«Ցավոք, միջազգային  արդարադատությունը դանդաղ է աշխատում». Վլադիմիր Վարդանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
22:59 - 27 ապրիլի, 2023

«Ցավոք, միջազգային արդարադատությունը դանդաղ է աշխատում». Վլադիմիր Վարդանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 26-ին  ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում:

«Շնորհակալություն, տիկին նախագահող,

Հարգելի գործընկերներ,

Նախ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել եւ շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստաթիույին այս զեկույցի համար: Ես ցանկանում եմ տալ մեկ հռետորական հարց: Ինչո՞ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ այս կազմակերպության գոյությունից 70 տարի հետո դեռ մենք շարունակում ենք քննարկել ՄԻԵԴ-ի որոշումների կատարման, ավելի ճիշտ` չկատարելու հարցը: Ինչու՞ դա դեռ տաբու չէ: Ինչո՞ւ մենք դեռ չենք կարող պետություններին ասել, գիտե՞ք, եթե դուք չեք հետեւում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, որը տաբու է, ապա ձեր վերջին օրերն են այս կազմակերպությունում: Շատ հաճախ մենք իսկապես վախենում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններից:

Չեմ ցանկանում անդրադառնալ այս կամ այն երկրի չիրականացրած քաղաքականությանը, ես ավելի շուտ կցանկանայի անդրադառնալ այն հարցին, թե որքան երկար ենք մենք պատրաստվում հանդուրժել մի իրավիճակ, երբ մենք` որպես քաղաքական գործիչներ, մեր անգործությամբ խաթարում ենք միջազգային դատական համակարգի գոյությունը: Ինչո՞ւ ենք մենք կենտրոնացած վերջնական դատավճռի վրա: Ցավոք, միջազգային  արդարադատությունը դանդաղ է աշխատում, եւ շատ հաճախ իրական արդարադատության հասնելու համար անհրաժեշտ է միջանկյալ միջոցներ կիրառել, որոնք շատ հաճախ հիմք են հանդիսանում այս կամ այն վերջնական որոշման համար:

Ցավոք, Նախարարների կոմիտեն չի ցանկանում մասնակցել այդ գործընթացին, քանի որ դա լրացուցիչ գլխացավանք է: Հիշում եք, հարգելի' գործընկերներ, մի քանի բանաձեւերի շրջանակներում մենք բարձրացրել ենք այդ հարցը:

Շատ կարեւոր է չհիշատակել միայն մեկ դեպք: Պարոն Քրիստոֆեր Չոուփը նշեց, որ Օսման Քավալայի գործը շատ կարեւոր է: Պարոն Քրիստոֆեր Չոուփ, պետք է նշել նաեւ այլ դեպքեր: Ընդամենը մի քանի օր առաջ Արդարադատության միջազգային դատարանը եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունեցին միջանկյալ միջոցներ Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ` Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերսկսել երթեւեկությունը Լաչինի միջանցքում: Արդյո՞ք մենք ունենք որեւէ արձագանք կամ որեւէ պատշաճ արձագանք: Քաղաքական գործիչների անգործությունը խաթարելու է միջազգային դատական համակարգի գոյությունը: Իսկ առանց միջազգային դատական համակարգի մենք չենք կարող առաջ շարժվել, քանի որ մեր կազմակերպությունը ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար: Սա մեր կազմակերպության լրացուցիչ արժեքներից մեկն է:

Եթե մենք շարունակաբար ունենայինք այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրների թույլ տրվեր չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, չհետեւել մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունած միջանկյալ միջոցներին, դա ոչ միայն դատարանի, այլեւ մեզանից յուրաքանչյուրի եւ մեր երկրների ժողովուրդների համար շատ կարեւոր այս հարգելի կազմակերպության գոյության վերջը կլիներ:

Շնորհակալ եմ»,- իր ելույթում  ասել է Վլադիմիր Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել