Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը lragir.am-ին տված հարցազրույցում, անդրադրադառնալով Սասնա ծռեր» կուսակցության ստորագրահավաքին, որի նպատակը Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակի շնորհումն է, հայտնեց իրա կարծիքը․
«Այստեղ մենք պետք է խնդիրը դիտարկենք երկու տեսանկյունից։ Մի կողմից տարբեր մարդիկ, տարբեր քաղաքական ուժեր ունեն իրենց կարծիքը այս կամ այն խնդրի շուրջ։ Եթե այդ մարդիկ գործում են ըստ Սահմանադրության, չեն խախտում օրենքները, բնական է, որ իրավունք ունեն իրենց գործունեությունը վարելու։ Իսկ եթե օրենքը խախտում են, ապա պետք է ցանկացած մարդ պատասխանատվություն կրի օրենքը խախտելու համար։
Այլ խնդիր է, որ դա էլ իրենց գաղափարն է, այդպես են մտածում։ Թող մտածեն, բայց ի վերջո, այդ հարցերը պետք է ժողովուրդը որոշի։ Նախ արձանագրենք, որ բոլորի համար էլ միացյալ հայոց պետության ստեղծումը, իհարկե, գերնպատակ է։ Այսինքն՝ չի կարող լինել մի նորմալ հայրենասեր հայ, որ չուզենա, որ լինի մեկ միասնական հայոց պետություն։ Իսկ ո՞վ է ասել, որ չպետք է լինի այդպիսի պետություն։
Բայց այս ամենը որպես գերնպատակ ունենալով՝ պետք է նաև լավ պատկերացնենք, թե առհասարակ ինչ է քաղաքականությունը, ինչ է աշխարհքաղաքականությունը։ Ի՞նչ է, որ մենք այսքան տարի պայքարում ենք Ադրբեջանի դեմ և հանուն անկախ Արցախի, հայրենասե՞ր չենք։ Կամ որևէ մեկը կարող է ասել, որ ինքն ավելի հայրենասեր է, քան մյո՞ւսը։ Դա աննորմալ մոտեցում է, այդ ձևով մարդկանց չափելը։
Այսինքն՝ ամեն ինչ պետք է արվի այնպես, որպեսզի մաքսիմալ օգուտ բերի երկրին, ժողովրդին։ Եթե հիմա այս պահի դրությամբ երկու անկախ պետություն ենք, ինչ է, մենք մի ընդհանուր հայրենի՞ք չենք։ Կամ, երբ խոսվում է Արցախը ՀՀ մարզի վերածելու մասին, դա ի՞նչ հետևանքների կարող էր բերել։ Չէ՞ որ ժամանակին եղել է միացումը, բայց հետո աշխարհքաղաքական պահանջներն այնպիսին էին, որ այս դեպքում Հայաստանը կարող էր դիտարկվել որպես ագրեսոր, այսինքն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերածվի պարզապես տարածքային վեճի։ Սա՞ է ավելի նպաստավոր մեզ համար, թե՞ ազգերի ինքնորոշումը։ Այդ ամենը պետք է հաշվի առնենք։
Կրկնում եմ՝ մենք ունենք երկու պետություն և մեկ ընդհանուր հայրենիք, որովհետև սա է ներկա դրությամբ մաքսիմալ առավելություն տալիս մեր անվտանգությունը, մեր երազանքներն ու շահերը պաշտպանելու համար։ Եթե ինչ-որ բան ես նախատեսում, մի կողմ դնենք նրանց բուն նպատակները, նախընտրական գործընթացներում պետք է ծրագրով ներկայանալ, իսկ ծրագրերը պետք է տարբերվեն, դրա համար իրենց գլխավոր խնդրից մեկը կարող էր միացումը լինել, ու դա հասկանալի է։ Բայց այս ձևով, իմ խորին համոզմամբ, որպես անհատի, սա շատ վատ հետևանքների կարող է բերել։ Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ այս սցենարը հնարավոր է իրականացնել, որովհետև մեր ժողովուրդն ունի բարձր քաղաքական գիտակցություն»։
comment.count (0)