armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարը, ողջ գերատեսչությունը շահագրգիռ է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի, փաստի առիթով սկսվել է քննություն: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստպելով մաքրել սանհանգույցը, վերջինս էլ փախուստի է դիմել:
«Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր զորամասն ինքնակամ թողնելու պատճառ հանդիսացել: Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Մեզ էլ է մտահոգում, վերջին ժամանակահատվածում, կարելի է ասել, տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր կողմից նշված հանգամանքը»,-ասաց փոխնախարարը:
Քանի որ քննություն է ընթանում, Սարգսյանն այլ մանրասմաներ չներկայացրեց՝ վստահեցնելով, որ ՊՆ-ի համար ձեռնտու է, որ բոլոր հանգամանքներն ի հայտ գան՝ հատկապես, եթե դրանք պարունակում են ճշմարտություն՝ կապված զինվորի նկատմամբ բռնություն կիրառելու հետ:
Անդրադառնալով տվյալ դեպքից հետ կապված հարազատների ահազանգերին՝ նա ասաց, որ լինում են դեպքեր, երբ զինվորը ինչ-որ պատճառով լքում է զորամասը, սակայն որպես պատճառաբանություն բերում է հրամանատարի, ծառայակիցների կոպիտ խոսքը, սակայն վերջում պարզվում է մեկ այլ բան:
«Պաշտպանությանն նախարարից սկսած ամբողջ գերատեսչությունը, բոլորը շահագրգռված են, որ պարզվի իրականությունը: Եվ, եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ զինվորը ներկայացվել է քննության, ամբողջը կպարզվի:
comment.count (0)