Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Կառավարությունը որդեգրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման ռազմավարություն. Միրզոյան
 |1lurer.am|

Կառավարությունը որդեգրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման ռազմավարություն. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ ու կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «2021 թվականի ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն: Մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը: Միրզոյանի խոսքով՝ 2021 թվականի ընթացքում այս առումով որոշակի հաջողություններ են գրանցվել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2 հանդիպում: «Համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային այսպես ասած՝ «փոքր քայլերով առաջ գնալու» մարտավարության, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա, ապա նաև՝ մեր պնդմամբ արձանագրելով, որ օրակարգում է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը»,- ասաց Միրզոյանը: Արտգործնախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և համանախագահող երկրները 2021 թվականին ընդունել են 11 հայտարարություն, որոնցում հստակորեն արձանագրվել է, որ ԼՂ հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի ոկղմերին հայտնի սկզբունքների տարրերի հիման վրա: «Այս շարքում ուզում եմ առանձնացնել դեկտեմբերի 7-ին նախագահող երկրների 3 արտգործնախարարների համատեղ հայտարարությունը: Այս հայտարարությունը հանրայնացվեց այն բանից հետո, երբ Ստոկհոլմում ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը: Սա, կարծում եմ, էական նրբերանգ է»,- ասաց Միրզոյանը:
15:35 - 21 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտում է ՀՀ ԱԳՆ֊ն: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը նաև իր գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։
14:53 - 21 մարտի, 2022
Տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը. Արարատ Միրզոյան

Տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ։ «Այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը։ Հայաստանն ու Ֆրանկոֆոնիան միավորող մշակութային և պատմական կապերն ամուր են ու անքակտելի և բխում են ֆրանսախոս համայնքում գերակայող փոխադարձ համագործակցության ոգուց։ Այս տարիների ընթացքում մեր երկիրը մեծ ոգևորությամբ է կյանքի կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման, և հանդես է գալիս այդ ուղղությամբ իր ջանքերը շարունակելու վճռականությամբ։ Հայաստանի համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը, և մենք նույն եռանդով շարունակում ենք իրականացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի՝ 2018 թվականին ստանձնած նախագահությունը: Այս նախագահության սահուն ընթացքը, Կազմակերպության արդյունավետ աշխատանքի ապահովումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գաղափարների տարածումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են։ Այս տարի ևս Հայաստանը եռանդուն կերպով ներգրավված է մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպման գործում՝ տոնելու ֆրանկոֆոն մշակույթի հարստությունն ու բազմազանությունը, ինչպես նաև մեր ընդհանուր արժեքները: Այս նպատակով Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ` երկրում գործող ֆրանկոֆոն հաստատությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքների մասնակցությամբ, որոնք իրենց նվիրվածությամբ և ստեղծագործ եռանդով ապահովում են Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջողությունը։ Համոզված եմ, որ այս նախաձեռնությունները թույլ կտան ամրապնդել ֆրանկոֆոն աշխարհը միավորող համերաշխության և բարեկամության կապերը՝ ամրապնդելով մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն մշակույթին: Ամփոփելով՝ բարեհաջող ընթացք եմ մաղթում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին»,- ասված է ուղերձում։  
15:40 - 20 մարտի, 2022
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում, երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
20:44 - 18 մարտի, 2022
ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ օրակարգում միութենական պետությանը մաս կազմելու վերաբերյալ որեւէ քննարկում առկա չէ․ ԱԳՆ

ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ օրակարգում միութենական պետությանը մաս կազմելու վերաբերյալ որեւէ քննարկում առկա չէ․ ԱԳՆ

«ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից այսպես են արձագանքել նախարար Արարատ Միրզոյանին ուղղած մեր հարցադրմանը՝ արդյոք պարոն Միրզոյանը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ է Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ինչո՞ւ։ Ի հավելումն՝ ՀՀ արտաքին գերատեսչությունից նշել են, որ մեր ուղարկած հարցերի շուրջ օրակարգում որեւէ քննարկում առկա չէ։ Ավելի վաղ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ էր խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ էինք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումներին, հարցադրումն անպատասխան թողած կուսակցությունների ցանկին կարող եք ծանոթանալ այս հրապարակմամբ։ Հայարփի Բաղդասարյան
20:18 - 18 մարտի, 2022
Հայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Արարատ Միրզոյան

Հայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ hայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է տարեցտարի աճող երկկողմ առևտրաշրջանառությունը, ինչպես նաև իտալական ներդրումների ծավալը Հայաստանում։ Արարատ Միրզոյանը վճռականություն է հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունները քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու հարցում: Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն, շնորհավորանքներ հղելով ՀՀ ԱԳ նախարարին, իր հերթին նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր զարգանում և ամրապնդվում են հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և քաղաքական երկխոսությունը, որի վառ վկայությունն են բարձրաստիճան փոխայցելությունները։ Լուիջի Դի Մայոն hավելել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև նպաստավոր հարաբերությունները ձևավորում են կայուն առևտրատնտեսական և մշակութային կապեր, որոնք համալրվում են տարբեր ոլորտներում  առկա համագործակցությամբ։
15:50 - 18 մարտի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի հետ և ելույթ ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդում

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի հետ և ելույթ ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։  Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ: Այս համատեքստում, որպես համագործակցության զարգացման արդյունավետ գործիք, կարևորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը։ «Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած մասնակցությանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրմանը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։ Արարատ Միրզոյանը և Միրչա Ջոանան նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է անցած 30 տարիների ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռնակարներին ու հնարավորություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի:
21:16 - 17 մարտի, 2022
Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները

Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները

Մարտի 16-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության և հաղորդակցության ոլորտներում: Նա նշել է նաև, որ Հայաստանը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, շարունակում է հավատարիմ մնալ համաշխարհային խաղաղության առաջմղմանը, զարգացմանը և արդյունավետ բազմակողմանիությանը, որոնք Կազմակերպության հիմնասյուներն են: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանը և ինքնության խեղաթյուրմանը: Այդ համատեքստում նախարար Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել այդ նպատակով Ադրբեջանում պետական աշխատանքային խմբի ստեղծման փաստին: Ընդգծվել է նաև, որ այս գործողությունները բացահայտորեն դեմ են գնում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ կայացված որոշմանը։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտության և հակամարտության գոտում անխոչընդոտ ներգրավվածության հրատապությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի պատմամշակութային կոթողների պահպանման և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։ Ընդգծվել է «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության առաջնահերթ իրականացումը:
22:50 - 16 մարտի, 2022
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններին. ԱԳ նախարարը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններին. ԱԳ նախարարը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 16-ին Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ ՀՀ ԱԳ նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում իրավիճակի էսկալացիային ուղղված գործողություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքների վերականգնման հարցում խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։ «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ զերծ մնալու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման փորձերից: Շեշտվել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորմանը և պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իր ելույթում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած բազում մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակից մինչև 2020թ. 44-օրյա պատերազմ՝ Հայաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների շարունակական գործընթացին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի արժեքների վրա։
19:39 - 16 մարտի, 2022
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը․ Արարատ Միրզոյանը՝  թուրքական «Անադոլու» գործակալությանը

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը․ Արարատ Միրզոյանը՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը, որը ներկայացված է ստորև. Ի՞նչ կցանկանայիք նշել Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին Ձեր մասնակցության մասին: Նախ, ցանկանում եմ հիշեցնել նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած զարգացումների կարևոր դրվագները։ Երկու երկրների ղեկավարները՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը, հրապարակային հայտարարություններ էին փոխանակել՝ երկու երկրների միջև բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնելով։ Ավելի ուշ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին։ Նրանք արդեն երկու հանդիպում են ունեցել, համապատասխանաբար՝ Մոսկվայում և Վիեննայում, որոնց ընթացքում պայմանավորվել են շարունակել առանց նախապայմանների բանակցությունները՝ միտված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը: Ես Անթալիա այցելեցի և մասնակցեցի Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացը: Ընդհանուր առմամբ, մենք այն դրական ենք գնահատում։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար: Մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներից։ Սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և, ընդհանրապես, տարածաշրջանում կայունության վրա։ Թուրքիայի և Հայաստանի միջև փոխադարձ պաշտոնական այցեր կլինե՞ն։ Դուք թուրք պաշտոնյաներին Հայաստան այցելելու հրավեր ուղարկե՞լ եք կամ հրավեր ստացե՞լ եք այցելելու Թուրքիա։ Ընդգծեմ, որ սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին տասնամյակում։ Ավելորդ է նշել, որ եթե կարգավորման գործընթացը հարթ ընթանա և մենք հասնենք դրական արդյունքների, կարող են փոխայցելություններ լինել։ Ի՞նչ կարող եք ասել մեզ կարգավորման գործընթացի վերաբերյալ հայ ժողովրդի մոտեցման մասին: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։ Երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Նախարար Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն։
21:15 - 15 մարտի, 2022
Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ

Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում հստակ և հետևողական է: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք կարիք չունենք կրկնելու այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք։ Հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման և հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ Ադրբեջանը առաջարկներ է ներկայացրել այդ կապակցությամբ և պատրաստ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Եթե ​​Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ ցույց տա իր պատրաստակամությունը՝ սկսելու կոնկրետ և արդյունքի միտված բանակցություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ ավելի վաղ Արարատ Միրզոյանը անդրադարձել էր խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել էր Ադրբեջանը:
19:18 - 15 մարտի, 2022
Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։ Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։ Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։ Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։ Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։ Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։ Ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները։ Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։
10:46 - 15 մարտի, 2022
Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:   Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ:   Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:
16:13 - 12 մարտի, 2022
Վերահաստատել ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին |armenpress.am|

Վերահաստատել ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուսն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին Միրզոյանն ասել է հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար: «Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին: Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է Միրզոյանը: Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ  մոտ ապագայում դրական արդյունքները տեսանելի կլինեն: «Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում: Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ և կայուն տարածաշրջան, կա»,- եզրափակել է Միրզոյանը:
15:12 - 12 մարտի, 2022
Միրզոյանը և Չավուշօղլուն խոսել են հանդիպման արդյունքների մասին |armenpress.am|

Միրզոյանը և Չավուշօղլուն խոսել են հանդիպման արդյունքների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին: «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպումը որակել է «շատ կառուցողական ու արդյունավետ»: «Քննարկվել են քայլեր՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նշվում է, որ Միրզոյանը հաստատել է Հայաստանի վճռականությունը «հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու հարցում»:
14:11 - 12 մարտի, 2022
Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը |hetq.am|

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ այս օրերին ընթանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։ Այդ մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը։ Հանդիպումը կայանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Երևանն ու Անկարան քննարկում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։  Նախապես կողմերը պաշտոնապես չէին հայտարարել կայանալիք հանդիպման մասին։ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են երկու անգամ՝ Մոսկվայում և Վիեննայում։
13:39 - 12 մարտի, 2022