Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են. իշխանությունն ու ընդդիմությունը ընտրակարգի շուրջ փոխհամաձայնության չեն գալիս |shantnews.am|

06:59 - 16 նոյեմբերի, 2019

shantnews.am: Երկրորդ օրն է` փակ է Թբիլիսիի գլխավոր Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանը: Համամասնական կարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում կողմերն անզիջում են և ընդհանուր համաձայնության չեն գալիս:

Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետո վարչապետ Գեորգի Գախարիան հաստատել է իշխող թիմի 2020թ․ խորհրդարանական ընտրությունները մեծամասնական կարգով անցկացնելու որոշումը: Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

«Ցավոք, պատգամավորների անորոշ մասը չաջակցեց նախագծին… ցանկացած դեպքում այս որոշումը կայացրել է երկրի սահմանադրական ինստիտուտը՝ Վրաստանի խորհրդարանը: Դա նշանակում է, որ մինչև 2024 թվականը Վրաստանում կմնա նույն ընտրական համակարգը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 3%-ոց պատնեշով, ընտրական դաշինքներով և խառը համակարգով, որի միջոցով վերջին տասնամյակների ընթացքում մեր քաղաքացիները փոխում և ընտրում էին նոր իշխանություն: Ընտրություններում հաղթում է ժողովրդի վստահությունը, ոչ թե առանձին վերցված ընտրական մոդելը»,- ասել է նա:

Ընդդիմությունն առաջարկում է ճգնաժամից դուրս գալու իր մոդելը․ մի քանի ժամ խորհրդակցելուց հետո պահանջել է Գիորգի Գախարիայի հրաժարականը, և ժամանակավոր կառավարության պայմաններում համամասնական ձևաչափով արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Միավորված ընդդիմությունը նոյեմբերի 17-ին հայտարարել է լայնամասշտաբ, շարունակական ու անընդհատ զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկ՝ խոստանալով իրենց հետագա գործողությունների ծրագրերի լուսաբանում:

Մի բան է ակնհայտ, որ ընդդիմությունը միավորվել է մեկ ընդհանուր հակառակորդի՝ Իվանիշվիլիի իշխանության դեմ՝պահանջելով համամասնական կարգով վաղաժամկետ ընտրություններ և իշխանափոխություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել