ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն՝ 2 ամիս ժամկետով |armenpress.am|

Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն՝ 2 ամիս ժամկետով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը նախատեսում է պահեստազորայինների նոր վաժական հավաքներ անցկացնել 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:  ՀՀ կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում: Նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:   Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
15:47 - 09 փետրվարի, 2022
Սուրեն Պապիկյանն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր, հետևել ընթացող վերանորոգման և կառուցապատման աշխատանքներին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, զորամասերի հրամանատարական կազմի հետ հանդիպումների ընթացքում, ծառայության համար պատշաճ կենցաղային պայմանների առկայությունից բացի, առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և մարտունակության մակարդակի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը:Սուրեն Պապիկյանն այցելել է մարտական հենակետեր, տեղում ծանոթացել ընթացող ամրաշինական աշխատանքներին, կենցաղային պայմաններին և մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին։Պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարական կազմին և ենթակա զորամասերի հրամանատարներին տվել  է հանձնարարականներ և ցուցումներ` աշխատանքային շրջայցի ընթացքում արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:
22:31 - 08 փետրվարի, 2022
ՄԻՊ ներկայացուցիչները սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին ներկայացրել են ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներ կատարած այցերի արդյունքում վեր հանված գործնական խնդիրները

ՄԻՊ ներկայացուցիչները սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին ներկայացրել են ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներ կատարած այցերի արդյունքում վեր հանված գործնական խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Համլետ Հարությունյանը մասնակցել են զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին: ՊՆ վարչական համալիրում կազմակերպված մասնագիտական հավաքի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Զինված ուժերում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման կարևորությունը, բանակում մարդու իրավունքների ապահովման և երաշխավորման տեսանկյունից կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նաև անդրադարձ է կատարվել «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի արտահերթ հրապարակային զեկույցին: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցիչները նաև ներկայացրել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ իրականացված այցերի, դրանց շրջանակներում անցկացված առանձնազրույցների արդյունքում վեր հանված գործնական խնդիրներ: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը:
17:40 - 08 փետրվարի, 2022
Պաշտպանության նախարարը հարավային ուղղության զորամասերում շրջայց է կատարել

Պաշտպանության նախարարը հարավային ուղղության զորամասերում շրջայց է կատարել

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել  հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված  մի շարք զորամասերում: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող  շինարարական աշխատանքների ընթացքին:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարն  առանձնահատուկ  ուշադրություն է դարձրել  զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման  խնդիրներին:   Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների  հետ,  առողջություն և շուտափույթ  ապաքինում մաղթել:
11:39 - 08 փետրվարի, 2022
Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունը չեն կողմնորոշվում, թե իրենցից ով է իրավասու պատասխանել լրատվամիջոցից ստացված հարցմանը, ինչի արդյունքում խախտվում են տեղեկության տրամադրման օրենքով սահմանված ժամկետները։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին տելեգրամյան «Mika Badalyan» ալիքում, ապա նաեւ ֆեյսբուքյան «Ազատագրում» էջում հրապարակվեց տեղեկություն՝ Ջերմուկի հատվածում երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Ավելի ուշ նույն «Ազատագրում» էջը հայտնեց, որ ադրբեջանցիները տեղափոխվել են Երեւան՝ կից հրապարակելով լուսանկար։  Հաշվի առնելով սա՝ Infocom-ը դեկտեմբերի 20-ին գրավոր հարցմամբ դիմեց Գլխավոր դատախազությանը՝ հետաքրքրվելով՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ տեղեկությունը։ Իրականությանը համապատասխանելու դեպքում խնդրել էինք հայտնել՝ դեպքի առթիվ հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, եթե այո, ապա Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով, եւ նախաքննական ո՞ր մարմինն է այն քննում։ Խնդրել էինք հայտնել նաեւ, թե ինչ կարգավիճակ ունեն հիշյալ անձինք, ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ, եւ որտեղ են պահվում նրանք։ Հնարավորության դեպքում խնդրել էինք հայտնել նաեւ գերեվարման հանգամանքները, ինչպես նաեւ՝ թե քանիսն են նրանք, եւ միայն զինվորական, թե նաեւ քաղաքացիական անձինք են։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով․ «Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»։ Նկատենք, որ ՊՆ հաղորդադրության մեջ առկա ձեւակերպումները պատահական ձեւակերպումներ չեն․ սահմանը խախտելը, մասնավորապես, պետական սահմանն ապօրինի հատելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անձը ձերբակալվում է կամ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի կայացրած որոշման հիման վրա, կամ որեւէ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա։ Հարցումն ուղարկելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա․ Չախոյանի որոշմամբ մեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ա․ Զաքարյանին՝ կից գրությամբ․ «Հարգելի՛ պարոն Զաքարյան, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դեկտեմբերի 29-ին ՊՆ ռազմական ոստիկանության պետ Ա․ Զաքարյանը պատասխանեց Դատախազությանը՝ նշելով, որ հարցումը դուրս է ՊՆ ռազմական ոստիկանության լիազորություններից։ Պատասխանում, մասնավորապես, գրված է․ «Հարգելի՛ պարոն Չախոյան, հայտնում եմ, որ համաձայն ՀՀ «Ռազմական ոստիկանության» մասին օրենքի 4-րդ հոդվածի՝ Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ ՌՈ-ն ապահովում է նաեւ զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը, ինչպես նաեւ Լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը։ «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Մ․ Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին հարցումը դուրս է ՀՀ ՊՆ ՌՈ լիազորություններից, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ ՌՈ-ն չի տիրապետում նման տեղեկատվության»։ 2022 թվականի հունվարի 5-ին Գլխավոր դատախազությունը դարձյալ պատասխան նամակ ուղարկեց ՊՆ-ին՝ պատճենը տրամադրելով նաեւ մեզ։ Այս անգամ պատասխանը գրված էր Գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գ․ Բաղդասարյանի կողմից եւ հասցեագրված էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին։ Ներկայացնելով հարցման նախապատմությունը եւ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանը՝ Գ․ Բաղդասարյանը գրել էր․ «Հարգելի՛ պարոն Սարգսյան, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ Հետեւաբար, ակնհայտ է, որ ՀՀ ՊՆ զորամասերի պահպանության տեղամասերը, որոնցում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրականացնում են մարտական հերթապահություն, գտնվում են ՀՀ ՊՆ իրավազորության ներքո, իսկ այդ հատվածներում կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերով մինչդատական  քրեական վարույթի նախնական փուլը պետք է իրականացվի հետաքննության մարմին հանդիսացող զորամասերի հրամանատարների կամ ռազմական ոստիկանության կողմից։ Ավելին, դեռեւս 2021 թ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում` mil.am-ում, հաղորդագրություն է հրապարակվել առ այն, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Ուստի, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Խնդրում եմ քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դատախազության այս նամակը ստանալուց հետո բազմաթիվ անգամներ զանգահարեցինք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից խոստացան ճշտել, թե ինչ փուլում է հարցումը, եւ զանգահարել։ Քանի որ պատասխան զանգեր այդպես էլ չստացանք, տարբեր օրերի նորից զանգահարեցինք թե՛ հիշյալ վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում,  բացառությամբ այն դեպքերի, երբ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա։ Այդ դեպքերում տեղեկությունը դիմողին տրվում է հարցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է նրան՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Թեեւ  մենք լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին չէինք տեղեկացվել, բայց որոշեցինք սպասել 30 օր՝ ժամկետի հաշվարկը սկսելով հարցումը ՊՆ նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին վերահասցեագրելու օրվանից, այսինքն՝ այս տարվա հունվարի 5-ից։ Սակայն այդ ժամանակը եւս լրացավ, իսկ պետական մարմինների կողմից նշված դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություն մեզ այդպես էլ չտրամադրվեց։ Միլենա Խաչիկյան
18:54 - 07 փետրվարի, 2022
Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին |armenpress.am|

Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է ժամանակավոր՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չնշվեց բանակի 30-ամյակը: Նա հիշեցրեց կորոնավիրուսի՝ օրական գրանցվող դեպքերի մասին: «Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր: Տեսնենք՝ երբ կնշվի»,-ասաց Սարգսյանը: Փոխնախարարը վստահեցրեց, որ կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսել, որոնք ուղղակի կասեցվել են:   Նա նշեց. «ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, դրանից հետո երկրորդ հանդիսավոր մասում՝ նաև շնորհակալական խոսքեր, շնորհավորանք 30-ամյակի կապակցությամբ: Սակայն սա կարելի էր համարել համազգային տոն, և այդ տրամաբանությամբ էլ սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեցին»: Հարցին՝ պատճառը կորոնավիրո՞ւսն էր, նա ասաց՝ ենթադրաբար այո: «Օրեցօր շատանում է, բանակում էլ ունենք խնդիրներ, բոլոր տեղերում էլ այդ խնդիրը դարձել է ավելի ցայտուն և տեսանելի»,-եզրափակեց նա:
16:08 - 03 փետրվարի, 2022
Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարը, ողջ գերատեսչությունը շահագրգիռ է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի, փաստի առիթով սկսվել է քննություն: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստպելով մաքրել սանհանգույցը, վերջինս էլ փախուստի է դիմել: «Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր զորամասն ինքնակամ թողնելու պատճառ հանդիսացել: Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Մեզ էլ է մտահոգում, վերջին ժամանակահատվածում, կարելի է ասել, տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր կողմից նշված հանգամանքը»,-ասաց փոխնախարարը: Քանի որ քննություն է ընթանում, Սարգսյանն այլ մանրասմաներ չներկայացրեց՝ վստահեցնելով, որ ՊՆ-ի համար ձեռնտու է, որ բոլոր հանգամանքներն ի հայտ գան՝ հատկապես, եթե դրանք պարունակում են ճշմարտություն՝ կապված զինվորի նկատմամբ բռնություն կիրառելու հետ: Անդրադառնալով տվյալ դեպքից հետ կապված հարազատների ահազանգերին՝ նա ասաց, որ լինում են դեպքեր, երբ զինվորը ինչ-որ պատճառով լքում է զորամասը, սակայն որպես պատճառաբանություն բերում է հրամանատարի, ծառայակիցների կոպիտ խոսքը, սակայն վերջում պարզվում է մեկ այլ բան: «Պաշտպանությանն նախարարից սկսած ամբողջ  գերատեսչությունը, բոլորը շահագրգռված են, որ պարզվի իրականությունը: Եվ, եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝ զինվորը ներկայացվել է քննության, ամբողջը կպարզվի:
15:40 - 03 փետրվարի, 2022
Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասում նսեմացրել են նորակոչիկին․ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ․ Թագուհի Թովմասյան

Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասում նսեմացրել են նորակոչիկին․ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել։ Անմիջապես հանձնարարել եմ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագտներին կապ հաստատել թե՛ Պաշտպանության նախարարության, թե՛ զինվորի հարազատների հետ։ Նորակոչիկի հարազատները նշել են, որ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան և ևս երկու զինվորի ստիպել են մաքրություն իրականացնել, իրենք հրաժարվել են, որի արդյունքում ծեծել են, թույլ չեն տվել ճաշարանից օգտվել, քնել, ջուր խմել և այլն: Զինվորը կապ է հաստատել հարազատների հետ, պատմել հանգամանքները, որից հետո զինվորի հետ կապը կորել է․ վերջինս փախուստի է դիմել, իսկ ծեծի մասին ահազանգել է 2-րդ զինվորը։ Հարազատները պատմել են նաև, որ ՊՆ-ն և տվյալ զորամասի հրամանատարական կազմը ներողություն են խնդրել իրենցից, ընդունել են, որ տարածքում մաքրություն անելու պարտադրանք եղել է, իրենց խոսքով, մեկ անգամ խփել են զինվորին, բայց սանհանգույցի մաքրության մասին խոսք չի գնացել։ Կապ ենք հաստատել նաև ՊՆ Մարդու իրավունքների բարեվարքության վարչության պետի հետ, ով հայտնել է, որ տեղյակ է խնդրից, խոսել է Կապանի ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ․ զինվորին միայն հորդորել են մաքրել իրեն հատկացված տարածքը, այլ պարտադրանք և ծեծ չի եղել։ Դեպքի առթիվ ծառայողական քննություն է ընթանում։ Իսկ զինվորի գտնվելու վայրը հայտնի չէ։ Մեր փորձագետները զրուցել են նաև Կապանի զորամասի հրամանատարի հետ, ով պատմել է, որ զինվորը բոլորի ներկայությամբ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում մաքրություն իրականացնել, որից հետո հրամանատարը հրավիրել է զինվորներին իր աշխատասենյակ, բացատրական աշխատանքներ է իրականացրել, զինվորների ներկայությամբ հրամանատարն անձամբ մաքրել է իր սենյակը՝ ցույց տալու համար, որ դա յուրաքանչյուրի պարտականությունն է, և պարսավելի ոչինչ չկա, որի արդյունքում էլ նորակոչիկները վստահեցրել են, թե նման խնդիր այլևս չի լինի, սակայն աշխատասենյակը լքելուց հետո, երբ վաշտի հրամանատարը նրանց հորդորել է իրենց հատկացված տարածքը մաքրել, նրանք հրաժարվել են, և վերոնշյալ զինվորը լքել է զորամասը։ Լսելով բոլոր կողմերի բացատրությունները, պետք է արձանագրել, որ նման դեպքերը բանակում անթույլատրելի են և պետք է իսպառ վերացվեն: Համաձայն Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքի 1-3 հոդվածների պահանջների՝ զորամասում զինծառայողների ամենօրյա կյանքն ու գործունեությունն իրականացվում է ներքին ծառայության պահանջներին համապատասխան։ Զինվորական ծառայության կատարման սկզբում զինծառայողը կարիք ունի հատուկ ուշադրության: Հրամանատարների (պետերի) խիստ վերահսկողությունը և նրանց անձնական օրինակը օգնում են զինծառայողին արագորեն ընկալելու ներքին ծառայության կանոնները: Համաձայն Օրենքի 13-րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով: Ի թիվս այլնի՝ զինծառայողը պարտավոր է՝ բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից: Ինչ վերաբերվում է զորամասում զինվորների կողմից մաքրության ապահովմանը, գտնում եմ, որ այդ աշխատանքների կատարումը պետք է կազմակերպվի Օրենքի դրույթներին խիստ համապատասխան՝ հարգելով յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված), ինչպես նաև խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը սահմանող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դրույթները»:
11:18 - 03 փետրվարի, 2022
Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ. ՄԻՊ

Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ. ՄԻՊ

Հայաստանում կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ, չկան երաշխիքներ ամուսնացած կամ հղի կանանց համար: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ օրենսդրությունը հիմնականում սեռով պայմանավորված չեզոք է, սակայն հստակ երաշխիքների պակասը (նաև բացակայությունը) բերում է նրան, որ գործնականում ոչ միշտ են հաշվի առնվում սեռային առանձնահատկությունները Զինված ուժերում: Սա կին զինծառայողներին հաճախ է կանգնեցնում խոչընդոտների առջև: ՄԻՊ-ը պնդում է, որ օրենքը պետք է լրացուցիչ երաշխիքներ նախատեսի զինվորական ծառայություն անցնող կանանց համար: «Չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների:  Թեև Հայաստանում կանայք կրթությամբ չեն զիջում տղամարդկանց՝ Զինված ուժերում կին զինծառայողների տոկոսային հարաբերակցությունը՝ տղամարդ զինծառայողների համեմատությամբ, բավական ցածր է: Այս մասին են վկայում նաև Պաշտպանության նախարարության տվյալները: Զինված ուժերում ներգրավվածության փորձի բացակայության պարագայում կանայք ավելի քիչ են հնարավորություն ունենանում արտահայտելու իրենց կարծիքը անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Շատ ժամանակ նրանք ներգրավված չեն զինվորական ստորաբաժանումներում որոշումների կայացմանը: Դրանից բացի, հասարակությունում կա կարծրատիպային վերաբերմունք կին զինծառայողների նկատմամբ, և կանայք բավարար կերպով ներկայացված չեն զինվորական բարձր պաշտոններում: Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Կանայք առավել մեծ թիվ են կազմում միայն շարքային կազմի և ավագ ենթասպայական կազմի պաշտոններում, մինչդեռ սպայական կազմում կին զինծառայողների հարաբերակցությունը բավական ցածր է»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ կին զինծառայողները բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս: Այս մտահոգության մասին զորամասեր այցերի և  առանձնազրույցների ընթացքում ՄԻՊ-ին հայտնել են հենց կին զինծառայողները:  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Սա այն խոչընդոտներից է, որի պատճառով կին զինծառայողները բավարար ներկայացված չեն բարձր պաշտոններում և հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Բացի այդ, նշված սահմանափակման հետևանքով կին զինծառայողները կարող են կանգնել մի կողմից՝ ընտանիք և երեխաներ, մյուս կողմից՝ աշխատանք և աշխատանքում առաջընթաց ունենալու երկընտրանքի առաջ: Զինվորական օրենսդրությամբ առկա չեն խրախուսական նորմեր այն կին զինծառայողների համար, ովքեր ունեն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից օգտվելու հնարավորություն, սակայն ծառայելու նպատակով այդ արձակուրդից իրենց ցանկությամբ չեն օգտվել: Հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ: Մինչդեռ, հղի կանանց համազգեստի հարմարավետության տեսանկյունից, հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը, ճիշտ կլինի նրանց համար նախատեսել հատուկ համազգեստ: Որևէ իրավական ակտում հրապարակված չեն, թե որոնք են կանանց համար հասանելի զինվորական հաշվառման ենթակա մասնագիտությունները, ինչը խոչընդոտ է կանանց համար զինվորական հաշվառման նպատակով դիմելու և հետագայում զինվորական ծառայություն անցնելու համար: Կանանց զինվորական ծառայության խրախուսման տեսանկյունից կարևոր կլինի նաև ընդհանրապես ընտանեկան կյանքի առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդրության վերանայումը: Օրինակ՝ համատեղ ծառայության բավարար օրենսդրական երաշխիքներ առկա չեն զինծառայող և քաղաքացիական ծառայող, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսինների համար: «Միևնույն ժամանակ, առկա չեն օրենսդրական երաշխիքներ պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում նույն զորամասում քաղաքացիական հաստիք զբաղեցնող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ ծառայության նոր վայր տեղափոխելու, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում մյուս ամուսնուն հնարավորին մոտ զորամասում ծառայության տեղափոխելու վերաբերյալ: Նախատեսված չէ նաև զինծառայողին մինչև վեց ամիս ժամկետով վերապատրաստման գործուղելու դեպքում զինծառայող հանդիսացող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ գործուղելու կամ դրա անհնարինության դեպքում՝ չվճարվող արձակուրդ տրամադրելու հնարավորություն: Ամուսինները ստիպված են ընտրություն կատարել՝ կամ հրաժարվել վերապատրաստման գործուղումից, կամ վերապատրաստման գործուղման ժամանակահատվածում բնակվել առանձին կամ վերապատրաստման գործուղվող զինծառայողի ամուսինը (կինը) ստիպված է ազատվել զինվորական ծառայությունից, որպեսզի ամուսնու (կնոջ) հետ միասին բնակվի»,-ասված է հաղորդագրությունում: Վերը նշված խնդիրները տարիներ շարունակ բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես տարեկան հաղորդումներով, այնպես էլ Պաշտպանության նախարարության և ԶՈՒ Գլխավոր շտաբի հետ քննարկումների ժամանակ: ՄԻՊ-ը համապատասխան առաջարակները կուղարկի Ազգային ժողով, այդ թվում՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, խմբակցություններին, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:
12:28 - 01 փետրվարի, 2022
21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու և ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես դիրքի ավագ, իսկ պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը, համապատասխանաբար, 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին։ Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանի Հանրապետությունում: Քրեական վարույթի շրջանակներում Գ.Գ.-ին, Ն.Ե.-ին և Ս.Մ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։ Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: 2022 թվականի հունվարի 27-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: 
11:44 - 01 փետրվարի, 2022
Գերությունից վերադարձած Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի |factor.am|

Գերությունից վերադարձած Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի |factor.am|

factor.am: Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ալեքսանյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Նախկին ռազմագերին ազատ կարձակվի փետրվարի 6-ին։ Այս մասին տեղեկացնում է Ամիրխանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք՝ նախորդ տարի նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա նրանցից 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած 5 գերիների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։
17:28 - 31 հունվարի, 2022
ԶՈւ զորամիավորումներում անցկացվել են Բանակի օրվան նվիրված միջոցառումներ

ԶՈւ զորամիավորումներում անցկացվել են Բանակի օրվան նվիրված միջոցառումներ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ։ Անցկացվել են հանդիսավոր տողաններ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերին մոտ գտնվող եկեղեցիներում ու մատուռներում և «Եռաբլուր» զիվորական պանթեոնում կատարվել են մոմավառության արարողություններ։ Զինծառայողները «Եռաբլուրում» և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել  հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Կազմակերպված միջոցառումներին մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, զինծառայողների հարազատներ։
16:51 - 29 հունվարի, 2022
ՀՀ և ՌԴ ԶՈՒ-երի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների անբաժանելի տարրերից է. դեսպանություն |armenpress.am|

ՀՀ և ՌԴ ԶՈՒ-երի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների անբաժանելի տարրերից է. դեսպանություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին՝ Բանակի օրվա առթիվ: Դեսպանատան շնորհավորական ուղերձում նշվում է, որ անկախ Հայաստանի Զինված ուժերն ու նրա զինծառայողներն իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք առանձնանում են արիությամբ ու խիզախությամբ։ «Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի փառավոր զինվորական ավանդույթների հպարտ շարունակողներն են, ովքեր ուս ուսի կանգնած կռել են մեր ընդհանուր Հաղթանակը: Նրանց՝ պարտքի նկատմամբ հավատարմությունը և անմնացորդ ծառայությունը հայրենիքին, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են հանդիսանում։Մերօրյա բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում մեր պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մաղթում ենք Հանրապետության ռազմական ղեկավարությանը, Հայոց բանակի բոլոր զինծառայողներին և վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին քաջառողջություն, բարօրություն և խաղաղ երկինք գլխավերևում»,-ասված է դեսպանտան ուղերձում:
16:52 - 28 հունվարի, 2022