ՊՊԾ-ում փոփոխությունների նպատակն է ավելի ուժեղացնել ծառայությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության. Նիկոլ Փաշինյան
15:15 - 01 հուլիսի, 2023

ՊՊԾ-ում փոփոխությունների նպատակն է ավելի ուժեղացնել ծառայությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը նախ շնորհավորել է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, ՊՊԾ բոլոր ծառայողներին, այդ թվում՝ ծառայության հիմնադրման առաջին օրից ներգրավվածներին, տոնական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել  օրենքով ու Սահմանադրությամբ իրենց առջև դրված պարտականությունները կատարելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2023 թվականը շրջադարձային տարի է Պետական պահպանության ծառայության համար, որովհետև այն այլևս վերածվել է,  վերակերպվել Վարչապետին ենթակա  մարմնի:

«Սա նշանակում է, որ մենք նոր հատուկ ծառայություն ենք ստեղծել, որն ունի լուրջ պատասխանատվություն՝ երկրում անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի,  իրավակարգի պաշտպանության տեսակետից:

Եվ այս առումով, իհարկե, պիտի ընդգծեմ, որ փոփոխությունն իրականացնելիս  ցանկանում ենք ուժեղացնել, ընդգծել ծառայության լավագույն ավանդույթները և փորձել դուրս բերել աշխատանքում տեղ գտած թերությունները: Իհարկե, մեր նպատակն է, որ ծառայությունը գնալով ավելի ու ավելի ուժեղանա՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության: Ծառայությունն առաջին հերթին ուժային կառույց է, բայց ցանկացած ուժային կառույցի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար էական է, որ այդ գործունեությունը հենված լինի մտավոր կարողությունների, նաև զարգացման վրա: Իհարկե, մենք առաջիկայում նախատեսում ենք կառույցի ֆիզիկական ենթակառուցվածքների, սպառազինության, տեխնիկական միջոցների բարելավում, առաջին հերթին օպերատիվ  և վերլուծական կարողությունների ուժեղացում:

Իհարկե, Պետական պահպանության ծառայությունը գործում է օրվա մեջ 24 ժամ, շաբաթը 7 օր,  տարին 12 ամիս: Այդ աշխատանքի ավելի ու ավելի մեծ մասը պետք է աննկատ լինի հանրության համար և ավելի ու ավելի քիչ մասը նկատելի լինի ծառայության համար: Ես, ընդհանրապես, այսպես եմ գնահատում ծառայության աշխատանքը՝ ինչքան քիչ է այն նկատելի  և՛ պահպանվող անձանց, և՛ հանրության համար, ուրեմն այնքան ծառայությունն ավելի լավ է կազմակերպված: Ծառայությունը պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքով՝ չգործել այնտեղ, որտեղ պետք չէ, և գործել այնտեղ, որտեղ պետք է: Սա, իհարկե, նուրբ եզր է և առաջին հերթին պահանջում է ինտելեկտուալ մոտեցում: Հույս ունենք, որ ծառայության այս շրջանի բարեփոխումները կբերեն ընդհանուր և՛ որակի, և՛ աշխատողների սոցիալական երաշխիքների մեծացման»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջիկայում մեկնարկելու է կամավոր ատեստավորման գործընթացը, որի առանցքային նպատակն աշխատավարձերի առնվազն կրկնապատկումն է: «Բայց հասկանալիորեն կրկնակի աշխատավարձն  առնվազն էականորեն աշխատանքի ավելի լավ որակ է ենթադրում, ինչն, իհարկե, չի նշանակում, թե մենք մտածում ենք, որ կատարված աշխատանքը որակյալ չէ, բայց նույնիսկ ամենաորակյալ աշխատանքը կարող է լինել ավելի որակյալ: Սա է մեր տրամաբանությունը:

Ուզում եմ ընդգծել, որ ծառայության աշխատանքի որակն էական է նաև Հայաստանի միջազգային իմիջի առումով, որովհետև Պետական պահպանության ծառայությունն է ընդունում և ուղեկցում օտարերկրյա հյուրերին: Սա մի նրբություն է, որ գուցե հաճախ չենք նկատում, բայց չափազանց կարևոր է: Այսինքն, ըստ էության, օտարերկրյա հյուրերը երկրի հետ առնչվում են ՊՊԾ աշխատակիցների միջոցով: Մենք էլ օտարերկրյա այցերի ընթացքում շատ հաճախ այդ օտարերկրյա համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ շփումներից որոշակի պատկերացում ենք կազմում այդ երկրի իրերի դրության մասին:

Միևնույն ժամանակ, ՊՊԾ ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր ունեն պետական պահպանություն, ուղեկցում են օտարերկրյա այցերի ընթացքում, ինչը նույնպես շատ կարևոր առանձնահատկություն է, որը նույնպես մեր ուշադրության կենտրոնից դուրս է մնում: Եվ մենք այս բոլոր ուղղություններով, իհարկե, պետք է զարգացնենք ծառայությունը՝ ուժեղացնելով պետությունը, որովհետև ընդհանրապես պետության ուժեղացման համար կարևորագույն գործոնն այդ երկրի ինստիտուտների, ծառայությունների արդյունավետությունն է, գործունեության հետևողականությունը և որակը:

Համոզված եմ, որ մենք հետևողականորեն կգնանք այս ճանապարհով: Նաև կարևոր է արձանագրել, որ Պետական պահպանության ծառայությունում այսօր կա և՛ կազմակերպչական, և՛ ինտելեկտուալ համապատասխան ներուժ այս բոլոր փոփոխություններն իրականացնելու համար:

Բացի այդ, որոշակի ստանդարտներ և ավանդույթներ պետք է զարգանան և էվոլյուցիա ապրեն: Ընդհանրապես, եթե նկատել եք, մենք հաճախ ենք ամենատարբեր ոլորտներում խոսում կանանց ներգրավման ավելի բարձր աստիճանի մասին: Իհարկե, այս դահլիճում տեսնում ենք, որ ՊՊԾ-ում ոչ քիչ թվով կանայք են ծառայում, բայց նաև խնդիր ունենք, որ հենց զինծառայության, մարտական բնույթի ծառայության, թիկնապահական ծառայության մեջ կանանց ներգրավման ավելի մեծ ցուցանիշ ունենանք: Այսօր այդ քաղաքականությունը վարում ենք բոլոր ուղղություններով՝ Ոստիկանությունում, Զինված ուժերում, ՊՊԾ-ում: Ուզում եմ ընդգծել, որ սա ոմանք մեկնաբանում են միայն այլևայլ աշխարհայացքային տեսանկյուններով, բայց մեր ընկալումն այդպիսին չէ: Այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այսինքն՝ ես սա ոչ դրական, ոչ էլ բացասական ենթատեքստով եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը կանայք են, սա նշանակում է, որ պատկերացրեք՝ մենք բավարար չափով բնակչության մեծամասնությանը չներգրավենք երկրի տնտեսական, պետական, քաղաքական գործերում: Սա նշանակում է, որ մենք մեր երկրի ոչ ամբողջ ներուժն ենք օգտագործում պետության զարգացման համար, ինչն ուղղակի անտրամաբանական է և ոչ արդյունավետ:

Ըստ էության, ապրիլից ունենք նոր կարգավիճակով նոր ծառայություն, որի կառավարման տրամաբանությունն է որոշակի փոփոխություններ կրել: Իհարկե, որոշ ժամանակ անց կվերլուծենք, թե այս կառավարման նոր մեթոդն ինչ արդյունքներ է բերում, ինչ խնդիրներ է առաջացնում, առաջացնո՞ւմ է, թե ոչ: Սա կենդանի պրոցես է: Նույն տրամաբանությամբ կշարունակենք:

Վերադառնալով օրվա խորհրդին՝ ևս մեկ անգամ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել և՛ ներկաներին, և՛ բացականերին, ովքեր այս պահին դահլիճում չեն: Ես էլ եմ կիսում ծառայության պետի այն գնահատականը, որ ՊՊԾ-ն կատարել է, կատարում է իր առջև դրված խնդիրները, և սա ամենակարևոր արձանագրումն է այս տոնական օրվա համար, ինչի առթիվ կրկին բոլորին շնորհակալություն եմ հայտնում և հաջողություններ մաղթում հետագա ծառայության մեջ»:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել