Պեկինը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական երկրներ՝ «խթանելու խաղաղ բանակցությունները» |azatutyun.am|
14:23 - 12 մայիսի, 2023

Պեկինը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական երկրներ՝ «խթանելու խաղաղ բանակցությունները» |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական մի շարք երկրներ՝ «խաղաղ բանակցությունները խթանելու նպատակով»։

Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում երկրի նախկին դեսպան Լի Հուեյը այսպիսով կդառնա Չինաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որն Ուկրաինա է այցելում Ռուսաստանի ներխուժումից ի վեր:

Չինաստանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ մայիսի 15-ին մեկնարկող ուղևորության ընթացքում Հուեյը կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան։

Փետրվարին Չինաստանը ներկայացրել է ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր, որը սակայն թե՛ Եվրամիությունը, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Կիևը գնահատել են ոչ թե որպես կարգավորման իրական պլան կամ կողմերի միջև բանակցությունների առաջարկ, այլ խնդրի առնչությամբ Պեկինի դիրքորոշում:

Արևմտյան երկրների կարծիքով՝ Չինաստանի խաղաղարար նախաձեռնությունը Կիևի համար չափազանց անորոշ է, չի պարունակում պատերազմից դուրս գալու կոնկրետ ելք և կարող է Պուտինի կողմից օգտագործվել զինադադարի հաստատման համար, որի արդյունքում ռուսական զորքերը կպահպանեն օկուպացված տարածքների վերահսկողությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել