Փաստահավաք առաքելության վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնա միջազգային հանրության համար. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ գործող նախագահին
 |armenpress.am|
15:44 - 13 ապրիլի, 2023

Փաստահավաք առաքելության վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնա միջազգային հանրության համար. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |armenpress.am|

armenpress.am: Այս այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ մենք բախվում ենք սպառնալիքների և մարտահրավերների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու մանդատին, տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները, ընդգծելու ԵԱՀԿ դերը, ներգրավվածության հնարավորությունը, կառույցի հետ մեր հետագա համագործակցության հեռանկարները»,- նկատեց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը ԵԱՀԿ գործընկերներին մշտապես տրամադրում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն:

«Այսօրվա հանդիպման ընթացքում մենք անդրադարձ ենք կատարել իրավիճակի շուրջ վերջին զարգացումներին, ես գործընկերոջս ներկայացրել եմ 2021 թ. մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և հարձակումների, օկուպացիայի, ինչպես նաև ապրիլի 11-ին՝ այցի նախօրեին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի, ագրեսիվ գործողությունների հետևանքները»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանդիսանում են ԵԱՀԿ արժեքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի մի շարք հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ:

Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարևորեց 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գործուղումը Հայաստան, որը հնարավորություն ընձեռեց ԵԱՀԿ դիտորդներին տեղում ծանոթանալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրանց մարդասիրական հետևանքներին։ Նա շեշտեց, որ առաքելության դիտարկումները և վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնան բոլոր մասնակից-պետությունների, ինչպես նաև` միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների համար՝ որպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր։

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել