ԱՄՆ դեսպանը հայտնել է Հայաստանի մեդիաոլորտում երկու նոր ներդրումների մասին
13:26 - 05 մայիսի, 2023

ԱՄՆ դեսպանը հայտնել է Հայաստանի մեդիաոլորտում երկու նոր ներդրումների մասին

 Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հրապարակել է դեսպան Քվինի ելույթը՝  Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ընդունելության համար։

«Բարի երեկո, հարգարժա՛ն հյուրեր։ Ուրախ եմ ընդունել Ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ազատ, բազմազան և անկախ մամուլը հաջող ժողովրդավարության հիմնարար սյուներից է։ Ազատ մամուլի դերը շատ ավելին է, քան տեղեկատվության ապահովումը, չնայած դա ինքնին արդեն իսկ շատ կարևոր է։ Ազատ մամուլը իշխանություն ունեցողներից հաշվետվողականություն է պահանջում և ձայն է ապահովում նրանց համար, որոնք իշխանություն չունեն՝ պաշտպանելով կարծիքների բազմազանությունը, որի շնորհիվ հասարակությունն ավելի ամուր է դառնում։

Այսօր առավել քան երբևէ կարևոր է, որ ազատ մամուլն ապահովի լրագրողական բարձր ստանդարտներն ու բարեվարքությունը։ Այսօրվա լրատվական դաշտը հեղեղված է միտումնավոր ու ոչ միտումնավոր ապատեղեկատվությամբ։ Քաղաքացիներին իրազեկելու փոխարեն ապատեղեկատվությունը շեղում է նրանց, հեռու պահում փաստերի ու ողջամտության վրա հիմնված իրական քննարկումներից։ Յուրաքանչյուր լրագրող պարտավոր է պայքարել ապատեղեկատվության դեմ՝ ամեն անգամ այդ երևույթին բախվելիս դրա մասին բարձրաձայնելով ու դրան հակազդելով։

Մայրաքաղաք Վաշինգտոնի ամենամեծ շրջանառություն ունեցող «Վաշինգտոն պոստ» օրաթերթի պաշտոնական կարգախոսում  ասված է՝ ժողովրդավարությանը մահանում է խավարում։ Լրագրողի աշխատանքը՝ Հայաստանում և աշխարհում այլուր, այդ խավարը լուսավորելն է, կառավարությանը, հաստատություններին և հասարակությանը վառ լույսի ներքո պահելը, որպեսզի ճշմարտության ուղին առավել տեսանելի լինի։ Երբեմն այդ լույսն ապահովելու համար խիզախություն է պահանջվում։ Այն ենթադրում է ճշմարտությունների բացահայտում, որոնք ազդեցիկ ու իշխանության տեր մարդիկ կցանկանային գաղտնի պահել։ Դա կարող է վտանգել ձեր կարիերան, երբեմն կարող է ֆիզիկական վտանգ ստեղծել ձեր համար։

Ռուսաստանում «Վոլ Սթրիթ Ջերնըլի» լրագրող Էվան Գերշկովիչի անօրինական կալանավորումը բոլորիս ուշադրության կենտրոնում է։ Լրագրողական աշխատանքը քրեորեն պատժելի արարք չէ, և մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ ազատ արձակել նրան։ Ես անձամբ օգնել եմ «Ֆոքս Նյուզի» լրագրող Բեն Հոլի տարհանման ժամանակ, որն իր աշխատանքը կատարելիս ծանր վիրավորում էր ստացել Ուկրաինայում։ Նրա գործընկերներից երկուսը զոհվել էին հարձակման ժամանակ։ Այժմ Բենը, բարեբախտաբար, վերադարձել է լրագրողական աշխատանքի և լուսաբանում  է ԱՄՆ պետքարտուղարության աշխատանքը։

Ներկա բոլոր լրագրողներին իմ անսահման երախտիքն ու հարգանքն եմ հայտնում ձեր հաստատակամության, խիզախության և Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում ունեցած էական դերակատարման համար։

Միացյալ Նահանգներն աջակցում է ձեր աշխատանքին, և մենք կշարունակենք ներդրումներ կատարել Հայաստանի մեդիադաշտի ամրապնդման և հայ ու ամերիկացի լրագրողների միջև կապերի խորացման ուղղությամբ։

Հպարտությամբ ուզում եմ նշել, որ այսօր դեսպանության աջակցությամբ «Հանրային լրագրության ակումբը» ապատեղեկատվության հակազդմանը նվիրված համաժողով էր կազմակերպել, և մենք հուսով ենք, որ քննարկումները թույլ տվեցին վերհանել այս հետզհետե մեծացող վտանգի դեմ պայքարի լավագույն փորձը։

Այսօր ես ուզում եմ նաև անդրադարձ կատարել Հայաստանի մեդիաոլորտում մեր երկու նոր ներդրումներին։ Առաջինը՝ ԱՄՆ ՄԶԳ-ը «Ինտերնյուս նեթվորքի» հետ ստորագրել է 15 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր «Մեդիա ծրագիր Հայաստանում» ծրագրի իրականացման վերաբերյալ, որն աջակցելու է լրագրողական ստանդարտներին ու մեդիա ոլորտի ֆինանսական կենսունակությանը։  Երկրորդը՝ Դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակը 2,3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է նախատեսում Հայաստանում լրագրողական կրթության  մագիստրոսական ծրագրի ու գործող լրագրողների համար փորձի փոխանակման նոր  նախագծերի իրականացման նպատակով։ Այս երկու նախաձեռնությունների մասին էլ նոր մանրամասներ կներկայացվեն այս տարի ավելի ուշ։

Եվ վերջում մի քանի բառ եմ ուզում ասել այս շաբաթվա կարևորագույն իրադարձության՝ Վաշինգտոնում  պետքարտուղար Բլինքենի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ընթացող խաղաղության բանակցությունների մասին։ Այս գործընթացին ԱՄՆ կառավարության կողմից ամենաբարձր մակարդակում ցուցաբերվող աջակցությունն ընդգծում է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղ ու բարեկեցիկ ապագայի կերտման հարցում՝ Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում։  Մենք ողջունում ենք գրանցված առաջընթացը և լիահույս ենք, որ կողմերը կշարունակեն ուղիղ երկխոսությունն առաջիկա շաբաթների ընթացքում։ Մենք շարունակում ենք շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխավորումը առանցքային է տևական խաղաղության հասնելու հարցում։

Այսքանով թույլ տվեք ամփոփել և շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, որ դուք եք անում։ Այսօր, երբ նշում ենք Մամուլի ազատության օրը, և առհասարակ մեզ համար պատիվ է լինել ձեր գործընկերը մամուլի ազատության խիստ էական հարցում առաջընթաց հարթելու ճանապարհին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել