Ես այդ մեջբերումից հասկացա, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Մայր Աթոռից հնչած հայտարարությանը։
«Եթե Եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ ձևով իրականացնող բազմաթիվ այլ հոգևորականների նկատմամբ, ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել։ Ձեր հայտարարության մեղադրանքներին չեմ հակադարձի մեղադրանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ: Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել։
Ես հույս ունեմ, որ հոգևոր ճեմարանը ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա։ Բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից»։
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը արձագանքել էր Փաշինյանի հայտարությանը՝ նշելով․ «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, իհարկե եթե հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը, համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»։
comment.count (0)