Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավորն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ
10:51 - 25 ապրիլի, 2023

Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավորն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ

Ապրիլի 24-26-ը Հայաստանում է Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը՝ իր գրասենյակի աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Նշվում է, որ գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին Ֆուրլասը մեկնել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ, դիտարկումներ իրականացրել Բերձորի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում, որտեղ Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական կողմը ապօրինի կերպով անցակետի տեղադրման աշխատանքներ է իրականացնում։

«Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը ծանոթացել է նաև վերջերս Տեղ գյուղի հարակից տարածքում ադրբեջանական սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախման մանրամասներին, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելու փաստին։ Գորիսի համայնքապետարանում եվրոպացի պատգամավորը հանդիպել է համայնքի ղեկավարի հետ ։

Ապրիլի 25-ին Երևանում հանդիպումներ են նախատեսված ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի ղեկավարի և անդամների, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ։

Եվրոպական Խորհրդարանում Սույն փաստահավաք առաքելության նպատակների գործնականացման վերաբերյալ ավելի ուշ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- հայտնում են Գրասենյակից։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել