factor.am: Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ալեքսանյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Նախկին ռազմագերին ազատ կարձակվի փետրվարի 6-ին։ Այս մասին տեղեկացնում է Ամիրխանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ նախորդ տարի նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա նրանցից 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած 5 գերիների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։
comment.count (0)