Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Էրդողանը հայտարարել է, որ խզում է կապերը Իսրայելի վարչապետի հետ
 |azatutyun.am|

Էրդողանը հայտարարել է, որ խզում է կապերը Իսրայելի վարչապետի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ խզում է կապերը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով։ «Նեթանյահուն այլևս որևէ մեկը չէ, ում հետ մենք կարող ենք խոսել, մենք նրան դուրս ենք գրել», - Աստանայից Թուրքիա վերադառնալու ճանապարհին նախագահական օդանավում ասել Էրդողանը լրագրողներին, հավելելով, թե ջանքեր կգործադրվեն, ամեն ինչ կանի Իսրայելի կողմից մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների գործը Միջազգային քրեական դատարան հասցնելու համար։ «Մեր համապատասխան գերատեսչությունները, մասնավորապես, Արտգործնախարարությունը կանի այդ աշխատանքը», - նշել է Թուրքիայի ղակավար։ Էրդողանը միաժամանակ ասել է, որ կապերը լիովին խզել հնարավոր չէ, հատկապես միջազգային դիվանագիտության մեջ։ Նա հայտնել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը գլխավորում է Թուրքիայի միջնորդական ջանքերը պատերազմը ավարտելու համար։ Նա բանակցում է իսրայելական կողմի, ինչպես նաև Պաղեստինի ու «Համաս»-ի հետ։ Իսկ Նեթանյահուն, Էրդողանի խոսքերով՝ կրում է բռնության գլխավոր պատասխանատվությունը և կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը։ Էրդողանը հայտարարել է, որ բախումներից հետո Թուրքիան պատրաստ է Գազայի համար հանդես գալ որպես երաշխավոր երկիր։ Միեւնույն ժամանակ Թուրքիան հետ է կանչել Թել Ավիվում Անկարայի դեսպան Շաքիր Թորունլարին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների համար։
17:04 - 04 նոյեմբերի, 2023
Իսրայելի բանակի և պաղեստինյան դիմադրության ուժերի միջև կատաղի բախումներ են Գազայի հյուսիսում և Հորդանան գետի արևմտյան ափին |1lurer.am|

Իսրայելի բանակի և պաղեստինյան դիմադրության ուժերի միջև կատաղի բախումներ են Գազայի հյուսիսում և Հորդանան գետի արևմտյան ափին |1lurer.am|

1lurer.am: Արաբական լրատվամիջոցները գրում են, որ իսրայելական բանակի և պաղեստինյան դիմադրության մարտիկների միջև կատաղի բախումներ են Գազայի հատվածի հյուսիսում՝ Էրեզ անցակետի մոտ և Հորդանան գետի արևմտյան ափին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կարևոր հենակետի գրավման մասին։ ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ հայտնաբերվել են հետախուզության համար արժեքավոր նյութեր: Ըստ իսրայելական կողմի՝ պատասխան հարվածներ են հասցվել նաև Լիբանանի տարածքին: Al Jazeera-ն տեղեկացրել է, որ Իսրայելը հարվածել է Գազա քաղաքի՝ ՄԱԿ-ին պատկանող կրթական հաստատությանը, որտեղ հազարավոր փախստականներ են եղել, կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Պաղեստինյան Կարմիր մահիկն էլ հայտնել է իսրայելական ուժերի կողմից Ալ-Շիֆա հիվանդանոցի շտապօգնության մեքենաների թիրախավորման մասին, նշվում է, որ մեքենաները վիրավորների էին տեղափոխում Եգիպտոսի հետ սահման: Հայտնի է տասնյակ զոհերի և վիրավորների մասին: ՑԱԽԱԼ-ը հայտարարել է՝ հարվածել են շտապօգնության մեքենաներին, քանի որ դրանք տեղափոխել են ոչ թե քաղաքացիական անձանց, այլ ՀԱՄԱՍ-ի զինյալների: Իսրայելի բանակը հիշեցրել է՝ բազմիցս զգուշացրել են խաղաղ բնակիչներին՝ լքել ռազմական գործողությունների գոտին: Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն էլ հայտարարել է, որ պաղեստինցիների տառապանքը կավարտվի, երբ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի։
14:48 - 04 նոյեմբերի, 2023
Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ․ Հասան Նասրալլա

 |factor.am|

Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ․ Հասան Նասրալլա |factor.am|

factor.am: Լիբանանի «Հըզբոլլահ» արմատական խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ դիմել է Լիբանանում և ամբողջ աշխարհում իր կողմնակիցներին: Նա ՀԱՄԱՍ-ի հարձակումը 100 տոկոսով պաղեստինյան գործողություն է անվանել, սակայն չի բացառել ապագայում «Հըզբոլլահի» զինյալների և Իսրայելի միջև հակամարտության սրման հավանականությունը: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Հասան Նասրալլան գովաբանել է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար՝ հայտարարելով, որ զինյալները գործել են «ճիշտ, իմաստուն և արդար»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Եմենում և Իրաքում ծայրահեղական խմբավորումներին՝ Իսրայելի դեմ իրենց պայքարին մասնակցելու համար: «Հըզբոլլահը» Լիբանանի ամենամեծ ռազմաքաղաքական ուժն է։ ԱՄՆ-ը և Արևմուտքի այլ երկրներ այն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել ։ Այս պահին «Հըզբոլլահի» զինյալները հարձակումներ են իրականացնում իսրայելցի զինվորականների վրա լիբանանա-իսրայելական սահմանին և գնդակոծում Իսրայելի տարածքը: Բախումները գնահատվում են բավականին ինտենսիվ, ՑԱԽԱԼ-ը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել իր հյուսիսային սահմանների մոտ, սակայն մինչ օրս չի համարվում, որ «Հըզբոլլահ»-ը  ՀԱՄԱՍ-ի կողմից պաշտոնապես պատերազմի մեջ է մտել Իսրայելի դեմ: Ա մեն ինչ կարող էր փոխվել Նասրալլայի երկար սպասված ելույթից հետո, բայց կարծես թե լիբանանյան խմբավորումը պատրաստ չէ բարձրացնել հակամարտության  խաղադրույքները: Շիա խմբավորման առաջնորդի ելույթը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Իսրայել այցի հետ։ Շեյխ Հասան Նասրալլայի խոսքերով՝ Իսրայելի կանխարգելիչ հարվածը Լիբանանին կլինի Իսրայելի ամենամեծ սխալը իր գոյության ամբողջ ընթացքում: Նա հավելել է, որ իր գլխավորած «Հըզբոլլահ» շարժման գործողությունները ստիպել են ՑԱԽԱԼ-ին ուժերի մի մասը տեղափոխել Լիբանանի հետ սահման: «Ոմանք ասում են, որ «Հըզբոլլահը» պատրաստվում է պայքարի մեջ մտնել։ Ես ձեզ ասում եմ՝ մենք այդ մարտը վարում ենք հոկտեմբերի 8-ից։ Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ, բայց ես կարող եմ ձեզ ասել, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով, մեծ նշանակություն ունի, և դա վերջը չէ»,- հայտարարել է Նասրալլան։ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իր առաջին հրապարակային հայտարարության մեջ Նասրալլան նաև հայտարարել է, որ «Հըզբոլլահ» շարժումը, իբր, ոչինչ չի իմացել ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի հարձակմանը նախապատրաստվելու մասին:
10:53 - 04 նոյեմբերի, 2023
Պաղեստինի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ |news.am|

Պաղեստինի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ |news.am|

news.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում իրավիճակի վատթարացումը։ Պոնտիֆիկոսը «խորը տխրություն է հայտնել քաղաքացիական զոհերի համար և վստահեցրել է, որ առաջիկայում կապի մեջ կմնա նախագահ Աբասի հետ՝ հետագա խորհրդակցությունների և օգնության համար», հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Հռոմի պապն ընդգծել է «խաղաղության հասնելու և պատերազմի ավարտի կարևորությունը [Մերձավոր Արևելքում] և ամբողջ աշխարհում, ինչպես նաև բոլորին ժամանակին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտությունը»: Իր հերթին, Աբասը մատնանշել է Գազայի հատվածում հրադադարի հասնելու Վատիկանի ջանքերի կարևորությունը։ «Նախագահ Աբասը շեշտեց Վատիկանի շարունակական ջանքերի կենսական նշանակությունը՝ զինադադարի հասնելու  և Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի անհապաղ դադարեցման: Նա ընդգծել է խաղաղ բնակիչներին պատերազմի սարսափներից խնայելու անհրաժեշտությունը, հատկապես հաշվի առնելով Իսրայելի դաժան հարձակումները Գազայի հատվածում անմեղ խաղաղ բնակիչների վրա», - հաղորդում է WAFA-ն:
11:32 - 03 նոյեմբերի, 2023
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է Գազա քաղաքի շրջափակման մասին |panorama.am|

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է Գազա քաղաքի շրջափակման մասին |panorama.am|

panorama.am: Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժերն այս պահին գտնվում են Գազայի հատվածի վարչական կենտրոնի տարածքում և շրջապատում են այն մի շարք ուղղություններից: Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին, փոխանցում է «Իզվեստիա»-ն։ «Մեր զինվորներն այժմ արդեն Գազա քաղաքում են՝ շրջապատելով այն մի քանի կողմերից, և ես տեսնում եմ, թե ինչպես ենք մենք առաջընթաց գրանցում: Մենք ստիպված ենք կռվել շատ ծանր իրավիճակում՝ խիտ բնակեցված, կառուցապատված տարածքում»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-ի ալիքում։ Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը հայտնել էր Գազայի հատվածի հյուսիսում մի քանի ահաբեկչական բջիջների հետ բախման մասին: Նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել են տասնյակ ահաբեկիչներ։ Զինծառայողները նաև հարված են հասցրել ջոկատին, որը նախատեսում էր հակատանկային հրթիռներ արձակել իսրայելցիների ուղղությամբ: 
09:32 - 03 նոյեմբերի, 2023
Ջաբալիա ճամբարի վրա հարձակումների հետևանքով, ըստ ՀԱՄԱՍ-ի տվյալների, զոհվել է մոտ 200 մարդ |shantnews.am|

Ջաբալիա ճամբարի վրա հարձակումների հետևանքով, ըստ ՀԱՄԱՍ-ի տվյալների, զոհվել է մոտ 200 մարդ |shantnews.am|

shantnews.am: Առնվազն 195 մարդ է զոհվել, ևս 777-ը վիրավորվել է երեքշաբթի և չորեքշաբթի Գազայի հատվածում գտնվող Ջեբալիա ճամբարին իսրայելական բազմակի հարվածների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ շարժմանը։ «Առնվազն 195 պաղեստինցի է զոհվել երեքշաբթի և չորեքշաբթի Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Մոտ 120 մարդ անհետ կորել է, եւս 777-ը վիրավորվել է։ CNN-ը, հղում անելով Գազայի հատվածում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի տնօրենին, ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Գազայի Ջաբալիա ճամբարին իսրայելական նոր հարվածի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը չորեքշաբթի նախազգուշացրել է, որ իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում փախստականների Ջաբալիա ճամբարի գնդակոծումը կարող է համարվել ռազմական հանցագործություն:
10:34 - 02 նոյեմբերի, 2023
Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք. Սպիտակ տունը՝ Գազայում իրավիճակի մասին |tert.am|

Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք. Սպիտակ տունը՝ Գազայում իրավիճակի մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի մասին գլոբալ կոչերը՝ պնդելով, որ դա «այժմ ճիշտ պատասխանը» չէ։ Այս մասին գրում է BBC-ն:«Մենք չենք կարծում, որ հրադադարը հենց հիմա ճիշտ պատասխանն է: Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին: Քիրբին այս մասին ասել է երկուշաբթի՝ հրադադարի փոխարեն առաջարկելով «դադարներ»՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար: Ներկայում Գազայի 2,2 միլիոն բնակչի համար սննդի, ջրի, վառելիքի և դեղորայքի մատակարարումները վտանգավոր աստիճանի քիչ են: Սակայն Իսրայելը երեկ երեկոյան  հայտարարել է, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կազմաքանդվել, զինադադար չի լինի:«Հրադադարի կոչերը կոչ են Իսրայելին՝ հանձնվելու ՀԱՄԱՍ-ին, հանձնվելու ահաբեկչությանը... դա տեղի չի ունենա», - ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
11:36 - 31 հոկտեմբերի, 2023
Իսրայելը դժգոհ է. ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
 |tert.am|

Իսրայելը դժգոհ է. ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ |tert.am|

tert.am: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կիրակի կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ բողոքելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ժամանակ Մոսկվայի պահվածքից, գրում է timesofisrael.com։ Իսրայելի ԱԳՆ-ի Եվրոպա-Ասիայի բաժնի փոխտնօրեն Սիմոնա Հալպերինը Մոսկվայի դեսպան Անատոլի Վիկտորովին ասել է, որ Իսրայելը «լուրջ է վերաբերվում» այն փաստին, որ Մոսկվան հստակ և միանշանակ չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ռուսաստանը Մոսկվայում հյուրընկալել է  ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին։ «ՀԱՄԱՍ-ի՝  հոկտեմբերի 7-ի ահաբեկչության, պատանդների առևանգման և ավելի քան 1400 իսրայելցիների սպանության համար անմիջականորեն պատասխանատու առաջնորդներին հյուրընկալելն Իսրայելի դեմ ահաբեկչության օրինականության մեսիջ է ուղարկում», - ասել է Հալպերինը Վիկտորովին: Անցյալ հինգշաբթի Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի գործիչների հետ:
12:36 - 30 հոկտեմբերի, 2023
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսին՝ ընդլայնելով ցամաքային գործողությունը
 |armenpress.am|

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսին՝ ընդլայնելով ցամաքային գործողությունը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի զինված ուժերը վաղ առավոտյան օդային և հրետանային ինտենսիվ հարվածներ են հասցրել հյուսիսային Գազային, իսկ իսրայելական զորքերը, տանկեր գործի դնելով, սեղմել են օղակը դեպի Գազայի հատված։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակել է ընդլայնել իր ցամաքային գործողությունը և ավելի քան 600 ռազմական թիրախ է խոցել Գազայի հատվածում, որտեղ շրջափակված պաղեստինցիները վառելիքի, սննդի և մաքուր ջրի խիստ պակաս ունեն։ Ըստ ԻՊԲ-ի՝ իսրայելական կողմը սպանել է «տասնյակ ահաբեկիչների, որոնք բարիկադավորվել են շենքերում և թունելներում և փորձ են արել հարձակվել զորքերի վրա»։ Պաղեստինյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իսրայելի ավիահարվածներից տուժել են Գազայի Շիֆա և Ալ-Քուդս հիվանդանոցները, իսկ պաղեստինյան զինյալները իսրայելական ուժերի հետ բախվել են Գազայի հարավային Խան Յունիս քաղաքի սահմանի մոտ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այս բախումների վերաբերյալ մեկնաբանություն չի արել։ Ավելի վաղ Իսրայելը Գազայի արևմտյան հատվածում տեղակայված մարտական տանկերի լուսանկարներ էր տարածել, իսկ երկրի կառավարությունը կարգադրել էր ընդլայնել ցամաքային գործողությունները։ Reuters-ը հաղորդում է, որ այս ընթացքում Գազայում բավական շատ են լինում հեռախոսային և ինտերնետային կապի խափանումները, իսկ Իսրայելի բանակի գործողությունների մասին շատ մանրամասներ չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8005-ի, նրանց թվում կա 3324 երեխա։ 
11:22 - 30 հոկտեմբերի, 2023