Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը եւ փեսան |hetq.am|
21:51 - 20 ապրիլի, 2023

Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը եւ փեսան |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը օրերս քաղաքացիների ահազանգով Ծաղկաձոր քաղաքում ծառերն արմատախիլ անելու դեպք է արձանագրել։ Երկու էքսկավատորով արմատախիլ էին արվում սաղարթախիտ ծառերը, ճանապարհ էր բացվում։ Քանդված տարածքում տեղ-տեղ խոր փոսեր էին փորվել։

Նկարահանման ժամանակ մեզ մոտեցավ մի տղամարդ, հայտնեց, որ տարածքի սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի մերձավորն է և ասաց, որ աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեն, տարածքը սեփականաշնորհված է։ Նա չներկայացավ։ Հարցրինք, թե ինչ թույլտվության մասին է խոսքը։ Վերջինս գնաց ու, որոշ ժամանակ անց վերադառնալով, բջջային հեռախոսով ցույց տվեց մի գրություն, ըստ որի՝ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը չի առարկում սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի առաջարկած աշխատանքների կատարմանը և առաջարկում է բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանման նորմերը չխախտելով՝ տարածքում կատարել էտում և բարեկարգում։ Այդ գրությունից պարզ չդարձավ, թե ինչի՞ն չի առարկում քաղաքապետը։

«Հետք»-ը պարզել է, որ 4 հեկտար անտառային տարածքը սեփականաշնորհել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբորորդին՝ Գագիկ Զախարյանը։ Տարիներ անց հողամասի սեփականության իրավունքը փոխանցվել է նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի դստերն ու նրա ամուսնուն։

Դեռևս 2006 թ.-ին Կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացած 699 հեկտար հողամասն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է Ծաղկաձոր համայնքին։ Նույն որոշմամբ այդ հողամասից 363 հեկտարի կատեգորիան գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է հատուկ պահպանվող տարածքների։ Զարմանալիորեն, Կառավարության այդ որոշման մեջ հողամասերի՝ անտառային լինելու մասին խոսք չկա, այն դեպքում, երբ տարածքում սաղարթախիտ անտառներ էին ։ Դա են վկայում արբանյակից արված լուսանկարները։

Ծաղկաձորին փոխանցված անտառապատ տարածքը ներառել է նաև այն 4 հեկտար տարածքը, որտեղ այս օրերին քանդման աշխատանքներ են տարվում։

Արդեն 2013 թ.-ին Ծաղկաձոր համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է հողամասի փոխանակում իրականացնել։ Այդ որոշմամբ Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց, թիվ 36 հասցեում գտնվող, Գագիկ Սայադի Զախարյանի սեփականությունը հանդիսացող 4 հեկտար (3,99 հա) հողամասը փոխանակվել է Օլիմպիական փողոց, թիվ 16 հասցեում գտնվող, Ծաղկաձոր համայնքին պատկանող նույն մակերեսով հողամասի հետ։ Գագիկ Զախարյանը նախկին պատգամավոր Սայադ Զախարյանի որդին է, իսկ Սայադ Զախարյանը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբայրն է։

4 հեկտար անտառապատ տարածքի սեփականատեր Գագիկ Զախարյանը տարիներ շարունակ որևէ գործունեություն չի ձեռնարկել։ Հետագայում հողամասը վաճառել է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊ ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանին։ Նա իր հերթին հողամասը փոխանցել է Սամվել Ալեքսանյանի դստերը և փեսային՝ Աստղիկ Ալեքսանյանին և Դավիթ Դավթյանին։ 2022 թ.-ին սեփականատերերը հողամասը 430 միլիոն դրամ վարկի դիմաց գրավադրել են «Արարատբանկում»։

 

Անդրադառնալով սեփականատիրոջ ներկայացուցչի՝ մեզ ցույց տված փաստաթղթին, Հարությունյանը նշեց, որ անտառը սաղարթախիտ էր, սեփականատերերը ճանապարհ չունեին անտառ մտնելու, ինքն էլ տրված գրությամբ չի առարկել, որ ճանապարհ բացեն և կոճղաշիվային էտում իրականացնեն։ Նրա խոսքով՝ տարածքում բազմահարկ շինություն չի կառուցվի։

Թեև Ծաղկաձորի քաղաքապետը պնդում է, թե լծակ չունեն մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում վերահսկողություն իրականացնելու, բայց օրենսդրությունը սահմանում է համայնքի ղեկավարի լիազորությունները եւ պարտականությունները։ Ըստ այդմ՝ քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերում կառուցապատման և քանդման աշխատանքներ կատարելու դեպքում պետք է ունենան համայնքի ղեկավարի թույլտվությունը։ 

Մենք արձանագրել ենք նաեւ, որ Ծաղկաձորի Օլիմպիական փողոց թիվ 16 հասցեի սեփականատերերը ճանապարհի հողային աշխատանքներից բացի՝ փոսեր էին փորել։ 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ Նաիրա Աղաբաբյանը նշեց, որ երեկվանից, երբ «Հետքի» հրապարակման հիման վրա տեսչական մարմինը վարույթ է հարուցել, աշխատանքները տեղում դադարեցվել են եւ ապրիլի 19-ի դրությամբ չեն շարունակվել։ Վարույթը կարող է տևել մինչև 1 ամիս։

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել