Հնդկաստան

Հնդկաստանում հայտարարել են, որ G20-ի ԱԳՆ ղեկավարները փոխհամաձայնության են հասել կարևոր շատ հարցերի շուրջ |armenpress.am|

Հնդկաստանում հայտարարել են, որ G20-ի ԱԳՆ ղեկավարները փոխհամաձայնության են հասել կարևոր շատ հարցերի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Մեծ քսանյակի (G20) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Նյու Դելիում կայացած հանդիպման արդյունքներով փոխհամաձանության են եկել կարևոր շատ հարցերի շուրջ, ընդունվել են նախագահի ամփոփագիրը և վերջնական փաստաթուղթը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք համաձայնեցրինք ընդհանուր դիրքորոշումը, ըստ որի  Մեծ քսանյակը փոխհամաձայնության է եկել կարևոր շատ հարցերի շուրջ», - ասել է նա՝ հավելելով, որ կողմերն ընդունել են «նախագահի ամփոփագիրը և վերջնական փաստաթուղթը», որոնք արտացոլում են ձեռք բերված համաձայնությունները։ Ջայշանկարը նաև հայտնել է, որ G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունում Հնդկաստանը՝ որպես նախագահող, «ուշադրությունը կենտրոնացրել է» Աշխարհաքաղաքական Հարավի (Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, Օվիանիա) խնդրահարույց երկրների վրա։ Մարտի 1-2-ը Հնդկաստանի մայրաքաղաքում կայացել է G20-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների գագաթնաժողովը: Հանդիպմանը քննարկվել են պարենային և էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման նպատակով համագործակցության, ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, նոր և առաջացող սպառնալիքների, տարերային աղետների ժամանակ հումանիտար և այլ օգնության, ինչպես նաև մյուս երկրների համար Ուկրաինայում տիրող իրադրության հետևանքների հարցերը:
17:41 - 02 մարտի, 2023
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Հակոբ Արշակյան

Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Հակոբ Արշակյան

 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: «Բարձր ենք գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, եւ հնդկական կողմի հնչեցրած դատապարտումը՝ կապված անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի եւ դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման հետ: Բարձր ենք գնահատում նաեւ Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ, ի լրումն արդեն իսկ առկա դժվարությունների, ներկայումս մենք բախվում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության, շարունակական սադրանքների, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ձգտումների: Պատերազմ հրահրող հռետորաբանությունը, Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները եւ ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը»,- փաստել է Հակոբ Արշակյանը: ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հնդկաստանը գլոբալ եւ տարածաշրջանային կայունության կարեւոր հենարան է, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզներում: Հայաստանը սատարում է Հնդկաստանին՝ բարեփոխումների ընթացիկ ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամություն ստանալու հարցում: «Հայաստանը գնահատում է Հնդկաստանի հավասարակշռված եւ կայունացնող դիրքորոշումը գլոբալ ցնցումների այս ժամանակներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունն այս ուղղությամբ վառ օրինակ է, եւ մենք հուսով ենք, որ G-20-ում եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հնդկաստանի շարունակական նախագահությունը նույնքան ներդրում կունենա տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության եւ կայունության մեջ»,- ասել է Հակոբ Արշակյանը: Անցյալ տարի նշվել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անդրադառնալով պատմությանը՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հույն պատմաբան եւ քաղաքական գործիչ Քսենոփոնը գրում է հայերի մասին Հնդկաստանում դեռեւս մ.թ.ա. 430-350 թվականներին: ԱԺ փոխնախագահի խոսքով մեր ժողովուրդների միջեւ ավանդաբար ջերմ հարաբերությունների եւ փոխադարձ աջակցության խորհրդանիշն են նաեւ Հնդկաստանի տարբեր քաղաքներում հիմնված հայկական եկեղեցիներն ու կրթամշակութային կազմակերպությունները: «Երկու երկրների հարաբերությունները շարունակաբար ամրապնդվել են 30 տարիների ընթացքում, իսկ վերջին երեք տարիները մեր հարաբերություններում նշանավորվել են ահռելի զարգացման միտումով»,- նկատել է ԱԺ նախագահի տեղակալը: Նա արձանագրել է երկու երկրների միջեւ ընթացող բարձր մակարդակի քաղաքական փոխգործակցությունը. 1964 թվականին Հնդկաստանի նախագահ Սարվեպալի Ռադհակրիշնանը, 1976 թվականին վարչապետ Ինդիրա Գանդին պատմական այց են կատարել Հայաստան, ինչպես նաեւ 1995 թվականին եւ 2003 թվականին Հայաստանի Հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահների այցը Հնդկաստան: 2021 թվականին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը կարեւոր այց է կատարել Հայաստան, որին հաջորդել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը նոր լիցք է հաղորդել արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմին, եւ հաջողվել է կազմակերպել առեւտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում համագործակցություն: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արձանագրել է տնտեսական ոլորտում դրական դինամիկան. «Պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն էապես աճել են: 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 128,5 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ 2021 թվականին այն արդեն 216,1 մակարդակի վրա էր, իսկ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին այդ ցուցանիշը հասել է 315,4 մլն ԱՄՆ դոլարի: Սակայն այս թվերը չեն արտացոլում մեր երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ամբողջ ներուժը, եւ մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք ապրանքաշրջանառության ծավալների մեծացում»,- նշել է Հակոբ Արշակյանը:  
15:29 - 02 մարտի, 2023
Հնդկաստանում մեկնարկել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա գագաթնաժողովը
 |armenpress.am|

Հնդկաստանում մեկնարկել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա գագաթնաժողովը |armenpress.am|

armenpress.am: Նյու Դելիում մեկնարկել է Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովը: Աշխարհի առաջատար 20 երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի հարցը կլինի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Պարբերականը նշում է, որ դիվանագետները կքննարկեն, թե ինչպես են Եվրոպայում ընթացող ռազմական գործողություններն ազդում ամբողջ աշխարհի վրա և ինչպիսի լրացուցիչ դժվարությունների հետ են բախվում աղքատ զարգացող երկրները: Հաղորդվում է, որ գագաթնաժողովի ընթացքում լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած կլինի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վրա: Նրանք վերջին անգամ նույն տարածքում են գտնվել անցյալ տարվա հուլիսին՝ Բալիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Ըստ ականատեսների՝ Լավրովը դուրս էր եկել սենյակից, երբ հայտնվել էր Բլինքենը: Հնդկական կողմի հրավերով գագաթնաժողովին կմասնակցեն նաև 20 երկրների ներկայացուցիչներ, որոնք չեն մտնում G20-ի մեջ: Գագաթնաժողովի օրակարգում ներառված են նաև այլ հարցեր, մասնավորապես՝ համաշխարհային տնտեսական աճը, ինֆլյացիան, էներգակիրների և պարենամթերքի գների աճը, ինչպես նաև ամբողջ աշխարհում ապրանքների և ծառայությունների պահանջարկի նվազումը: Գագաթնաժողովից առաջ Հնդկաստանի Բանգալոր քաղաքում հանդիպել էին G20-ի ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները: Նրանց քննարկման հիմնական թեման էր ռուս-ուկրաինական հակամարտությունում Արևմուտքի և Ռուսաստան-Չինաստան դաշինքի միջև ուժերի հավասարակշռությունը, սակայն մասնակիցները չէին կարողացել համաձայնեցնել համատեղ կոմյունիկե:
15:23 - 01 մարտի, 2023
Բլինքենը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան 
 |factor.am|

Բլինքենը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2023 թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը կմեկնի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Տեղեկացվում է, որ փետրվարի 28-ին Աստանայում նա կհանդիպի Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «խորացնելու երկկողմ համագործակցությունը»։ Ղազախստանի ԱԳՆ-ն հստակեցրել է, որ Բլինքենին կընդունի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բանակցություններ են նախատեսվում Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ։ Նույն օրը Բլինքենի մասնակցությամբ Աստանայում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների նախարարական հանդիպումը C5+1 ձևաչափով (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան՝ գումարած ԱՄՆ): Ըստ Պետքարտուղարության՝ հանդիպումը «կենտրոնացված կլինի ԱՄՆ-ի և ասիական հինգ պետությունների միջև տնտեսական, էներգետիկ, բնապահպանական և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վրա»։ Նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի «բարձրաստիճան պաշտոնյաների» հետ՝ քննարկելու «երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները և առաջ մղելու բարեկեցիկ, անվտանգ և ժողովրդավարական տարածաշրջան ստեղծելու ընդհանուր նպատակը»։  Շարունակությունը՝ factor.am-ում
17:48 - 24 փետրվարի, 2023
Երևանում Հնդկաստանի քաղաքացուց գողությամբ և ավազակությամբ  հափշտակել են ավելի քան 75 000 ԱՄՆ դոլար. քրեական գործը դատարանում է

Երևանում Հնդկաստանի քաղաքացուց գողությամբ և ավազակությամբ հափշտակել են ավելի քան 75 000 ԱՄՆ դոլար. քրեական գործը դատարանում է

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ Երևանում կատարված ավազակության, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով իր հասակակից ընկերոջ հետ, 2022 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գազի կաթսան վերանորոգելու պատրվակով այցելել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից Երևանում վարձակալած բնակարան: 23-ամյա երիտասարդը կատարել է վերանորոգման աշխատանքներ, իսկ հասակակից ընկերը օգտվելով տանտիրոջ ժամանակավոր բացակայությունից՝ սկսել է գումար փնտրել։ Սենյակներից մեկում կախված կոստյումի ծոցագրպանում նա հայտնաբերել է փաթեթավորված գումար, որի մի մասը՝ շուրջ 30.000 ԱՄՆ դոլլար, հափշտակելով, ընկերոջ հետ անմիջապես  հեռացել են՝ այդ կերպ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով  վնաս: Շանունակելով հանցավոր մտադրությունը՝ 23-ամյա երիտասարդի ընկերը նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է Երևան քաղաքի բնակիչ իր 30-ամյա մեկ այլ ընկերոջ ավազակությամբ հափշտակել հիշյալ բնակարանում եղած գումարի մնացած մասը: Օրեր անց, վերջիններս երկուսով դիմակավորված, օդաճնշիչ ատրճանակով զինված, այցելել են վերոհիշյալ բնակարան, որտեղ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ տանտիրոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են գումար։ Վերջինս իր մոտ եղած 60.000 ՀՀ դրամը տվել է նրանց, ինչից հետո, նախապես տեղյակ լինելով բնակարանում ավելի մեծ գումարի առկայության մասին, 23-ամյա երիտասարդն իրեն հայտնի վայրից՝ պահարանում կախված կոստյումի ծոցագրպանից հայտնաբերել ու հափշտակել է մնացած՝ շուրջ 45.000 ԱՄՆ դոլար գումարը: Հնդկաստանի քաղաքացին փորձել է դիմադրել և խլել նշված գումարը, սակայն բռնություն գործադրելով՝ վերջինիս հրել, գցել են մահճակալի վրա, գոտիով կապել ոտքերը և բնակարանի մուտքի դուռը դրսից փակելով դիմել փախուստի: Ձեռք բերված բավարար փաստերի համադրությամբ՝ 23-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով գողություն)), 23-ամյա մյուս երիտասարդին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ (առանձնապես խոշոր չափերով գողություն) և 4-րդ կետերին (բնակարան ապօրինի մուտք գործելով՝ առանձնապես խոշոր չափերով ավազակություն), իսկ 30-ամյա տղամարդուն՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գողություն): Երեք մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:35 - 17 փետրվարի, 2023
Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է. Վահագն Խաչատուրյան

Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանի ներդրած ջանքերը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության առավել մեծ ներուժ ունեցող ծրագրերն ու նախաձեռնությունները: Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է, որի հետ փոխգործակցությունը խորացման մեծ պոտենցիալ ունի բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում:Դեսպան Դեվալն իր շնորհակալությունն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ դիվանագիտական առաքելությունն ավարտում է իր սրտում ունենալով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ զգացմունքներ:Հնդկաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահին բարձր գնահատականի համար և շեշտել, որ իր բոլոր ջանքերը ներդրել է հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար:Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է առաջիկայում էլ քայլեր ձեռնարկել քաղաքական բարձր մակարդակի երկխոսության զարգացման և բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման ուղղությամբ: Այս կապակցությամբ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքների ներդրման հարցին:
16:54 - 16 փետրվարի, 2023
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը կարևորել է դեսպան Դևալի կողմից հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Արդյունավետ գնահատելով տնտեսության, տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում գործակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժի շարունակական իրացմամբ: Վարչապետը նաև ջերմությամբ հիշատակել է 2019թ. Նյու Յորքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած հանդիպումը: Հնդկաստանի դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ բարձր գնահատականի համար և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի և երկկողմ օրակարգի շուրջ:
16:30 - 14 փետրվարի, 2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունը մեզ հույս է ներշնչում. Փաշինյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունը մեզ հույս է ներշնչում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ այդ երկրի օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ: Հնդկաստանը, լինելով ժողովրդավարական արժեքներ կրող հազարամյա քաղաքակրթություն, ներկայումս մեծ դեր ունի գլոբալ մարտահրավերներին արձագանքելու օրակարգի ձևավորման գործում: Այս իմաստով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունն ակնառու օրինակ է, ինչը մեզ հույս է ներշնչում, որ Մեծ քսանյակում Հնդկաստանի նախագահությունը նույնպես կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերություններն ընդլայնվում և խորանում են, ինչպես նաև նախանշվում են համագործակցության զարգացմանը նպաստող նոր շրջանակներ և ուղղություններ, որոնք բարձրացնում են մեր գործակցությունն իրապես նոր որակական մակարդակի: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
11:07 - 26 հունվարի, 2023
Ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ աշխատակիցները Հնդկաստանի քաղաքացիներին բահեր են տվել ու ստիպել փորել իրենց գերեզմանը․ գործի քննությունը կվերսկսվի Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ
 |factor.am|

Ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ աշխատակիցները Հնդկաստանի քաղաքացիներին բահեր են տվել ու ստիպել փորել իրենց գերեզմանը․ գործի քննությունը կվերսկսվի Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ ենթադրյալ անօրինական գործողություններ են կատարել Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ։ Նրանք մեղադրվում են Սանդիփ Արջունի Կաուշիկից շորթմամբ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ աշխատակիցների վերաբերյալ գործի քննությունը դեռևս 2019 թվականին էր սկսվել, սակայն դատավոր Ռոբերտ Պապոյանը, այն չավարտած, տեղափոխվել է Վերաքննիչ դատարան։ Այժմ գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որն այն վարույթ է ընդունել։ Ըստ մեղադրանքի՝ Էդիկ Ափոյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով ԱԱԾ Երևան քաղաքի վարչության 4-րդ բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ունենալով հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման պարտականություն, 2019 թվականի հուլիսին տեղեկություն ունենալով Հնդկաստանի քաղաքացի Սանդիփ Արջունի Կաուշիկի ֆինանսական ապահովվածության, ինչպես նաև հայրենիքում իրավապահ համակարգի հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել ԱԱԾ աշխատակից, օպեր-լիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ շորթմամբ, վերջինիս ընկեր Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու հարցում: Այդ նպատակով Գևորգ Գաբրիելյանն այցելել է այն բնակարան, որտեղ բնակվելիս է եղել Սանդիփ Կաուշիկը, որը Հայաստանում ունեցել է կացության իրավունք: Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից, առանց համապատասխան թույլտվության զննել է Կաուշիկի բջջային հեռախոսը, նոթբուքը, ապա հայտնել, որ Հնդկաստանի Հանրապետությունից նամակ է ստացել Հայաստանից նրան վտարելու վերաբերյալ, ցույց տվել նրա անձնագրի, կացության քարտի, սահմանահատումների վերաբերյալ փաստաթղթերի պատճեններն ու պահանջել որպես կաշառք իրեն փոխանցել տանն այդ պահին ունեցած ամբողջ գումարը՝ սպառնալով հակառակ դեպքում անձամբ ստուգել և գտնել գումարը: Արդյունքում Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, Հնդկաստանի քաղաքացուց ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք: Այս ժամանակահատվածում բնակարանում եղել է Հնդկաստանի մեկ այլ քաղաքացի ևս: Գաբրիելյանը նրան, ինչպես նաև Կաուշիկին ուղեկցել է Ազգային անվտանգության ծառայություն ու տարել Էդիկ Ափոյանի աշխատասենյակ, որտեղ արդեն, ըստ մեղադրանքի, Սանդիփ Կաուշիկին Հնդկաստանին չհանձնելու դիմաց պահանջել են 50 հազար դոլար գումար, պահանջը չկատարելու դեպքում՝ սպառնացել ստեղծել կեղծ ապացույցներ Կաուշիկի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ և նրան ենթարկել քրեական պատասխանատվության: Այս ընթացքում Սանդիփ Կաուշիկին ձեռնաշղթաներ են հագցրել, իրենց մոտ պահել նրա և նրա հետ գտնվող անձի անձնագրերը, որից հետո ստացել են Սանդիփ Կաուշիկի համաձայնությունը՝ 50 հազար դոլար կաշառքը տալու վերաբերյալ: Պահանջված գումարի մի մասը ստանալու նպատակով խմբի անդամ Գևորգ Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, հանդիպել է տուժողին ու ստացել 7900 դոլար գումար: Այդ հանդիպման ընթացքում Սանդիփ Կաուշիկը հայտնել է, որ չի կարող վճարել պահանջված 50 հազար դոլարը, կարող է տալ ընդհանուր 20 հազար դոլար: Ըստ գործի՝ դրանից հետո Գևորգ Գաբրիելյանը զրույց է ունեցել Էդիկ Ափոյանի հետ, որից հետո Կաուշիկից պահանջել է ևս 8000 դոլար կաշառք, որին նա համաձայնել է: Շարունակությունը՝ factor.am-ում
17:24 - 25 հունվարի, 2023
ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան
 |armenpress.am|

ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրավերով հունվարի 23-26-ը Նյու Դելիում ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները կմասնակցեն «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովին»։ Ինչպես տեղեկացրին ԿԸՀ-ից, ծրագիրը ներառում է երկօրյա միջազգային համաժողով, որին հաջորդում են ընտրողների ազգային և Հանրապետության օրվա տոնակատարությունները։ ԿԸՀ նախագահի հետ Նյու Դելի կմեկնեն ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար Սեդաննա Մարգարյանը։ Նախորդ տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի կազմակերպած «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել էին ՀՀ ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։
11:51 - 21 հունվարի, 2023
Հնդկաստանը բնակչության թվաքանակով շրջանցել է Չինաստանին․ World Population Review |hetq.am|

Հնդկաստանը բնակչության թվաքանակով շրջանցել է Չինաստանին․ World Population Review |hetq.am|

hetq.am: 2022 թվականի վերջին Հնդկաստանի բնակչությունը կազմել է 1,417 միլիարդ մարդ, ինչը 5 միլիոնով ավելին է, քան Չինաստանում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով World Population Review-ի տվյալներին։ Հունվարի 17-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ 1960-ական թվականներից ի վեր առաջին անգամ 2022 թվականին երկրի բնակչությունը կրճատվել է 850 000-ով՝ նախորդ տարվա համեմատ։ Չինաստանի պետական վիճակագրական վարչության տվյալներով՝ երկրում ապրում է 1 միլիարդ 411 միլիոն մարդ։  World Population Review-ի գնահատմամբ՝ հունվարի 18-ի դրությամբ, Հնդկաստանի բնակչությունը հասել է 1 միլիարդ 423 միլիոնի։ Հետազոտական մեկ այլ կազմակերպություն՝ Macrotrends-ը պնդում է, որ Հնդկաստանում ապրում է 1 միլիարդ 428 միլիոն մարդ։ Հնդկաստանը բնակչության թվաքանակի վերաբերյալ թարմ տվյալներ չի հայտնել։  Շարունակությունը՝ hetq.am-ում Լուսանկարը՝ Getty Images
12:01 - 18 հունվարի, 2023