«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն

2020 թվականի մայիսի 15-ին հանրային ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը, Արա Պապյանը, Կարո Եղնուկյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, Ազատ Օրդուխանյանը եւ այլք, հանդես եկան հայտարարությամբ՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության կայացման մասին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր․

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,
նկատի ունենալով, որ դրանք կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետեւանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,
փաստելով, որ մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով,
արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն,
նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է եւ ունակ չէ ձեւավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,
համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձեւաչափով,
նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական եւ կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետեւյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձեւավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը:
Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետեւյալ համակարգային միջոցառումները եւ փոփոխությունները.

1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,
3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.
- քրեական արդարադատություն,
- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, ինչպես նաեւ որպես հետեւանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության եւ դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում եւ ընդունում,
5) Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն եւ դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:
Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը եւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաեւ արտահերթ ընտրություններով ձեւավորված իշխանության գործունեությամբ:
Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձեւաչափն ընտրելու հարցում:
Կոչ ենք անում ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բեւեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին»:

2021-ին ստեղծվեց «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Կուսակցություն ստեղծելու և ընտրություններին մասնակցելու որոշումից հետո Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը լքեցին ԱԺԲ-ն։

Կուսակցության նախընտրական ցուցակը  գլխավորում էր Վահե Գասպարյանը։

ԱԺԲ-ն չանցավ 8-րդ գումարման ԱԺ՝ ստանալով  18 976 ձայն (1.49%)

Քաղաքական-ժողովրդավարական հանգուցալուծումն այլընտրանք չունի․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Քաղաքական-ժողովրդավարական հանգուցալուծումն այլընտրանք չունի․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել․ «Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին ու ներքին կործանարար քաղաքականության պատճառով գրեթե բոլոր, այդ թվում՝ տրամագծորեն հակառակ հայացքներ ունեցող, քաղաքական ուժերը և հանրային շրջանակները դեմ են նրա հետագա կառավարմանը։ Այսօր այդպիսի պահանջ ներկայացրեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը, հրաժարական ներկայացնելու և ժողովրդին նրա ճակատագիրը որոշելու անցնցում հնարավորություն ընձեռելու փոխարեն, իր կողմնակիցներին կոչ է անում գալ Հանրապետության Հրապարակ և սատարել իրեն։ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրականության զգացումը և գիտակցաբար ստեղծում է քաղաքացիական բախումների տանող փակուղային իրավիճակ, որը, բացի իր ներազգային ծանր հետևանքներից, ճանապարհ է բացելու թշնամիների ուղիղ միջամտության համար, ինչն իր հերթին հայոց պետականությանը կանգնեցնելու է լինել-չլինելու խնդրականի առջև։ Ուստի ևս մեկ անգամ պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը զերծ մնա բռնության միջոցով իր աթոռը պահելուց ու ներազգային բախումներ հրահրելուց և րոպե առաջ հեռանա։ Ստեղծված իրավիճակում բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում տուրք չտալ բռնության և հակաժողովրդավարական մեթոդներով իշխանության հասնելու հավանական գայթակղությանը, այլ խստորեն մնալ ժողովրդավարության ու ազգային համաձայնության շրջանակներում և քաղաքական կոնսուլտացիաների միջոցով ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր ու դրանց հաշվառմամբ կազմակերպի արտահերթ ընտրություններ։ Մեր ժողովրդին կոչ ենք անում չգնալ Նիկոլ Փաշինյանի հետևից և տուրք չտալ ներազգային բախումների տանող որևէ գործողության։ Ազգային-ժողովրդավարական բևեռը պատրաստ է նպաստել և մասնակցել ստեղծված փակուղային վիճակից Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության շրջանակներում քաղաքական երկխոսության միջոցով դուրս բերելու գործընթացին»։
14:57 - 25 փետրվարի, 2021
ՄԽ համանախագահների հետ հանդիպման չեղարկումը մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին․ Արա Պապյան

ՄԽ համանախագահների հետ հանդիպման չեղարկումը մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին․ Արա Պապյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագաները վերջին օրերին տարածաշրջանային այցեր են իրականացրել․ դեկտեմբերի 12-ին նրանք Ադրբեջանում էին, իսկ երեկ այցելել էին Հայաստան։ ՀՀ վարչապետը նախօրեին ընդունել է համանախագահ երկրների ներկայացուցիչներին ու անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձեւաչափում բանակցությունների վերականգնումը: Իսկ ահա Արցախի նախագահի ու համանախագահների միջեւ նախատեսված հանդիպումը չեղարկվել է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է, որ պատճառը ոչ լիարժեք ձեւաչափն է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։ Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արա Պապյանն Արցախի նախագահի քայլը համարում է Արցախի շահերի դավաճանություն։ Infocom-ի հետ զրույցում Պապյանը մեկնաբանեց, որ անգամ Ալիեւը, որը համարում է, որ հարցը Մինսկի խմբի շրջանակներում չպիտի լուծվի եւ արդեն լուծված է համարում, այսինքն՝ շահագրգռված էլ չէ հանիդպել եռանախագահներին, չհամարձակվեց նրանց հետ չհանդիպել․ հանդիպեց, իր ասելիքն ասաց․ «Հիմա ինչ-որ մի տեղական իշխանիկ, որ իրենից ոչինչ չի ներկայացնում, հրավիրվում է մասնակցել աշխարհի երկու հզորագույն պետությունների ներկայացուցիչների հետ, Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկու երկրների հետ, մարդկանց հետ, որոնք առաջ են տանում հենց Արցախի շահերը, բայց չի գնում հանդիպման, որովհետեւ, ենթադրաբար, ինքը սպասարկում է ՌԴ շահերը։ Պարզ ասվում է, չէ՞՝ հանդիպումը չի կայացել հայկական կողմի նախաձեռնությամբ, քանի որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։ Սրան դավաճանությունից բացի այլ անուն տալ չի լինի, այս դավաճանական վիճակով այդ մարդը չի կարող որեւէ խնդիր լուծել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դա մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին, եւ, ըստ էության, տվեց։ Պապյանի կարծիքով՝ այս քայլի հետեւանքով հարաբերությունները կարող են ավելի վատանալ համանախագահող երկու երկրների հետ, եւ սա այն դեպքում, երբ ինքներս շահագրգռված պիտի լինեինք նրանց հետ հանդիպում ունենալ ու նրանց ներգրավվածությունը հնարավորինս ակտիվացնել։ Ազգային-ժողովրդավարական բեւեռի ու Արա Պապյանի համոզմամբ եւս Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի ձեւաչափում, ինչի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Ադրբեջանը պետք է իր զորքերը եւ վարձկան ահաբեկիչներին դուրս բերի պատերազմի միջոցով գրաված տարածքներից: Ըստ Բեւեռի՝ ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը պետք է որակվի ընդամենը որպես հրադադարի եւ հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, իսկ դրա մնացած դրույթները պետք է դատապարտվեն եւ առոչինչ ճանաչվեն:  Մեր զրույցում Պապյանը կարծիք հայտնեց, որ ՄԽ ձեւաչափը ձախողված չէ, իսկ շրջանառվող պնդումները, թե այսքան տարիներ այդ շրջանակում ըստ էության աշխատանք չի տարվել, դրա համար էլ զարգացումները հանգեցրել են պատերազմի, հիմնավոր փաստարկ չհամարեց․ «Դա ալիեւյան փաստարկ է․ ի՞նչ է նշանակում «այսքան տարիներ»․ 70-ականներից գնում է Կիպրոսի հակամարտությունը, Իսրայելա-արաբական հակամարտությունը՝ տասնյակ տարիներով, սա ամենաթարմ հակամարտությունն է, թող եւս 30 տարի բանակցեին, ո՞վ ասաց՝ պիտի արագ լուծվեր, եւ լուծվեր հօգուտ Ադրբեջանի։ Ընդհակառակը, Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքը ռազմական ճանապարհով է լուծում հարցը՝ ոտնահարելով այսքան տարիների բանակցությունը։ Եւ, փաստացի, Ադրբեջանը ոտնահարել է իր իսկ ստանձնած պարտավորությունները, որովհետեւ բազմիցս է ստորագրել փաստաթուողթ, որտեղ հստակ գրված է եղել, որ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշում։ Առաջինը եղել է ուժի չկիրառումը, այսինքն՝ Ադրբեջանն իր պարտավորություններից հրաժարվել է, եւ եթե հիմա Ադրբեջանին տալ ուժով իր խլածը, նշանակում է խրախուսել միջազգային իրավունքի ոտնահարումը»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ միջազգային իրավունքը քրեական իրավունք չէ, որ ինչ-որ դատաստանագիրք լինի, դրանով պատժեն․ միջազգային իրավունքը պետությունների ստանձնած պարտավորություն է պարունակում։ Եւ, Պապյանի համոզմամբ, եթե նախադեպ է ստեղծվում, որ պետությունը կարող է ստանձնել պարտավորություն, հետո այն ոտանահարել, նշանակում է քանդել այդ ամբողջ իրավական դաշտը․ «Սա շատ վտանգավոր նախադեպ է, եւ դրա համար էլ մենք կարծում ենք, որ պիտի վերադառնանք Մինսկի խմբի ձեւաչափ, կարծում ենք, որ սա խնդրի լուծում չէ, սա պարզապես հրադադար է, եւ այն չի կարող լինել կապիտուլյացիոն փաստաթուղթ, այսինքն՝ որով զուտ ռազմական գործողությունները դադարեցնելու երկկողմ պարտավորությունց ինչ-որ տարածքների հանձնում լինի, սահմանային հարցեր, եւ այլն։ Եթե այդպես է, նշանակում է ոտնահարվում է ոչ միայն միջազգային իրավունքը, այլ նաեւ ՀՀ Սահմանադրությունը․ երկրի ղեկավարն իրավունք ունի միանձնյա միայն հրադադարի պարտավորություն ստանձնել, բայց ոչ այնպիսի պարտավարություններ, որոնք արդեն միջպետական պայմանագրի կարգավիճակ ունեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ միակ ելքը ՄԽ շրջանակներին վերադարձն է․ «Հիմա այսպիսի անարդար իրավիճակ է, ոտնահարվել են մի կողմի իրավունքները՝ այն պատճառով, որ այդ մի կողմն այսօր ավելի թույլ է։ Մենք պիտի ուժեղանանք եւ զենքի ուժով խնդի՞ր լուծենք, սա՞ են ուզում։ Սա բերելու է փակ ցիկլի, մի անգամ մենք ենք ուժեղ լինելու, մի անգամ՝ իրենք․ հարցը պիտի լուծվի բանակցություններով՝ Մինսկի խմբի շրջանակում։ Պիտի վերադառնանք այն կետին, որին կայինք մինչեւ այս պատերազմի սկիզբը։ Պարզապես հայկական կողմը, երբ խոսում է տարածքային ամբողջականության մասին, պիտի անպայման հստակեցնի՝ ինչ տարածքի մասին է խոսքը, արդյոք ՍՍՀՄ վարչական միավորի տարածքը կարո՞ղ է համարվել միջազգային իրավունքի սուբյեկտի տարածք, թե՞ ոչ»։  Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռը եւս այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա։ Արա Պապյանի խոսքով՝ պնդումը, թե հրաժարականը կհանգեցնի իրավիճակի ավելի վատթարացման կամ բախումների, ճիշտ չէ, որովհետեւ Փաշինյանը, հեռանալով վարչապետի պաշտոնից, շարունակելու է մնալ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության առաջնորդը․ «Ինքն է բոլորին բերել այդ խորհրդարան, ինքն էլ բոլորին տիրություն է անում, այնպես որ՝ հանգիստ կարող է խորհրդարանի միջոցով վերահսկել այն անձին, որը կլինի ժամանակավոր վարչապետ՝ մինչեւ խոստացած փոփոխությունները տեղի ունենան, հետո երկիրը կգնա ընտրությունների, եւ դրանով կորոշվի երկրի ճակատագիրը։ Կարծում եմ՝ դա է միակ ելքը, հակառակ դեպքում ճգնաժամային վիճակը շարունակվելու է, եւ երկիրը դուրս չի գալու այդ վիճակից»։ Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ինքը կհեռանա, եթե ժողովրդի հստակ կամարտահայտում լինի, Պապյանն ասաց, որ Փաշինյանը պիտի հստակեցնի՝ ինչ է նշանակում կամարտահայտություն լինի կամ չլինի․ «Ենթադրենք՝ չկա կամարտահայտում, ինքը պարտված վարչապետ չէ՞, ինքը չի ստորագրե՞լ կապիտուլյացիա, ինքը, երկուսուկես տարի լինելով երկրի ղեկավար, կարո՞ղ է նշել մի ոլորտ, որտեղ հաջողություն ենք ունեցել։ Ի վերջո կա սեփական խղճի դատարանի հարցը, սեփական գործունեության գնահատականը։ Անկախ նրանից՝ ժողովուրդն ուզում է, թե չէ, ինքը պիտի հրաժարական տա։ Գամալ Աբդել Նասերը, երբ պարտվեց Իսրայելին, հրաժարական տվեց եւ գնաց, հետո ժողովուրդը կամարտահայտությամբ նրան հետ բերեց, բայց նա ուներ այնքան խիղճ եւ քաղաքական իրատեսություն, որ գնաց։ Ադոլֆ Հիտլերը, երբ պարտվեց, ինքնասպան եղավ, Ճապոնիայի ամբողջ կառավարությունը, երբ պարտվեց, հարակիրի արեց (ճապոներեն՝ փորը կտրել), հունական ռազմական ամբողջ ռազմական ու քաղաքական ղեկավարությունը, երբ պարտվեց, գնդակահարվեց, անգամ Նապոլեոնը, երբ պարտվեց, աքսորվեց սուրբ Հեղինե կղզի։ Այդպիսի բան չկա աշխարհում, որ մեկը պարտվի պատերազմում, այն էլ նման ջախջախից ու խայտառակ ձեւով, շարունակի մնալ իշխանության։ Սա արդեն զավեշտ է»։  Պապյանի խոսքով՝ կա մեկ ձեւ՝ որոշելու, թե ինչպիսին է ժողովրդի կամարտահայտությունը․ գնալ ընտրությունների․ «Գնա ընտրությունների, ժողովուրդը քվեն կտա քեզ՝ կիմանաս, որ չի ուզում գնաս, նորից քեզ կընտրի, չի տա քվեն՝ ուրեմն ուզում է՝ գնաս։ Ընդհանրապես, ցանկացած լուրջ հարցից առաջ կառավարությունը նորից գնում է ժողովրդի մոտ եւ հանրաքվեի եղանակով խնդրում է, որ վերահաստատի իրեն տված լիազորությունները։ Այսօր առանձին հանրաքվեն մեզ համար ծախսաշատ հաճույք է, դրա համար միանգամից ընտրությունով հնարավոր է այդ ամենը հստակեցնել»։  Իսկ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն ու խոստացած բարեփոխումները, Պապյանի համոզմամբ, հնարավոր է կեսից մեկ տարում իրականացնել․ պետք է գա ժամանակավոր վարչապետ, իրականացնի այդ քայլերը, կազմակերպի ընտրություններ։ Եւ պնդումը, թե Փաշինյանի հրաժարականի դեպքում նախկինները կվերադառնան, ըստ մեր զրուցակցի, մանր, գավառական խորամանկություն է․ «Ի վերջո խորհրդարանն է ընտրելու վարչապետ։ Հիմա մի թեկնածություն այդ խմբավորումն է առաջադրել (Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունները,- խմբ․), մի թեկնածու էլ՝ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Կարող է՝ մեկ-երկու թեկնածություն էլ առաջադրի հենց «Իմ քայլը»՝ իր շարքից։ Ընդհանրապես, ճիշտ կլիներ, որ «Իմ քայլը» գտներ տնտեսական շրջանակներում մի ապաքաղական անձի, նրան էլ առաջադրեր։ Թող խորհրդարան ներկայացվեն ժամանակավոր վարչապետի մի քանի թեկնածություններ, խորհրդարանն ընտրի։ Ի՞նչ է, այդ տասնյոթից դուրս այլ մարդիկ չկա՞ն, եւ ես չեմ կարծում, որ խորհրդարանն անպայմանորեն պնդելու է, որ ընտրվի հենց Վազգեն Մանուկյանը։ Ես կարծում եմ՝ եթե թեկնածուն չեզոք լինի, չլինի «Իմ քայլ»-ից ու տասնյոթից, դրան էլ բոլորը կհամաձայնվեն։ Կարեւոր է, որ այդ անձը լինի տնտեսական լավ ղեկավար, որովհետեւ ծանր վիճակ է սպասվում, եւ կարողանա ապահովել օրենսդրական փոփոխություններն ու ընտրությունները»,- եզրափակեց Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արա Պապյանը։ Հայարփի Բաղդասարյան
19:53 - 15 դեկտեմբերի, 2020
Նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օր․ Ազգային ժողովրդական բևեռ

Նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օր․ Ազգային ժողովրդական բևեռ

Հայաստանի ազգային-ժողովրդական նեւեռը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի առթիվ Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի նվիրական օրերից մեկն է՝ հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը:  Հայ իրականության մեջ այն մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր:  Այդուհանդերձ, Ապրիլի 24-ը կորստի օր է, առավելագույնը՝ կորուստը ճանաչել տալու օր: Մինչդեռ, որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն, մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականության մեջ կա՛ այդ օրը։  Հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը:  Նոյեմբերի 22-ի իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի հյուսիս-արևելյան մասը:  Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և ստորագրման պահից մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը. 1) կատարման համար պարտադիր է,2) իրավական տեսանկյունից անբեկանելի է, 3) իրավունքների գոյության առումով անժամանցելի է: Իրավարար վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական Կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի ու Ռումինիայի և նրանց իրավահաջորդների համար, քանի որ կայացվել է նրանց անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա։Իրավարար վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ սահմանված կարգով հաստատված է ԱՄՆ Մեծ կնիքով, ԱՄՆ նախագահի ստորագրությամբ և ԱՄՆ պետքարտուղարի ենթաստորագրությամբ: Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի՝ Իրավարար վճիռն ի կատար ածելը դրա կողմերի,  այսինքն՝ հայցադիմումը ստորագրած բոլոր երկրների, անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը:  Ըստ այդմ, մեր համազգային խնդիրն է՝ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն: Սա ավելի արդիական ու անհրաժեշտ է դառնում ներկա փուլում, երբ հայ ժողովուրդը և հայոց պետականությունը անցնում են մեծ փորձությունների միջով և կանգնած են էլ ավելի մեծ մարտահրավերների առաջ: Նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օր: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի խոսքով ասած՝ հայրենասիրության օր»։
11:46 - 22 նոյեմբերի, 2020
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են։ Այս մասին հայտարարություն է տարածել նախաձեռնող խումբը։ «Այսօր տեղի է ունեցել նոյեմբերի 12֊ին Ազատության հրապարակում կայացած հավաքի տեսանյութի զննություն, ինչպես նաև հարցաքննություններ Քարվաճառ մեկնելու հայտարարության վերաբերյալ։ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ երեկ՝ նոյեմբերի 13֊ին, Քարվաճառ մեկնելու նախաձեռնությունը չեղարկվել է, ինչի մասին տարածվել է պաշտոնական հայտարարություն։ Փաստորեն, դեպքի ակնհայտ բացակայության պայմաններում, արհեստական կերպով նոր դրվագ է ավելացվում քննությանը և դրա վերաբերյալ կատարվում են քննչական գործողություններ»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ նախաձեռնող խումբը հայտարարել էր, որ ձերբակալվել են Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները՝ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը, Տիգրան Խզմալյանը, Արմենակ Կյուրեղյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Եղիշե Պետրոսյանը:  
18:19 - 14 նոյեմբերի, 2020
Ազգային-ժողովրդական բևեռի դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարություններին

Ազգային-ժողովրդական բևեռի դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարություններին

Ազգային-ժողովրդական բևեռի դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարություններին․ «Ազգային-ժողովրդավարական բևեռը մերժում է սույն թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի անունից ընդունած զինադադարի հայտարարությունը, քանի որ այն. 1. հակասում է միջազգային իրավունքին և Հայաստանի Սահմանադրությանը ամբողջությամբ և բացառապես ուղղված է ամբողջատիրական Ադրբեջանի շահերի ու նկրտումների բավարարմանը,2. արձանագրում և լեգիտիմացնում է ահաբեկիչների կիրառմամբ, արգելված զենքերով և պատերազմական հանցագործությունների կատարմամբ ձեռք բերված ռազմական արդյունքները,3. ոտնահարում է Հայաստանի Հանրապետության և Արցախի բնիկ ժողովրդի պատմական, պետական և գոյաբանական շահերը,4. ճանապարհ է բացվում Ռուսաստանի կողմից Հայաստանի լիակատար գաղութացման, իսկ հետագայում՝ Թուրքիայի կողմից նրա ամբողջական զավթման համար,5. Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Մինսկի խմբի համանախագահությանը դուրս մղել արցախյան հարցի լուծման գործընթացից,6. անտեսեց եռանախագահության ընդունած` ուժի կիրառմամբ հակամարտության լուծումը մերժելու հիմնադրույթը։ Ազգային-ժողովրդավարական բևեռը. 1. ողջունում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարող շրջանակների վերապահ վերաբերմունքն այդ հայտարարությանը,2. գտնում է, որ Արցախյան հակամարտության լուծման միակ լեգիտիմ միջազգային իրավասու մարմինը Մինսկի խումբն է՝ հանձինս եռանախագահության,3. կողմ է հակամարտության գոտում բացառապես միջազգային մանդատով խաղաղապահների տեղակայման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկությանը՝ բացառելով Թուրքիայի ներգրավումը։ Ազգային-ժողովրդավարական բևեռը պատրաստ է իր ողջ ներուժով աջակցելու հայկական շահերի հաշվառմամբ խնդրի խաղաղ կարգավորմանը»։
20:54 - 12 նոյեմբերի, 2020
Ձերբակալվել են նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի մամուլի ծառայություն

Ձերբակալվել են նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի մամուլի ծառայություն

Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր ժամը 16:00-ին Ազատության հրապարակում մեկնարկեց Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած հավաքը: Տեղի ունեցած ելույթներից հետո ոստիկանության և ԱԺ բևեռի անդամների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, ավելորդ կրքեր չբորբոքելու նպատակով, նախապես հայտարարված երթը չեղարկել և մեկ ամփոփիչ ելույթից հետո ավարտել հավաքը: Սակայն, երբ Վարուժան Ավետիսյանն իր ամփոփիչ խոսում ժողովրդին իրազեկում էր եթը չեղարկելու մասին՝ հանկարծ ոստիկանության դիմակավորված խմբերը կայծակնային արագությամբ գրոհեցին Ազատության հրապարակը լքել պատրաստվող ժողովրդի ուղղությամբ՝ բռնի ուժով բերման ենթարկելով հավաքի գրեթե բոլոր մասնակիցներին, այդ թվում և կանանց: Ձերբակալվեցին նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները՝ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը, Տիգրան Խզմալյանը, Արմենակ Կյուրեղյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Եղիշե Պետրոսյանը: Մեր տեղեկություններով նախաձեռնող խմբի անդամներն այս պահին գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ մյուս բերման ենթարկվածները Երևանի ոստիկանական տարբեր բաժանմունքներում և քննչական բաժիններում:Վերջիններիս հետ փաստաբաններին հանդիպել առայժմ չի հաջողվել և նրանք շուրջ երկու ժամ է զրկված են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից:Իշխանություններից պահանջում ենք դադարեցնել բռնություններն ու ռեպրեսիվ մեթոդները և շտապ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին»:
19:26 - 12 նոյեմբերի, 2020
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի հանրահավաքի ընթացքում մի խումբ քաղաքացիներ բերման ենթարկվեցին |azatutyun.am|

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի հանրահավաքի ընթացքում մի խումբ քաղաքացիներ բերման ենթարկվեցին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը  պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին նրանք հայտարարեցին Ազատության հրապարակում քիչ առաջ անցկացրած հանրահավաքի ընթացքում: Այս նույն հարթակից, հիշեցնենք, 17 քաղաքական ուժեր ևս երեկ նույն պահանջով հանդես եկան: Նրանց դժգոհության պատճառը նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագիրն է: «Սասնա ծռերից» Արա Պապյանը հայտարարեց, որ վարչապետի հրաժարականին պետք է հաջորդի հակաճգնաժամային կառավարության ստեղծումը: Ավելին, ըստ Արա Պապյանի՝ ազգը պատրաստ էր դիմակայելու, իսկ պետական համակարգը գործեց այլ ուղղությամբ: 17 կուսակցություններն էլ երեկ 4 քայլ էին ներկայացրել, որ առաջարկում են ստեղծված իրավիճակում. քայլ առաջին` Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական է տալիս, երկրորդ` ձևավորվում է հայրենիքի փրկության կոմիտե, երրորդ` Հայաստանը բանակցությունների սեղանին ներկայանում է նոր ազգային դեմքով, չորրորդ` «քայլ առ քայլ կառուցում ենք հզոր հայրենիք»: Հանրահավաքից հետո «Սասնա ծռերի» անդամները ցանկանում էին երթ անցկացնել, ոստիկանությունը նրանց թույլ չտվեց` հիշեցնելով, որ ռազմական դրություն է հայտարարված, որից հետո կազմակերպիչները վերադարձան հարթակ` հայտարարելով, որ երթը չեղարկվում է: Սակայն սրան հետևեց մի շարք քաղաքացիների բերման ենթարկելը ոստիկանների և հատուկ ջոկատայինների կողմից: «Ազատության» հետ զրույցում Արայիկ Պապիկյանը նշեց, որ ենթադրում են` 1-2 սադրիչներ կային մարդկանց մեջ, և նրանց բերման ենթարկելու ընթացքում իրավապահներին, ամենայն հավանականությամբ, հրաման է տրվել բոլորին հեռացնել:
17:31 - 12 նոյեմբերի, 2020