Կան վարույթներ, որ անցնող անձինք զբաղվում են քաղաքականությամբ, սա դեռ չի նշանակում՝ նրանք քաղբանտարկյալ են. Մանասյան |armtimes.com|
13:36 - 29 հունիսի, 2023

Կան վարույթներ, որ անցնող անձինք զբաղվում են քաղաքականությամբ, սա դեռ չի նշանակում՝ նրանք քաղբանտարկյալ են. Մանասյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Արմեն Աշոտյանին վերաբերող հարցերին։

Նա պատասխանեց հարցին՝ Արմեն Աշոտյանն այս իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման ենթարկվո՞ւմ է, թե՞ ոչ։

«Ես բազմիցս նշել եմ, որ մեզ համար կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ ու դիրքորոշումներ է ներկայացնում, բայց շատ կարևոր է հասկանալ նաև մյուս կողմի՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ, և միայն դրանից հետո ենք եզրահանգումներ իրականացնում։ Ես կխնդրեմ, որ մենք սպասենք այդ պարզաբանումներին և հասկանանք, թե մանդատի շրջանակներում ի՞նչ կարող ենք իրականացնել»,- ասաց նա։

Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, պաշտպանը արձագանքեց․ «Ես այս հարցին անընդհատ պատասխանում եմ և մեջբերում չափանիշները՝ քաղբանտարկյալ լինելու համար ոչ միայն պարտադիր է, որ անձը իրականացնի քաղաքական, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործունեություն, այլ շատ կարևոր է, որ քրեական վարույթը, որը հարուցվել է, լինի բացառապես այն պատճառով, որ դու հենց քաղաքական գործունեությամբ ես զբաղվում։ ՀՀ-ում մենք ունենք մի շարք վարույթներ, որոնցով անցնող անձինք նաև զբաղվում են քաղաքական գործունեությամբ, բայց սա դեռ չի նշանակում, որ նրանք քաղբանտարկյալ են։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ պետությունն ու իրավասու մարմինները այդ անձի հետ հավասար նաև այլ հանցագործություն կատարած քաղաքական այլ ուժի ներկայացուցչի ենթարկեն պատասխանատվության, հավասարություն պետք է լինի»։

Մանասյանը նաև խոսեց ՀՀ-ում կալանքը՝ որպես խափանման միջոց, հաճախ կիրառելու մասին։

«Դա գրեթե մշտապես մտահոգիչ է եղել եվրոպական չափանիշների տեսանկյունից։ Մենք մտահոգիչ պրակտիկա ունենք։ Ես նույնպես դա արձանագրում եմ, պետք է հետևողականություն ցուցաբերենք և ընդհանուր մեթոդաբանությունը ճիշտ ձևավորենք»,- ընդգծեց նա։  

Հարցին՝ իսկ ո՞ր դեպքում է Պաշտպանը այցելում կալանավորված անձին, և ինչո՞ւ են տեսակցել Արմեն Աշոտյանին, նա արձագանքեց․ «Մենք այլ դեպքերում ևս անձանց տեսակցում ենք, բոլոր դեպքերի համար ռեսուրսը բավարար չէ, բայց երբ ահազանգ ստանում ենք, գնում ենք։ Մեր հասարակությունում մենք սովոր ենք խոսել քաղաքական տեսանկյունից հետաքրքրություն առաջացնող մարդկանց մասին, բայց կան նաև այլ քաղաքացիներ բազում խնդիրներով։ Պարզապես դեպքեր կան, որոնց վերաբերյալ նաև լրատվամիջոցներից ենք հարցում ստանում, այդ պատճառով դրանք հրապարկային են դառնում»։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:

Ի հավելում հրապարակած հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեն Աշոտյանի մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել