ՊՊԾ

Ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին
 |news.am|

Ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին |news.am|

news.am: Մեծ միջադեպ չի եղել, ոչ էլ ծեծկռտուք: Աշխատանքային ժամ էլ չի եղել, այսինքն մինչև շենք մտնելը ինչ-որ խոսակցություն է եղել: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով տարածված լուրերին այն մասին, որ երեկ «Երևան ՋԷԿ»-ի տարածքում վիճաբանություն է եղել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և Տիգրան Ավինյանի աներոջ` Արթուր Պահլավունու միջև: Նշենք, որ Սարգիս Հովհաննիսյանը «Երևան ՋԷԿ»-ի նորանշանակ փոխտնօրենն է, իսկ Արթուր Պահլավունին անվտանգության պետը: «Որոշ միջադեպ եղել է, ինչի համար ես շատ ցավում եմ, ափսոսում եմ, բայց նաև անհասկանալի է ինձ համար, քանի որ գործընկերները, յուրաքանչյուրը պետք է փորձի աշխատանքային միջավայրում կամ դրանից դուրս այնպիսի վարք դրսևորել, որպեսզի նման միջադեպ տեղի չունենա: Ես վիդեոներն էլ եմ տեսել, ինչ-որ հարցի շուրջ` ընդ որում հարցի, որը «ՋԷԿ»-ին չի առնչվում, եղել է խոսակցություն, որոշակի հրմշտոց, ընդամենը այդքանը»,-հավելեց նա:
11:10 - 15 նոյեմբերի, 2024
ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. նախագիծ
 |1lurer.am|

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանի խոսքով՝ օրինագծի նախագծի մշակումը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ-ի առանձնացման հետևանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների կարգավորումների վերանայման անհրաժեշտությամբ:  Անդրադառնալով օրինագծով առաջարկվող առավել բովանդակային կարգավորումներին՝ նշեց՝ օրինագծով առաջարկվում է ծառայության պետի և պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն՝ օրենքով ծառայության ծառայողների համար նախատեսված դեպքերում և կարգով:  Առաջարկվում է նաև ծառայողների գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացնել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված ընթացակարգով, ինչպես նաև առաջարկվում է նվազեցնել բարձրագույն և գլխավոր խմբի պաշտոններում նշանակվելու համար համապատասխանաբար գլխավոր և ավագ խմբի պաշտոնում ծառայության համար անհրաժեշտ ժամկետները՝ դրանք 3 տարվա փոխարեն դարձնելով 1 տարի:  Բացի դրանից՝ նախագծով առաջարկվում է պետական պահպանությունն իրականացնող մարմնում ծառայության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման համար ծառայության պետի վրա տարածել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով լիազոր մարմնի ղեկավարին վերապահված մի շարք լիազորություններ, ինչպես նաև լիազորել պետին՝ հաստատելու պետական պահպանության ոլորտի գործառույթին առնչվող մեթոդական ուղեցույցները և ուսումնական ձեռնարկները:  Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ծառայությունում ներդրվել է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու նոր համակարգ: Օրինագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության:  Հարակից զեկուցող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ նախագիծը շատ հավասարակշռված է, խնդրեց կողմ քվեարկել:
11:35 - 23 հոկտեմբերի, 2024
ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ-ի վրա |armenpress.am|

ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ-ի վրա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածելու մասին օրինագծին։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի նիստում ներկայացրեց Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը։ Նրա խոսքով՝ «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունը դասվում է այլ զորքերի շարքին, իսկ նույն հոդվածի մեկ այլ մասով պատերազմի և ռազմական դրության ժամանակ զինված ուժերում ընդգրկվում են նաև ՊՊԾ զինծառայողները՝ մասնակցելով մարտական գործողությունների, մարտական հերթապահության և կատարելով հատուկ առաջադրանք։ ՊՊԾ պետի տեղակալը նշեց, որ «Հատուցման գումարների վճարման կարգը» վերտառությամբ հոդվածում թվարկված են այն գերատեսչությունները, որոնք պետք է հիմնադրամ ներկայացնեն շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Օրենքի դրույթները, մինչև ԱԱԾ-ից առանձնանալը, տարածվում էր նաև ՊՊԾ-ի վրա, իսկ հատուցման անհրաժեշտության դեպքում հիմնադրամ պետք է ներկայացվեր ԱԱԾ-ի կողմից։ Հաշվի առնելով՝ Պետական պահպանության ծառայության՝ ԱԱԾ կառուցվածքում չլինելը և հանդիսանում է վարչապետին ենթակա մարմին հանդիսանալը, ինչպես նաև համապատասխան հոդվածով սահմանված գերատեսչությունների թվում ՊՊԾ բացակայությունը, հատուցման անհրաժեշտություն առաջանալու պարագայում կարող է խոչընդոտ առաջանալ շահառուներին գումարի վճարմանը։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ օրինագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա:
14:03 - 27 սեպտեմբերի, 2024
Պետական պահպանության ծառայությունը պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. վարչապետ

Պետական պահպանության ծառայությունը պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը նախ շնորհավորել է ծառայության աշխատակիցներին տոնական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պետական պահպանության ծառայությունն արդեն շուրջ մեկ տարի գործում է որպես Վարչապետին ենթակա մարմին և ընդգծել, որ դա կարևոր և սկզբունքային որոշում է, քանի որ այդ որոշմամբ՝ ի դեմս Պետական պահպանության ծառայության, ստեղծվել է պետության անվտանգությունն ապահովող ևս մեկ գործունակ հատուկ ծառայություն: «Իհարկե, մենք այն տրամադրվածությունը կամ մոլորությունը չունենք, թե դա հնարավոր է անել մեկ-երկու գործողության արդյունքում: Մենք այս ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատենք, որպեսզի Պետական պահպանության ծառայության կարողությունները, հմտությունները, պրոֆեսիոնալ մակարդակը շարունակական և հետևողականորեն բարձրացնենք»,- ասել է վարչապետը և հավելել, որ Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա մարմին դարձնելու և Ազգային անվտանգության ծառայության կազմից դուրս բերելու որոշման կարևորագույն նպատակներից և ենթատեքստերից մեկն այն էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր հիմնական և առանցքային գործառույթների վրա կենտրոնանալու ավելի շատ հնարավորություն ու ժամանակ ունենա: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, հասկանալիորեն այսքան արագ Պետական պահպանության ծառայությունը չի կարող գործել առանց Ազգային անվտանգության ծառայության հետ սերտ գործակցության և աջակցության, բայց ընդհանուր առմամբ, միանշանակ աներկբա է, որ դրանով Ազգային անվտանգության ծառայությունն ուժեղանում է, որովհետև հնարավորություն է տրվում, որ Ազգային անվտանգության ծառայությունը կենտրոնանա իր առանցքային գործառույթների վրա: «Իհարկե, այն կանխավարկածով, որ պետական մարմիններն ընդհանրապես մեկուսի չեն գործում: Այսօր նույն Պետական պահպանության ծառայությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, քննչական մարմինները չեն կարող գործել առանց մեկը մյուսի: Ընդհանրապես՝ պետական համակարգը չի կարող գործել փոխգործակցությունից դուրս ռեժիմում: Բայց շատ կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին հնարավորություն ունենա կենտրոնանալ իր առանցքային և հիմնական գործառույթների վրա: Եվ այս առումով, իհարկե, նաև Պետական պահպանության ծառայությունը, որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է հանրության մեջ կամ որոշակի շրջանակում տարածված մոլորությանը, թե Պետական պահպանության ծառայությունն ապահովում է միայն բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը: «Իրականում դա ամբողջ ճշմարտությունը չէ, այլ ճշմարտության մի մասն է, որովհետև ՊՊԾ-ն ապահովում է ինչպես պետական ինստիտուտների, այնպես էլ հանրության և քաղաքացիների անվտանգությունը, որովհետև այն միջոցառումները, որտեղ մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները, այդ միջոցառումներին մասնակցում են քաղաքացիներ, այդ միջոցառումների մոտակայքում գտնվում են քաղաքացիներ և այլն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ՊՊԾ-ն ապահովում է նաև քաղաքացիների և հանրության անվտանգությունը, իսկ ավելի լայն համատեքստում՝ պետական մարմինների աշխատանքի խաթարումն անվտանգային սպառնալիքներ կարող է ունենալ հանրության, պետության և յուրաքանչյուր անհատի անվտանգության համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև անդրադարձել է ՊՊԾ-ում բարեփոխումների օրակարգին և ընդգծել, որ այդ բարեփոխումների օրակարգը պետք է հետևողականորեն շարունակել: «Այդ բարեփոխումների մեջ ամենևին էլ երկրորդական տեղ չի զբաղեցնում ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը: Նաև ՊՊԾ-ում մենք իրականացնում ենք կամավոր ատեստավորման գործընթաց: Եվ ուրախ եմ արձանագրել, որ ընդհանուր առմամբ, հաջող է ընթանում այդ գործընթացը, որտեղ մենք զուգահեռաբար երկու խնդիր ենք լուծում: Այդ խնդիրներից առաջինը՝ ես ասացի, որպեսզի նման կարևոր ծառայության մեջ գտնվող մարդիկ ունենան պատշաճ վարձատրություն, բայց նաև այդ վարձատրությունն ունենան պատշաճ պրոֆեսիոնալ պատրաստվածության դիմաց: Սա, կարծում եմ, մի սկզբունք է, որը պետք է լինի ընդհանրապես ոչ միայն Պետական պահպանության ծառայության, այլ ամբողջ պետական համակարգի գործունեության հիմքում»,- ընդգծել է վարչապետը և հավելել, որ Պետական պահպանության ծառայությունում իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը դրական է նաև այն առումով, որ շատ ծառայողներ հենց իրենց ատեստավորման գործընթացում ի վերջո վերահաստատել են, որ մինչև ատեստավորումն էլ այդ բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ունեցել են, ինչը ծառայության կարևոր գնահատական է: «Անկախ այդ գործընթացից՝ պրոֆեսիոնալիզմի շարունակական զարգացումը միշտ էլ եղել է օրակարգում, միշտ էլ իրագործվել է, ինչը շատ կարևոր է և գնահատանքի արժանի է այն ըմբռնմամբ, որ ժամանակները փոխվում են, մարտահրավերները և պահանջները փոխվում են, և, իհարկե, այս բնականոն զարգացումը պետք է անընդհատ շարունակվի: Սրա համար մենք պետք է և՛ օրենսդրական, և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ նախադրյալներ ստեղծենք»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կատարած դժվար, բայց կարևոր ու արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն և անվտանգ ծառայություն մաղթել բոլորին և հավելել, որ Պետական պահպանության ծառայության տեխնիկական և կադրային համալրվածության հարցը ևս մի գործողությամբ և միանգամից չի լուծվի, բայց, իհարկե, կա հստակ պատկերացում, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է այդ հարցը լուծել։ Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով, Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով:
19:43 - 01 հուլիսի, 2024
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու գործով վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասը մեղադրականով ուղարկվել է դատարան. ՔԿ

Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու գործով վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասը մեղադրականով ուղարկվել է դատարան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը։ Կատարված նախաքննությամբ պարզվել է որ ՀՀ ՊՊԾ-ում բաժնի պետի, ապա ՀՀ ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնն զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով հողատարածքը, ապա նաև նույն հասցեում գտնվող 0,228 հա մակերեսով հողատարածքն ու դրա վրա առկա 161.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները՝ 19,4 քմ մակերեսով ծածկոցը, 83,6 քմ մակերեսով ծածկոցը, և 89.5 քմ մակերեսով ավտոտնակը օտարելու մտադրության մասին, նպատակադրվել է շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով ձեռք բերել դրանք: Այդ նպատակով, նա, օգտվելով ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու հանգամանքից, համոզելու և այլ եղանակով վերջիններիս դրդել է իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, վերոգրյալ հողատարածքը վաճառել իրեն: Այդ ուղղությամբ նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման արդյունքում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով 1.588.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը, ուղղակի վաճառքի հիմքերի բացակայության պայմաններում, հենց այդ եղանակով փաստացի ՀՀ ՊՊԾ նշված նախկին պաշտոնատար անձին է վաճառվել ընդամենը 360.450.000 ՀՀ դրամով, իսկ 72.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով 0,228 հա մակերեսով հողատարածքը և դրա վրա առկա 161.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները՝ 19,4 քմ մակերեսով ծածկոցը, 83,6 քմ մակերեսով ծածկոցը և 89.5 քմ մակերեսով ավտոտնակը՝ ընդամենը 43.270.000 ՀՀ դրամով։ Նշված գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ, այն է՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ առաջին գործարքով 1.227.850.000, իսկ երկրորդ գործարքով՝ 29.030.000 ՀՀ դրամի վնաս: Ընդ որում, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, նշված գույքերի իրական պատկանելությունը, տնօրինման եղանակը, իրավունքները թաքցնելու, գործարքներն օրինական քաղաքացիական շղարշի ներքո ներկայացնելու և այդ կերպ հանցավոր գործունեության արդյունքում ստացված գույքերի ծագումը խեղաթյուրելու նպատակով, նշված նախկին պաշտոնատար անձը, որպես դրանց գնորդ, ներկայացրել է իր ազգական Ա.