Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային
09:19 - 15 մայիսի, 2025

Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար: 

Յոշիակի Դեյմոն Հագիվարան շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ տպավորված է հայ երիտասարդների հետ հանդիպմամբ: Նա հավելել է՝ հանդիպումը ցույց է տվել, որ երիտասարդները շատ հետաքրքրված են բարձր տեխնոլոգիական ոլորտով և դրա զարգացման հեռանկարներով: 

Ավելի ուշ տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Մայիսի 14-ին կայացած միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային:

Արարողության ժամանակ վարչապետը հանդես է եկել ելույթով և նշել. «Նախ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել գլոբալ տեխնոլոգիական ոլորտում ունեցած ներդրման համար և շնորհավորել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցանակը կարևորում է, քանի որ դրա միջոցով Հայաստանը՝ որպես պետություն, իր հարգանքի տուրքն է մատուցում այն անձանց, ովքեր շատ կոնկրետ ազդեցություն են ունեցել ժամանակակից կյանքի ձևավորման գործում:  «Եվ սա նաև ինչ-որ առումով գլոբալ այդ պրոցեսներին մեր մասնակցության մի ձևաչափ է, որը մենք շատ ենք կարևոր համարում։ Իհարկե, նաև նման մասշտաբի գործիչների այցելությունը Հայաստան, նրանց շփումները մեր ուսանողների, գործարար համայնքի, տեխնոլոգիական ոլորտի հետ, կարծում եմ, կարևոր և լրացուցիչ խթան են մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Այս մրցանակաբաշխությունը նաև մեզ օգնում է ստուգել, համոզվել տեխնոլոգիական, կրթության ոլորտներում մեր ռազմավարական պատկերացումների ճշգրտության մեջ: Սա նույնպես կարևոր հանգամանք է, որ ուզում եմ ընդգծել»,- հավելել է վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հետաքրքիր օրինաչափություն է նկատել բոլոր դափնեկիրների հետ շփումներում այն առումով, որ նրանք բոլորն էլ իրենց անցած ճանապարհը, գործունեությունը վերհիշելիս, միշտ անդրադառնում են դպրոցին, ինչը նշանակում է, որ անկախ հետագա կյանքի ընթացքից, կրթությունից, բոլորի կյանքում դպրոցը շատ էական դեր է կատարում: «Եվ այն, որ մեր բոլոր հյուրերը անպայման մի փոքր դրվագ հիշում են իրենց դպրոցից այսպիսի հաջողությունների հասնելուց հետո, ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչքան կարևոր է ընդհանրապես կրթական ենթակառուցվածքների գոյությունը երկրում, որը մեր Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է: Եվ մենք կրթության՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության, հետբուհական կրթության ոլորտում, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում շատ լուրջ ծրագրեր ենք իրականացնում»:

Ըստ աղբյուրի՝ իր խոսքում երկրի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Յոշիակի Դեյմոն Հագիվարային ուսանողների հետ իր փորձով կիսվելու և հետագայում շփումը շարունակելու պատրաստակամության համար։ 

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք կրկին Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից հարգանքի և գնահատանքի տուրք մատուցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 15-րդ դափնեկիր պարոն Յոշիակի Հագիվարային»։

Վերջինս շնորհակալություն է հայտնել իր գործունեությունն ըստ արժանվույն գնահատելու և Հայաստանի պետական մրցանակով պարգևատրելու համար: Իր խոսքում անվանի գիտնականը կարևորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու կրթության բնագավառում ծրագրերի հետևողական իրականացումը: 

Դր․ Յոշիակի Դեյմոն Հագիվարան AIPLAB կոնսորցիումի հիմնադիրն է, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ, IEEE մշտական անդամ (IEEE Life Fellow), AAIA անդամ, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) նշանավոր շրջանավարտ: 

Յոշիակի Դեյմոն Հագիվարան ավարտել է ԱՄՆ-ի Փասադենայում գտնվող Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Caltech)՝ ստանալով էլեկտրատեխնիկայի ոլորտում ֆիզիկայի մասնագիտացմամբ դոկտորի (PhD) կոչում՝ 1975 թվականին: 1975-2008 թվականներին Sony-ում աշխատելու ընթացքում նա ներգրավված է եղել պատկերի սենսորների և թվային տեսախցիկի չիպ-սեթի վաղ մշակումներում, ներառյալ ADC, DRAM, բարձր արագությամբ Cache SRAM բուֆերային հիշողության չիպերը, միկրոկոնտրոլերների չիպերն ու իրական ժամանակի բարձր արտադրողականության պրոցեսորները։ 1992 թվականին նա եղել է JEDEC հիշողության ստանդարտացման կոմիտեի անդամ, ինչպես նաև՝ Միջազգային ստանդարտների կոմիտեի (IEC) IEC TC47 Տեխնիկական հանձնաժողովի նախագահ։ 

Յոշիակի Դեյմոն Հագիվարան նաև եղել է Միջազգային ծրագրային կոմիտեի նախագահ և Գործառնական կոմիտեի անդամ IEEE Electron Device Society-ի (EDS) կողմից  հովանավորվող ICMTS կոնֆերանսներում և IEEE Solid State Circuits Society-ի (SSCS) կողմից հովանավորվող ISSCC կոնֆերանսներում, որտեղ նա նաև շարունակաբար եղել է IEEE ISSCC Ասիական կոմիտեի նախագահ և ISSCC Միջազգային տեխնիկական ծրագրերի (international technical program (ITC)) ղեկավար:

Նա եղել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) էլեկտրատեխնիկայի և կիրառական ֆիզիկայի դեպարտամենտների հրավիրյալ պրոֆեսոր, Ճապոնիայի Կիրյու քաղաքի Գունմա համալսարանի էլեկտրատեխնիկայի դեպարտամենտի հրավիրյալ պրոֆեսոր, աշխատել է որպես Ճապոնիայի Կյուշու կղզու Կումամոտո քաղաքի Սոջո համալսարանի Տեղեկատվական գիտության և տեխնոլոգիայի դեպարտամենտի լրիվ դրույքով պրոֆեսոր և ներկայումս հատուկ նշանակված պրոֆեսոր է Սոջո համալսարանի նախագահի գրասենյակում։

2008 թ․ հիմնադրել է AIPLAB կոնսորցիումը և աշխատել որպես Արհեստական բանականության գործընկեր համակարգի (AIPS) լաբորատորիայի նախագահ։ Մինչ օրս շարունակում է լինել Ճապոնիայի Ածուգի քաղաքում գտնվող LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահը՝ զբաղվելով AI Robot Clean Energy SDGs (մաքուր էներգիայի և կայուն զարգացման նպատակներին ուղղված արհեստական բանականությամբ ռոբոտների) համակարգային լուծումների մշակմամբ։ Գիտնականը եղել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության (SSIS) Կրթական հանձնաժողովի նախագահը և մինչ օրս շարունակում է իր գործունեությունը որպես անդամ։ Նա Caltech-ի պատվավոր շրջանավարտ է, AAIA անդամ, IEEE մշտական անդամ և IEEE EDS, IEEE SSCS, IEEE CS, IEEE գերհաղորդականության խորհրդի, IEEE նանոտեխնոլոգիայի խորհրդի, IEEE սենսորների խորհրդի և IEEE համակարգերի խորհրդի անդամ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել