ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, երբ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցքին, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս․ Գեղամ Մանուկյան
 |tert.am|
14:35 - 15 հունիսի, 2023

ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, երբ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցքին, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Ինձ հետաքրքիր է՝ Ֆինանսների նախարարությունը  չէ՞ր կարող հատկացնել մի քանի հարյուր հազար դրամ ամսական աշխատավարձ, որ մի խելոք մարդ բերեին կառավարություն, նստեր Նիկոլ Փաշինյանի կողքը, ուղեկցեր տարբեր տեղեր, որ նրան ասեր՝ Նիկո՛լ Փաշինյան, Մուրադ Բարդակչեի հետ հանկարծ Անկարայում չնկարվես, այդ մարդը Թալեաթի օրագիրը տպելով՝ արդարացրել է Թալեաթի գործողությունները։

Այս մասին ԱԺ-ի ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Վերջինս նշեց, որ  2022թ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ընթացքում հարց է ուղղել ՆԳ փոխնախարարին, թե կա վերլուծություն՝ որքա՞ն է ծախսվել  ՀՀ տարածքում Նիկոլ Փաշինյանի տեղաշարժերի վրա, ինչին ի պատասխան  փոխնարարաը հայտնել է, որ չի եղել նման ուսումնասիրություն։

«Նիկոլ Փաշինյանին շատ երկար եմ ճանաչում, դրա համար ուզում եմ պարզ ասեմ, իրականում ոստիկանության մեջ բազմամիլիարդանոց ծախսեր են արվում մենակ մի բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը անցնի Երևանի մի փողոցից մյուսը, ՀՀ-ի մի գյուղից մյուս գյուղը, բնակիչները արդեն գիտեն, որ եթե Սևանի մայրուղու վրա 2 մետրը մեկ ոստիկան է կանգնած, ուրեմն ճանապարհը փակվում է։

Աննախադեպ է դարձել Հայաստանի բյուջեից հազարավոր ոստիկաններով  մեկ մարդու շրջագայությունը։ Ժամանակին, երբ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել, հիշում եմ, որ մեքենան բաց պատուհաններով էր, հիմա պատուհանները փակ են։ Դա ոչ թե անվտանգություն է, այլ վախն է, որի պատճառով հազարավոր ոստիկանններ իրենց գործը թողած՝  ժամերով կանգնում են, որ մեկ մարդ մի տեղից գնա մյուս տեղը։

Վախը պատճառ է այն գիտակցման, թե ինչ ավերի է բերել հասցրել երկիրը։ Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ ունեն մի զգացում՝ ատելության, որը երբեք մեր երկրում չի եղել։ Քաղաքացիները գիտակցում են, որ երկիրդ ղեկավարում է մեկը, որի պատճառով Եվրամիության պաշտոնյան հայտարարում է, որ նա առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է Ադբեջանի մաս։ ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, որ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցիքն, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս, գետինն է մտնում, որ իր երկիրը ներկայացնողը ադրբեջանական թեզերով արդարացնում է, որ Արցախ Ադրբեջանի մաս է, արդարացնում է, որ Արարատը մերը չի»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ․ ««Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու երկրների, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման է։ Այն, որ Իրանը նման վերաբերմունք է ցուցաբերում, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Իրականում դա նրանց էլ պետք է վրդովեցնի: Բացի այդ, այստեղ մեկ վագոնի համար գանձվող վճարները, ցավոք, շատ բարձր են: Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե սրան դրական մոտենային, ապա այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային ճանապարհը ինտեգրված կլինեին և գուցե բացվեր նաև «Պեկին-Լոնդոն գիծը»,- ասել է Էրդողանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել