Աշխատանքային իրավունքի խախտումների մասով քաղաքացիների ահազանգերի թիվն աճել է
 |1lurer.am|
15:34 - 01 մայիսի, 2023

Աշխատանքային իրավունքի խախտումների մասով քաղաքացիների ահազանգերի թիվն աճել է |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում քաղաքացիներն ավելի հաճախ են սկսել դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը:

Ըստ պաշտոնյայի՝ վերջին 3 տարիներին դիմում-բողոքների և ահազանգերի մասով չպլանավորված ստուգումների թիվն աճել է:

«2020 թվականին եղել է 149 վարույթ, 2021-ին՝ 540, 2022-ին՝ 1393, այսինքն՝ 2020-ի համեմատ այդ թիվը մոտ 10 անգամ բարձր է»,- ասաց Սլավիկ Սարգսյանը և ընդգծեց, որ դիմումների, ահազանգերի թվի աճի պատճառներից մեկն իրազեկվածության բարձրացումն է, այսինքն՝ քաղաքացիներն ավելի հաճախ են սկսել դիմել կառույցին իրավունքների խախտումները վերականգնելու պահանջով:

Պաշտոնյան նաև նշեց, թե որ դեպքերում են քաղաքացիները դիմում տեսչական մարմնին. հիմնական պատճառներն են աշխատավարձը չվճարելը, ուշ վճարելը, վերջնահաշվարկ չկատարելը, անօրինական գործից ազատելը:

Սլավիկ Սարգսյանը նաև մանրամասնեց, թե ինչ իրավունքներ ունեն տոնական օրերին աշխատողները:

«Նախատոնական օրերին, այսինքն՝ տոնի նախորդ օրը, նախատեսվում է 1 ժամ աշխատանքը շուտ ավարտել, իսկ տոնական օրվա համար, հստակ թվով չեմ հիշի՝ կրկնակի՞ է, թե՞ հավելյալ, բայց նախատեսվում է հավելյալ վճար»,- ասաց նա:

Պաշտոնյան նաև նշեց, որ ամենաշատ խախտումները գրանցվում են շինարարության ոլորտում, որտեղ մեծ է չգրանցված աշխատողների թիվը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել