armenpress.am: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է ժամանակավոր՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չնշվեց բանակի 30-ամյակը:
Նա հիշեցրեց կորոնավիրուսի՝ օրական գրանցվող դեպքերի մասին:
«Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր: Տեսնենք՝ երբ կնշվի»,-ասաց Սարգսյանը:
Փոխնախարարը վստահեցրեց, որ կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսել, որոնք ուղղակի կասեցվել են:
Նա նշեց. «ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, դրանից հետո երկրորդ հանդիսավոր մասում՝ նաև շնորհակալական խոսքեր, շնորհավորանք 30-ամյակի կապակցությամբ: Սակայն սա կարելի էր համարել համազգային տոն, և այդ տրամաբանությամբ էլ սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեցին»:
Հարցին՝ պատճառը կորոնավիրո՞ւսն էր, նա ասաց՝ ենթադրաբար այո: «Օրեցօր շատանում է, բանակում էլ ունենք խնդիրներ, բոլոր տեղերում էլ այդ խնդիրը դարձել է ավելի ցայտուն և տեսանելի»,-եզրափակեց նա:
comment.count (0)