Առաջիկայում ԱԺ-ում կսկսվեն 2022թ․ պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2022-ի պետբյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ․ սա այն գումարն է, որը փաստացի մուտքագրվել է պետբյուջե։ Սա 2022թ․ «Պետբյուջեի մասին» օրենքի ընդունման պահին նախատեսվածից ավելի է շուրջ 82 միլիարդ դրամով կամ 4 տոկոսով։ 2022թ․ պետբյուջեի հարկային եկամուտները 2017թ․ համանման ցուցանիշը գերազանցել են 768 միլիարդ դրամով կամ 66,3 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը 2022-ին 2017-ի համեմատ ավելի են եղել 150 միլիարդ դրամով կամ 163 տոկոսով։
2021-22թթ․ ՀՀ կառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ձեռք բերեց ԶՊՄԿ-ում, եւ այս հանգամանքի բերումով 2021-ի վերջից մասնակցում է Կոմբինատի կառավարմանը։ 2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 միլիարդ 636 միլիոն դրամ։ Սա շուրջ 7 մլրդ դրամով ավելին է, քան 2012-17 թվականներին ԶՊՄԿ-ի կողմից վճարված հարկերը միասին վերցրած։
2023թ․ առաջին չորս ամիսների տվյալներով՝ ՀՀ-ն շարունակում է տնտեսական բարձր աճի դինամիկայի մեջ մնալ, ինչն արտահայտվում է նաեւ պետբյուջեի մուտքերով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ 2023-ի առաջին չորս ամիներին ՀՀ պետբյուջե ավելի շատ հարկային եկամուտ է մուտքագրվել, քան առանձին վերցված 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականներին՝ ամբողջ տարվա ընթացքում, եւ մոտավորապես այնքան, որքան 2011 թվականի արդյունքներով։
«Պետբյուջեի եկամուտներն առանցքային նշանակություն ունեն երկրի բոլոր՝ այդ թվում անվտանգային, մարդկային կապիտալի զարգացման խնդիրների լուծման համար։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, տնտեսվարողներին, գործարարներին, ընկերություններին, ներդրողներին, պետական եւ մասնավոր հատվածի աշխատողներին, ովքեր ապահովում են պետբյուջեի եկամուտները»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)