Մ-ին, ով հանդես է եկել իբր որպես գործարքի իրական կողմ, և դրանց նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է վերջինիս անվամբ: Գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից և դրանց նկատմամբ փաստացի սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո շարունակելով գույքի հանցավոր ծագումը թաքցնելուն, խեղաթյուրելուն ուղղված գործողությունները, ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձը նշված անշարժ գույքերը տրոհել է տարբեր մասերի, որոնք գրանցվել են իր հետ փոխկապակցված տարբեր անձանց անուններով, ապա, հետագայում դարձյալ տրոհվելով՝ համապատասխան գործարքների միջոցով գրանցվել են նրա ընտանիքի անդամների անվամբ, իսկ դրանց երկու տարբեր մասերն օտարվել են ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրած Ռ․Ք․-ին: Արդյունքում, ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձը վերը նկարագրված գործողություններով՝ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրավունքներն ու պարտականությունները խեղաթյուրելու նպատակով, իր հետ փոխկապակցված անձանց և ընտանիքի անդամների անվամբ գործարքներ իրականացնելով և վերջիններիս անվամբ գույքը գրանցելով, պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 1.588.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով և առանձնապես խոշոր չափերով՝ 72.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով վերը նշված գույքերը և դրանք տնօրինել ըստ հայեցողության: Նշված արարքները կատարելու համար ՀՀ ՊՊԾ-ի նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Քրեական վարույթի՝ վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան հանձնելու նպատակով ուղարկվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:45 - 09 մայիսի, 2024
Վարչապետը Պետական պահպանության ծառայության ծառայողներին է ներկայացրել նորանշանակ պետին

Վարչապետը Պետական պահպանության ծառայության ծառայողներին է ներկայացրել նորանշանակ պետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայության ծառայողներին է ներկայացրել ՊՊԾ նորանշանակ պետ Արթուր Գասպարյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Սարգիս Հովհաննիսյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում կատարած և ընդհանրապես ծառայությունում երկարամյա աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն Արթուր Գասպարյանին մաղթել է հաջողություններ՝ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում: «Կարծում եմ՝ նախորդ տարին ծառայության համար շրջադարձային էր այն առումով, որ ծառայությունն իր զարգացման նոր փուլ է մտել՝ Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնից ստանալով Վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ: Սա, ըստ էության, ընդհանուր պրոցեսից դուրս գտնվող մի քայլ չէ, այլ առաջին օրից, քայլ-քայլ տարբեր կարգավիճակների ձեռքբերումով Պետական պահպանության ծառայությունը զարգացել է այս ուղղությամբ: Բայց դա առաջին քայլն է կամ ավելի ճիշտ՝ երկար ճանապարհի սկիզբն է, որովհետև հույս ունենք, որ Պետական պահպանության ծառայությունը կկարողանա զարգանալ և դառնալ պետական անվտանգություն ապահովող գործունակ հատուկ ծառայություն: Բայց ակնհայտ է նաև, որ դա մի օրում անել հնարավոր չէ, ոչ էլ երկու օրում, և մեզ պետք է ունենալ հստակ պատկերացում, հստակ պլան, թե ինչպես ենք դա իրականացնելու: Ըստ էության, այդ ծրագիրն առնվազն ձևավորման փուլում է, և պատկերացումները հիմնականում ձևավորված են: Ահա, եկել է դա իրագործելու ժամանակը: Նաև հընթացս պետք է ճշգրտումներ անել՝ հասկանալով, թե ինչն է պատեհ տվյալ իրավիճակի համար, ինչը՝ անպատեհ: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ շատ կարևոր որոշում է կայացվել, և համոզված եմ այդ որոշման ճիշտ լինելու մեջ: Չնայած գործնական իրագործման ընթացքում կտեսնենք, որ ինչ-որ մոտեցումներ պետք է շտկել, ճշգրտել, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է: Պարոն Հովհաննիսյան, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ երկարամյա ծառայության համար, ընդհանրապես Պետական պահպանության ծառայությունում, և մասնավորապես, Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում աշխատելու համար: Դուք հասցրել եք և՛ հին, և՛ նոր կարգավիճակում աշխատել և դա արժանի է գնահատանքի»: Սարգիս Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և շնորհավորել Արթուր Գասպարյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Սարգիս Հովհաննիսյանը ՊՊԾ ծառայողներին մաղթել է խաղաղ ծառայություն: Իր հերթին Արթուր Գասպարյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար. «Ինձ համար մեծ պատիվ է գլխավորելու Պետական պահպանության ծառայությունը: Վստահեցնում եմ Ձեզ, որ ծառայությունը մեծ պատվով կատարելու է իր առջև դրված բոլոր խնդիրները»:
19:55 - 07 մարտի, 2024
ՊՊԾ-ում փոփոխությունների նպատակն է ավելի ուժեղացնել ծառայությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության. Նիկոլ Փաշինյան

ՊՊԾ-ում փոփոխությունների նպատակն է ավելի ուժեղացնել ծառայությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը նախ շնորհավորել է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, ՊՊԾ բոլոր ծառայողներին, այդ թվում՝ ծառայության հիմնադրման առաջին օրից ներգրավվածներին, տոնական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել  օրենքով ու Սահմանադրությամբ իրենց առջև դրված պարտականությունները կատարելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2023 թվականը շրջադարձային տարի է Պետական պահպանության ծառայության համար, որովհետև այն այլևս վերածվել է,  վերակերպվել Վարչապետին ենթակա  մարմնի: «Սա նշանակում է, որ մենք նոր հատուկ ծառայություն ենք ստեղծել, որն ունի լուրջ պատասխանատվություն՝ երկրում անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի,  իրավակարգի պաշտպանության տեսակետից: Եվ այս առումով, իհարկե, պիտի ընդգծեմ, որ փոփոխությունն իրականացնելիս  ցանկանում ենք ուժեղացնել, ընդգծել ծառայության լավագույն ավանդույթները և փորձել դուրս բերել աշխատանքում տեղ գտած թերությունները: Իհարկե, մեր նպատակն է, որ ծառայությունը գնալով ավելի ու ավելի ուժեղանա՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության: Ծառայությունն առաջին հերթին ուժային կառույց է, բայց ցանկացած ուժային կառույցի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար էական է, որ այդ գործունեությունը հենված լինի մտավոր կարողությունների, նաև զարգացման վրա: Իհարկե, մենք առաջիկայում նախատեսում ենք կառույցի ֆիզիկական ենթակառուցվածքների, սպառազինության, տեխնիկական միջոցների բարելավում, առաջին հերթին օպերատիվ  և վերլուծական կարողությունների ուժեղացում: Իհարկե, Պետական պահպանության ծառայությունը գործում է օրվա մեջ 24 ժամ, շաբաթը 7 օր,  տարին 12 ամիս: Այդ աշխատանքի ավելի ու ավելի մեծ մասը պետք է աննկատ լինի հանրության համար և ավելի ու ավելի քիչ մասը նկատելի լինի ծառայության համար: Ես, ընդհանրապես, այսպես եմ գնահատում ծառայության աշխատանքը՝ ինչքան քիչ է այն նկատելի  և՛ պահպանվող անձանց, և՛ հանրության համար, ուրեմն այնքան ծառայությունն ավելի լավ է կազմակերպված: Ծառայությունը պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքով՝ չգործել այնտեղ, որտեղ պետք չէ, և գործել այնտեղ, որտեղ պետք է: Սա, իհարկե, նուրբ եզր է և առաջին հերթին պահանջում է ինտելեկտուալ մոտեցում: Հույս ունենք, որ ծառայության այս շրջանի բարեփոխումները կբերեն ընդհանուր և՛ որակի, և՛ աշխատողների սոցիալական երաշխիքների մեծացման»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջիկայում մեկնարկելու է կամավոր ատեստավորման գործընթացը, որի առանցքային նպատակն աշխատավարձերի առնվազն կրկնապատկումն է: «Բայց հասկանալիորեն կրկնակի աշխատավարձն  առնվազն էականորեն աշխատանքի ավելի լավ որակ է ենթադրում, ինչն, իհարկե, չի նշանակում, թե մենք մտածում ենք, որ կատարված աշխատանքը որակյալ չէ, բայց նույնիսկ ամենաորակյալ աշխատանքը կարող է լինել ավելի որակյալ: Սա է մեր տրամաբանությունը: Ուզում եմ ընդգծել, որ ծառայության աշխատանքի որակն էական է նաև Հայաստանի միջազգային իմիջի առումով, որովհետև Պետական պահպանության ծառայությունն է ընդունում և ուղեկցում օտարերկրյա հյուրերին: Սա մի նրբություն է, որ գուցե հաճախ չենք նկատում, բայց չափազանց կարևոր է: Այսինքն, ըստ էության, օտարերկրյա հյուրերը երկրի հետ առնչվում են ՊՊԾ աշխատակիցների միջոցով: Մենք էլ օտարերկրյա այցերի ընթացքում շատ հաճախ այդ օտարերկրյա համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ շփումներից որոշակի պատկերացում ենք կազմում այդ երկրի իրերի դրության մասին: Միևնույն ժամանակ, ՊՊԾ ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր ունեն պետական պահպանություն, ուղեկցում են օտարերկրյա այցերի ընթացքում, ինչը նույնպես շատ կարևոր առանձնահատկություն է, որը նույնպես մեր ուշադրության կենտրոնից դուրս է մնում: Եվ մենք այս բոլոր ուղղություններով, իհարկե, պետք է զարգացնենք ծառայությունը՝ ուժեղացնելով պետությունը, որովհետև ընդհանրապես պետության ուժեղացման համար կարևորագույն գործոնն այդ երկրի ինստիտուտների, ծառայությունների արդյունավետությունն է, գործունեության հետևողականությունը և որակը: Համոզված եմ, որ մենք հետևողականորեն կգնանք այս ճանապարհով: Նաև կարևոր է արձանագրել, որ Պետական պահպանության ծառայությունում այսօր կա և՛ կազմակերպչական, և՛ ինտելեկտուալ համապատասխան ներուժ այս բոլոր փոփոխություններն իրականացնելու համար: Բացի այդ, որոշակի ստանդարտներ և ավանդույթներ պետք է զարգանան և էվոլյուցիա ապրեն: Ընդհանրապես, եթե նկատել եք, մենք հաճախ ենք ամենատարբեր ոլորտներում խոսում կանանց ներգրավման ավելի բարձր աստիճանի մասին: Իհարկե, այս դահլիճում տեսնում ենք, որ ՊՊԾ-ում ոչ քիչ թվով կանայք են ծառայում, բայց նաև խնդիր ունենք, որ հենց զինծառայության, մարտական բնույթի ծառայության, թիկնապահական ծառայության մեջ կանանց ներգրավման ավելի մեծ ցուցանիշ ունենանք: Այսօր այդ քաղաքականությունը վարում ենք բոլոր ուղղություններով՝ Ոստիկանությունում, Զինված ուժերում, ՊՊԾ-ում: Ուզում եմ ընդգծել, որ սա ոմանք մեկնաբանում են միայն այլևայլ աշխարհայացքային տեսանկյուններով, բայց մեր ընկալումն այդպիսին չէ: Այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այսինքն՝ ես սա ոչ դրական, ոչ էլ բացասական ենթատեքստով եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը կանայք են, սա նշանակում է, որ պատկերացրեք՝ մենք բավարար չափով բնակչության մեծամասնությանը չներգրավենք երկրի տնտեսական, պետական, քաղաքական գործերում: Սա նշանակում է, որ մենք մեր երկրի ոչ ամբողջ ներուժն ենք օգտագործում պետության զարգացման համար, ինչն ուղղակի անտրամաբանական է և ոչ արդյունավետ: Ըստ էության, ապրիլից ունենք նոր կարգավիճակով նոր ծառայություն, որի կառավարման տրամաբանությունն է որոշակի փոփոխություններ կրել: Իհարկե, որոշ ժամանակ անց կվերլուծենք, թե այս կառավարման նոր մեթոդն ինչ արդյունքներ է բերում, ինչ խնդիրներ է առաջացնում, առաջացնո՞ւմ է, թե ոչ: Սա կենդանի պրոցես է: Նույն տրամաբանությամբ կշարունակենք: Վերադառնալով օրվա խորհրդին՝ ևս մեկ անգամ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել և՛ ներկաներին, և՛ բացականերին, ովքեր այս պահին դահլիճում չեն: Ես էլ եմ կիսում ծառայության պետի այն գնահատականը, որ ՊՊԾ-ն կատարել է, կատարում է իր առջև դրված խնդիրները, և սա ամենակարևոր արձանագրումն է այս տոնական օրվա համար, ինչի առթիվ կրկին բոլորին շնորհակալություն եմ հայտնում և հաջողություններ մաղթում հետագա ծառայության մեջ»: Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով:
15:15 - 01 հուլիսի, 2023
Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից. որեւէ հարցի չեմ  պատասխանելու. Կարեն Անդրեասյան
 |news.am|

Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից. որեւէ հարցի չեմ պատասխանելու. Կարեն Անդրեասյան |news.am|

news.am: Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության ավարտից հետո, երբ փաստաբաններն ու լրագրողները դեռևս ԲԴԽ շենքի դիմաց էին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից։ Լրագրողները նրանից փորձեցին պարզաբանումներ ստանալ, թե ինչու է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործը դռնփակ քննվում, նաև ուղղեցին դատական համակարգի վերաբերյալ այլ հարցեր։ Անդրեասյանը, սակայն, հայտարարեց, որ չպատասխանելն իր սահմանադրական իրավունքն է։ «Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից»,-  ասաց Կարեն Անդրեասյանը, ապա հայտարարեց, որ լրագրողներն իրավունք չունեն իրեն հետապնդելու, և երբ ինքը հրաժարվում է հարցերի պատասխանել, իրավունք չունեն ստիպել, ճնշել հարցազրույց տալ։ «Որևէ մեկի աշխատանքը մի խոչընդոտեք, դուք իրավունք չունեք խոչընդոտել իմ շարժը. Ես հայտնում եմ, որ որևէ հարցի չեմ պատասխանելու, դա իմ իրավունքն է: Ընթացիկ գործի մասին սա դատավորի վրա ճնշում է: Ես հանդես եմ գալիս որպես դատարան, հիմա դուք լրագրողներով փորձ եք անում ճնշել ինձ: Երբ ես ցանկություն ունենամ որպես դատավոր ընթացիկ նիստից իմ կարծիքները հայտարարել, ես դա կանեմ դատական նիստերի ընթացքում: Դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը իմ դատավորի աշխատանքի հետ: Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից»,-ասաց նա: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Կարեն Անդրեսյանին էլ մեղադրում են դատավորի գործունեությունը քաղաքական գործունեության հետ խառնելու մեջ, ԲԴԽ նախագահն ասաց՝ «զրպարտության և սուտ մատնության դիմելուց առաջ ամեն մարդ պետք է մտածի՝ ինչ է խոսում»։ Անդրեասյանը նաև նշեց, որ քանի դեռ ինքը ԲԴԽ նախագահն է, հարցազրույց չի տալու։ Նշենք, որ ԲԴԽ նիստում այսօր՝ քննվում էր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Հաջորդ նիտը կլինի վղը՝ ժամը 10-ին: Նշենք, որ այսօր ԲԴԽ նիստում քննվում էր դատավոր Դավիթ Հարությունյանին Հիշեցնենք Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Ըստ Նախարարության Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում։ Մասնավորապես, Նախարարությունը միջնորդության մեջ նշել է, որ Դավիթ Հարությունյանը խախտել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերի խախտումներ։ Նշված կետերը սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց (բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի), ինչպես նաև զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։ Հավելենք, որ ըստ helpcourt համակարգի` Դավիթ Հարությունյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից է։
14:54 - 19 հունիսի, 2023
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՊՊԾ-ի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՊՊԾ-ի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ին այցելել է Պետական պահպանության ծառայություն՝ կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊՊԾ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել է Պետական պահպանության ծառայության կողմից 2022 թվականին կատարված աշխատանքների և համակարգի բարեփոխումների վերաբերյալ:
16:26 - 15 մարտի, 2023
ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։  Անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ այս փոփոխության հրապարակային հանձնառությունը ՀՀ կառավարությունը վերցրել է 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրերով․ «Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց սկսել է 2018 թ․-ից, բայց դրա անհրաժեշտությունը ավելի է սրվել 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից, և հիմնական խնդիրը այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»։ Գրիգորյանը տեղեկացրել էր նաև, որ այս բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: ԱԽ քարտուղարկի խոսքով՝ 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը:
17:55 - 09 դեկտեմբերի, 2022
Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով քննարկվող օրինագծին, ըստ որի՝ նախատեսվում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից, հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։  «Որքան հիշում եմ, դուք ևս միշտ հանդես եք եկել սուպերվարչապետության դեմ, ի՞նչ պատահեց, որ եկել ներկայացնում եք մի փոփոխություն, որը այդ սուպերվարչապետությունը մեղմ ասած չի կազմաքանդում»,- հետաքրքվեց Գեղամ Նազարյանը։ «Ես դեմ եմ եղել սուպերվարչապետության համակարգին մի կոմպոնենտի բացակայության դեպքում, ազատ արդար ընտրությունների բացակայության դեպքում։ Երբ կան ազատ արդար ընտրություններ և համակարգը ժողովրդավարական է, ես այդպիսի խնդիրներ չեմ տեսնում, որովհետև կառավարությունը պատասխանատու է հանրության առջև, կա ընդդիմություն, ով հնարավորություն ունի հարցեր բարձրացնելու և այս առումով, կարծում եմ, որ ինձ համար չկա տարբերություն՝ սուպերվարչապետություն է, թե վարչապետություն, կարևորը, որ լինեն ազատ արդար ընտրություններ»։  Գեղամ Նազարյանը նաև հետաքրքրվեց՝ ինչու խաղաղության պայմանագրի տեքստը չի քննարկվում ընդդիմադիր պատգամավորների հետ․ «Դուք անընդհատ շեշտում եք խորհրդարանական հանրապետություն, խորհրդարանական կառավարում։ Որքանով գիտեմ՝ ՔՊ պատգամավորների հետ որոշակի քննարկում լինում է այդ պայմանագրի կետերի, տեքստերի վերաբերյալ։ Ի՞նչն է խանգարում, որ դուք մեզ՝ որպես խորհրդարանական պետության պատգամավորների, մի օր բերեք ասեք՝ սա է տեքստը, կարո՞ղ է շատ վատ բան ենք անում»։  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասաց՝ վարչապետը բազմաթիվ անգամ առաջարկել է ընդդիմությանը, որպեսզի հանդիպեն և վարչապետը ներկայացնի արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը․ «Միակ պայմանը, եթե չեմ սխալվում, այդ հանդիպման փակ լինելն էր։ Եթե այս առումով դուք հրապարակային առաջարկություն եք հնչեցնում, կարող եք ավելի կոնկրետացնել առաջարկը և հրապարակային քննարկում ունենալ»։  Անդրադառնալով Գեղամ Նազարյանի մյուս հարցին, թե ինչ խնդիր է լուծվում, ինչով է ԱԱԾ-ն կաշկանդված, երբ ՊՊԾ-ն գտնվում է այդ կառույցի ներսում, Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ն կաշկանդված չի եղել, պարզապես ֆունկցիաներն են շատ եղել, դա ոչ թե կաշկանդել է, այլ հնարավորություն չի տվել կառույցին արդյունավետ աշխատել։
14:22 - 09 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից։  «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշեց՝ այս փոփոխության հրապարակային հանձնառությունը ՀՀ կառավարությունը վերցրել է 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրերով․ «Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց սկսել է 2018 թ․-ից, բայց դրա անհրաժեշտությունը ավելի է սրվել 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից, և հիմնական խնդիրը այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»։ Գրիգորյանն ընդգծեց՝ որոշ դեպքերում որոշել են տարանջատել կառույցների գործառույթները, որոշ դեպքերում՝ միավորել․ «Օրինակ, ԱԻՆ-ը և Ոստիկանությունը միացվել են և ձևավորովում է Ներքին գործերի նախարարությունը․ գնացել ենք այն տրամաբանությամբ, որ անվտանգության մարմինները միավորում ենք և մեկ կառույցի մեջ ենք փորձում տեղավորել համակարգը։ Կան դեպքեր, երբ առնանձնացնում ենք համակարգի մաս կազմող այդ մարմինները, որպեսզի բարձրացնենք նրանց արդյունավետությունը և  նրանց անվտանգության ապահովման կարողությունները»։ Առանձնացման դեպքերին անդրադառնալով՝ Գրիգորյանը խոսեց ՊՊԾ-ի և Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին․ «Ինչու ենք պետական պահպանության ծառայությունը և արտաքին հետախուզական ծառայությունը առանձնացնում ԱԱԾ-ից, բազմաթիվ պատճառներ կան, նույնիսկ արտաքին հետախուզության դեպքում կարգավիճակի հարց կա, բայց ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որ վերջինս կենտրոնանա երեք ուղղությամբ աշխատանքի վրա, դա հակահետախուզությունն է, հակաահաբեկչությունը և սահմանադրական կարգը»։ Հիշեցնենք, որ երեկ՝ Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել օրենքների նախագծերի, որով առաջարկվում է ՀՀ-ում ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։ Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ այս բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: ԱԽ քարտուղարկի խոսքով՝ 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը: 
12:50 - 09 դեկտեմբերի, 2022
ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի

 |armenpress.am|

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի |armenpress.am|

armenpress.am: Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմիններից և կդառնա առանձին մարմին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ  պաշտոնաթող վարչապետերի և նախագահների համար պետական պահպանությունը գործող ցմահի փոխարեն կտրամադրվի համապատասխանաբար 7 և 10 տարի ժամկետով, որից հետո՝ հնարավորությունը կնախատեսվի վարչապետի որոշմամբ, բացի այդ՝ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ի մարմիններից առանձնացնել ու դարձնել առանձին մարմին: Նախատեսվում է նաև խմբագրել պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս դրույթները վերաբերելու են գործող և ապագա վարչապետերին ու նախագահներին: «Ըստ դրույթների՝ Հանրապետության պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետերի դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ»,-նշեց Գրիգորյանը: Միաժամանակ առաջարկվում է լրամշակել ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության դրույթն այնպես, որ պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվի նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: Այս դրույթը գործելու է օրենքն ընդունելու պահից սկսած: Նախագծով ծառայության պետի և վերջինիս տեղակալի համար նախատեսվել են ոչ զինվորական, վարչական պաշտոններ: Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի՝ ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ  ոչ զինվորական ծառայության պաշտոններ: Պարզեցվել են վերջիններիս պաշտոնի նշանակման ներկայացվող պահանջները, որի արդյունքում վերոնշյալ պաշտոնները կարող են համալրվել նաև քաղաքացիական անձանց կողմից: Հանրապետության նախագահի, վարչապետի և նրանց ընտանիքի անդամների համար գործող  կարգավորումներով ամրագրված անձնական բժիշկ ունենալու փոխարեն առաջարկվում է սահմանել, որ վերջիններիս համար ապահովվելու է ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույն կարգավորումն  է նախատեսվում նաև ԱԺ նախագահի և նրա ընտանիքի անդամների համար: Թե ինչո՞ւ են որոշել ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ ԱԽ քարտուղարը հայտնեց. «Այս պահին կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի 3 գլխավոր գործառույթ՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Այս երեք գործառույթներն են դրվում ԱԱԾ-ի վրա»: Գրիգորյանը հայտնեց, որ այս պահին աշխատում են ՊՊԾ-ի համար աշխատավարձերը մինչև 100 տոկոս բարձրացնելու ուղղությամբ: Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում:  
15:33 - 08 դեկտեմբերի, 2022