ԵԽ-ն ամբողջությամբ սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարին․ Նատալի Լուազո |armenpress.am|
20:58 - 21 հունիսի, 2023

ԵԽ-ն ամբողջությամբ սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարին․ Նատալի Լուազո |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանն ամբողջությամբ սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն` պատասխանելով հարցին, թե իր Հայաստան այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվե՞լ է Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու հարցը, և արդյոք այս պահին տեսնում է նման հնարավորություն։  

«Առաջինը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որը պետք է պատշաճ կատարվի։ Երկրորդ՝ Եվրոպական խորհրդարանը լրիվ սատարում է փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին։ 

Եվրոպական խոհրդարանը նաև ողջունում է առհասարակ միջազգային ներկայության գաղափարը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և շահերը լիարժեք պաշտպանելու համար։ 

Մենք նաև միանգամայն կողմ ենք, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև ընդունվի։ Եվ ինչքան շուտ, այնքան լավ  կլինի, եթե ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամները նախապատրաստեն այդօրինակ բանաձևի նախագիծը»,- ասաց Լուազոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել