Վիլեն Գաբրիելյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1983թ. օգոստոսի 25-ին Բաքվում:

2016-2018թթ. ծառայել  է ՀՀ զինված ուժերում:

2006թ.  ավարտել  է  Երեւանի Մ. Հերացու  անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտության ֆակուլտետը:  Բուժծառայության  ավագ լեյտենանտ է:

2006-2007թթ. աշխատել  է «Մեդֆարմացիա» ՍՊԸ դեղագետ: 2007-2008թթ.՝ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կետրոնի առաքման բաժնի պետ: 2008-2009թթ.՝ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ դեղատնային ցանցի վերահսկող, վերահսկողության բաժնի պետ: 2020-2021թթ.՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն: 

2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր»  քաղաքական միավորման հիմնադիր անդամ է, 2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ (առաջին վարչության անդամ), 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Շատ միջազգային հարթակներում աջակցություն են հայտնում մեր հռչակած տեսլականներին․ Վիլեն Գաբրիելյանը՝ ԳՇՆ համահայկական միության գործունեության մասին |armenpress.am|

Շատ միջազգային հարթակներում աջակցություն են հայտնում մեր հռչակած տեսլականներին․ Վիլեն Գաբրիելյանը՝ ԳՇՆ համահայկական միության գործունեության մասին |armenpress.am|

armenpress.am: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հավատարիմ է մնում իր հանրահռչակած սկզբունքներին՝ միջազգայնացնելու 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքից բռնի տեղահանված հայության իրավունքների վերականգնման խնդիրը։  «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։  -Պարո՛ն Գաբրիելյան, վերջին շրջանում ականատես ենք եղել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ակտիվությանը միջազգային հարթակներում։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ և կարո՞ղ ենք արդեն խոսել արդյունքներից։  -«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հավատարիմ է մնում իր հանրահռչակած սկզբունքներին՝ միջազգայնացնելու 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքից բռնի տեղահանված հայության իրավունքների վերականգնման խնդիրը։ Հետևապես, մեր գործունեության առանցքներից է միջազգային հեղինակավոր կազմակերպություններում անցկացվող միջոցառումների, հեղինակավոր պետական ու քաղաքական գործիչների հետ հնարավոր հանդիպումների ժամանակ անպայմանորեն  հայ փախստականության բազմաշերտ խնդիրները հասցեագրելը։ Այդ նպատակով 2024 թ․ մայիսին մասնակցել եմ Վիեննայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային հարթության Մեդիագրագիտության և Ժողովրդավարության թեմայով միջոցառմանը, այնուհետև հունիսի 24-ին՝ «Հանդուրժողականություն, ոչ խտրականություն և գենդերային հավասարություն» խորագրով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած երրորդ միջոցառմանը։ Իսկ հունիսի 26-27-ը Նյու Յորքում մասնակցել եմ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին և ներկայացրել մեր միության առջև դրված նպատակները, հայ փախստականության խնդիրները, դրանք ծնած հայատյաց քաղաքականության դրսևորումներն Ադրբեջանի կողմից։  Մեր միջազգային գործունեության արդյունքն այն կարող ենք համարել, որ շատ ու շատ հարթակներում արդեն ճանաչում են մեր միությունը, աջակցություն են հայտնում մեր հռչակած տեսլականներին, կան նաև համագործակցության կարևոր առաջարկներ, որոնց վրա աշխատում ենք, դրանց մասին քիչ ավելի ուշ կհայտնենք:  -Պարո՛ն Գաբրիելյան, ինչպե՞ս եք գնահատում խնդրի միջազգայնացման և միջազգային հանրության ուշադրությունը հայ փախստականության խնդրին հրավիրելու հնարավորությունները։  -Գաղտնիք չէ, որ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից, Նախիջևանից բռնի տեղահանված հայության պատմաքաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական խնդիրները մնացել են առկախված, ինչը միջազգային քաղաքակիրթ հանրության մեծագույն ձախողումներից կարելի է համարել, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի հանցագործություններ են կատարվել 1988 թ․ Սումգայիթում 1990 թ․ Բաքվում, 1992 թ․ Մարաղայում և Ադրբեջանի այլ հայկական և հայահոծ բնակավայրերում։ Դրանք կարելի է բնութագրել միայն որպես մարդկության դեմ գործված հանցագործություններ, որոնք մնացին անարձագանք և որ ամենացավալին է՝ անպատիժ։ Այս կետից է իրականում սկսվում խնդրի միջազգայնացման և՛ անհրաժեշտությունը, և՛ բարդությունը։ Փախստականության հիմնախնդիրը շարունակում է մնալ համաշխարհային քաղաքակրթության առաջ ծառացած լրջագույն խնդիրներից մեկը, և փախստականների յուրաքանչյուր հաջորդ ալիք է՛լ ավելի է խորացնում այն հսկայական բացը թե՛ միջազգային իրավունքում, թե՛ քաղաքական առանցքային դերակատարների սթափության և կամքի դրսևորման հարցում, որը հանգեցնում է մարդկանց նորանոր խմբերի տեղահանմանը։ Խնդիրն, ինչպես համոզվել ենք, ունի կուտակային էֆեկտ. ամեն անպատիժ մնացած հանցագործություն հիմք է դնում նորերի համար: Ասվածի վառ վկայությունն է Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումը, որը դարձավ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության բռնագաղթեցման ուղղակի և տրամաբանական շարունակությունը։ Իսկ այս իրողությունը հնարավոր դարձրած գործոնների շարքում անժխտելիորեն կարելի է նշել այն անպատժելիությունը, որով պարզապես վարակված են ադրբեջանական վարչակարգերը իրենց հանցանքները ծրագրելիս և իրականացնելիս։ Ինչքան շուտ աշխարհն ընկալի այս պատճառահետևանքային կապը, այնքան մեծ է հավանականությունը, որ կանխման մեխանիզմներն էլ շուտ կմշակվեն: Ինչ վերաբերում է փախստականության խնդրի հանրայնացման հնարավորություններին, ապա հարկ է նշել, որ, այո՛․ այսօր գոյություն ունեն իրական հնարավորություններ Ադրբեջանի կողմից ոտնահարված հայության իրավունքների վերականգնումը փոխադրելու միջազգային հարթակներ։ Մեր աշխատանքի, մեր միության ստեղծման, կարելի է ասել, հիմնական նպատակներից է եղել հենց հանրայնացումը և դրա շնորհիվ մեր մյուս նպատակների իրագործումը: Մենք վստահ ենք մեր աշխատանքի վրա այնքանով, որ գիտենք, պատմական արդարությունը մեր կողմից է, մնում է այն հասանելի դարձնել ավելի ու ավելի լայն շրջանակների: Բնականաբար, գիտակցում ենք նաև դժվարությունները, կապված այն բանի հետ, թե ում հետ գործ ունենք: Գործ ունենք ագրեսիվ խաղացողի հետ ի դեմս Ադրբեջանի, սակայն այստեղ էլ գործելաոճը շատ կանխատեսելի է, և հաշվի առնելով, որ  փաստարկներն էլ հիմնովին հորինված են, մեր կողմից համառ աշխատանքի շնորհիվ պետք է իրականություն դարձնենք մեր պայքարի ակնկալվող վերջնարդյունքը: -Իսկ ի՞նչ միջոցներով է հնարավոր հասնել խնդրի այնպիսի միջազգայնացմանը, որը կարող է ապահովել կամ գոնե հիմք դառնալ հայ փախստականության ոտնահարված իրավունքների վերականգնման գործընթացի համար։ -Միջազգայնացման միջոցները և եղանակները տարբեր են և բազմապիսի։ Միջազգային տարբեր կազմակերպություններ իրենց կազմակերպած միջոցառումներում մեծ տեղ են հատկացնում հասարակական կազմակերպությունների մասնակցությանը և վերջիններիս տրամադրում են հարթակներ առկա խնդիրների բարձրաձայնման համար։ Սակայն սա հնարավորությունների մի մասն է միայն։ Մենք պարբերաբար նամակներ ենք հղում տարբեր միջազգային հեղինակավոր կազմակերպություններին, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ին, որոնք հրապարակվում են որպես պաշտոնական փաստաթղթեր, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններին, հեղինակավոր քաղաքական և հասարակական գործիչներին։ Մենք մեր նամակներում պահանջում ենք սեփական մանդատի շրջանակներում օժանդակել կամ հանձնառու դառնալ ադրբեջանական հանցանքներին համարժեք գնահատականի ձևավորմանը՝ համապատասխան հետևանքներով։  -Միջազգային հանրությունը ի զորու է արդյո՞ք բավարար կամք դրսևորել այսօր փախստականության, այդ թվում հայ փախստականության խնդիրների արդարացի  լուծման ուղղությամբ։  -Միջազգային գործընկերների հետ մեր հանդիպումները ցույց են տալիս մի շատ կարևոր իրողություն առ այն, որ նաև պայմանավորված համաշխարհային իրադարձություններով՝ տարբեր երկրներ, ազդեցիկ քաղաքական և հասարակական գործիչներ, հումանիտար խնդիրներով զբաղվող ինստիտուտներ հետաքրքրված են փախստականության երևույթի դեմ պայքարով։ Դա չափազանց դրական դինամիկա է, որը, սակայն, կարող է արդյունավետ լինել, եթե զուգահեռվի կոնկրետ գործողություններով։ Միջազգային հանրությունը սկսել է հասկանալ և գիտակցել, որ պատժի և պատասխանատվության մեխանիզմների բացակայությունն է այն պատճառներից մեկը, որը թույլ չի տալիս հասնել խնդրի արմատական լուծմանը։ Սակայն հարկ է նշել նաև, որ միջազգային հանրության նման մոտեցումները դեռևս մտահոգությունների մակարդակում են և շատ երկար ժամանակ ու ջանք է անհրաժեշտ հասնելու անհրաժեշտ իրավարար ճկուն մեխանիզմների ձևավորմանը և դրանց անխոչընդոտ աշխատանքին։ Այնուհանդերձ, մենք շարունակելու ենք միջազգային հանրության հետ բազմավեկտոր աշխատանքն ու համագործակցությունը՝ ապահովելու միջազգային իրավական նորմերի և սկզբունքների հիման վրա մեր իրավունքների ամբողջական վերականգնումը։
16:27 - 31 հուլիսի, 2024
ՆԳՆ-ից սպասել եմ տրամաբանական պարզաբանման, թե «Մարտական Եղբայրության» հետ գործողությունները ինչով են պայմանավորված, սակայն ավաղ․ Վիլեն Գաբրիելյան

ՆԳՆ-ից սպասել եմ տրամաբանական պարզաբանման, թե «Մարտական Եղբայրության» հետ գործողությունները ինչով են պայմանավորված, սակայն ավաղ․ Վիլեն Գաբրիելյան

Ամբողջ օրը ՆԳՆ հարգելի գործընկերներից սպասել եմ պաշտոնական պատշաճ տրամաբանական պարզաբանման, թե «Մարտական Եղբայրություն» միաբանություն ՀԿ-ի հետ գործողությունները ինչով են պայմանավորված, սակայն ավաղ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Մարտական Եղայրության» անդամների ձերբակալությանը և դրա պատճառներին։  «Որևէ կերպ հասկանալի չէ տեղի ունեցածի տրամաբանությունը և նպատակը, առավել ևս երբ խոսքը գնում է ոչ թե անհատ քաղաքացիների, այլ հասարակական կազմակերպության մասին, նման գործելաոճը որոշակի հանրային լարվածություն է մտցնում, առավել ևս երբ չկա հստակ հանրային պարզաբանում: Կարծում եմ՝ կարիք չկա իրավիճակը ավելի լարել, որևէ բան չի խանգարում, որ հասարակական կազմակերպությունը իրագործի իր կանոնադրական նպատակներից բխող գործունեությունը, ոստիկանության գործընկերերի աչալուրջ հսկողությամբ: Միաժամանակ ռազմամարզությամբ զբաղվող կամ հարող կազմակերպությունները պետք է հստակ գիտակցեն, որ հին ջոկատային տրամաբանությունից դուրս գալու ուղղությամբ երկարատև աշխատանք է տարվում։ Ցանկացած գործողություն, առավել ևս երբ խոսքը գնում է գաղափարական միավորումների մասին, որոնց անդամները տիրապետում են զենքին, չի կարող լինել սպոնտան, էմոցիաներից դրդված և էմոցիաների վրա խաղալով, ոչ կոմպրոմիսային ոճով, այլ պետք է լինի հստակ կազմակերպված, կանոնակարգված, պետության վերահսկողության ներքո: Հետևաբար միանշանակ է, որ մեզ պետք է համապատասխան օրենսդրություն, որը կկարգավորի ռազմամարզությամբ զբաղվող, հասարակություն-պետություն միջանկյալ օղակ հանդիսացող և պետության հետ փոխհամագործակցող կազմակերպություններին: Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»,- նշված է Վիլեն Գաբրիելյանի գրառման մեջ։   Հիշեցնենք՝ մարտի 23-ին Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնել էր, որ «Մարտական Եղբայրություն» միաբանություն ՀԿ-ի անդամները և ցանկացողները մարտի 24-ին մեկնելու են Վերին Ոսկեպար՝ մարտական պարապմունքներ անցկացնելու։ Նա նշել էր, որ Ոստիկանության պետի տեղակալը իրենց ասել է, որ չեն թույլատրելու մուտք գործել բնակավայր։ Մարտի 24-ին, երբ միաբանության անդամները, այդ թվում՝ Հրանտ Տեր-Աբրահամյանը, Երևանից պետք է մեկնեին Ոսկեպար, բերման էին ենթարկվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդհանուր ձերբակալվել է 49 հոգի՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Ժամեր անց նրանք բոլորը ազատ են արձակվել։ 
00:28 - 25 մարտի, 2024
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը խոսել է ապագա անելիքների և առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտության մասին, մասնավորապես, ընդգծվել է Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քննչական կոմիտեում անհայտ կորած անձանց անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ ընթացող նախաքննությանը: ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Ընդգծվել է Հանձնաժողովի և ընտանիքի անդամների միջև մշտական տեղեկատվական կապ ապահովելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ Հանձնաժողովը և դրան կից աշխատանքային խումբը շարունակելու են աշխատել ծնողների և հարազատների հետ, ընդունել դիմումներ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ և կազմակերպել ընդունելություններ, քանի որ ծնողների տեղեկացված լինելու իրավունքի պաշտպանությունը Հանձնաժողովի գործունեության անքակտելի սկզբունքներից է: Խոսվել է միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ համագործակցության, ինչպես նաև գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի շուրջ ընթացող բանակցությունների մասին: Նիստի ընթացքում բարձրացվել են անհայտ կորած անձանց ծնողներին հուզող տարբեր ոլորտներին վերաբերող խնդիրներ, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվել և առաջարկներ են հնչել լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:
09:30 - 14 մարտի, 2024
ԱԺ-ն հաստատեց նոր փոփոխությունները «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից օրենքներում

ԱԺ-ն հաստատեց նոր փոփոխությունները «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից օրենքներում

ՀՀ ազգային ժողովը 61 կողմ, 32 ձեռնպահ, 1 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից օրենքներում նախատեսվող փոփոխությունները ու լրացումները: Փաթեթը ներկայացրել է նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանը: Ըստ պատգամավորի՝ բովանդակային առաջարկները մի քանիսն են։  Կարգելվի անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված աէրոզոլային եւ այլ սարքերի, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարկուճների շրջանառությունը:  Կարգավորման արդյունքում գործնական քննությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ծառայում կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում` պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները կամ դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ՊՆ կազմակերպած վարժական եւ զինվորական վարժանքներին մասնակցած անձինք, որոնք ունեն կամ ունեցել են զենք կիրառելու իրավունք եւ ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր զինծառայության ավարտից հետո չի անցել 5 տարի. «Սա հաշվի ենք առնում որպես պարտադիր ժամկետային զինվորական ծառայության եւ վարժական հավաքների մասնակցած քաղաքացիների կողմից զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին տիրապետելու փորձ եւ դիտարկում որպես խրախուսող նորմ»,- ասել է Վիլեն Գաբրիելյանն։ Նա նաև նշել է Կառավարության իր համար ընդունելի առաջարկը. «Մինչեւ 2025 թվականի հունիսի 1-ը պարգեւատրված զենք ունեցող անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք եւ հանձնել համապատասխան քննություն, հակառակ պարագայում իրենց սեփականություն հանդիսացող պարգեւատրված զենքը մալվելու է»: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ գործադիրն աշխատել է նախագծի հեղինակի հետ, առաջարկների մեծ մասն իրացված է: Փոխնախարարը վստահեցրել է նաեւ, որ Կառավարությունը պատրաստակամ է գործող օրենքը շարունակաբար մշտադիտարկման ենթարկել եւ համապատասխան լուծումներ առաջարկել:
11:20 - 16 հունվարի, 2024
Պատգամավորն առաջարկում է զենք ձեռք բերելու գործնական քննությունից ազատել այն անձանց, որոնց զորացրումից 5 տարի չի անցել
 |armenpress.am|

Պատգամավորն առաջարկում է զենք ձեռք բերելու գործնական քննությունից ազատել այն անձանց, որոնց զորացրումից 5 տարի չի անցել |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայացրեց իր հեղինակած՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։ Պատգամավորը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում երեք կարևոր բովանդակային առաջարկներ են ներառել։  «Առաջինը՝ նախատեսվում է դրույթ, ըստ որի արգելվում է անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարպիչների շրջանառությունը։ Երկրորդ՝ առաջարկում ենք գործնական քննությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները կամ այն անձինք, ովքեր դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության կողմից կազմակերպված վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին, ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի։ Այստեղ հաշվի ենք առնում պարտադիր զինվորական ծառայության և վարժական հավաքներին մասնակցած քաղաքացիների կողմից զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին տիրապետումը և դիտարկում են որպես խրախուսող նորմ։ Երրորդ առաջարկությունն այն է, որ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը զենքով պարգևատրված անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք և հանձնել համապատասխան քննություն, հակառակ պարագայում նրանց սեփականություն հանդիսացող զենքը կառգրավվի»,- ասաց պատգամավորը։
13:28 - 15 հունվարի, 2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զենքի շրջանառության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փաթեթին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զենքի շրջանառության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փաթեթին

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում: Օրենսդրական փաթեթով ակնկալվում է Հայաստանում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը: Նախագծի հեղինակը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության գործընկերների առաջարկներն աշխատանքային կարգով քննարկվել եւ մեծամասամբ ընդունվել են, իսկ առարկությունների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի խոսքով օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործնականում առաջացած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ չբացառելով հետօրենսդրական վերահսկողության շրջանում նոր փոփոխությունների հավանականությունը: Նա, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության կիրարկումը, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվել էր Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների համար նախատեսել մարտական ինքնաձիգ կրելու հնարավորությունգ նախագծի հեղինակի հետ առաջարկն իրացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը՝ առաջարկվել է օտարերկրյա պետությունների դեսպանների անվտանգությունն ապահովելու նպատակով զենքի կանոնների որոշակի փոփոխության հարցն առանձին քննարկել: Օրենսդիրն ու Կառավարությունը փոխհամաձայնության են եկել օրենքի 37-րդ հոդվածի հարցում. առաջարկվում է զենքով պարգեւատրված անձանց մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների առկայության դեպքում որպես պարգեւ տրված զենքը նալելու եւ նշված անձանց վերադարձնելու մասին կարգավորումներ նախատեսել: Կառավարությունն առաջարկել է նաեւ ձեռնպահ մնալ Քրեական օրենսգրքում որեւէ փոփոխություն կատարելուց: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կարեւորել է Զինվորական քննչական գլխավոր վարչության գործընկերներին ինքնաձիգով ապահովելուն վերաբերող օրենսդրական դրույթի ներառումը: Նա առաջարկել է նախագծում ամրագրել բացառություն, որով քննիչներն իրավունք կունենան կրելու մարտական նշանակության բացառապես ատրճանակ: Արփինե Սարգսյանը, շեշտելով, որ Արսեն Այվազյանի դիտարկումները լիովին ընդունելի եւ օբյեկտիվ են, նշել է, որ երեք հիմնադրութային սկզբունքների՝ մարդու իրավունքների, գործող քաղաքականության, տարածաշրջանային գործող կանոնների հենքով է, որ Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող վերոնշյալ փոփոխությունից: «Հասկանում եմ, որ ունենք զենքեր, որոնց հետ կապված առկա են խնդրահարույց իրավիճակներ: Կառավարության առաջարկը հետեւյալն է. քանի դեռ ծառայողական զենքը տարածաշրջանում պահպանվում է, իսկ ԵԱՏՄ կանոնակարգերով այդ զենքերը կան, եւ մենք մեր օրենսդրությամբ պետք է պահպանենք կանոնները»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը: Պատգամավորները մտքեր են փոխանակել ծառայողական, մարտական զենքերի տարբերության, կիրառման, փոխարինման հարցերի վերաբերյալ: Օրենսդրական նախաձեռնութունը ստացել է դրական եզրակացություն:
15:18 - 11 հունվարի, 2024
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի կիրարկման ծանր ընթացքը․ ինչ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի կիրարկման ծանր ընթացքը․ ինչ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով

Վաղը կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրվել, որի ժամանակ քննարկվելու է նաեւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացին զրկված է զենք ձեռք բերելու իրավունքից Ինչպես հայտնի է՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքը գործում է հունիսի 1-ից։ Օրենքը, ի թիվս այլնի, կարգավորում է ՀՀ քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու իրավունքը։ Այս օրենքը վերջին շրջանում ամենաքննարկված, քննադատված եւ սպասված իրավական ակտերից մեկն է։ Եւ քննադատությունները շարունակվում են նաեւ այսօր։  Բանն այն է, որ չնայած այն արդեն գործողության մեջ է, սակայն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում  է, որ առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ: Իսկ օրենքով մինչ այս պահը կարգավորված չէ ռազմամարզական կազմակերպությունների գործունեությունը։ Այլ կերպ ասած՝ նման կազմակերպություններն այս պահին չունեն համապատասխան իրավական կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություն, չկան քննություն ընդունող մարմիններ։ [Նմանատիպ կազմակերպություններն այժմ գործունեություն են ծավալում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ինչի պատճառով, ըստ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ նախագծի հիմնավորման, «այդտեսակ կազմակերպությունների նկատմամբ պետության կողմից վերահսկողության, փոխգործակցության եւ փոխհամագործակցության համար բավարար հիմքեր ստեղծված չեն»]։ Ինչ փոփոխություններ են նախատեսվում վաղը քննարկվելիք նախագծով ՀՀ Ներքին գործերի նախարարությունն է պատրաստել  «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ անելու մասին նախագիծը։ Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն՝ Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ, մինչդեռ դեռեւս նման կազմակերպություններ չկան: Ուստի նշված քննությունների անցակացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր  մարմնի սահմանած կարգով: Իսկ օրենքի ողջ տեքստից հանվում են ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, քանի որ վերջիններիս վերաբերող կարգավորումները նախատեսվում է սահմանել ոլորտը կարգավորող առանձին օրենսդրությամբ: Թե կոնկրետ ինչ խմբագրում է արվել քննությունների անցկացման վերաբերյալ հոդվածում, ավելի տեսանելի լինելու համար համեմատենք գործող հոդվածը եւ առաջարկվող փոփոխությունը․ Հոդված 17, մաս 6․ «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ: Քննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունեն ծառայողական հաշվեցուցակային զենք»:Առաջարկվող փոփոխությունը․ «Բացառությամբ սառը եւ նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություն: Քննությունից ազատվում է այն քաղաքացին, ով ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունի զենք պահելու եւ կրելու թույլտվություն: Պետական մարմինների կողմից քննություն անցկացնելու դեպքում սահմանվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:»։ Փաստացի, ինչպես նկատում ենք, այս փոփոխությունը ոչ թե լուծում է խնդիրը, այլ խնդրի լուծումը «պատվիրակվում է» պետական լիազոր մարմնին՝ ՆԳՆ-ին։ Միաժամանակ, նախագծում նշված է, որ ՆԳՆ-ն համապատասխան կարգը պետք է սահմանի այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում։ Իսկ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է Օրենքի 1-ին հոդվածում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ Օրենքի դրույթները կտարածվեն նաեւ փամփուշտների եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի վրա․ այս պահի դրությամբ oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական եւ ձեռքի մարտական հրաձգային զենքի շրջանառությունը եւ դրա հետ կապված հարաբերությունները։ Առաջարկվում է լրացումներ կատարել նաեւ օրենքի 11-րդ հոդվածի 13-րդ մասում, ինչի արդյունքում այն քաղաքացիները, որոնք ունեն քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու եւ կրելու գործող թույլտվություն, նոր զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն չեն ներկայացնի զենքի պահպանման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանք, զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացություն եւ զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ: Օրենքի 11-րդ հոդվածի 13-րդ մասում եւս մեկ լրացում է առաջարկվում, համաձայն որի՝ թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար այլեւս կարիք չի լինի ներկայացնել ոչ միայն զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթը, այլ նաեւ զենքի պահպանման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանքը։ ՀՀ կառավարությունն այս օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի:  Ռազմամարզական գործունեության վերաբերյալ օրենքի նախագիծ բերվեց ու հետ կանչվեց Դեռ նախորդ տարի՝ նոյեմբերի վերջին, Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը եւ Քրիստինե Պողոսյանը խորհրդարանին էին ներկայացրել «Ռազմամարզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում էին ՀՀ-ում ռազմամարզական գործունեության կարգավորման առարկան, հիմնական նպատակները, սկզբունքները, ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության ստեղծման, գործունեության հիմնական ուղղությունների, դրանց կառավարման եւ ղեկավարման մարմինների իրավասությունների եւ լիազորությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա եւ միջազգային մարմինների եւ կազմակերպությունների հետ դրանց փոխգործակցության եւ փոխհամագործակցության, դրանց կողմից եւ դրանց գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացքում ծագող հարաբերությունների առաձնահատկությունները: Նախատեսված էր, որ այս օրենքն ուժի մեջ պետք է մտնի ավելի շուտ՝ այս տարվա մարտին, քան Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքը, բայց իրավիճակը փոխվեց։ Դեռ ավելին, Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ուժի մեջ մտնելը որոշ ժամանակով էլ հետաձգվեց, եւ այն ուժի մեջ մտավ հունիսին՝ ապրիլի փոխարեն։ Իսկ ռազմամարզական կազմակերպությունների վերաբերյալ օրենքի այդ նախագիծը, ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքից, հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունվարի 9-ին, բայց նոր նախագիծ այդպես էլ շրջանառության մեջ չի դրվել։ Ի դեպ, հարկ է նշել, որ Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգելը միակ, այսպես ասած, ուշացումը չէր։ 2022թ․ հունիսին Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հաղորդել էր, որ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է աշնանային նստաշրջան», միեւնույն ժամանակ նշել էր, որ բովանդակային առումով օրենքի վրա աշխատելու կարիք այլեւս չկա:  ՊՆ-ից վստահեցրել էին՝ ռազմամարզականների մասին օրենքը կլինի ողջամիտ ժամկետում  Այս տարվա հունիսի վերջին Անվտանգային եւ ռազմավարական ոլորտի ներկայացուցիչների միավորում ՀԿ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը շրջանառությունից հանելով եւ նշված կազմակերպություններին որպես իրավունքի սուբյեկտ համապատասխան իրավական կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունից զրկելով՝ պետությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում անվտանգության եւ ժողովրդավարական բաղադրիչներում։ Կազմակերպությունը կոչ արեց յոթօրյա ժամկետում հստակեցնել ու հայտարարել, թե երբ եւ ինչպես կլուծվի քաղաքացուն առաջին անգամ զենք տրամադրելու այս օրենսդրական բացի խնդիրը եւ կվերականգնվի ՀՀ քաղաքացիների` առաջին անգամ զենք ձեռք բերելու խախտված իրավունքը։ Բայց յոթօրյա ժամկետում այս խնդիրը չլուծվեց։ Այսօր այս թեմայով ասուլիս էր հրավիրվել, որի ժամանակ «Ազատազէն» ՀԿ խորհրդի նախագահ, Անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում ՀԿ խորհրդի անդամ Իշխան Գեւորգյան հայտնեց, որ Պաշտպանության նախարությունում իրենց ասել են, թե «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքը ողջամիտ ժամկետում պատրաստ կլինի, բայց չեն հստակեցրել, թե որն է այդ ողջամիտ ժամկետը, միայն ասել են՝ մինչեւ օրենքը։ Այդ ողջամիտ ժամկետը, համենայն դեպս, հանրության սպասելիքներին չի համապատասխանել։ Գեւորգյանը նշեց՝ մինչեւ չհստակեցվի՝ երբ, որտեղ, ինչպես մարդիկ կարող են տալ քննություն՝ զենք ձեռք բերելու համար, իրենք պայքարելու են։ Օրենքի նախագծի հեղինակը պարզաբանում է՝ ինչու են ուշացրել Այս ասուլիսից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիների առաջ ծագած խոչընդոտը ստեղծվել է այն պատճառով, որ ինքն ու որոշ գերատեսչությունների գործընկերներ չեն կարողացել ճշգրիտ կոմունիկացիա անելով եզրահանգման գալ «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով․ «Ըստ այդմ, խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր ունենալ եւ լրացուցիչ հիմնավորումների կարիք լինի «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով, ինչի համար հայցում եմ Ձեր բոլորիդ ներողամտությունը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված կազմակերպությունների մասով ամենաբարձր մակարդակով ընթանում են քննարկումներ, եւ առաջիկայում որոշումներ կլինեն նաեւ այդ մասով: Ես խորապես համոզված եմ, որ ՌՄԿ-ի կարիքը մեր պետությունը ունի, ոչ միայն նեղմասնագիտական գործնեության շրջանակներում, այլ նաեւ համափարպակ առումով»,- գրել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ վաղը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանարության կարգավորման մասին» օրենքում, որոնք այս փուլում միջանկյալ լուծում են լինելու․ «Անմիջապես դրանից հետո շրջանառության մեջ եմ դնելու օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, որը շատ ավելի է լավարկելու եւ պարզեցնելու ընթացակարգերը»,- վստահեցրել է պատգամավորը։ Հայարփի ԲաղդասարյանԼուսանկարը՝ «Ազատազէնի» ֆեյսբուքյան էջից
21:17 - 12 հուլիսի, 2023
Վաղը ԱԺ արտահերթ նիստում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում․ Վիլեն Գաբրիելյան

Վաղը ԱԺ արտահերթ նիստում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում․ Վիլեն Գաբրիելյան

«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրինագիծը» ներկայացրած պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի հետ․ «Առաջինը` ինչպես գիտեք «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքը, բազմաթիվ լավարկումներով հանդերձ, ունեցավ խնդիր, որն, ըստ էության, թույլ չէր տալիս օրենքը կիրառկել լիարժեք, և առաջին անգամ զենքի թույլտվություն ստացող մեր քաղաքացիների համար ըստ տեքստի և տեխնիկական պայմանների` փաստացի կար անհաղթահարելի խոչընդոտ: Խոչընդոտը, ըստ էության, ստեղծվել է այն պատճառով, որ ես ու որոշ գերատեսչությունների գործընկերներ չենք կարողացել ճշգրիտ կոմունիկացիա անելով եզրահանգման գալ «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով: Ըստ այդմ, խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր ունենալ և լրացուցիչ հիմնավորումների կարիք լինի «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով, ինչի համար հայցում եմ Ձեր բոլորիդ ներողամտությունը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված կազմակերպությունների մասով ամենաբարձր մակարդակով ընթանում են քննարկումներ, և առաջիկայում որոշումներ կլինեն նաև այդ մասով: Ես խորապես համոզված եմ, որ ՌՄԿ-րի կարիքը մեր պետությունը ունի, ոչ միայն նեղմասնագիտական գործնեության շրջանակներում, այլ նաև համափարպակ առումով: Երկրորդը` ես քննադատությանը շատ դրական եմ վերաբերում, որովհետև առանց քննադատության սխալներ գործելու հավանականությունը շատ ավելի մեծ է, ասեմ ավելին՝ ինձնից լավ, ինձ ոչ ոք չի կարող քննադատել, բայց պետք է հստակ ընկալում լինի, որ քննադատությունը պետք է միտված լինի արդյունքի, այլ ոչ զուտ «գալոչկայի» համար մտահոգություն հայտնելու՝ թե իբր տեսե՛ք, մտահոգ եմ, տեսե՛ք, որ ես ասել էի: Ինչպես նաև ես շատ հարգանքով եմ վերաբերվում օրենքի շրջանակներում պահանջատիրությանը, սակայն ընդհանրապես հասկանալի չէ, երբ դա սկսում է դառնալ որոշակի ուլտիմատումներով խոսելու ոճ, առավել ևս, երբ ձեր դեմ լուռ անանցանելի պատ չէ, այլ ձեզ ուշադրությամբ լսող մարդիկ և վստահեցնում եմ, որ չլսված մարդ չկա։ Ուշադրություն է դարձվում ցանկացած խոսքին, բայց, երբ մտնում ես ուլտիմատումի դաշտ, փաստացի, ի սկզբանե կարող ես փակել խոսակցության հնարավորությունը, էլ չեմ ասում այն մասին, որ այդ ուլտիմատումն այլ տեղերում, սեփական նկատառումներից ելնելով, կարող են փորձ անել օգտագործել, և վնաս հասցնել նրան, ինչ որ արվում է համընդհանուր շահի համար։ Երրորդը՝ եկեք հասկանանք, որ չկա մի անձ, որը գիտի ամեն ինչ, և միայն իրար հետ հետևողականորեն աշխատելով, իրար լսելով, փորձելով իրար ընկալել առանց մեծամտության դրսևորումների, կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք մեր առջև ծանրացած են։ Եվ վերջինը` վաղը Կառավարության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, նիստի ընթացքում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Փոփոխությունը այս փուլում լինելու է միջանկյալ լուծումով, որպեսզի օրենքը կարողանանք ի վերջո աշխատացնենք: Անմիջապես դրանից հետո շրջանառության մեջ եմ դնելու օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, որը շատ ավելի է լավարկելու և պարզեցնելու ընթացակարգերը: Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն, հետևողական»,- գրել է Գաբրիելյանը։ 
15:10 - 12 հուլիսի, 2023
Որքանո՞վ ենք ապահովագրված ռիսկից, որ այլ կառուցվածքային փոփոխությունների դեպքում մի անգամ էլ չենք հետաձգի․ Վիլեն Գաբրիելյանը՝ ՆԳ փոխնախարարին |aravot.am|

Որքանո՞վ ենք ապահովագրված ռիսկից, որ այլ կառուցվածքային փոփոխությունների դեպքում մի անգամ էլ չենք հետաձգի․ Վիլեն Գաբրիելյանը՝ ՆԳ փոխնախարարին |aravot.am|

aravot.am: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի՝ որպես ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել հուլիսի մեկը՝ այն պատճառաբանությամբ, որ օրենքից բխող մոտ երեսուն ենթաօրենսդրական ակտեր դեռ պետք է ընդունվեն կառավարության կողմից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց․ «Մինչև հուլիսի մեկը ժամանակ կար, և հերթական նիստեր էին այդ ընթացքում լինելու։ Արտահերթով բերելու տրամաբանությունը ո՞րն է մի քանի օրվա տարբերությամբ»։ Արփինե Սարգսյանը կրկնեց վերոնշյալ պատճառաբանությունը և հավելեց, որ նախորդիվ ընդունված փաթեթի վերջնաժամկետ էր սահմանված ապրիլի 28-ը։ ՔՊ-ի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հարցադրումը ևս նույնական էր։ Նա ասաց, որ իր համար սա հասկանալի գործընթաց չէ։ Իր ելույթի ժամանակ նա հայտարարեց․ «Օրենքը քննարկել ենք 11 ամիս։ Նախնական տարբերակում ուժի մեջ մտնելու ժամկետ էինք առաջարկել հունվարի մեկը։ Գերատեսչության գործընկերների խնդրանքով հետաձգել ենք մինչև ապրիլի 28-ը։ Այսինքն՝ երեք ամիս ավելացրել ենք։ Ինչու եմ սա ասում, տիկին Սարգսյան։ Երբ հետաձգման պատճառ եք ասում կառուցվածքային փոփոխությունները, հարց է առաջանում՝ որքանո՞վ ենք ապահովագրված ռիսկից, որ վաղը մյուս օրը այլ կառուցվածքային փոփոխությունների դեպքում մի անգամ էլ չենք հետաձգի»։  Առավել մանրամասն՝ aravot.am-ում
15:08 - 25 ապրիլի, 2023
Հայաստանի անվտանգային համակարգը պատերազմից 2 տարի անց. անելիքներ եւ առաջնահերթություններ. Վիլեն Գաբրիելյան

Հայաստանի անվտանգային համակարգը պատերազմից 2 տարի անց. անելիքներ եւ առաջնահերթություններ. Վիլեն Գաբրիելյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքին զուգահեռ Հայաստանը հայտնվեց արտաքին և ներքին ռազմաքաղաքական էական գործոնների բախման կիզակետում, որի արդյունքում ձևավորվեց տուրբուլենտ իրավիճակ։ Դրան բնորոշ երբեմն անհաղթահարելի էմոցիոնալ ֆոնի առկայության պայմաններում բավական բարդ էր մի պահ կանգ առնել և սառնասրտորեն ու հավասարակշռված վերլուծել օպերատիվ իրավիճակը, լուծումներ տալ մարտավարական ու ռազմավարական բնույթի խնդիրներին՝ հաշվի առնելով սեփական սխալներն ու բացթողումները, ինչպես նաև ներքին ու արտաքին սպառնալիքների ողջ համակարգը: Այնուամենայնիվ, այդ աշխատանքն արվել և արվում է մշտապես (այլ հարց է՝ որքան ճշգրիտ ու արդյունավետ), և կատարված այդ աշխատանքի հիմքի վրա է խարսխվում Հայաստանի անվտանգային համակարգի վերափոխմանն ուղղված ծրագիրը: Չնայած Հայաստանի համար պատերազմի աղետալի հետևանքներին, որոնք արդյունքն էին տասնամյակների ընթացքում առաջ եկած տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ բացթողումների (այդ թվում համակարգային գործոնների ազդեցությամբ` իրավակառավարչական, կադրային, լոգիստիկ, կոմունիկացիոն, ռազմատեխնիկական, մարտավարական, ռազմավարական և այլն), այնուամենայնիվ, Հայաստանի զինված ուժերը և հայ զինվորը 44 օր շարունակ աննկարագրելի խիզախությամբ ու պատվով մարտնչեցին առնվազն վեց անգամ գերազանցող թշնամու դեմ և այսօր էլ շարունակում են փառքով կատարել առաջադրված մարտական խնդիրները: Այս փաստն արձանագրելով՝ պետք է հստակ գիտակցել, որ ստեղծված աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ակնհայտ անհավասարակշռության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը դեռևս չի կարող համարժեք ու լիարժեք դիմակայել հակառակորդին: Նման հետևության ենք գալիս՝ համադրելով ու հաշվի առնելով հակառակորդի և Հայաստանի զինված ուժերի ռեսուրսների որակն ու քանակը, զինված ուժերի կառուցման փիլիսոփայությունը, միջոցների որակական ու կիրառման արդյունավետությունը, օպերատիվ-մարտավարական, ռազմավարական խնդիրների ճշգրիտ, իրատեսական գնահատումը և ձևակերպումները: Հատկապես պետք է նշել, որ դեպի ժողովրդավարություն անցումային փուլում դեռևս կարևոր է հաղթահարել զինված ուժերը  քաղաքացիական հասարակությունից տարանջատված լինելու հանգամանքը, տասնամյակներ շարունակ բանակում արմատավորված կոռուպցիոն ավանդույթներն ու ներմուծված քրեական ենթամշակույթին բնորոշ սովորույթները, ոչ կանոնադրային հարաբերություններն ու բարեվարքության կանոնների անտեսումը, կարծրատիպացած մտածելակերպը և կաղապարված մոտեցումները, այդ թվում՝ հստակ ձևակերպված տեսլականի բացակայությունը։ Ըստ այդմ՝ պետք է փաստել, որ չի կարելի միայն զինված ուժերի վրա դնել հակառակորդին դիմակայելու պարտավորությունն ու դրա պատասխանատվության ամբողջ բեռը՝ օժտելով նրան մենաշնորհային, «արտոնյալ» կարգավիճակով: Հայաստանի Զինված ուժերն այլևս չի կարող գործել առանձին, մեկուսացված ու կղզիացած միջավայրում: Պետք է փաստել նաև, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել։ Մեր տարածաշրջանում և դրան մերձ տարածքում մեր հարևաններից որոշների ագրեսիվ քաղաքականությունն օրեցօր մեծացնում է կոնֆլիկտայնությունը, իսկ ռազմական բնույթի անմիջական սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ: Ուսումնասիրելով համաշխարհային ռազմարվեստի զարգացման միտումները և այն գործոնները, որոնք արդիական պահանջներին համահունչ վերանայվում են ռազմագիտության դասական մոտեցումներում, պարզ երևում է, թե ինչպես է մշակվում, կոնֆլիկտային գոտիներում գործնականորեն փորձարկվում պատերազմ վարելու ռազմաքաղաքացիական խելամիտ և արդյունավետ գործիքակազմը՝ կառավարման և մարտավարական նոր մոտեցումների, տեխնոլոգիապես հագեցված, ռազմականացված ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ուստի  կարելի է հստակ փաստել, որ պատերազմ վարելու մարտավարությունը և օպերատիվ արվեստն այլևս հեռու են իրենց դասական ընկալումներից: Այս փաստերը և աշխարհի փորձարարությունը հաշվի առնելով՝ հստակ է, որ Հայաստանի նման փոքր չափերով, ռազմավարական խորություն չունեցող, բնակչության թվով և սահմանափակ ռեսուրսներով երկրի ազգային և պետական անվտանգությունն ապահովելու համար պահանջվում է ամբողջ բնակչության ներգրավումը պետության պաշտպանության գործում՝ ձևավորելով անվտանգային ռազմաքաղաքացիական նոր համակարգ։ Որքան էլ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունը, անշուշտ, խաղաղության մեջ ապրելն է,  սակայն փաստ է, որ մեզ նման փոքր պետությունները պետք է մշտապես ցուցաբերեն ինքնիշխանության պաշտպանության պատրաստակամություն և կամք։ Միայն այս պարագայում է հնարավոր այն պահպանել և իրական գործընկերներ ձեռք բերել։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանության խնդիրը յուրաքանչյուր քաղաքացու առաքելությունն ու պարտականությունն է։ Որպեսզի մեր պետությունը կարողանա դիմակայել այն մարտահրավերներին, որոնք մեր առջև ծառացած են, և ապահովվի Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը, այս գործընթացի մեջ պետք է ներգրավված լինի յուրաքանչյուր քաղաքացի, սակայն ոչ թե անհատական, այլ համակարգային մակարդակում, ինչը պետք է արտացոլվի Պաշտպանության նախարարության և ոլորտային այլ գերատեսչությունների, ոչ պետական կազմակերպությունների ազգային, մարզային և տարածքային մակարդակում փոխհամագործակցության միջոցով։ 21-րդ դարի անվտանգային միջավայրում, ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, միայն պետական կառույցները, որոնք պատասխանատու են պաշտպանության և անվտանգության համար, ի վիճակի չեն ամբողջապես նախապատրաստել հասարակությանը, իսկ պատերազմի ժամանակ, ճգնաժամից արագորեն դուրս հանելով, ներգրավել անվտանգությունը ապահովման գործում, ուստի անհրաժեշտություն է առաջանում օգտագործել հասարակական ողջ ներուժը։ Այս մոտեցումը նորություն չէ և ժողովրդավարական բազմաթիվ երկրներում ներդրված համակարգ է։ Այսպիսի համակարգ ունեն հաստատված ժողովրդավարական պետությունները՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, և այլ երկրներ։ Այս մոդելը  կոչվում է «համապարփակ մոտեցում անվտանգությանը» (Comprehensive approach to Defence)։ Իսկ Ուկրաինան, որն ունի այս համակարգի կարևորագույն էլեմենտներից մի քանիսը, ռուս-ուկրաինական ներկայիս հակամարտության ժամանակ ցույց է տալիս դրա նաև պրակտիկ կենսունակությունը ու արդյունավետությունը։ Այս մոտեցման հիմնական սկզբունքների հիման վրա վերջերս փոխվեց Ղազախստանի ռազմական դոկտրինը։ Այսպիսի մոտեցումը նպատակ ունի զսպելու արտաքին ագրեսիան, ողջ հասարակությանը պատրաստել դիմագրավելու պետության և հասարակական կայունության սպառնալիքներին, օգնել երկրի վերակառուցմանը, ստեղծել ճգնաժամերի, արտակարգ իրավիճակների կամ ռազմական դրության ժամանակ հասարակության բոլոր շերտերի համախմբված ներգրավվածություն՝ որպես միասնական, համահունչ, բազմամակարդակ անվտանգության համակարգ։ Նման համակարգի առանցքային և կարևորագույն էլեմենտ է քաղաքացու դիմակայունությունը արտակարգ և ռազմական իրավիճակում, երբ հանրության անդամը պատրաստ է և կարող է իրեն պահել տոկուն, ադեկվատ՝ արձագանքելով այդ իրավիճակներին։    Այս համակարգը ներդնելը մեր պետությանը հնարավորություն կտա անվտանգային ներուժը համապատասխանեցնել ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու անհրաժեշտ կարողության ձևավորվամբ։ Շատ կարևոր է արձանագրել, որ պատերազմից հետո այս համակարգին բնորոշ տարրերը, մասնավորապես՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Ռազմամարզական գործունեության մասին» նոր օրենքները, տարածքային պաշտպանության ու պահեստային ուժերի համակարգի ստեղծման, և որքան էլ դանդաղ, բայց այնուամենայնիվ կայացման ուղղված միտումները, հրաձգային հայեցակարգի վերակենդանացումը, քաղպաշտպանության սկզբունքների վերանայման միտումները, «պրոֆեսիոնալ բանակի» ձևավորմանն ուղղված քայլերը, մոբիլիզացիոն համակարգի պատրաստման էության և ժամանակահատվածի փոփոխության մշակումների միտումները ակամայից ինքնաբուխ են ստեղծվել, ձևավորվել ու զարգանում։ Եւ պետությունն ուղղակի պետք է որդեգրի այս համակարգի կայացման քաղաքականությունը, մշակի պատշաճ օրենսդրական բազա և, ճշգրիտ կոմունիկացնելով, մոդերացիա իրականացնի՝ վերջնական ձևավորում տալով այս համակարգին։ Այս հոդվածի նպատակն է ոչ միայն ներկայացնել իմ անձնական համոզմունքը և տեսլականը Հայաստանի անվտանգային ու պաշտպանական համակարգի մոտեցումների լիարժեք վերափոխման անհրաժեշտության վերաբերյալ,  այլև շատ ավելի լայն հանրային քննարկում հրահրել այս համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ ներգրավելով թե՛ պատասխանատու պաշտոնյաներին, թե՛ մասնագիտական, թե՛ հանրային այլ սեկտորների ներկայացուցիչներին, առավել ևս, որ մեր երկրում կան բազմաթիվ մասնագետներ և շահագրգիռ քաղաքացիներ, որոնք «Համապարփակ անվտանգային համակարգի» մոտեցումների մասին ավելի մանրակրկիտ պատկերացումներ ունեն, և որոնք նպաստել են այս գաղափարի լայն տարածմանը և ընկալմանը։ Հարգանքով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյան
14:17 - 04 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատագամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը։ Ի թիվս այլ փոփոխությունների՝ օրինագծով սահմանվում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։ Նոր օրենքով նաև առաջարկվում է 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց:Նախագծով չեղարկվում է նաև զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, սահմանվում են զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը։ Չեղարկվում է նաև ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը։ Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ-ի սեպտեմբերի 13-ի հերթական նիստի ընթացքում։
10:14 - 05 հոկտեմբերի, 2022
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նախագիծը։ Նախագծի համահեղինակ,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում տեղի են ունեցել միայն տեխնիկական փոփոխություններ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ 67 կողմ, 0 դեմ ձայնով ընդունել էր այս նախագիծը։ Վիլեն Գաբրիելյանը առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը։ Ի թիվս այլ փոփոխությունների՝ օրինագծով սահմանվում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։ Նոր օրենքով նաև առաջարկվում է 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց:Նախագծով չեղարկվում է նաև զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, սահմանվում են զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը։ Չեղարկվում է նաև ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը։  
13:38 - 04 հոկտեմբերի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծին
 |1lurer.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծին: Նախաձեռնությամբ ակնկալվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը: Նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ որոշակի փոփոխություններ են արվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:  «Մի կարևոր կետ կա, որով Կառավարության մեր գործընկերների հետ հակառակ բևեռներում ենք: Բայց այս փուլում գտել ենք կոմպրոմիսային տարբերակ: Այդ կետը վերաբերում է ակոսափող փամփուշտների վերալիցքավորմանը: Առաջարկում ենք դա թույլատրել քաղաքացիներին Կառավարության կողմից հատուկ սահմանած կարգով, բայց ոստիկանությունում այս պահին որոշակի ռիսկ են տեսնում: Ուստի քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունները կարող են իրականացնել քաղաքացիական ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը»,- ասաց Գաբրիելյանը:
16:36 - 29 սեպտեմբերի, 2022
Առաջարկվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Առաջարկվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր քննարկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը հեղինակել են ՔՊ խմբակցության պատագմավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը։ Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ նախագծի հիմնական նպատակը Հայաuտանում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաև մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական և նետողական uառը զենքի շրջանառության և արտադրության կապակցությամբ ծագող հարաբերություններն են, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմամբ:  «Նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական ու սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը»,- ասաց նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը:  Գաբրիելյանն պարզաբանեց՝ սա ոչ թե ազատականացում է, այլ կարգավորում․ «Օրենքը չի փոփոխվել 24 տարի և որոշ դրույթներով, այո, դա խստացում է, իսկ որպես հիմնավորում, թե ինչպես է ստացվում, որ սա կարգավորում է և ինչ -ր չափով խստացում, կարող եմ մի օրինակ բերել։ Մտնում է քննական կարգ, որը իրենից ենթադրում է, որ քննական կարգի միջոցով ստուգվելու է տվյալ քաղաքացու գիտակցության մակարդակը, արդյոք այդ մարդուն կարելի է տրամադրել հրազեն, թե ոչ, դրանով իսկ արդեն կարգավորում և խստացում է»։
16:17 - 12 սեպտեմբերի, 2022
Պատգամավորները լրամշակել են քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության վերաբերյալ նախագծերը

Պատգամավորները լրամշակել են քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության վերաբերյալ նախագծերը

ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը լրամշակել են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Փոփոխությունները հստակեցնում են զենքի և զինամթերքի քաղաքացիական շրջանառությունը, այդ թվում՝ քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենքի և ռազմամթերքի տեսակները և կատեգորիաները: Ըստ փաթեթի՝ քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը: Քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո: Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ քանակով զենք: Փոփոխությունները ներառված են նաև «Հավաքների ազատության մասին»,  «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին», «Գովազդի մասին»  «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին», «Ինկասացիայի մասին» և այլ օրենքներում՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել ոլորտի օրենսդրությունը: Հեղինակները հիշեցրել են, որ «Զենքի մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին և ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Նշվում է, որ գործող օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական և սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաև պարգևատրման գործընթացների միջոցով: Օրենքի փոփոխությունները կանոնակարգում են պահնորդական գործունեության թույլտվություն ունեցող տնտեսական սուբյեկտների կողմից զենքի կիրառումը, կարգավորում կարճափող զենքի շրջանառությունը, նաև խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում: Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա ըստ հեղինակների միջազգային փորձը փաստում է, որ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքն ապահովելով քաղաքացիական զենքի միջոցով՝ նվազում է հանցագործությունների թիվը: Պատգամավորները նախագծում վկայակոչել են Բալթյան երկրների, Վրաստանի և Մոլդովայի փորձը, ըստ որի քաղաքացիական զենքի վերաբերյալ օրենքի ընդունումից մեկ տարի անց հանցագործությունների քանակը 40-60%-ով նվազել է: Իսկ Մեծ Բրիտանիայում կարգավորումների խստացումը և սահմանափակումը հինգ տարվա ընթացքում հանգեցրել է հանցագործությունների կտրուկ աճի՝ մոտ 90% ֆիզիկական անձանց նկատմամբ բռնության գործադրման, մոտ 105% հրազենի օգտագործմամբ կողոպուտների, մոտ 110% գողությունների և 25% սպանությունների: Ըստ հեղինակների՝ նման վիճակագրությունը ապացուցում է, որ հանցագործություններ կատարելու դեպքում չի օգտագործվում հաշվառված օրինական հրազենը, իսկ բարեխիղճ քաղաքացիների մոտ օրինական զենքի բացակայությունն իրենց դարձնում է անպաշտպան զինված օրինախախտների դեմ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխություններով էլ առաջարկվում է զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենքի ձեռք բերելու թույլտվություն չունեցող քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին զենք և ռազմամթերք վաճառելը, վաճառակետերում զենքի պահպանման անվտանգության կանոնների պահպանման խախտման համար տուգանք նշանակել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200 հազար): Նույն գործողությունները իրավաբանական անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով և համապատասխան լիցենզիայից զրկում մինչև 3 տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելը, այլ անձանց տալը կամ վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Առանց համապատասխան լիցենզիայի հրաձգարան գործարկելը քաղաքացիների կողմից առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Եթե նույն արարքը կատարվել է իրավաբանական անձանց կողմից, առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։ Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Նշենք, որ նախագծերն օրակարգ ներառվելու համար նախ պետք է ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանան: Լուսանկարում՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
14:04 - 03 օգոստոսի, 2022