armenpress.am: «Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 16-ից կարող է ժամանակավորապես սահմանափակել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ դեպի Ռուսաստան ծաղիկների ներմուծումը։
Այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բույսերի ստուգումների արդյունքում հաճախակի հայտնաբերվող խախտումների առնչությամբ։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է՝ եթե իրավիճակն արագորեն չշտկվի և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա ստիպված կլինի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ դեպի Ռուսաստան ծաղիկների ներմուծման համար։
«Ռուսաստանի տարածքում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և ուժեղացնել վերահսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ» - ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նշում է, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանում աճեցված ծաղիկների ներկրման կտրուկ աճ է նկատվում, և արդեն Ռուսաստան է ներկրվել 52 մլն հատ ծաղիկ, ինչը 49,7 տոկոսով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (34,7 մլն հատ)։
«Բացի այդ, արձանագրվել են բուսական արտադրանքի այլ տեսակներում կարանտինային օբյեկտների հայտնաբերման բազմակի դեպքեր, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է, որ բեռնափոխադրումների ավելացմանը զուգահեռ՝ ավելացել է նաև կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ:
«»Ռոսսելխոզնադզոր»-ի կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքում հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք»,-ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)