ԵՄ դիտորդներն Ադրբեջանի ագրեսիայի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներն արել են, զեկուցում են Բրյուսելին. Միրզոյան
 |armenpress.am|
19:49 - 12 ապրիլի, 2023

ԵՄ դիտորդներն Ադրբեջանի ագրեսիայի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներն արել են, զեկուցում են Բրյուսելին. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Ապրիլի 11-ին ադրբեջանական ուժերի հերթական սադրանքի պահին Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները տեղում չեն եղել, սակայն իրենց դիտարկումներն արել են, իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, զեկուցում են Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանը:

Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք ապրիլի 11-ի Ադրբեջանի սադրիչ գործողությունները եղել են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային խմբի տեսադաշտի ներքո, արդյոք նրանք ունեցել են հնարավորություն՝ արձանագրելու այս սադրանքները:

«Անշուշտ, երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը: Այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց՝ ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ: Նրանք նաև նշել են, որ իրենք այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում՝ ոչ հրապարակային»,-ասաց Միրզոյանը:

Հայկական կողմն առայժմ տեղեկություն չունի, թե ինչպիսին է այդ զեկույցը:

Աղաջանյանը հետաքրքրվեց, թե նմանատիպ սադրանքների պարագայում արագ արձագանքման որևէ հնարավորություն կա արդյոք ԵՄ-ի կողմից: Միրզոյանը պատասխանեց, որ, բնականաբար, այդպիսի իրավիճակներում Հայաստանն անմիջապես տեղեկացնում է բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ԵՄ-ին, ԵՄ անդամ երկրներին: Հայաստանը դրանով նաև ակնկալում ու հայցում է նրանց արագ արձագանքը: Նախորդ օրը ԱԳ նախարարությունը նաև  հայտարարություն է տարածել, որի վերջին մասում  կրկին իրավիճակի շուրջ հրավիրել է բոլոր գործընկերների ուշադրությունը և կոչ արել հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություները դատապարտող հասցեական հայտարարություններով ու հետագա էսկալացիան կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել