Հայաստանը Գերմանիայում կունենա առևտրային կցորդ: Չզեկուցվող հարցերի փաթեթով նման որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը ապրիլի 13-ի նիստի ժամանակ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կցորդի գործառույթներն են․
• Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների իրականացմանն ու օտարերկրյա պետության պետական մարմիններում կամ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանն աջակցելը,
• Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին, միջազգային կազմակերպությունում ընթացող գործընթացների և կազմակերպության անդամ երկրների արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին տեղեկությունների հավաքագրումը, ամփոփումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին,
• Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելը,
• Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանն ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը նպաստելը,
• Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ բանակցությունների վարմանն աջակցելը, միջազգային կազմակերպության բանակցային գործընթացներին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը,
• Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև կնքված միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի իրականացմանն աջակցելը,
• առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպմանն աջակցելը,
• Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության և այլ պետական մարմինների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) գործունեության համակարգումն ու աջակցության ապահովումը,
• Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ԳԴՀ կազմակերպություններից պոտենցիալ ներդրողներ որոնելը,
• Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին, բիզնես-ֆորումներին, գործարար բնույթի միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության կազմակերպմանն աջակցելը,
• Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական գործարքների նախապատրաստմանն ու իրականացմանն աջակցելը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը նպաստելը:
«Երկկողմ համագործակցության տեսանկյունից Հայաստանի համար կարևորվում է հայ-գերմանական ֆինանսատնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի օրակարգում ընդգրկվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, առկա ծրագրերի կատարման ընթացքը և հեռանկարները, երկկողմ համագործակցության ընդայնման հետագա քայլերը»,- նշված է հիմնավորման մեջ։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ 2022 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 530․42 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83%-ով (2021թ․ հունվար–դեկտեմբերին կազմել է 289․85 մլն․ ԱՄՆ դոլար)։
comment.count (0)