Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է․ Փաշինյան
16:59 - 24 մայիսի, 2023

Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելուն․ «Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է՝ այժմ հետախուզման մեջ գտնվող, և եթե չեմ սխալվում ՀՀԿ խմբակցության անդամ։ Բայց նաև հետևյալն եմ ուզում ասել, որ չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել»։ 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ԱԱԾ-ն հայտնել էր՝ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել է և ԱԱԾ-ում է։ 

Այսօր արդեն ԱԱԾ-ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելու գործով կա ձերբակալված․ «Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին»։

Նշենք նաև, որ մինչ այդ՝ մայիսի 16-ին, հայտնի էր դարձել, որ Իտալիայում առգրավել են 2.7 տոննա կոկաին, որը նախատեսված է եղել Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար։ Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Ռեջո Կալաբրիայի շրջանի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ առգրավված թմրանյութը եղել է «չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված վիճակում»: Այն թմրանյութեր վաճառողներին կբերեր շուրջ 800 միլիոն եվրոյի եկամուտ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել