«Բաքուն Արցախի տնտեսությանը պատճառել է ավելի քան 340 միլիոն դոլարի վնաս»․ Արցախի ՄԻՊ-ը նոր զեկույց է հրապարակել
10:13 - 13 հունիսի, 2023

«Բաքուն Արցախի տնտեսությանը պատճառել է ավելի քան 340 միլիոն դոլարի վնաս»․ Արցախի ՄԻՊ-ը նոր զեկույց է հրապարակել

Բաքուն արդեն կես տարի շրջափակել է Արցախը՝ խախտելով 120 հազար մարդու իրավունքները, տնտեսությանը պատճառելով ավելի քան 340 միլիոն դոլարի վնաս․ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է նոր զեկույց, որում ամփոփում է արդեն վեց ամիս շարունակվող շրջափակման հարուցած խնդիրները։

Մոտ 73 հազար տոննայի փոխարեն ներկրվել է 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ, գրում է Գեղամ Ստեփանյանն իր զեկույցում։

Լաչինի միջանցքով գրեթե 58 անգամ ավելի քիչ մեքենա է շարժվում, այն էլ՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով։

Ամիսներ շարունակ արցախցիները զրկված են մի շարք մթերքներից կամ ձեռք են բերում կտրոնով։

Արցախի պետական համալսարանի դասախոս Սիլվա Խաչատրյանն ասում է՝ թանկացումները շարունակվում են, կտրոնային համակարգն էլ իրեն չի արդարացնում։

«Մի կիլո կեռասը 5 հազար 500 դրամ էր, 6 հազար, էս վերջերս իջել է՝ 4 են ասում, այ էս ձևի վիճակ է։ Տեղական մրգերն էլ, բանջարեղենն էլ նմանապես․ մի ամիս շարունակ կարտոֆիլը 3 հազարից չէր իջնում։ Ահավոր թանկ գներ են։ Կոնֆետները, որ 1200-1300 դրամ էին, բոլորը դարձել են 4 հազար, 5 հազար», - ասաց Խաչատրյանը։

Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1400 քաղաքացի զրկված է վիրահատվելուց, արձանագրում է Արցախի օմբուդսմենը։

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանն արդեն 117 օր ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, 154 օր էլ ամբողջությամբ խաթարված է էլեկտրամատակարարումը։

Չնայած այս խնդիրներին, Սիլվա Խաչատրյանն իր ուսանողներին հուսադրում է չընկճվել։ Կինը հիշում է 1990-ականները, երբ որդու ծնվելու օրը ևս լույս չկար, այն ժամանակ ավելի վատ էր, ասում է։

«Երեխաները, որ ծնվել են, հենց ծնունդի գիշերն էլ մթության մեջ է ծնվել, նկուղում եմ պահել, մեծացրել։ 4 տարի հոսանք չի եղել առհասարակ, ոչ թե ժամերով չի եղել, այլ առհասարակ չի եղել, և ոչ թե ապրանքը եղել է թանկ, այլ ընդհանրապես ոչ թանկ ոչ է-ան չի եղել, 4 տարի շրձափակում է եղել, մենք դիմացել ենք, մենք պայքարել ենք, մենք հաղթել ենք», - ասց Խաչատրյանը։

Արցախի օմբուդսմենը նաև ընդգծում է՝ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Լաչինի միջանցքը բացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև նոր խոչընդոտ է ստեղծել՝ Հակարի կամրջի վրա անցակետ տեղադրելով։ Բաքուն, միևնույն ժամանակ, շարունակաբար պնդում է, թե Արցախի ճանապարհը բաց է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել