«Դատաքննությամբ ևս ապացուցվում է, որ մեղադրանքն ի սկզբանե փուչ էր»․ Դավիթ Տոնոյանի պաշտպան
 |hetq.am|
15:48 - 28 հունիսի, 2023

«Դատաքննությամբ ևս ապացուցվում է, որ մեղադրանքն ի սկզբանե փուչ էր»․ Դավիթ Տոնոյանի պաշտպան |hetq.am|

hetq.am: Հունիսի 27-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով հերթական դռնփակ դատական նիստը, որի ընթացքում շարունակվել է վկաների հարցաքննությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ դատակոչված վկաների հարցաքննությունը գրեթե ավարտման փուլում է, մնացել է 1 վկա, որը երկրում չէ, և հնարավոր է, որ նրա հարցաքննությունը տեղի չունենա։ Պաշտպանի հաղորդմամբ՝ այս փուլին հաջորդելու է ամբաստանյալների հարցաքննությունը։

«Մինչև այս պահը ձեռք բերված ապացույցների համակցությամբ միանշանակ կարող եմ փաստել, որ որևէ վերաբերելի ապացույց չկա, որ կարող է ի վնաս Դավիթ Տոնոյանի կամ այլ անձի մեկնաբանվել։ Այն, որ մեղադրանքը ի սկզբանե փուչ էր, դատաքննությամբ ևս ապացուցվում է»,- ասաց Սերգեյ Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել դատական նիստերի արհեստական ձգձգման մասին։ Անդրադառնալով այս հարցին՝ պաշտպանն ասաց, որ վերջին նիստին արհեստական ձգձգման վերաբերյալ արձանագարում չեն արել։ Սակայն, ըստ պաշտպանի, լինում են նաև նիստերի անհարկի ձգձգումներ, որոնց մասին բարձրաձայնում են։

Դավիթ Տոնոյանը 2021թ․․ սեպտեմբերի 30-ից կալանավորված է։ Դատարանը չի բավարարել Տոնոյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների ներկայացրած նախորդ երկու միջնորդությունները։ Հակակոռուպցիոն դատարանի դեկտեմբերի 29-ի կայացրած որոշումը՝ խափանման միջոցը չփոխելու մասին, պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որը ևս մերժել է բողոքը։

Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277մլն դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել