առճակատման։ Եվ այսօր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտներից  մեկը այդ ապակառուցողական քաղաքականությունից հրաժարվելու Բաքվի չկամությունն է։
 
Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ինչն ըստ ՄԱԿ-ի ԱԽ վերոհիշյալ 3314 բանաձևի հոդված 1-ի կնշանակի ագրեսիվ պատերազմի սանձազերծում, ապա Արցախի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները և պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը՝ միջազգային իրավունքի նորմերին և, մասնավորապես, ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել