ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար բանակը պետք է դնենք արհեստավարժ հիմքերի վրա. Սիմոնյան |1lurer.am|

Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար բանակը պետք է դնենք արհեստավարժ հիմքերի վրա. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ պաշտպանության նախարարության՝ շրջանառության մեջ դրած նախագծին, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։ «Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար մենք պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա: Շատ ու շատ մարդիկ տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից: Այդ գումարը մեզ թույլ կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ: Կարծում եմ՝ մի զինվորի նման ազատվելը հնարավորություն կտա մեզ երկու արհեստավարժ զինվորական ունենալ»,- ասաց Սիմոնյանը: Լրագրողներից մեկը, մեջբերելով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումը, թե «Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը», հարցրեց՝ խաղաղության գործընթացի ֆոնին ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի նման գործելաոճը: «Ադրբեջանը մշտապես այդ գործելաոճն ունեցել է, մշտապես դրանք փորձել է օգտագործել բանակցությունների ընթացքում: Ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, որոնք կային թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանցից հետո, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանալու բանակցել, բանակցային պրոցեսը շարունակվում է: Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին: Մեր քաղաքացիները և մենք գտնում ենք, որ մենք առաջնային պետք է լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ դրանք երկու ձևով են լուծվում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ և ուժեղ բանակ ունենալով»,- ասաց Սիմոնյանը:
13:34 - 12 սեպտեմբերի, 2022
Հասանովը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել «հակառակորդի սադրանքները կասեցնելուն» |factor.am|

Հասանովը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել «հակառակորդի սադրանքները կասեցնելուն» |factor.am|

factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շաբաթ օրը կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ժամանակ զինվորականներին հրամայել է «պատրաստ լինել հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանքի անհապաղ և վճռական կասեցման»: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, պաշտպանության նախարարի գլխավորությամբ ծառայողական խորհրդակցությունը կայացել է պաշտպանության նախարարի տեղակալների, զորքերի հրամանատարների, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների պետերի,  զորամիավորումների և միավորումների հրամանատարների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար հայտնում է հայկական կողմից կրակոցների մասին, իսկ ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն հերքում են դրանք։
19:01 - 10 սեպտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան

Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան

Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։  ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտականհամալսարանի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության  զարգացումը ոչ միայն տարբեր դասընթացների կազմակերպման, այլև կրթական ծրագրերի և  դասավանդման մեթոդաբանության մշակման ուղղությամբ։ Մայքլ Փլենը, իր հերթին, հավաստել է իր պատրաստակամությունը` նպաստել ռազմական  կրթության ոլորտում երկու համալսարանների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության շրջանակի ընդլայնմանը։
21:30 - 09 սեպտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին։
09:30 - 09 սեպտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը Կանզասի նահանգապետին հրավիրել է Հայաստան

Սուրեն Պապիկյանը Կանզասի նահանգապետին հրավիրել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Պապիկյանը կարևորել  է Հայաստանի Հանրապետության և Կանզաս նահանգի միջև երկար տարիների պատմություն ունեցող և բարձր մակարդակի հարաբերությունները։ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության, մասնավորապես` Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի միջև համագործակցության հեռանկարները,  ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած` գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իր հերթին տիկին Լորա Քելլին շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին Կանզաս այցելելու համար և վերահաստատել իր պատրաստակամությունը   գործադրել առավելագույն ջանք` տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցում։ Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը Լորա Քելլիին  հրավիրել է այցելել Հայաստան։ Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարարի այցի,  Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել է Հայաստան-Կանզաս գործընկերության օր։
10:11 - 08 սեպտեմբերի, 2022
Շարունակվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցն ԱՄՆ․ նրան ուղեկցել է դեսպան Մակունցը

Շարունակվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցն ԱՄՆ․ նրան ուղեկցել է դեսպան Մակունցը

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ, այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն: Կենտրոնում պաշտպանության նախարարը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր։Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաև ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը։ Գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն տասնամյակներ շարունակ հանդիսանում է Կանզասի ավանդական գործընկերը և պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացի, վարժանքների և զորավարժությունների կազմակերպման աշխատանքներին։
18:26 - 07 սեպտեմբերի, 2022