ՀՀ ԱԳ նախարարը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավարին է ներկայացրել ԼՂ-ի հիմնահարցին առնչվող վերջին զարգացումները
16:04 - 13 հունիսի, 2023

ՀՀ ԱԳ նախարարը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավարին է ներկայացրել ԼՂ-ի հիմնահարցին առնչվող վերջին զարգացումները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 13-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել հիմնադրամի հետ հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ և մտքեր փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների արդյունքում գրանցված առաջընթացի և դրանց ԵՄ և անդամ պետությունների շարունակական աջակցության վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ստեղծված անվտանգության իրավիճակին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող վերջին զարգացումները, ինչպես նաև առանցքային խնդիրների կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հասնելու՝ հայկական կողմի տեսլականը: Ընդգծվել է այդ ուղղությամբ միջազգային դերակատարների շարունակական ներգրավվածության և գործուն քայլերի կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել