ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին
 |1lurer.am|
15:24 - 26 ապրիլի, 2023

ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին |1lurer.am|

1lurer.am: Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Լաչինի միջանցքի հարցում Ադրբեջանի՝ իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ:

«Մենք հայտնում ենք մեր խոր մտահոգությունը՝ կապված 2023 թվականի ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու հետ: Դա կարող է ունենալ բացասական հետևանքներ և ընկալվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված զինադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման նկատմամբ, որն Ադրբեջանին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմից միջանցքի շրջափակումը շարունակվում է 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ մարդասիրական դժվարություններ պատճառելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և մեծապես խաթարում է խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողություններն էլ ավելի են սրում իրավիճակը։ Մենք հորդորում ենք Բաքվին անհապաղ փոխել իր կուրսը և հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ու միջազգային պարտավորությունների և նորմերի հարգմանը։ Եվրամիությունը դարձյալ պատրաստ է աջակցելու կողմերին՝ բոլոր տարաձայնությունները լուծելու բանակցությունների միջոցով:

Ավելին, ցավալի է, որ նման գործողություններն իրականացվել են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին: Այդ օրը նշվում է 108 տարի առաջ Օսմանյան կայսրության իրականացրած բնաջնջման տարելիցը: Մենք նշում ենք մեկուկես միլիոն զոհերի հիշատակը, որոնք զոհվեցին ցեղասպանության ժամանակ, և կոչ ենք անում միջազգային հանրությանն աչալուրջ լինել սադրիչ հռետորաբանությանն ու ատելություն հրահրող գործողություններին, որոնք խոչնդոտում են հաշտեցումը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել