Արմեն Գրիգորյանը՝ հայ-ադրբեջանական բանակցություններում արցախյան օրակարգի մասին
12:29 - 14 ապրիլի, 2023

Արմեն Գրիգորյանը՝ հայ-ադրբեջանական բանակցություններում արցախյան օրակարգի մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան Civilnet-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանում անցկացնելու առաջարկը։ Լրագրողը մասնավորապես հիշեցրեց, որ Հայաստանը 2022թ․ դեկտեմբերի 22-ին խնդրել էր հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հասցեագրելով Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրները, ու եռակողմ հանդիպում դրանից հետո չի կայացել Մոսկվայում։ Հարցին, թե ինչ է փոխվել, Գրիգորյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, բանակցային բոլոր հնարավորությունները Հայաստանը միշտ էլ օգտագործել է։

«Ի դեպ՝ Լաչինի միջանցքի մասով մենք նաև ասել ենք, որ Լաչինի միջանցքի մասով մենք չենք բանակցելու, հիմա էլ շարունակում ենք նույն դիրքորոշումն ունենալ, որովհետև ամեն ինչ պայմանավորված է․ ընդամենը Ադրբեջանը պետք է իր պարտավորությունները կատարի, և Ռուսաստանը պետք է Ադրբեջանին դուրս մղի Լաչինի միջանցքից»,- ասաց ԱԽ քարտուղարը՝ հիշեցնելով ռուսական և ադրբեջանական կողմերի պարտավորությունները՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության։

Նրա խոսքով Հայաստանը շարունակում է օգտագործել բոլոր հարթակները բանակցությունների համար։

Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ դեկտեմբերից հետո Մոսկվայից դարձյալ առաջարկներ են եղել, բայց Հայաստանը չի արձագանքել, Արմեն Գրիգորյանը հիշեցրեց արտգործնախարարի՝ Մոսկվա այցի մասին, ու որ հայկական կողմը դեկտեմբերից հետո համաձայնություն է տվել եռակողմ հանդիպման համար․ «Նույնիսկ ԱԳ նախարարի այցի ժամանակ է այդպիսի տարբերակ քննարկվել, պարզապես հենց այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, հենց Ադրբեջանը չի համնաձայնել գալ եռակողմ հանդիպմանը։ Այսինքն՝ դրանից հետո եռակողմ հանդիպում չի կայացել Ադրբեջանի պատճառով»։

Լրագրողը նշեց, որ կառավարող ուժի դիրքորոշումը՝ Արցախյան հարցի վերաբերյալ փոփոխություններ է կրել 2018-ից մինչև այսօր («Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ»)։ Հարցին, թե որն է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Հայաստանի արցախյան օրակարգը, և արդյո՞ք կա այդ օրակարգը, Գրիգորյանը պատասխանեց, որ արցախյան օրակարգը կա։

«Առաջնահերթություններից մեկն է ստեղծել միջազգային մեխանիզմ, որի շրջանակում Ստեփանակերտը և Բաքուն կքննարկեն ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը։ Ի դեպ՝ այսպիսի պայմանավորվածություն է եղել Վաշինգտոնում անցած տարի սեպտեմբերի 27-ին Ջեյք Սալիվանի կազմակերպած հանդիպման ընթացքում, և հիմնականում մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության մեջ մտնում են ինքնորոշումը, ԼՂ կարգավիճակի հարցը, Գրիգորյանը պատասխանեց, որ բոլոր հարցերը, որ չկանխորոշվի, բանակցությունների առարկա են․ «Օրինակ՝ ի՞նչը կարող է անվտանգություն երաշխավորել․ Լեռնային Ղարաբաղի շփման գծից Ադրբեջանի Զինվածու ուժերի հեռացումը որոշակի սահման։ Անվտանգության հավելյալ երաշխիք կարող է լինել միջազգային ներկայությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում, անվտանգության երաշխիք կարող է լինել հենց այդ բանակցային ֆորմատը»։

Նրա խոսքով սրանք են հիմնական առաջնահերթությունները, և դրանք հստակ պետք է կանխորոշի նաև Ստեփանակերտը իր համար, և բանակցությունների միջոցով լուծեն այս խնդիրները։

Հարցին, թե միջազգային ներկայությունը ինչպես է պատկերացնում՝ հաշվի առնելով, որ Արցախում ու Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն են, ԱԽ քարտուղարն ասաց, որ խոսքը միայն Արևմուտքի մասին չէ, և քանի որ սկզբում փորձել են գոյություն ունեցող մեխանիզմով՝ ՌԴ-ի հետ խոսելով՝ լուծում տալ հարցին, բայց դրանք դեռևս չկան․ «Հույս ունենք, որ կլինի, բայց մենք աշխատում ենք նաև այլ ուղղությամբ»։

Անդրադառնալով խաղաղության գործընթացին ու ադրբեջանական կողմի գործողություններին ու հայտարարություններին այդ համատեքստում՝ Գրիգորյանն ասաց, որ խաղաղությունն առաջին հերթին հայկական կողմին է պետք՝ օրակարգային կարևոր հարցերը լուծելու համար, բայց հասկանալի է, որ այն միայն մեր ցանկությամբ չի լինի։

«Բանակցություններում մենք վերաինտեգրացիա չենք քննարկել Ադրբեջանի հետ»,- ընդգծեց Գրիգորյանը՝ հավելելով, որ միակ պայմանավորվածությունը եղել է ստեղծել միջազգային մեխանիզմ, որի շրջանակներում պետք է քննարկվեն անվտանգություն և իրավունքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել