tert.am: Կոլումբիայի ջունգլիներում հայտնաբերել են վթարի ենթարկված Cessna 206-ի ուղևորներին՝ չորս երեխայի, որոնք վթարից հետո 40 օր միայնակ անցկացրել են անտառում։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։
«Ուրախ լուր ամբողջ երկրի համար։ 40 օր առաջ Կոլումբիայի ջունգլիներում կորած չորս երեխային ողջ են հայտնաբերել»,- գրել է Պետրոն։
Տեղական Tiempo թերթը, հղում անելով զինված ուժերում իր աղբյուրներին, գրել է, որ հայտնաբերված երեխաները, որոնք 13, 9, 4 և 1 տարեկան եղբայրներ են, ջրազրկված են և տուժել են միջատների խայթոցներից։ Հայտնի է, որ փրկված երեխաները վիտոտո բնիկ ցեղի ներկայացուցիչներ են:
Ավելի ուշ Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի ծառայությունն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ երեխաները որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մասնագետների ուղեկցությամբ տեղափոխվել են մայրաքաղաք Բոգոտա։
Նշենք, որ օրեր առաջ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել էր, որ Կոլումբիայի զինված ուժերը Կակետա դեպարտամենտի ջունգլիներում ողջ են հայտնաբերել չորս երեխայի, որոնք վթարի ենթարկված Cessna 206-ի ուղևորներ են եղել և վթարից հետո 16 օր ստիպված են եղել միայնակ անցկացնել անտառում, սակայն մայիսի 18-ին նա ջնջել էր իր այդ գրառումը և մեկ այլ գրառմամբ հայտնել, որ տեղեկությունը չի հաստատվել։
Հիշեցնենք, որ Cessna 206 ինքնաթիռը մայիսի 1-ին երկրի հարավում գտնվող Կակետա դեպարտամենտում հաղորդել է շարժիչի խափանումների մասին և ահազանգ ուղարկել: Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունից հայտնել են, որ օդանավը հայտնաբերվել է ավելի քան 370 ժամ որոնումներից հետո: Օդանավում եղել է օդաչուի դին, սակայն վեց ուղևորը, որոնցից չորսը անչափահաս են եղել, ինքնաթիռի սրահում կամ մերձակայքում չեն եղել:
comment.count (0)