ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը և Մարիա Կարապետյանը հունիսի 2-ին հանդիպել են Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ընդգծվել է խորհրդարանական համագործակցության կարևորությունն ինչպես Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ անդամ երկրների խորհրդարանների հետ:
ԱԺ պատգամավորները խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին: Անդրադարձ է եղել իշխանություն-հանրություն հաղորդակցությանը, մասնավորապես, բանակցությունների և ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում խորհրդարան-հանրություն արդյունավետ կապի ապահովմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ընդդիմադիր և իշխանական ուժերի համագործակցված աշխատանքի կարևորությանը:
Ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը` մանրամասնելով ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերում առաջընթացը:
comment.count (0)