Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

ԱԱՏՄ ղեկավարն ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

ԱԱՏՄ ղեկավարն ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հունիսի 12-14-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի (IALI) 17-րդ Կոնգրեսին ու Ասամբլեայի աշխատանքներին։ ԱԱՏՄ-ի փոխանցմամբ՝ այցի նպատակը գործընկերների հետ անհատական և խմբային մի շարք հարցերի քննարկումն էր և փորձի փոխանակումը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2021-2024 թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունները, աշխատանքային միգրանտների, աշխատավայրում սեռական և հոգեբանական բռնության դրսևորումներին առնչվող և մի շարք այլ հարցեր։ Հունիսի 14-ին կայացել է Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի ղեկավար կազմի ընտրությունը՝ նախագահի պաշտոնում վերընտրվել է Սինգապուրի ներկայացուցիչ Հո Սիոնգ Հինը, գլխավոր քարտուղար է վերընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ՝ Անա Էրկորեկան, գանձապետի պաշտոնում վերընտրվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ` Քրիստոֆ Իսելիին Ասոցիացիայի փոխնախագահներ են ընտրվել՝ Սլավիկ Սարգսյան (Հայաստան), Սամանտա Փիս (Մեծ Բրիտանիա), Ժաո Լի (ԱՄՆ), Ագնես Գլաս (Ֆրանսիա), Բերնհարդ Ռեյբել (Գերմանիա), Պալ Հիլմար Լունդ (Նորվեգիա): Հանդիպման ժամանակ ընդունվել են որոշումներ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ։
12:27 - 18 հունիսի, 2024
Տեղեկություններ կան՝ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ տեսչական մարմին

Տեղեկություններ կան՝ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ տեսչական մարմին

Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացվող տեղեկություններն այն մասին, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացնել աշխատանքից:  Այս մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է (Խտրականություն է համարվում նաև քաղաքական հայացքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում)։ «Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները, և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ, քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, 81-07 «Թեժ գծի» հեռախոսահամարով, կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (e-request.am): Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից: Հորդորում ենք խստագույնս պահպանել ՀՀ օրենքները, տվյալ դեպքում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները»,- ասված է հաղորդագրության մեջ։
21:36 - 07 մայիսի, 2024
Բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կվերահսկի ԱԱՏՄ-ն

Բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կվերահսկի ԱԱՏՄ-ն

Բժշկական արտադրատեսակների շրջանառությունն այսուհետ կվերահսկի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ-ն)։ Այս նախագիծն առաջարկել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչությունը։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում պետական վերահսկողությունն իրականացնում է Կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` օրենքով սահմանված կարգով: Ներկայումս ԱԱՏՄ-ն բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն չի իրականացնում: Նախագծի նպատակն այն է, որ մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող բժշկական արտադրատեսակների շրջանառություն հայտնաբերելու դեպքում միջոցներ է ձեռնարկվեն՝ դրանց շրջանառությունն արգելելու ուղղությամբ։ Նախագծի ընդունմամբ 2022թ. պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Այն չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:
16:02 - 05 հունիսի, 2023
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրերի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրերի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 6409 շահառու, 2023 թ երկրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում: «Նախագծով առաջարկում ենք երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի համար 2023 թ երկրորդ եռամսյակի բյուջեն համալրել 300 մլն դրամով: Ծրագրերի շրջանակում այս տարվա համար նախատեսված և հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել է ըստ եռամսյակների: Սակայն ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն, միայն ապրիլի 30-ի դրությամբ արդեն աջակցություն է ստացել 957 շահառու, վճարվել է շուրջ 643 մլն դրամ, ևս 320 շահառուի հայտ բավարարվել է և սպասում է վճարման, որի ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դրամ»,-ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Ծրագրի մեկնարկից մինչև այս պահը աջակցություն է ստացել 6409 շահառու, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 4 մլրդ 345 մլն դրամ: Ընդ որում 2021-ին աջակցություն է ստացել 1949, իսկ 2022-ին՝ 3088 շահառու: Նախարարը աջակցություն ստացած շահառուների թվի կտրուկ աճը պայմանավորեց նաև ակտիվ իրազեկման աշխատանքներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ծրագիրն ընդունվել է 2020-ին: Ծրագրով երեխային ծննդյան դեպքում բնակարանի ձեռքբերման համար ընտանիքին ցուցաբերվում է աջակցություն:«Օրինակ, հիփոթեքային վարկի մայր գումարի որոշակի չափ ենք վճարում կամ բնակարանի ձեռքբերման համար կանխավճարի ապահովագրություն ենք իրականացնում և այդպես շարունակ»,-հիշեցրեց վարչապետը: Փաշինյանը հավելեց, որ հիմա ըստ եռամսյակների՝պետբյուջեով նախատեսած գումարը ավելացնելու անհրաժեշտություն կա: «Բյուջեով նախատեսված գումարը սպառվել է, որովհետև մեր կանխատեսվածից ավելի շատ երեխաներ են ծնվել, ինչը շատ ուրախալի է»,-ասաց նա: Վարչապետը ներկայացրեց վիճակագրական որոշ թվեր: 2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմում է 11 հազար 926, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 1401-ով, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 532-ով, 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1469-ով և այլն: Վարչապետը սրանք շատ ուրախալի թվեր համարեց՝ հույս հայտնելով, որ կառավարության իրականացրած ծրագրերի շնորհիվ է դա տեղի ունենում: Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ: Մեկը, օրինակ, վերաբերում է մարզերում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակ ունեցող ընտանիքներին աջակցելուն, ընտանիքը պետք է ունենա 2 անչափահաս երեխա: Խոսքը միանվագ աջակցության մասին է: Երկրորդով աջակցություն է ցուցաբերվում կանխավճարի ապահովագրության համար: Երրորդը՝ եթե հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքում ծնվում է երեխա, պետությունը տրամադրում է աջակցություն՝ մայր գումարի մարման համար:
16:52 - 18 մայիսի, 2023
Աշխատանքային իրավունքի խախտումների մասով քաղաքացիների ահազանգերի թիվն աճել է
 |1lurer.am|

Աշխատանքային իրավունքի խախտումների մասով քաղաքացիների ահազանգերի թիվն աճել է |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում քաղաքացիներն ավելի հաճախ են սկսել դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը: Ըստ պաշտոնյայի՝ վերջին 3 տարիներին դիմում-բողոքների և ահազանգերի մասով չպլանավորված ստուգումների թիվն աճել է: «2020 թվականին եղել է 149 վարույթ, 2021-ին՝ 540, 2022-ին՝ 1393, այսինքն՝ 2020-ի համեմատ այդ թիվը մոտ 10 անգամ բարձր է»,- ասաց Սլավիկ Սարգսյանը և ընդգծեց, որ դիմումների, ահազանգերի թվի աճի պատճառներից մեկն իրազեկվածության բարձրացումն է, այսինքն՝ քաղաքացիներն ավելի հաճախ են սկսել դիմել կառույցին իրավունքների խախտումները վերականգնելու պահանջով: Պաշտոնյան նաև նշեց, թե որ դեպքերում են քաղաքացիները դիմում տեսչական մարմնին. հիմնական պատճառներն են աշխատավարձը չվճարելը, ուշ վճարելը, վերջնահաշվարկ չկատարելը, անօրինական գործից ազատելը: Սլավիկ Սարգսյանը նաև մանրամասնեց, թե ինչ իրավունքներ ունեն տոնական օրերին աշխատողները: «Նախատոնական օրերին, այսինքն՝ տոնի նախորդ օրը, նախատեսվում է 1 ժամ աշխատանքը շուտ ավարտել, իսկ տոնական օրվա համար, հստակ թվով չեմ հիշի՝ կրկնակի՞ է, թե՞ հավելյալ, բայց նախատեսվում է հավելյալ վճար»,- ասաց նա: Պաշտոնյան նաև նշեց, որ ամենաշատ խախտումները գրանցվում են շինարարության ոլորտում, որտեղ մեծ է չգրանցված աշխատողների թիվը:
15:34 - 01 մայիսի, 2023
Միայն թաքնված աշխատուժի հայտնաբերման դեպքում տեսչական մարմինը կարող է չպահպանել եռօրյա ծանուցման պահանջը. նախագիծ
 |1lurer.am|

Միայն թաքնված աշխատուժի հայտնաբերման դեպքում տեսչական մարմինը կարող է չպահպանել եռօրյա ծանուցման պահանջը. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Գործող օրենքով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումից 3 օր առաջ պետք է տեղեկացնի ստուգվող տնտեսվարողին՝ նրա մոտ նախատեսված ստուգման մասին: Ըստ «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներ Հերիքնազ Տիգրանյանի և Նարեկ Զեյնալյանի՝ սա կանխատեսելի է դարձնում ստուգումները տնտեսվարողի համար, նա ավելի պաշտպանված է դառնում: Տեսչությունը ստուգում է նաև թաքնված աշխատուժը, և այս դեպքում եռօրյա ծանուցումը ստուգումը դարձնում է անիմաստ: Առաջարկած փոփոխությամբ միայն թաքնված աշխատուժի հայտնաբերման դեպքում տեսչական մարմինը կարող է չպահպանել եռօրյա ծանուցման պահանջը:  Ագային ժողովն ընդունեց նախագիծն առաջին ընթերցմամբ: 
11:35 - 14 սեպտեմբերի, 2022
ԿԲ փոխնախագահ. «Աշխատում ենք անկանխիկ գործարքների դեպքում բանկային միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ»
 |hetq.am|

ԿԲ փոխնախագահ. «Աշխատում ենք անկանխիկ գործարքների դեպքում բանկային միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ» |hetq.am|

hetq.am: Քաղաքացիների շրջանում թյուրընկալում կա, որ եթե իրենք քարտով վճարումներ իրականացնեն, իրենցից միջնորդավճար է գանձվելու։ Այսպիսի կարգավորում չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին անկանխիկ գործառնությունների փոփոխությունների թեմայով քննարկմանն ընդգծեց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։  Այս տարվա հուլիսի 1-ից Հայաստանում 300 000 դրամը գերազանցող գործարքները պետք է կատարվեն բացառապես անկանխիկ։ Օրինակ՝ առևտուրը, տարատեսակ ծառայությունների դիմաց վճարումները, անշարժ գույքի առուվաճառքը և այլն։  Սկզբում դա կվերաբերի միայն Երևանին, հետո՝ մինչև 2024 թվականը, ամբողջ Հանրապետությանը։ Այս տարվա հուլիսի 1-ից այն կտարածվի Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների վրա, 2023 հուլիսից՝ մարզերի վարչական կենտրոնների և 2024 հուլիսից՝ մնացած բոլոր բնակավայրերում: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նոր կարգավորումները սահմանում են բացառություններ, որոնց դեպքում, անկախ գործարքի չափից, միայն անկանխիկ պետք է կատարվեն վճարումները։ Օրինակ՝ բժշկական հաստատությունների, փաստաբանական, հաշվապահական, կրթական ծառայություններից օգտվելու դիմաց վճարումները պետք է ընդունվեն միայն անկանխիկ։  Սահմանվում է, որ բացառապես անկանխիկ են վճարվում նաև աշխատավարձերը, կենսաթոշակները, պետական կամ համայնքային բյուջեներ կատարվող ցանկացած վճարումներ։   «Գրավատները վարկերը տրամադրելու են անկանխիկ ձևով, եթե այդ վարկի գումարը կգերազանցի 80 հազար դրամը, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամը գերազանցող, 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամը գերազանցող։ Գրավատներից բացի, մյուս վարկատու կազմակերպությունները բացառապես անկանխիկ են, սակայն վարկերի մարումները կարող են լինել կանխիկ»,- նշեց Երանուհի Թումանյանցը։ Իրավիճակը կվերահսկեն ՊԵԿ-ը, ԿԲ-ն ու Աշխատանքի տեսչական մարմինը Անկանխիկ գործարքների վերաբերյալ նոր փոփոխությունների կատարումը կվերահսկեն  երեք պետական մարմիններ։  Առաջինը Պետական եկամուտների կոմիտեն, որը վերահսկողություն է սահմանում տնտեսվարողների նկատմամբ։ Մյուսը՝ Կենտրոնական բանկը, որ վերահսկում է իր կողմից լիցենզավորված կազմակերպությունները, ինչպես նաև՝ բանկերը, ապահովագրական ընկերությունները, գրավատները և այլն։ Երրորդը՝ Աշխատանքի տեսչական մարմինն է, որը արդեն կոնկրետ աշխատանքային հարաբերություններին՝ աշխատավարձերի վճարման գործընթացներին կհետևի։ Եթե ՀԴՄ սարքը խափանվի, լույս, ինտերնետ չլինի. oբյեկտիվ պատճառների դեպքում պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի Եթե օբյեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտները չկարողանան անկանխիկ վճարումներ ընդունել, ապա նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի, հայտարարեց Երանուհի Թումանյանցը։ «Եթե խոսքը ՊՈՍ տերմինալի մասին է, ապա այն երկու օրվա ընթացում փոխվում է, և այստեղ պատասխանատվության ոչ մի միջոց չի կիրառվում։ Եթե խոսքը ՀԴՄ-ի մասին է, որը նաև ՊՈՍ  գործառույթն ունի, ապա երեք ժամվա ընթացքում պետք է տեղեկացվի դրա մասին, 24 ժամվա ընթացքում այն վերանորոգվի, այստեղ ևս պատասխանատվության միջոց չի կիրառվում»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալը։  Եթե ինտենետ կապն է խափանվում, լույն է անաջատվում, ապա դրանք օբյեկտիվ պատճառներ են, և նույնպես չեն կարող պատասխանատվության միջոց ենթադրել, որովհետև կա մեղքի բացակայություն։ Այլ բան է, երբ կարող է իրականացվել  վարչական վարույթ և պարզվել, որ կապը չի խափանվել, լույսը չի անջատվել, և դա պատասխանատվությունից խուսափման միջոց է եղել։  Գործարքի արհեստական բաղդատումը  ևս պատասխանատվություն միջոցներ է ենթադրում։ Օրինակ՝ եթե 2 մլն դրամ արժողությամբ մեքենան վաճառելիս գնորդը պայմանավորվում է վաճառողի հետ 10 ամսում 200 հազարական դրամով  վճարումն անել և այդպիսով խուսափել անկանխիկ գործարքից, ապա դրա բացահայտման արդյունքում պատասխանատվության միջոցներ են կիրառվելու։ «Աշխատում ենք բանկային միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ» «Օրենսդրական և ենթաօրենսդրական կարգերի մասով նախապատրաստական աշխատանքները ավարտված են։ Տնտեսվարող սուբյեկտների կողմից կանխիկ վճարման ընդունման տեսանկյունից ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև՝ բիզնեսի կողմից, ֆինանսական կազմակերպությունների կողմից պատրաստվել են ՊՈՍ տերմինալների (POS-անգլ.՝ Point Of Sale - վաճառքի կետ) սերտիֆիկացման նախնական աշխատանքները և ըստ էության՝ ֆինանսական կազմակերպությունները այսօր պատրաստ են այն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք օրենքի իմաստով պետք է ՊՈՍ տերմինալներ ունենան, իրենց մոտ ակտիվացնել իրենց ՀԴՄ սարքերի վրա քարտերով վճարների ընդունումը»,- հայտարարեց ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։  Տնտեսվարողների չի պարտադրվում միայն ՀԴՄ-ներով վճարումները ընդունել, կարող են նաև առանձին ՊՈՍ տերմինալներներ տեղադրել։  Ըստ ԿԲ փոխնախագահի երկու առևտրային բանկեր, որոնց անունները չեն նշվում, պատրաստակամություն են հայտնել մեծ ծավալով ու մատչելի սակագներով միացնելու ՊՈՍ գործառույթը ՀԴՄ սարքերին։  Հարցին, օրինակ՝ արդյոք բոլո՞ր բուժհաստատություններն ունեն անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն, այդ թվում՝ պոլիկլինիկաները, Հովհաննես Խաչատրյանը պատասխանեց՝  այո։ Այն հաստատությունները, որոնք դեռ չունեն, պատրաստվում են և շատ կարճ ժամանակահատվածում կունենան։  Բանկերը անկանխիկ գործառնություններն իրականցնելու համար այսօր տնտեսվարողներից գանձում են 1.5-3% միջնորդավճարներ, որը շատ բիզնեսների համար բավականին թանկ է։ Սա հենց առաջին ու հիմնական պատճառներից մեկն է, որ բազմաթիվ տնտեսվարողներ առայժմ չեն ընդունում քարտային ու անկանխիկ վճարումներ։  Հովհաննես Խաչատրյանը հավաստիացնում է, որ ԿԲ-ն այսօր բանակցում է բանկերի հետ՝ միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ։ Այս օրենքով, ըստ ԿԲ փոխնախագահի, մի քանի խնդիր է լուծվում։ Առաջին հերթին՝ հարկային թափանցիկություն կապահովվի, կկրճատվի տնտեսության ստվերը, կապահովվի քաղաքացու՝ անկանխիկ վճարելու իրավունքը։  Հարցին, թե ինչու՞ է այս ամենն արվում պատրադրանքով և չի թողնվում տնտեսվարողների ու քաղաքացիների հայեցողությանը, Հովհաննես Խաչատրյանը հիշեցնում է, որ երկու կողմն էլ տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել զարգացնելու անկանխիկի շուկան, սակայն այսօր Հայաստանը անկանխիկ գործառնությունների ծավալներով բավականին հետ է զարգացող երկրներից։  «Ազգային վճարահաշվարկային համակարգը, վճարային քարտերը մեզ մոտ թափանցել են շատ վաղուց, ֆինանսական համակարգում կարգավորումները խիստ են, մեծ հաշվով, բայց մենք տեսնում ենք, որ վերջին 5-10 տարիների ընթացքում հետ ենք ընկել գործընկեր այլ երկրներից»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը։  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:06 - 16 հունիսի, 2022
Շարունակել խստացված վերահսկողությունը. ԱԱՏՄ-ում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Շարունակել խստացված վերահսկողությունը. ԱԱՏՄ-ում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում տեղ գտած տեսչական մարմնին վերաբերող միջոցառումները։ Ոլորտի պատասխանատուները ներկայացնելով շինարարական հրապարակներում իրականացված ստուգումների արդյունքները՝ զեկուցել են, որ Երևան քաղաքի 88 հասցեներում գտնվող բարձր ռիսկային շինարարական հրապարակներում իրականացված վերահսկողության արդյունքում հարուցվել է 46 վարչական վարույթ։ Խախտում կատարած գործատուների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր: Որոշվել է շարունակել այս ուղղությամբ խստացված վերահսկողությունը՝ արձանագրված դրական դինամիկան պահպանելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների կազմակերպումը և անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։ Արձանագրվել է, որ էապես ավելացել է քաղաքացների իրազեկվածությունը, իսկ տնտեսավարողները սկսել են առավել մեծ ուշադրություն դարձնել աշխատողների իրավունքների պահպանման հարցերին։ Անդրադարձ է կատարվել նաև բժշկական օգնության և սպասարկման, սանիտարահամաճարակային և դեղերի շրջանառության վերահսկողության բնագավառի հարցերին: Որոշում է կայացվել նախաձեռնել դեղերի վերահսկողության ոլորտի օրենսդրական փոփոխություններ։ Քննարկվել են նաև գործակարգավարական և կազմակերպչական մի շարք այլ հարցեր։
14:33 - 16 ապրիլի, 2022
Հայտնաբերվել են ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ և պատվաստված լինելու կեղծ վկայական. հարուցվել են քրեական գործեր

Հայտնաբերվել են ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ և պատվաստված լինելու կեղծ վկայական. հարուցվել են քրեական գործեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները շարունակում են ուժեղացված ռեժիմով հերթապահությունը։ 2021 թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու և իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի կողմից հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5 դեպքով գործերն արդեն ուղարկվել են դատարան։ Մասնավորապես՝ Վ․ Մ․-ն, Ա․ Մ․-ն, Ա․ Մ․-ն և Գ․ Գ․-ն ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ են պատրաստել և իրացրել։ Քրեական գործը հարուցվել է 2021 թ-ի օգոստոսի 27-ին։ 2021 թ-ի օգոստոսի 23-ին Ա․ Կ․-ն՝ կնոջ Ա․ Հ․-ի և 7-ամյա որդու հետ, Շարմ-էլ-Շեյխից ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ։ 2021 թ-ի օգոստոսի 15-ին Տ․ Թ․-ն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է բժշկական կեղծ փաստաթուղթ՝ Covid-19-ի պատրաստի թեստի պատասխան։ Գործն ուղարկվել է դատարան։ Լ․ Մ․-ն 2021 թ-ի հոկտեմբերի 18-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է Covid-19 համավարակի դեմ պատվաստված լինելու կեղծ վկայական։ Գործի վարույթը կասեցվել է ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ): Հ․ Օ․-ն, Ս․ Ա․-ն, Ա․ Խ․-ն և Ա․ Թ․-ն Տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացրել են իրենց բջջային հեռախոսների մեջ առկա Covid-19 համավարակի ՊՇՌ թեստի կեղծ պատասխաններ։ 01.12.2021 թ-ին հարուցվել է 3 քր․ գործ, որոնք միացվել են և 1 վարույթով ուղարկվել դատարան։ Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ կեղծարարություններից, պահպանել ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ սահմանված ՀՀ մուտք գործելու պահանջները։
12:22 - 27 հունվարի, 2022
Սուպերմարկետների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
 |mediafactory.am|

Սուպերմարկետների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել |mediafactory.am|

mediafactory.am: Հիմք ընդունելով Հետք Մեդիա Գործարանի՝ սուպերմարկետներում աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել։  Վարչական ակտում ներառվել են նյութում դիտարկված սուպերմարկետները, որտեղ աշխատելու փորձառություն էին ունեցել մեր լրագրողները։ Տեսչական մարմնից տեղեկացրին, որ հունվարի 3-ին սուպերմարկետներին ծանուցել են վարույթ հարուցելու մասին, որի շուրջ գործողությունները կընթանան առաջիկա 30 օրվա ընթացքում։ Սուպերմարկետների հսկիչ-վաճառողների աշխատանքային առօրյայում արձանագրել էինք խախտումներ, ինչպիսիք են աշխատանքային պայմանագրի օրինակը չտրամադրելը, ընդմիջման և հանգստի սահմանված ժամանակահատվածից ավելի քիչ ժամանակի տրամադրումը, ապօրինի տույժ-տուգանքները, ինչպես նաև անչափահասների աշխատանքային պայմանների խախտումները։  
20:03 - 05 հունվարի, 2022