Կոնգրեսը «պատրաստ է պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ», ովքեր չեն կատարում ԱՄՆ-ում անօրինական գտնվող իրենց քաղաքացիներին ընդունելու պահանջը
 |azatutyun.am|
18:27 - 27 հունվարի, 2025

Կոնգրեսը «պատրաստ է պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ», ովքեր չեն կատարում ԱՄՆ-ում անօրինական գտնվող իրենց քաղաքացիներին ընդունելու պահանջը |azatutyun.am|

azatutyun.am: Կոլումբիան ու մյուս երկրները պիտի նկատի ունենան, որ Կոնգրեսը լիովին պատրաստ է պատժամիջոցներ և այլ մեթոդներ կիրառել նրանց դեմ, ովքեր ամբողջությամբ չեն համագործակցում կամ չեն կատարում Միացյալ Նահանգներում անօրինական գտնվող իրենց քաղաքացիներին ընդունելու պահանջը, X-ի էջում գրել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

«Նախագահ Թրամփը Ամերիկան դնում է առաջին տեղում, և Կոնգրեսը ամրապնդելու է նրա այդ քաղաքականությունը»,-գրել է Ջոնսոնը։

Կոլումբիան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող իր քաղաքացիներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից խոստացված պատժամիջոցները երկրի դեմ առայժմ չեն կիրառվի, այսօր գրել է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը։

«Կոլումբիայի կառավարությունը համաձայնել է Թրամփի բոլոր պայմաններին, ներառյալ ԱՄՆ-ից բոլոր կոլումբացի ապօրինի ներգաղթյալների անսահմանափակ ընդունումը, այդ թվում՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռներով, առանց սահմանափակումների և ուշացումների», - նշվում է հայտարարության մեջ։

Սպիտակ տունը հավելել է, որ Թրամփը բոլոր երկրներից ակնկալում է «լիարժեք համագործակցություն» իրենց քաղաքացիների արտաքսման գործընթացում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել