Վաղը ԱԺ արտահերթ նիստում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում․ Վիլեն Գաբրիելյան
15:10 - 12 հուլիսի, 2023

Վաղը ԱԺ արտահերթ նիստում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում․ Վիլեն Գաբրիելյան

«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրինագիծը» ներկայացրած պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի հետ․

«Առաջինը` ինչպես գիտեք «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքը, բազմաթիվ լավարկումներով հանդերձ, ունեցավ խնդիր, որն, ըստ էության, թույլ չէր տալիս օրենքը կիրառկել լիարժեք, և առաջին անգամ զենքի թույլտվություն ստացող մեր քաղաքացիների համար ըստ տեքստի և տեխնիկական պայմանների` փաստացի կար անհաղթահարելի խոչընդոտ:

Խոչընդոտը, ըստ էության, ստեղծվել է այն պատճառով, որ ես ու որոշ գերատեսչությունների գործընկերներ չենք կարողացել ճշգրիտ կոմունիկացիա անելով եզրահանգման գալ «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով:

Ըստ այդմ, խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր ունենալ և լրացուցիչ հիմնավորումների կարիք լինի «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով, ինչի համար հայցում եմ Ձեր բոլորիդ ներողամտությունը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված կազմակերպությունների մասով ամենաբարձր մակարդակով ընթանում են քննարկումներ, և առաջիկայում որոշումներ կլինեն նաև այդ մասով: Ես խորապես համոզված եմ, որ ՌՄԿ-րի կարիքը մեր պետությունը ունի, ոչ միայն նեղմասնագիտական գործնեության շրջանակներում, այլ նաև համափարպակ առումով:

Երկրորդը` ես քննադատությանը շատ դրական եմ վերաբերում, որովհետև առանց քննադատության սխալներ գործելու հավանականությունը շատ ավելի մեծ է, ասեմ ավելին՝ ինձնից լավ, ինձ ոչ ոք չի կարող քննադատել, բայց պետք է հստակ ընկալում լինի, որ քննադատությունը պետք է միտված լինի արդյունքի, այլ ոչ զուտ «գալոչկայի» համար մտահոգություն հայտնելու՝ թե իբր տեսե՛ք, մտահոգ եմ, տեսե՛ք, որ ես ասել էի: Ինչպես նաև ես շատ հարգանքով եմ վերաբերվում օրենքի շրջանակներում պահանջատիրությանը, սակայն ընդհանրապես հասկանալի չէ, երբ դա սկսում է դառնալ որոշակի ուլտիմատումներով խոսելու ոճ, առավել ևս, երբ ձեր դեմ լուռ անանցանելի պատ չէ, այլ ձեզ ուշադրությամբ լսող մարդիկ և վստահեցնում եմ, որ չլսված մարդ չկա։ Ուշադրություն է դարձվում ցանկացած խոսքին, բայց, երբ մտնում ես ուլտիմատումի դաշտ, փաստացի, ի սկզբանե կարող ես փակել խոսակցության հնարավորությունը, էլ չեմ ասում այն մասին, որ այդ ուլտիմատումն այլ տեղերում, սեփական նկատառումներից ելնելով, կարող են փորձ անել օգտագործել, և վնաս հասցնել նրան, ինչ որ արվում է համընդհանուր շահի համար։

Երրորդը՝ եկեք հասկանանք, որ չկա մի անձ, որը գիտի ամեն ինչ, և միայն իրար հետ հետևողականորեն աշխատելով, իրար լսելով, փորձելով իրար ընկալել առանց մեծամտության դրսևորումների, կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք մեր առջև ծանրացած են։

Եվ վերջինը` վաղը Կառավարության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, նիստի ընթացքում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Փոփոխությունը այս փուլում լինելու է միջանկյալ լուծումով, որպեսզի օրենքը կարողանանք ի վերջո աշխատացնենք: Անմիջապես դրանից հետո շրջանառության մեջ եմ դնելու օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, որը շատ ավելի է լավարկելու և պարզեցնելու ընթացակարգերը:

Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն, հետևողական»,- գրել է Գաբրիելյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել