ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը գնահատում է, որ կառավարությունը 2022 թ ծրագրի կատարումը ձախողել է:
Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։
«2018 թվականի հանրահավաքների ժամանակ մարդիկ, նույնիսկ՝ հրամանատարներ, երազում էին, որ ունենան այդպիսի կուռ շարքեր: Այդ կուռ շարքերը որտե՞ղ մնացին: 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում ինչո՞ւ այսօրվա իշխանությունները չհամախմբեցին ու ժողովրդին չտարան՝ թիկունք կանգնելու Պաշտպանության բանակին»,-ասաց Օհանյանը:
Նա պնդեց՝ Պաշտպանության բանակն ի վիճակի էր պաշտպանել հայրենիքը, բանակին թիկունք էր պետք կանգնել:
Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ Օհանյանը տեսակետ հայտնեց, որ ծրագրում անվտանգության ոլորտը տապալված է: «Ամենաշատ թերությունները բանակի մասին են նշվում»,-ասաց Օհանյանը՝ մեղադրելով իշխանությանը նման ձևակերպումների համար:
Նա ասաց՝ իշխանությանը 2 տարվա ընթացքում չի հաջողվել Զինված ուժերի զարգացման պլան կազմել, այն հաստատվել է միայն այս տարվա փետրվարին:
«Տարածքներ կորցնելով, զոհեր ունենալով, հետևություններ չանելով, չպլանավորելով, մեր պաշտպանությունը արագ չկազմակերպելով՝ մենք կարող ենք ասել, որ, անկախ ծրագրում նշված թվերից, որոշ տիրույթներում էլ ունեցած հաջողություններից, իրական կյանքում մեր ժողովուրդը, Ներքին Հանդի ժողովուրդը փոփոխություններ չի տեսնում։ Գնացեք նրանց բացատրեք՝ այդ ծրագիրը կատարվե՞լ է, թե՞ չի կատարվել: Այսինքն՝ մենք համարում ենք, որ 2022 թ. կառավարության ծրագրի կատարումը ձախողվել է»,-ասաց Օհանյանը:
comment.count (0)